1905-1907թթ. Ռուսաստանում հեղափոխության պարտությունից հետո Պետական Դումայի անդամներ Զամսլովսկու և Պուրիշկևիչի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը հեղափոխական է, կարող էր տեղիք տալ մասսայական հալածանքների ու ճնշումների: Նման հետևանքներից խուսափելու համար է հայ մեծ բանաստեղծ, ազգային գործիչ Հովհաննես Թումանյանը հրապարակել ստորև ներկայացվող հոդվածը։ Եվ քանի որ հեղափոխության և ընդհանրապես հայ ժողովրդի՝ հեղափոխական լինել-չլինելու թեման արդիական է նաև այսօր, Մատյան.am–ը որոշեց իր ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Հ. Թումանյանի այս մտորումները՝ հուսով, որ թեմայի հետագա քննարկումը կօգնի մեր հասարակությանը ավելի ճիշտ գնահատական տալ մեր օրերում տեղի ունեցող գործընթացներին։
Սերն ու ատելությունը խելք չունեն և իրենց դատողությունների կամ, ավելի ճիշտ, զառանցանքների մեջ սահման չեն ճանաչում։
Այդպես են և այն մարդիկ, որոնք, թե ինչ պատճառով այդ ջոկ խնդիր է, ատում են հայ ժողովրդին։ Նրանց համար հերիք է ոչ թե մի որևէ աշխարհագրական նախշ, այլ մինչև անգամ միմիայն նրա սուտ լուրը, որ տարիներով հարայ տան ամբողջ Ռուսաստանովը մին, թե հայերը մեծ Հայաստան են ծրագրում մինչև Ռոստով։ Եվ հեշտ բան չի այլևս նրանց լռեցնելը, մինչև անհիմն աղմուկն ու նրա սարսափը կամաց-կամաց չհնանան ու ընկնեն նույնիսկ իրենց մտքից։
Բայց, ի մեծ դժբախտություն հայոց ազգի, մինչև մեկի մոռացվելը մեկ էլ տեսնում ես մի ուրիշը դուրս եկավ։ Եվ ահա այժմ էլ դուրս է եկել, որ «հայ ժողովուրդը հեղափոխական է»։
Պետական Դումայի անդամ Զամսլովսկին, սենատի առջևի Բաքփի ոստիկանապետ Դեմենսկուն ու մյուս ոստիկանական պաշտոնյաներին պաշտպանելիս, հայտարարում է, թե «հայերը հեղափոխականներ են», նրա համար էլ «պետությանը հավատարիմ թուրքերը նրանց կոտորել են»…
Պուրիշկևիչն էլ մյուս կողմից հեռագրով սպառնում է Փոխարքայի դիվանատան կառավարիչ Պետերսոնին, որ պաշտպանություն է ցույց տալի «հեղափոխական հայ ժողովրդին»։
Հեղափոխակա՜ն հայ ժողովուրդ…
Եվ հայ ժողովուրդը այժմ էլ այս ձևով դարձավ բերանի մաստակ։
Այլևս դժվար է այդ մարդկանց հարցնելը, թե ամեն մի ժողովրդի մեջ կան ու կլինեն հեղափոխական տարրեր ու կազմակերպություններ, բայց մի՞թե ամբողջ աշխարհքում կա կամ կարող է լինել մի հեղափոխական ժողովուրդ։
Նրանց պատասխանը պատրաստ է.
— Հայ ժողովուրդը հեղափոխական է։
Այլևս անկարելի է հասկացնելը, թե եթե կա մի ժողովուրդ, որ հեղափոխական չի և լինելու էլ իսկի տրամադրություն ու հնար չունի, այդ հենց ինքը հայ ժողովուրդն է, որ կա։ Բերեք այդ ժողովրդի իրականությունը, կյանքի պատմությունը, ապացուցեք, ցույց տվեք։ Միևնույն է նրանց համար։ — Հայ ժողովուրդը հեղափոխական է։
Անշուշտ, այս տեսակ մարդկանց համար աստված ինքն է ուղարկել այն հայերին, որոնք թե մեզանում և թե արտասահման մի հանցավոր ցուցամոլությամբ հայ «սոցիալիստների» կամ հեղափոխականների թիվը հարյուր հազարներով են ներկայացնում՝ այնտեղ օտարներին զարմացնելով, այստեղ՝ մեզ։
Եվ ահա մենք ստիպված ենք բողոքելու հանուն ճշմարտության թե մեկի, թե մյուսի դեմ, որովհետև բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից-սուտը սուտ է և միշտ դատապարտելի։
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ, 1910թ.