Սիրելի Վահան
Այսօր տխուր օրերիցս մեկն է, որովհետև այնքան տխուր չէ, որ պիտի լիներ այս` Օհաննեսի թաղման օրը, որովհետև ես նրան ավելի առաջ եմ թաղել իմ սրտում: Չմեռա՛վ Օհաննեսը, — մեռավ մարդը իմ սրտում, մեռավ հավատը դեպի մարդը: Եվ նա եղավ պատճառը: Ինձ համար ավելի մեծ վիշտ է այն հանգամանքը, որ նա մենակ մեռավ, լքված` իր բազմաթիվ բարեկամներից: Վերջին օրերը մի անհայտ ռուս բժիշկ այցելել է նրան և բերել ինչ-որ մի րոպեական թեթևացնող դեղ` նրա տանջված ճակատին քսելու: Օհաննեսը նրան չէր կանչել, և հայտնի չէ, որտեղից էր նա եկել մոտը: Օհաննեսը զգացված համբուրել էր բժշկին և ասել. «Ահա՛ ինչ է նշանակում մարդ»: Բժիշկը պատասխանել է. «Ոչինչ բան է մարդը»: Օհաննեսը պատասխանել է. «Ամե՛ն բան է մարդը»:
Ասել է` մարդո՛ւ ծարավի Օհաննեսը մարդու էր սպասում իր կյանքի վերջին օրերին:
ի՞նչ բան է սա. ողբերգական թյուրիմացությո՞ւն, թե՞ զղջումն: Ո՛չ. Օհաննեսը մի բանի զղջաց` իր կյանքն ու առողջությունը վատնելուց (և իրավո՛ւնք ուներ). դա մի ողբերգական թյուրիմացություն էր: Մարդիկ շատ չկան, բայց կան, և եթե նա շուրջը նայեր, եթե նա մի կողմ թողներ իր մեծաղմուկ կյանքի հիմարությունները, եթե նա իր աուդենցիաների, տնահանդեսների և պալատական ժխորի և կեղծիքների մշուշների մեջ աչքը դարձներ իր շուրջը, լավ է ասել` դռան շեմքը, անշուշտ, կնկատեր մի քանի մարդու, որոնք թույլ չէին տալ, որ մի անհայտ բժիշկ րոպեական հեշտացնող դեղով ամոքեր նրա անխուսափելի մահը:
Օհաննեսի մեջ ամեն բան կար, բացի կուլտուրականությունից: Նա սիրեց հանդիսավորությունը, «հասարակականությունը», սիրեց ամենքին և ամեն ինչ և Պարոնյանի ասածը հաստատեց. «Ամենքին բարեկամը և ոչ մեկի բարեկամն է»:
«Երբ ամե՛նքը բարեկամ են, և ո՛չ մեկը բարեկամ է»,- կասեի ես: Եթե Նա մարդու կարիք էր զգում, կգտներ. բայց նա որոնեց մարդկանց բազմություն և սայթաքեց:
Է՜հ, Վահան, թողնեմ այս տխուր դամբանականը: Եթե իմ մեջ մեռավ հավատը դեպի մարդը, դեռ չի մեռել հավատն ինքը: Ապրեք և որոնեք նո՛ր մարդուն, որ «ամեն ինչ» է և «ոչինչ» …
Ուտենք, բակի հավերի պես, մեր կուտը և հանգիստ սպասենք, մինչև որ խոհարարի ժանգոտ ձայնը մեզ կկոչե դեպի դանակ և դեպի փլավ…
Դ.Դեմիրճյան «Երկերի ժողովածու», XIV