Ես տեսա բազում տաճարներ շքեղ
Իմ տարագնաց ճամբուս երկայնքին,
Բայց հոգիս կարոտ մնաց ամեն տեղ
Հայ գեղջուկ ժամեր, ձեր խոնարհ տեսքին:
Ճանչցա խորաններ ջահազարդ ու վառ,
Կամարներ` համակ արծաթ ու ոսկի,
Ճանչցա սրբազան արձաններ մարմար,
Բայց հոգիս կարոտ մնաց աղոթքի:
Պերճ ու վիթխարի գմբեթներու տակ
Եվ ոսկեքանդակ հաղթ սյուներու մոտ
Ես որոնեցի Անին ավերակ
Եվ Զվարթնոցի քարերը մամռոտ:
Իմ տարահալած ճամբուս ընթացքին
Տեսա տաճարներ ես երկնասլաց-
Կոթողներ անմահ երկնային փառքին-
Բայց քեզ չգտա, ո՛վ հայու Աստված:
Ես թափառահած ու խոնջ ուխտավոր`
Օտար սուրբերու սեմին այցելու,
Կ՛երազեմ ահա վանք մը դարավոր`
Գրկին մեջ անուշ հայոց լեռներու:
Մոտիկ ու հեռու զանգերու ձայնով,
Աշխարհի բոլոր զանգատուներեն
Կը կանչեն անվերջ զիս մայրագորով
Սուրբ Էջմիածինն ու Հռիփսիմեն…