Ապրելով մայրաքաղաքում՝ Սերո Խանզադյանը միշտ իրազեկ է եղել ծննդավայր Գորիսում կատարվող իրադարձություններին: Հատկապես կապված էր Սյունիքի գրողների միավորման և նրա «Սյունիք» թերթի խմբագրության հետ, որը հիմնադրվել էր 1990թ. և դժվարին պայմաններում հրապարակվել գրեթե չորս տարի:
Պարբերականում տպագրվել են Ս.Խանզադյանի մի շարք անտիպ գործեր, նրան նվիրված հոդվածներ:
Թերթի 1993 թվականի թիվ 3(39)-ում տպագրվեց Ս.Խանզադյանի անտիպ նամակներից մեկը՝ «Բաց նամակ ընկեր Նաիրի Զարյանին» վերնագրով՝ «Բացվում են անհայտ էջերը» ընդհանուր խորագրի տակ: Նամակը Խանզադյանը գրել է 1967-ին, որը, սակայն, չի հրապարակվել:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ
Հարգելի ընկ.Նաիրի
Ձեր «Մթնոլորտային մտորումներ» հոդվածում(«Սովետական գրականություն», թիվ 4, 1967թ.), որը գրողների համագումարում արտասանած ձեր ճառի նոր խմբագրությունն է, դուք վնասաբեր եղբայրության, միավորում, խումբ-խմբավորում եք հայտնագործում մեր սովետահայ գրականության մեջ, ապա տագնապով գոչում. «Եղբայրությունը» իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս»: Ապա շարունակում եք. «Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է… Անհատի պաշտամունքը փոխարինում է անհատների պաշտամունքին»:
Այս ի՞նչ հարայ-հրոց է, ընկեր Նաիրի, ի՞նչ տագնապ: Այս ի՞նչ վտանգ է, որ ձեր ասելով՝ «Բոլորն էլ գիտեն, որ եղբայրական մթնոլորտը մեզ խանգարում է ճիշտ գնահատել մեր գրական արժեքները և ստեղծել առաջընթացի համար նպաստավոր պայմաններ: Բոլորն էլ գիտեն, բայց հրապարակավ չեն ասում»: Վախկոտների այս ի՞նչ խումբ եք հայտնագործել դուք: «Չեն ասում,-շարունակում եք դուք,-որովհետև, ինչպես Գերցենն է գրել, բոլորին հայտնի ճշմարտությունը բարձրաձայն ասելը վտանգավոր է: Հայտնի է, որ Սոկրատեսը մահվան դատապարտվեց այդպիսի ճշմարտություն ասելու պատճառով»:
Սա ևս ձեր գործն է: Ստացվում է, որ ձեր հայտնագործած այդ «վտանգավոր եղբայրությունը» կարող է նույնիսկ «Մահվան դատապարտել» որևէ մեկին՝ ճշմարտություն ասելու համար: Ավելին՝ «Եղբայրությունը», ինչպես դուք եք ասում, իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս:
Ձեր այս գրածը կարդացողը ակամայից հիշում է 1936 թ. ձեր մի հոդվածը, որտեղ ևս դուք ձեր այն ժամանակվա մեր հայ գրականության մեջ հայտնագործել եք «Օձային հետևությամբ թույն արտադրող» խմբակներ, որոնք ձեր ասելով «հակադրվել են խորհրդային գրականությանը»: Դրանք, ձեր որակումներով, «թշնամական խմբեր են՝ նացիոնալիստ քննադատներ… Նացիոնալիզմի անկյունային ճպուռներ, թունավոր սերմեր… Բակունցը և իր լակեյները… Րաֆֆու ռասսայական նացիոնալիզմ… Անասնական շովինիզմի թունավոր ճահիճ»: — Սրանք ձեր գործերն են: Այդ մարդիկ, դարձյալ ձեր ասելով, «դաշնակցական օձի (Բակունցի) ուսերին գցել են խորհրդային գրականության վարպետի շլացուցիչ ծիրանին»:
Եվ ահա այժմ ձեր այդ ծանր որակումներից երեսունմեկ տարի հետո, դուք, ընկեր Զարյան, մեր գրականության մեջ նոր խմբավորում եք հայտնագործում՝ նրանց «Կոլխոզ», «Եղբայրություն», «Միավորում», «Արտոնյալ դաս», Անառարկելիներ» և այլ պիտակներ կպցնելով: Ապա ազդարարում եք, որ դրանք «վտանգավոր են», «վնաս տվող» են, «խանգարիչ» են:
Ահա ձեր գրած երկու հոդվածները՝ 1936-ին և 1967-ին, միևնույն էությունը, երկվորյակ ամբաստանություն: Այսօր դուք հայտնագործել եք «Վնասակար Եղբայրության կորիզը»: Դուք ձեր «Մթնոլորտային մտորումների» մեջ սևով սպիտակի վրա գրում եք. «Սերո Խանզադյանը իր այն հոդվածում, որտեղ նա յուրաքանչյուր ընտրյալ բանաստեղծի դիմաց հիշատակում է համապատասխան արձակագիր, մոտավորապես բացահայտեց եղբայրության կորիզը»:
Դուք գտնում եք, որ «Եղբայրությունը» խանգարում է «ճիշտ գնահատել մեր գրական արժեքները»: Դուք աղմկում եք, թե «Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է»: Ո՞րն է այդ «մեզ», դա էլ ձե՞ր միավորումն է, որի գոյությանը, տեսեք-տեսեք, «խանգարում է Եղբայրությունը»: Ապա դուք ձեր այդ «մեզ»-ին կոչում եք՝ «լուրջ մտածիր այդ վնասակար, վտանգավոր» խմբավորման՝ «Եղբայրության» դեմ:
Դուք, ընկեր Զարյան, ձեր ասած «լուրջ մտածելու» և «ճիշտ գնահատելու» փորձ ունեք: Վկաներ՝ Բակունց, Չարենց, Ա.Խանջյան, Ալազան, Նորենց, Դ. Սիմոնյան, որոնց ոչնչացնելու կոչ եք արել 31 տարի առաջ: Ձեր փորձից ելնելով՝ հիմա էլ նույն միջոցներն եք օգտագործում ինչ-որ մասնավոր եղբայրության դեմ:
Ապա գրում եք. «Եղբայրությունը իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս»: Այո՛, ձեր ասյ ասածները դուք վերցրել եք 1936-ի ձեր հոդվածից: Մի մոռանաք, որ դուք երեսուներկու տարի անընդմեջ ցեխ էիք շպրտել մեր ազգային արժեքների վրա: Ահա մի օրինակ:
Շատ են պարծեցել երգիչները հայ
* * *
Խավար դարերի գոս մագաղաթով,
Ծեր Նարեկացու մռայլ ճակատով,
Արյունոտ սրով Անդրանիկ փաշի…
Սա տեսեք ձեր «Ամրոց» գրքում՝ հրատարակված 1935-ին: Դուք այսօր էլ փորձում եք նորից քար դնել մեր մագաղաթյա մատյանների վրա, Նարեկացու ու Անդրանիկ Զորավարի վրա:
Դուք գրում եք, թե «Եղբայրությունը» թույլ չի տալիս, որ «մյուսների վրա արև առնի»: Սա պարզապես զրպարտություն է: Սայլը բոռալու տեղ սայլվորն է բոռում:
Ուշքի եկեք:
Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ