Առակներ 3.13-17
13 Երանի՜ այն մարդուն, որ իմաստութիւն կգտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կստանայ, 14 քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը: 15 Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16 քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ: Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն: 17 Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան:
Եսայի 41.1-3
1 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին: 2 Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը, 3 նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են:
Եփեսացիներ 6.10-17
10 Եւ վերջապէս, զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. 11 եւ Աստծոյ սպառազինութի՛ւնը հագէք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին. 12 որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ: 13 Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. 14 եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ. եւ հագած արդարութեան զրահը՝ 15 ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան աւետարանի պատրաստութեամբ: 16 Եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: 17 Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծոյ խօսքը:
Ավ. ըստ Ղուկասի 21.10-19
10 Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11 եւ մեծ երկրաշարժեր եւ տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից: 12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: