Մհեր Մուշեղի Մկրտչյան (Հուլիս 4, 1930 — Դեկտեմբեր 29, 1993), նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։
Մհեր Մկրտչյանը (1930-1993 թթ.) ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:
Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946 թ-ից Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան էր. աչքի է ընկել գրոտեսկային դերապատկերներ ստեղծելու, դրանք հումորով «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրքով. լավագույն դերերից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Սաղաթելը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Տրուֆալդինոն (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): Մկրտչյանի նախընտրած հերոսներն անսովոր շիտակությամբ, ազնվությամբ ու անկեղծությամբ օժտված «փոքր» մարդիկ էին:
1953 թ-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և՜ խարդախում էր, և՜ կեղծում, և՜ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի: Նրա դերակատարումներից Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») առանձնանում է նորովի ընկալմամբ և կերպավորման ուրույն սկզբունքներով: Հեռանալով ավանդական մեկնաբանումներից՝ Մկրտչյանը Զամբախովին (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») օժտել է կարեկից հոր նկարագրով, որին խորթ չէր ողբերգականի զգացողությունը:
Լավագույն դերերից են նաև Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):
Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01-99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:
Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն):
Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):
Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար (2003 թ., քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում (2004 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ) և Վանաձորում (2010 թ., քանդակագործ` Արամ Մարգարյան):