«Ամեն մի տասնվեց-տասնյոթ տարեկան պատանու մեջ կա Համլետի հոգու մի մասնիկը»։ Ռոմեն Ռոլանի այս խոսքերը հավանորեն երկար ժամանակ բանալի կմնան հերթական նոր սերնդին հասկանալու համար։ Տասնվեց-տասնյոթ տարին այն հասակն է, երբ պատանու կամ աղջկա աչքի դեմ բացվում է զարմանալի, հակասական ու անընդգրկելի աշխարհը, և նա առաջին անգամ սկսում է խորհել հին, բայց ամեն եկող սերնդի հետ նորից վերակենդանացող հարցի շուրջը. ինչի՞ համար է մարդը ապրում: Ես գիտեմ, այս տողերը կարդալով, որոշ մարդիկ կարող են հարցնել` ի՞նչ է, մեր սերունդը, ուրեմն, չգիտի՞, թե ինչի համար է ապրում… Եվ կսկսվի պատասխանների մի երկար շարան… Եթե փորձենք ընդհանուր հայտարարի բերել այդ պատասխանները և համառոտակի ձևակերպենք, մոտավորապես կարող ենք ասել` մարդը ծնվում է իր երկիրը, աշխարհը գեղեցկացնելու համար, ծնվում է այնպես ապրելու, որ իր մի հատիկ կյանքից շահի ամբողջ մարդկությունը, ծնվում է, որ իր ուժերը նվիրաբերի մեր նոր հասարակարգի կառուցման գործին, ծնվում է ինչ-որ լավ բան անելու համար։
Ես գիտեմ, որ ոչ ոք այս ձևակերպման դեմ չի վիճի, բայց չէ՞ որ տասնվեց-տասնյոթ տարեկան հասակը դեպի մեծ նպատակը տանող տեսանելի, նույնիսկ շոշափվող ուղիների որոնման ժամանակ է։ Իսկ այդ ուղիները շատ են բազմազան, բարդ ու հակասական։ Ո՞րը ընտրել, ո՞րն է ամենաճիշտն ու ամենագեղեցիկը և՛ քո, և՛ հասարակության համար։
Ամեն նոր սերնդի առաջ, իհարկե, արդեն լինում են նախորդ սերնդի բացած ճանապարհները, ավանդույթները, պատկերացումները կյանքի և ճշմարտության մասին։ Մենք հարգանքի անխառն զգացումով ենք վերաբերվում մեր հայրերին, որոնց հոգու և մկանների լարումով, կյանքով ու արյամբ քար-քարի շարվել է մեր երկիրը, կենդանի մնացել:
Մենք կարիք ունենք նրանցից ժառանգելու այն հիրավի զարմանալի հավատը, որը հաճախ հնարավոր է դարձրել անհնարինը։ Հայրերի մասին խոսակցությունը նվիրական նյութ է, բայց այսօր խոսքը որդիներին է վերաբերում։ Բանն այն է, որ գլխավորում ընդունելով նախորդ սերնդի ջանքն ու իդեալները, նորերը հաճախ նույն նպատակին ուզում են հասնել ուրիշ, չտրորված ճանապարհներով։
Ավագ սերնդի լավագույն մարդիկ միշտ էլ հասկացել ու գնահատել են նոր սերնդի այս մղումը, առանց որի անհնար է կյանքի առաջքայլը, զարգացումը։ Մեր հայրերի մեջ շատ կարելի է հանդիպել այնպիսիների, որոնց միտքը զարմանալիորեն շարժուն է, երիտասարդ, որոնց մեջ թրթռում է նորի զգացումը` ավելի ուժով, քան որոշ քսան տարեկանների հոգում։ Եվ, առհասարակ, նորի զգացումը միշտ չէ, որ որոշվում է ըստ ծննդյան վկայականի։ Մենք շնորհակալ ենք այդ հայրերին, բայց այսօրվա իմ մտածումները այլ ուղղություն ունեն։
Հին սերնդի մեջ կան այնպիսիները, որոնք հիվանդագին են ընդունում ընդհանրապես այն ամենը, ինչ նոր սերունդն է բերում` սկսած մազերի սանրվածքից ու բլուզի գույնից, մինչև կյանքի, արվեստի ու ապագայի մասին նրանց ունեցած հայացքները։ Այդպես է պատահում, որ սկսվում է սերունդների մի զարմանալի զրույց։
Այդ զրույցի մեջ ես ուզում եմ բռնել նոր սերնդի կողմը, գուցե նախ` այն բանի համար, որ ինքս էլ դեռ երիտասարդ եմ և ապա… Այդ «ապա»֊ն` հոդվածում։ Հիմա ուզում եմ ասել, որ, անկախ մեր կամքից, նոր սերունդը տենդորեն որոնում է այդ հարցերի պատասխանները, և եթե մենք խուսափում ենք զրույցից, ապա նա կյանքի մեծ ճշմարտությունները փորձում է ձևակերպել միայն սեփական կենսափորձով։
Ուզում եմ պատմել այդպիսի մի որոնման մասին, որը վերջացավ ողբերգությամբ։ Մի քանի տարի առաջ, 1961 թ. մայիսին ինքնասպանությամբ կյանքին վերջ տվեց 17 տարեկան մի աղջիկ` Կալինինոյի շրջկենտրոնի Ռադիշչևի անվան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գ.-ն։ Նա մահվանից առաջ ոչ մի նամակ կամ բացաարություն չէր թողել, բայց դիակի մոտ մարդիկ գտան աշակերտական կապույտ մի տետր` աղջկա մտքերը կյանքի, մարդկանց, աշխարհի մասին։ Նա տենդագին պատասխաններ էր որոնել իրեն տանջող հարցերին։ Չէր գտել։ Բայց ո՞վ էր Աննան. դասարանի ամենալավ աշակերտը, ամենահամարձակը, ճշմարտախոսը, ընկերասերը։ Այս բոլոր տվյալները ինչ-որ չեն համատեղվում ինքնասպանության հետ։ Բայց ահա տեղի է ունեցել այդ դեպքը, որը չի տեղավորվում ոչ մի սխեմայի մեջ. դրա համար էլ չի կարելի բացատրել որևէ սխեմայով։
Ինքնասպանության օրը, դասերից հետո, դպրոցում կոմերիտական ժողով էր։ Ժողովը անցավ հարթ ու սովորական։
Ուզում էին արդեն վերջացնել, երբ ձայն խնդրեց Աննան։ նա շատ հուզված էր և խոսեց շատ անկապ։
Աղջիկն ասում էր, որ իրենք լավ ընկերներ չեն, չեն հետաքրքրվում իրար ճակատագրով, անկեղծ չեն։
«Ամենքս էլ գաղտնիքներ ունենք, ես էլ ունեմ»։ «Իսկ դու ի՞նչ գաղտնիք ունես»,- հարցնում են։ Աննան լուռ նայում է հարցնողներին։ «Չեմ ասի, որովհետև ամենքդ էլ պարզ հետաքրքրասիրությունից հարցնում, չեմ ասի…»։ Ճիշտ է, Աննայի ելույթը անսովոր էր, բայց ժողովը վերջանում է սովորականի պես, և աշակերտները հանգիստ, անխռով գնում են տուն։
Իսկ երկու ժամ հետո հայտնի է դառնում ահավոր ողբերգությունը։
Այս եզակի փաստը շատ խորհրդածությունների առիթ պետք է տա։ Մենք ամենքս պետք է օգնենք, որ մեծ կյանքի շեմին կանգնած պատանիները գտնեն ճիշտ պատասխաններ` իրենց տանջող հարցերին։
Իսկ ինչպե՞ս…
Ես ամենից առաջ կուզենայի, որ մենք ավելի լավ ճանաչեինք երիտասարդներին, նորերին։ Դուք հաճախ կլսեք` տրամվայում, թատրոնում, փողոցում, ընտանիքում. «Այս ի՞նչ սերունդ է, բա մենք այդպե՞ս էինք»։ Այս դժգոհության հիմքը հաճախ այն է, որ 17-18 տարեկան պատանին հագնում է ավելի նեղ շալվար, ավելի վառ գույնի վերարկու, աղջիկներն ավելի շատ են ուզում պարել, որ նորերը սիրում են նաև ռիթմիկ երաժշտություն, նաև նկարներ, որոնք չեն կրկնում գունավոր ֆոտոյի ռեկորդները։ Այս ամենի հետ ժամանակն է հաշտվելու, հասկանալով, որ կարևորը ոչ թե շալվարի, այլ հոգու լայնության չափն է։ Կա հարցի մի ուրիշ տեսանկյուն, որ թերևս ավելի վերևում պետք է ընդգծեի- մեր օրերում սերունդը կարծես ավելի արագ է մեծանում, հասնում հասունության։ 10-12 տարեկան հասակում արդեն երեխաները հետաքրքրվում են կյանքի, գիտության, նույնիսկ քաղաքականության բազմաթիվ խնդիրներով, իսկ 15-16 տարեկանում արդեն սեփական կարծիքներ ունեն կյանքի շատ հարցերի վերաբերյալ։ Շատ ավագներ այդ չեն նկատում, նրանք 16-17 տարեկանի հետ չեն խոսում իբրև հասունացած մարդու, ավելի որոշ ասած` իբրև հավասարի հետ։ Ես դպրոցներում հաճախ եմ լսել, թե ինչպես մանկավարժները, նույնիսկ կոմերիտական ժողովում, իրենց ելույթն սկսել են այսպես. «Սիրելի երեխաներ…»։ Դահլիճում նստած են 15-17 տարեկան աղջիկներ ու տղաներ, որոնք դասամիջոցներին վիճում են Էյնշտեյնի, Պիկասոյի, միջուկային ֆիզիկայի, մարդկության ապագայի, նորագույն ճարտարապետության և երաժշտության հազար ու մի հարցի մասին, իսկ մանկավարժն ասում է` երեխաներ։ Էլ չեմ ուզում ասել, որ այդ պատանիների մեջ քիչ չեն այնպիսիները, որոնք արդեն ապրում են առաջին սիրո անհանգիստ երջանկությունը… Երեխանե՜ր… այստեղ, իհարկե, կարևորը բառը չէ, այլ այն, որ մեր շատ մանկավարժներ պարզապես չեն ուզում նկատել, որ երեխաները… մեծացել են։
Եթե ինձ բնորոշելու իրավունք տրվեր, մեր օրերի սերնդին ես կկոչեի ամենախոր և ամենալայն հետաքրքրություններ ունեցող սերունդ։ Որոնողների սերունդ։ Հենց այստեղ, իմ կարծիքով, պետք է փնտրել մեր ոչ քիչ մանկավարժների անհաջողության գաղտնիքը։ Նրանք չեն կարողանում պատասխան տալ այդ հետաքրքրասիրությանը, դրա համար էլ փրկություն են որոնում դպրոցական ծրագրի, աշակերտի հետ միայն դասի 45 րոպեում հանդիպելու մեջ։ Փրկություն են որոնում հին, փորձված սխեմաների մեջ։ Ինձ պատմեցին, որ երբ մեր դպրոցներից մեկում գրականության ուսուցչին հարցրել են, թե նա ի՞նչ կարծիքի է աբստրակտ նկարչության մասին, պատասխանել է. «Դա ձեր խելքի բանը չէ»։ Անձամբ ինձ համար պարզ է, թե տվյալ դեպքում դա ում խելքի բանը չի եղել։ Բայց ես ուզում եմ հարցնել. այդպիսի դասատուն կարո՞ղ է հեղինակություն ունենալ, և նրա խոսքին կհավատա՞ն արդյոք…
Ո՞րն է ելքը- հետաքրքրվել այն ամենով, ինչով հետաքրքրվում է նոր սերունդը, պատրաստ լինել պատասխանելու նրա բոլոր հարցերին` հաշվի առնելով կյանքի այսօրվա պահանջները։ Մեզ հարկավոր են բարձր իդեալների տեր, բայց կյանքի այսօրվա ռեալությունից չկտրված մարդիկ։ Ուրիշ ելք չկա. դպրոցում չգտնելով իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, նոր սերունդը դրանք որոնում է
1) ընտանիքում մեծերի հակասական զրույցների մեջ, որ լսում է դռան արանքից կամ քնած ձևանալով,
2) մեծերի համար նախատեսված կինոնկարներում ու գրքերում,
3) փողոցում լսած խոսակցությունների մեջ, 4) իր հասակակիցների հետ ունեցած վեճերում։
Միանգամայն պարզ է, որ 15-17 տարեկանը ոչ միշտ կարող է հիշված (և ոչ միայն այդ) միջոցներով հասնել հուզող հարցերի ճիշտ պատասխաններին։
Ես անընդհատ գործածում եմ «դպրոց» և «աշակերտ» բառերը, բայց այդ չի նշանակում, թե այս խորհրդածությունները վերաբերում են միայն նրանց։ Հապա մեր բարձրագո՞ւյն դպրոցները… Այստեղ, իհարկե, երեխաներ չեն։ Եվ գուցե հենց դրա համար էլ նրանց դաստիարակությամբ շատ ավելի քիչ են զբաղվում։ Հազվագյուտ դասախոսների կարելի է հանդիպել, որոնք ճանաչեն իրենց ուսանողների բնավորությունը, հետաքրքրվեն նրանց ներքին պրպտումներով, փորձեն կիսել նրանց հոգսերը։ Շատերը դասավանդում են միայն գիտության ճշմարտությունները։ Իսկ կյանքի ճշմարտությունները: Դա նրանց կարծես չի վերաբերում: Եվ այդ դեպքում, երևի, լավ է, այո՛, այո՛, լավ է, որ նրանք չեն զբաղվում ուսանողների դաստիարակությամբ, որովհետև միայն մերկ բարոյախոսությամբ, հոգնած ճառերով, միևնույն է, հիմա ոչ ոքի չես դաստիարակի։ Բայց դա նաև վատ է՝ նախ և առաջ այն բանի համար, քանի որ այդ բեղավոր «երեխաները», այնուամենայնիվ, ձևեր են գտնում «դաստիարակվելու» իրենց դասախոսների, ընդհանրապես իրենց «դաստիարակողների» անձնական օրինակը քննելով. իսկ այդ օրինակները երբեմն շատ են տխուր և հակասական: Համարյա ամեն տարի Հայաստանի բուհերի շատ շրջանավարտներ հրաժարվում են նշանակված վայրերը աշխատանքի գնալուց: Այստեղ մի կողմ դնենք օբյեկտիվ պատճառները. տեղերում վատ են ընդունում երիտասարդ մասնագետներին, պայմաններ չեն ստեղծում, դժվար է մեծ քաղաքը թողնել և այլն: Բայց ուշադրություն դարձրեք, աշխատանքի չմեկնածների մեջ շատ դասախոսների և, խտացված ձևով ասած՝ «դաստիարակողների» որդիներն ու դուստրերն են, որոնք, իբրև կանոն, համարյա անմիջապես տեղավորվում են մայրաքաղաքում, շատ հաճախ իրենց արժանիքներից բացարձակորեն բարձր տեղերում։ Այս պայմաններում է, որ նրանք՝ «շարքային» ընտանիքների զավակները մտածում են. «Իսկ ես ինչո՞ւ պետք է գնամ»։ Եվ երկրորդ` ավելի դառը և ավելի խոր հիասթափությունը. «Ուրեմն, այն ամենը, ինչ հինգ տարի լցրել եք մեր հոգիները և գլուխները՝ հասարակական պարտքի, զանազան վեհ բաների մասին, միայն մե՞զ համար եք հորինել…»։ Եվ երիտասարդ մարդու լայն բացված հայացքի դեմ ուրվագծվում է իր որոշ դաստիարակների երկփեղկված, երբեմն քառափեղկված կերպարը` կարելի է մի բան ասել ամբիոնից, մի ուրիշ բան անել իրականում…
Մեզ հարկավոր է հասկանալ, որ այժմ, անհատի պաշտամունքի վնասակար հետևանքների հաղթահարման ժամանակաշրջանում, նոր սերնդին կարելի է դաստիարակել միայն շիտակ, ճշմարիտ միջոցներով, դեն նետելով փքուն, քաղցր-մեղցր «ճառերը», առաջնակարգ համարելով «դաստիարակների» անձնական նկարագիրը, վարքագիծը, վերաբերմունքը` դեպի կյանքի մեծ ճշմարտությունները: Եվ եթե մենք այս պրոբլեմը չենք լուծել, զուր է երիտասարդության մեջ նկատվող թերությունները այլ տեղերում որոնելու և հազար ու մի կողմնակի բաներով բացատրելու մեր ճիգը։
Հայաստանի կոմերիտմիության նախավերջին համագումարում, օրինակ, ելույթ ունեցողներից մեկը նոր սերնդի վարքագծի մի շարք թերություններ բացատրում էր արտասահմանյան երաժշտության, կինոյի, Ռեմարկի վեպերի ազդեցությամբ և Երևանում վերջերս բացված մի քանի սրճարանների գոյությամբ։ Այսպիսով, ստացվում է, որ եթե փակեն այդ սրճարանները, արգելեն արտասահմանյան երաժշտության, կինոյի, գրականության մուտքը, ամեն ինչ կլուծվի, ջահելները կդաստիարակվեն բարոյական բարձր չափանիշներով։ Ես այստեղ չեմ ուզում ասել, որ առանձնապես ինձ էլ շատ բան դուր չի գալիս արևմուտքի արվեստի մեջ, որ այնտեղ շատ են ծայրահեղությունները և այլն։ Դա ուրիշ կարգի վեճ է։ Ուզում եմ նորից վերադառնալ մեր համագումարի դահլիճը։
Երբ հռետորը խոսում էր, ես դարձա իմ կողքին նստած օդաչու Էդիկ Բախշինյանին (նրա մասին, անշուշտ, գիտեք, դա այն խիզախ օդաչուն է, որը գիտակցված ձևով դեպի մահը գնաց. բայց թույլ չտվեց, որ հայրենիքի դավաճանները խախտեն մեր երկրի օդային սահմանը) և հարցրի, թե ինչ է նա սիրում արվեստի մեջ։ Պարզվեց, որ Էդիկը, ջերմորեն սիրելով մեր արվեստը, սիրում է նաև ժամանակակից արտասահմանյան երաժշտություն, սիրում է պարել, Ռեմարկին շատ է հավանում և այլն։ Ա՛յ քեզ զարմանք. բա ինչպե՞ս է, որ այդ ամենը չի խանգարել նրան անձնազոհության պահին։
Ես կարող եմ ուրիշ օրինակ բերել։ 1962 թվականի մայիսին, իր ադրբեջանցի ընկերոջ կյանքը փրկելու համար Ղափանի հանքախորշում զոհվեց հրաշալի մի երիտասարդ` Շչորս Ադամյանը: Երբ մահից հետո ես հետաքրքրվեցի Շչորսի կյանքով, իմ առջև կանգնեց իրոք ժամանակակից և իրոք բարձր առաքինության երիտասարդի զարմանալի մի կերպար։ Պարզվեց, որ Շչորսն էլ պատրաստ է եղել թեկուզ ամբողջ գիշեր պարելու, սիրել է Ռեմարկ, Հեմինգուեյ, նույնիսկ քաղաքում, սեփական նախաձեռնությամբ, ղեկավարել է լիպսի պարը սովորողների խումբը: Եվ չնայած այդ ամենին` չի տատանվել մեռնել ընկերոջ համար:
Նման փաստեր շատ կարելի է բերել, և դրանք բոլորն էլ կհամոզեն մի բանում. լավն է մեր երիտասարդությունը, նա ուզում է ապրել և ապրում է ավելի հարուստ ու բազմակողմանի կյանքով և հարկավոր պահին ամուր է, մարդկային:
Ուրեմն, այդ երիտասարդության ռոմանտիկայի, հոգեկան հատկությունների գնահատմանը միշտ չէ, որ կարելի մոտենալ անցյալ տարիների չափանիշներով։ Մեր երկրի կենսագրության սկզբին ուրիշ էր մթնոլորտը, կյանքի առօրյա հաճույքների մասին ոչ պատկերացում կար, ոչ էլ պայմաններ կային, և դրա համար էլ ամեն մի շեղում կյանքի ընդունված վարքագծից համարվում էր քաղքենիություն։ Հիմա մեզ մոտ անսահման հնարավորություններ կան կենսալի զվարճության, հանգստի համար, և, ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ երիտասարդը ուզում է նաև պարել, սիրած աղջկա հետ կոկտեյլ խմել, հրապուրվում է նորաձևությամբ… Ես, իհարկե, հասկանում եմ որոշ մարդկանց մտահոգությունը. եթե չլինեին այդ սրճարանները, արտասահմանյան գրքերն ու կինոնկարները, որոնք շատ դեպքերում անընդունելի են ու վիճելի, եթե չլիներ կողմնակի ոչ մի ազդեցություն, ապա դաստիարակելն ավելի հեշտ կլիներ:
Բայց դա ճանապարհ չէ, քանի որ գնալով «փոքրանում» է աշխարհը, սերտանում են փոխադարձ կապերն ու ազդեցությունները, ավելի շատ մարդիկ են գալիս մեզ մոտ, ավելի շատ են գնում մերոնցից։ Այս ամենի համար մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը։ Բայց որպեսզի կուսակցությունն էլ շնորհակալ լինի մեզնից` երիտասարդ սերնդի կոմունիստական դաստիարակության համար, մենք պետք է կարողանանք կողմնորոշվել այս բարդ իրադրության մեջ, իսկ դրա համար պետք է, առաջին հերթին, ճանաչենք նոր սերնդին և հարգենք նրա ձգտումները։
Այդ դեպքում գուցե այլևս չկրկնվի այն դիալոգը, որ ես ունեցա մի քանի օր առաջ միջնակարգ դպրոցն ավարտած մի պատանու հետ.
— Ավարտեցի՞ր, ի՞նչ ես մտածում անել։
— Չգիտեմ, մի բան կանեմ, էլի։
— Ինչպե՞ս թե, իսկ ինքդ ոչինչ չե՞ս երազում…
— Երազո՜ւմ։ Ո՞վ է իր երազածին հասնում որ: Անցյալ տարի մեր դպրոցի ամենադմբո աշակերտն ընդունվեց ինստիտուտ, ես…
— Դու ի՞նչ…
— Գիտեմ, որ չեմ ընդունվի։
— Հետո՞ ինչ։ Դրանով կյանքը կվերջանա՞…
— Չի՛ վերջանա։ Կսկսվի։ Ինձ աշխատանք են խոստացել ռեստորանում…
— Մատուցո՞ղ…
— Նրանք շատ լավ փող են աշխատում։
— Իսկ քո երազնե՞րը, մի՞թե քեզ այդ թևերը տվել են, որ մատուցարան բռնես…
— Բա ինչի՞ են տվել…
— Գուցե թռչելո՞ւ համար…
— Թռչելո՞ւ,- անկեղծ ժպտաց պատանին,- ինչի է պետք մարդուն թռչել, ինչի՞ են պետք մարդուն թևեր։
Ինչի՜ են պետք մարդուն թևերը։ Ո՛չ, պետք են։ Եվ առհասարակ մեր որոշ երիտասարդներ լավ կանեն դեն նետեն իրենց հոգնած, թերահավատ կեցվածքը, նախ` ինչ-որ բան անեն կյանքի համար և նոր միայն մեծադղորդ դատողություններ` կյանքի, ժամանակի մասին։ Անկախ տարիների և խնդիրների հեռավորությունից` լավ կլինի նրանք հաճախ հիշեն իրենց հայրերին, որոնք 18-20 տարեկան հասակում արդեն քննություն էին տալիս ժամանակի ամենալուրջ հարցերի առաջ, քննություն էին տալիս իրենց կյանքով, արյունով, հավատով։ Ես նորից եմ կրկնում փոխվել է ժամանակը, և այժմ մեր երկրի առաջ ծառացած խնդիրներն ուրիշ են, հիմա երիտասարդությունից ոչ ոք չի պահանջում այն, ինչ 20-ական թվականներին։ Բայց հիմա Էլ հարկավոր են երազողներ ու ֆանատիկոսներ, եթե կուզեք իմանալ հարկավոր է պարտքի շատ ավելի մեծ զգացում, քանի որ այսօրվա սերունդը ժառանգություն է ստացել շատ ավելի մեծ, հզոր ու բարդ երկիր, քան հրաշալի, լեգենդար 20-ականները։ Այդ մեծ երկրի կենսագրությունը պատվով շարունակելու համար նույնպես հարկավոր են ուժեղ, հավատի վեհ զգացումով լցված, երազող ու անհանգիստ մարդիկ: Այդպիսին է մեր երիտասարդությունը։ Բայց կան նաև նվնվացողներ, իբր մտածող-քննարկող, իրականում անբան, միայն սպառելու ընդունակ, երբեմն պարզապես կենդանի գործն արհամարհող մարդիկ։ Կան նաև այն պատանու նմանները, որոնք «համոզված են», թե հարկավոր չեն մարդուն թևեր, երազանք, հավատ։ Բայց մի՞թե միայն այդ պատանին Է մեղավոր իր չնչին «երազների» համար… Եկեք միասի՛ն հերքենք նրան։
1963 թ.