Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել,
Ու թախիծն է կաթկթել, որ մաքուր էր որպես ցող,
Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել
Ես` իմ աշխարհը կորած, դու` քո աշխարհը կորչող:
Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի,
Եվ սիզախոտը այրված ինչ թախծագին է բուրում,
Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի,
Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում:
Վանք է եղել ավերակ, չորացած հուն ու ակունք,
Ու եղինջները կարծես բոբիկ ոտքերդ են վառել,
Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն
Ու աչքերիդ չհասած արցունքները նշմարել:
Ո՞ւր են տանում, չգիտեմ, արահետներն այս քարոտ,
Բարդիներն այս արծաթե ո՞ւր են այսպես հեռանում…
Այնտեղ շրջում է անվերջ թափառական մի կարոտ,
Ծխանի հոտ, հացի հոտ, ուրցի հոտ է որոնում:
…Ես չգիտեմ, մեզանից ո՞վ պիտի շուտ հեռանա
Դեպի եզերքն անհայտի, ուր տառապանքն է լռում,
Բայց մեզնից մեկը, գիտեմ, պիտի կրկին որբանա,
Ես` աշխարհում իմ կորած, դու` քո կորչող աշխարհում: