Ռազմիկ Մովսեսի Պողոսյան (հունիսի 28, 1937, Քարաձոր, Լոռու մարզ, Հայաստան — դեկտեմբերի 6, 2015, Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ: Հայաստանի գրողների միության անդամ (1969): ԽՄԿԿ անդամ 1962 թվականից:
Կենսագրություն
Ռազմիկ Պողոսյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 28-ին՝ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում: 1961 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1961-1964 թվականներին աշխատել է Կիրովականի համար 6 տեխնիկական ուսումնարանում որպես տնօրենի տեղակալ: 1969 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1974 թվականին ընտրվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար և բաժանմունքը ղեկավարել մինչև 1990 թվականը: Պողոսյանի «Սիրելիս, երբ գաս…» բանաստեղծությունը 1974 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության մրցանակին: 1990-1998 թվականներին եղել է Վանաձորի թիվ 46 պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենը, 2002-2006 թվականներին՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն:
Ստեղծագործություններ
1965 թվականին լույս է տեսել Ռազմիկ Պողոսյանի առաջին գիրքը՝ «Գարնանային նվագներ»:
Բանաստեղծությունների ժողովածուներ
«Թռչունների պատարագը», Երևան, 2013 թ.։
«Մասրածաղկի բույրը», Երևան, 2010 թ.։
«Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ», Երևան, 2004 թ.։
«Կարոտը սահման չունի», Երևան, 1986 թ.։
«Մի ափ հող», Երևան, 1980 թ.։
«Բանաստեղծություններ», 1974 թ.
«Գարնանային նվագներ», 1965 թ.
Պարգևներ, մրցանակներ
ՀԳՄ մրցանակ, 1964 թ.
ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ, 1997 թ.
ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկե մեդալ, 2007 թ.
«Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2007 թ.
«Մասրածաղկի բույրը» գրքի համար` ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակ, 2010 թ.
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012 թ.