«- Գիտնականները այնքան են շատացել Հայաստանում, որ ա՜խ եմ քաշում մի տգետի հանդիպելու համար։
Զարմանալի բան. ինչո՞ւ ամեն բանի քիչը քաղցր է լինում։
Մի ժամանակ, ինչպես կյանքում ապրելու անընդունակ, ամեն շնորհքից զուրկ մարդիկ մի մորուք դնելով կզակներին՝ վարդապետ էին ձեռնադրվում, հիմա էլ սովետական գիտնականները, մի֊մի «դիսերտացիա» դրած իրենց պորտֆելներում՝ գիտնական են համարվում և պատասխանատուի ռոճիկներ ստանալով՝ ման են գալիս։
Գիտական ակադեմիա գոյություն ունի, որի պարտքն է հսկել դիսերտացիաների որակը, իր քննության բովից անցկացնել նրանց, բայց ո՞ւմ հոգ. Ակադեմիան ավերված ջաղացի նման ցորենները սաղլամ դուրս է գցում։ Մանր ալյուրի համար ո՞վ է «ապրես» ասողը։
Ակադեմիան այն է գիտական ասպարեզում, ինչ հասարակածային Հնդկաստանը՝ Ազգերի միությունում, որն իր մեղկությունից ու ծուլությունից անվերջ ձեռնպահ է մնում աշխարհը հուզող հարցերում և մատ անգամ չի բարձրացնում։
Դիսերտացիան կարելի է Գիտական ակադեմիային ներկայացնել նաև քնած ժամանակ, բայց այդ մի փոքր վտանգավոր է նրանով, որ մարդիկ հաճախ քնի մեջ խոսում են. կարող են որոշ աննպաստ խոսքեր թռչել Ակադեմիայի բերանից և վնասել գործին։ Ամենից ապահովը նրա արթունությանը ներկայացնելն է, երբ նրա լռությունն ապահովված է հարյուր տոկոսով։
Եթե սույն երևույթին ավելացնենք նաև այն, որ այս նորելուկ գիտնականների աշխատությունները ոչ ոք չի կարդում, ձեռքն անգամ չեն առնում, ձեզ եմ թողնում ենթադրել, թե որքա՜ն լուրջ գործեր պիտի լինեն սրանք։
Ռուսաստանից բացի, լռությունը ամեն տեղ համաձայնության նշան է, բայց մեր լռությունը գերեզմանոցային է։ Չեն խոսում, չեն առարկում, որովհետև դրա համար ո՜ւժ չունեն, տրամադրությո՜ւն չունեն, որովհետև մեռա՜ծ են…
Մայիսի 3, կիրակի, 1953թ.»
Լեռ Կամսար, «Կարմիր օրեր»