Ղևոնդ Ալիշանն իր հրապարակումներից մեկում կարևորում է մարդու մեջ առաքինության դաստիարակումը՝ նշելով, որ դա ամենակարևոր մարդկային հատկանիշն է։
Որովհետև իմաստության և ուսմանց սերը ազգերնուս մեջ կամաց կամաց կծավալվի, ու նոր նոր հորդորանքներ կգրվին անոնց հետևեն ըլլալու, մեծ պարտք և օգուտ կսեպենք հիշեցնել մեկ ամենահարկավոր ուսման մըն ալ փույթը, որ թե իրեն ազնվությամբը, թե օգտակարությամբը, թե մշտաձև վախճանավը և թե ամեն մարդու ալ սորվելիք ըլլալովը, ամեն ուսմանց գերազանցն է։ Աս ուսմունքն է առաքինություն։
Թերևս ոմանք զարմանք գալով հարցնեն, թե առաքինությունն ալ ուսմո՞ւնք է։ Այսպիսի հարցմունքը այն գերազանց ուսման քիչ գործածվիլը կցուցնե։ Չէ նե՝ավելի պետք է զարմանալ Պլուտարքոս իմաստասեր պատմագրին հետ, որ մարդ ամեն արվեստի ետևե կըլլա սորվելու, ինչվան խոհարարությունն ու ձիադարմանությունն ալ կսորվի ու միայն առաքինությունը անուն մը կկարծե և սորվելու անփույթ է. թերևս փայտահատը ավելի հնարքներ սորված է անտառները ջարդելու, քան թե մեկ կրթվող մարդ մը իր կիրքերը կոտրելու։ Ամենքը առաքինության անունը լսած են, բայց կերևնա թե շատերը կարծեն, որ երևակայության պես տուրք մը պիտի ըլլա, որ ոմանց միայն տրված է։ Թե որ կհավատանք, թե բնական օրինաց լույսը շուտով մեր ընդաբույս կիրքերեն կխափանվի և թե միայն բնական լույսը բավական չէ մարդս իր կատարելությանը հասցնելու, և թե փորձով ալ պետք է կրից հաղթելու վարժիլ և թե աստուծո կամքը կատարելու համար մեզի հնարքներ տրված են, պետք է որ կարելի ըլլա սորվիլ առաքինությունը. և թե որ սորվիլը կարելի է, սորվեցնելն ալ անկարելի չէ։
Իսկ աս ուսմունքը սորվելու գլխավոր միջոցն է՝ ճանչնալ անոր ազնվությունը, հարկավորությունն ու մեծությունը։ Այս ճանաչմունքը երբոր տիրապես ու կատարյալ ըլլա, մարդուս միտքը կհավանեցնե և հավանմունքը սիրելի կընե առաքինությունը, որով ինքն իրեն ալ կսորվվի։
Առաքինության այս սքանչելի հատկությունները քիչ շատ ամենուն ալ ծանոթ ըլլալով, այսչափս հիշենք հոս։
Թե որ հարկավոր են գիտությունք մարդուս միտքը զարդարելու, առաքինությունը հարկավոր է նույն գիտությունները զարդարելու։ Անոնք ամենն ալ մեկմեկ գեղեցիկ գույներ են, բայց մեկ բան մը կպակսի իրենց, որ է լույս, և առաքինությունն է աս լույսը տվողը։ Առանց անոր, լուսավոր ըսված մտքերն ալ խավար հոգի մը ունին և երկնքին գաղտնիքը հասկացող աստղաբաշխն ալ մութ անդունդի մը քովերը կպտտի։ Թող չկարծե մեկը, թե երբոր հասարակաց ուսման ջանք կքարոզենք, կուզենք ըսել, թե միայն ուսմամբ մարդս մարդ կըլլա. քավ լիցի։ Չէ նե՝ ուզած կըլլայինք մեր կարդացողներուն գեղեցիկ տաճար մը կանգնել տալ, առանց հաստատուն հիման։ Ուսումնական մարդիկ շատ եղած են՝ Եգիպտացվոց քուրմերեն սկսած ինչվան այսօրվան փիլիսոփա ըսվածները, որ թերևս մեր ազգին մեջ ալ կգտնվին։ Աշխարհքս ասոնց իմաստուն զուրցեր է, ասոնց գրվածքն ալ թերևս մտքերնիս կզվարճացնե, բայց ինչու՞ է, որ սրտերնիս չվառեր զանոնք սիրելու ու իրենց մոտիկնալու։ Վասն զի անոնց առաքինության պակսությունը հավիտենական անդունդ մըն է մեր ու անոնց մեջ։ Աշխարհքիս վրա ալ լավ կերևնա, թե մարդիկ ինչ աչքով նայած են առաքինյաց վրա և ինչ աչքով առաքինություն չունեցող իմաստնոց և մեծագործ մարդկանց վրա։ Ասոնց անունը շատ հեղ իրենց պատմություններովը մոռացության ու ավերակի մեջ թաղված են, իսկ անոնցը դարեր կանցնին թեթև կերպով։ Ասոնց անունը քաղաքական և ուսումնական պատմությունը բռնադատված է հիշելու շատ անգամ անեծքով, անոնցը՝ թեև քաղաքական բաներու հետ խառնըված ալ չըլլան, հոժարությամբ և երախտագիտությամբ կհիշվին։ Կհիշվին Հռոմուլոսի պես, Արտաշեսի պես, Նաբուգոդոնոսորի պես մեծ աշխարհակալներ, բայց մեկուն ալ սիրտը չթնդար անոնց վրա։ Կհիշվի Նումա, Վաղարշակ, Կարլոս Մեծն և այլն, և ամենուն սիրտը կշարժվի վրանին, վասն զի ասոնք առաքինի էին։ Այն բազմաթիվ Հռոմա կայսերաց մեջ, որոնց անունը ամոթով թաթխած է, մի՞թե չկային մեծագործ և ուսումնական մարդիկ. կային, ու շատերը իրենց ատենի երևելի ճարտասաններուն, բանաստեղծներուն կարգն էին, շատերն ալ մեծ-մեծ քաջություններ ըրած են։ Բայց հիմա անուննին սոսկում կբերե մարդուս, միայն ախորժելով կհիշվին Տիտոսի պես, Տրայանոսի պես, Ավրելիանոսի պես մարդիկ, վասնզի անոնք առաքինի էին։ Ժամանակն ու անգութ թուրը շատ հաղթական կամարներ ջնջեց, բայց շատ առաքինության հիշատակներե պատկառանքով ետ կեցավ։ Ո՞վ դադրեցուց հյուսիսային լեռներեն գետի պես վազող բարբարոսաց իշխանը Ատտիղոսը, որ բոլոր կայսերաց տերությունը դողացուց. միայն քահանայապետի մը առաքինությունը։ Ո՞վ այնչափ իմաստունները ազատեց թագավորին սպառնալիքեն. Դանիելի առաքինությունը։ Երբոր Հայաստան տեսակ-տեսակ կիրքերով ու չարիքներով կորստյան գիրկը կիյնար, ո՞վ բռնեց. Վրթանեսի պես, Ներսեսի պես, Սահակա պես, Ղևոնդի պես, Վարդանի պես անձինք, որ առաքինությունը իրենց զարդ ու զրահ ըրած էին։ Ասոնց անունը միշտ լուսափայլ մնաց, իսկ իրենց ժամանակակից ուրիշ երևելի մարդիկներունը ժանգահար կեցած է։ Թե որ կույր նախանձ մը և բռնություն մըն ալ անոնց պատվական արձանները կոտրտեց, սակայն իրենց արձանեն ավելի հաստատ մնացին մարդկանց մեջ։ «Թող ջարդեն,-կըսեր Դեմետր Փաղերացին Աթենացվոց համար, -թող ջարդեն իմ արձաններս, բայց չեն կրնար կործանել ան առաքինությունը, որուն համար որ անոնք կանգնվեցան»։ Ահա փարավոնին գերեզմանը, իր երկնչափ բարձրությամբը՝ կանգնողին ցածությունը և իր մեծությամբը անոր ոչնչությունը կցուցնե մեզի։ Իսկ անոր մոտ ցամաք անապատի մը մեջ, ծածկված ճգնավորի մը անունը, որ և ոչ թիզ մը հիշատակարան թողուց երկրիս վրա, անմահ փառք ունի այսօրվան օրս։ Ան ատենները Ալեքսանդրիո ճեմարանը մեծ մեծ իմաստուններով լեցված էր, այսօր ի՞նչ մնաց անոնցմե։ Այն իմաստունները, այն աշխարհակալները սահուն աստղի պես անցեր գնացեր են, միայն առաքինիք արեգական ու լուսնու պես միշտ կմնան։ Անոնց պարծանքն ու առավելությունը իրենց համար՝ շատ շատ հիսուն կամ վաթսուն տարի քաշե, ասոնցը միշտ կմնա, վասն զի անոնցը իրենց վրա ծեփի պես զարնված է, որ մահը շուտով կփշրե, ասոնցը՝ իրենց հոգվույն թելի հետ խառնված կմնա, որչափ որ հոգին կմնա։ «Այլք ի տրամադրութեանց,- կըսե մեր իմաստասերը Հովհաննես,- ժամանակաւ տրամակայեալ՝ լուծանեն զմիմեանս. Իսկ առաքինութիւն համապազորդ ի մեզ խնդրէ բնականալ»։
Ո՜հ, ան ի՞նչ ցավալի բան պիտի ըլլա, որ մեկը բոլոր կյանքը կամ կենաց մեծ մասը աշխատելով, ըլլա լավ բանասեր մը, լավ նկարիչ մը, ոսկեգործ մը, ճարտասան մը և այլն ու կենաց ծայրը հասաց ատենը չգիտնա ուր կոխելը, ամենահարկավոր ուսմունքը սորված չըլլալուն համար։ Ընդհակառակն, ի՜նչ մխիթարական բան է անոր, որ՝ «Ինչպես ծովով ճամբորդները հեռուեն ծաղկանց հոտեն կիմանան, թե ցանկալի ծովեզերքին մոտեցեր են, այնպես ինքն ալ իր առաքինությանցը հոտեն իմանա երկրի ապահով նավահանգիստը»։ Բայց ան հոտը արդեն իր բոլոր կենաց մեջ սրտեն կզգար ու անով աս աշխարհքիս մեջ ալ երջանիկ էր։ Վասն զի միայն առաքինությունն է զմարդը երջանիկ ընող, թե հոս և թե հոն։ Պինդարոսի գերաթռիչ միտքն ալ վկայեր էր, թե՝ «Մեծ բարիք է փառքը, բայց առաքինությունը ամեն բարյաց մեծն է»։ Իմաստությունը, որ մարդուս երջանկության օգնականն է, շատ հեղ անոր թշվառությանը պատճառ է՝ առաքինության հետ չմիանալուն համար. շատ ուսմունք գիտե, բայց չգիտեր տան կառավարություն, ոչ ուրիշներու բնությանը համբերել, ոչ հասարակաց ոգվով վարվիլ, ոչ ինքզինքը կառավարել։ Որչափ անգամ տեսնված է իմաստնոց ժողով, ուր մեկը իր տրամաբանության եղջյուրները կշարժե, մեկալը իր ճարտասանության ժանիքները կցուցնե, մեկալն ալ իր մատվներուն ճարտարությունը ոգեսպան ճանկերու դարձուցած է։ Ինչպե՞ս կվերջանա ասանկ ժողովքը, ի՞նչ կընեն առանձնության մեջ աս իմաստուն գազանները… Իսկ առաքինիք, թեպետև զուրկ ալ ըլլան զանազան գիտություններե, սակայն գիտեն մեկմեկու համբերել, գիտեն ուրիշի օգնել, գիտեն դժբախտությանց մեջ Անքննելի մեծության կամքը ճանչնալ, գիտեն իրենց ունեցած պարտքը վճարել առ ընկերս։ Շատ երջանիկ է այն առաքինի հայրը, որ ճակտին քրտինքովը իր մահու դատապարտած ընտանիքը կպահե, քան թե ան իմաստուն որդին, որ օտար աշխարհքներե կդառնա ուսմունքներ շահած, առաքինութենեն մերկացած։ Շատ ավելի սիրելի ու հաճո է երկրի և երկնից խոնարհ, առաքինի եղբայր մը, որ իրեն տգիտությամբն ալ՝ իր հարցը անմեղ ճամբաները կերթա, քան թե իրեն գիտուն եղբայրները, որ միայն առաքինությունը չգիտնալնին կհայտնեն իրենց թափառական ընթացքովը։ Անոնք խոր ծովերու մեջ նավել ուզելով անշուշտ կկորսվին, ասիկա ծովեզերքն առած՝ կգտնե իր նավահանգիստը։
Առաքինության մեծությանը մեկ մեծ ու հայտնի վկայությունն ալ աս է, որ առաքինի չեղողներն ալ կուզեն անոր շնորհքեն չզրկվիլ ու կեղծավորության դիմակը կառնեն երեսնին։ Անով է, որ աշխարհքիս դիմացը շատ իմաստուններ առաքինի կերևան, բայց վերջապես խաղք կըլլան։
Վերջ տալով խոսքներուս (որ միայն նյութույն հարկավորութենեն երկնցավ), աս ալ հիշենք, որ թեպետև աս ուսմունքը ամեն հասակի համար է, բայց աս ալ մեկալներուն պես ավելի մանկանց սիրելի է։ Շատ դժվար է, չըսեմ անկարելի է, որ հասակը առած մարդ մը ինքը զինքը նոր կրթե առաքինության մեջ, վասն զի, նորեն Պլուտարքոսի խոսքին գալով՝ «Առանց սորվելու անկարելի է առաքինության մեջ կրթվիլ»։
Ճանչնան ուրեմն դեռահասակ ուսանողք իրենց բաղդը և ամեն բան ավելի ասոր ետևե ըլլան, որ զիրենք ամեն բանե վեր երջանիկ կրնա ընել։ Աս ուսմանս գրքույկը գրած է իրենց սրտներուն մեջ, իրենց խղճմտանքին վրա։ Գրած է առաքինի անձանց ճակատին ու բերնին վրա, գրած է խելացի ու հոգեշահ գրքերու մեջ, գրած է իրենց վարպետներուն բարի խրատուցը մեջ։ Եվս առավել ուսուցիչք և վարպետք ջանան սորվեցնել աս ամենահարկավոր ուսմունքը անոնց, որ ազգին և աշխարհքիս ակնկալություններն են։ Ամեն բանե առաջ տնկեն ան փափուկ սրտերուն մեջ առաքինությանց սերմունքը և միշտ խնամեն ու մշակեն, աշակերտության առջի օրեն ինչվան ետքի վայրկյանը։ Դպրատանց ներսը դուրսը գրած ըլլա՝ առաքինությունն է հոս սորվելու ամենահարկավոր ուսմունքը։
Հրատարատկվել է «Բազմավեպ»-ի 1846թ. 11-րդ համարում հունիսի 1-ին։
Բնօրինակը՝ «Ղևոնդ Ալիշան. Երկեր», Հայ Դասականների գրադարան, «Սովետական գրող», Երևան 1981, էջ 124-128
Աղբյուր՝ Profil.am