Երկու հազար տարիներ շարունակ Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամին է ունկնդիր լինում յուրաքանչյուր քրիստոնյա՝ նշելով Տեառընդառաջը: Այս տոնը հայերիս համար համաժողովրդական է:
Տոնի պատմությանը անդրադառնալով՝ իմանում ենք, որ քսան դար առաջ այն կարգվեց Սբ. Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին:
Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է մեզ ներկայացնում Տեառընդառաջի պատմությունը: Քրիստոսի Ծնունդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին, Նրան թլպատեցին և անվանակոչեցին Հիսուս, որ նշանակում է «Տերը կփրկի»: Իսկ երեսուներեք օր հետո Հովսեփն ու Մարիամը Մանուկ Հիսուսի հետ միասին գնացին Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկաս 1:22):
Հին կտակարանյան օրենքները
Թեև Հովսեփն ու Մարիամը ենթակա չէին օրենքին, քանի որ սուրբ Կույսից ծնվածը՝ Հիսուս, հղացվել էր Սուրբ Հոգու զորությամբ, բայց նրանք տաճար եկան օրենքը գործադրելու: Հիսուս Քրիստոս տաճար էր գնում Իր իսկ սահմանած օրենքը կատարելու՝ դրանով հաստատելով Իր ճշմարիտ մարդեղությունը: Նա չեկավ ջնջելու օրենքն ու մարգարեությունները, այլ կատարեց Ի՛ր իսկ սահմանած օրենքը՝ որպես խոնարհության և հեզության օրինակ:
Առաջնածինների և մայրերի մաքրագործման հրեական օրենքներն էին, որ նրանք պետք է գործադրեին: Ըստ Մովսիսական օրենքի՝ կինը զավակ ունենալուց հետո համարվում էր անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր: Ապա այդ օրերը լրանալուց հետո, նորածնի ծնողները գնում էին տաճար՝ իրենց հետ տանելով մեկ տարեկան գառ՝ ողջակեզի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ մեղքերի քավության համար: Աղքատ ընտանիքները, ինչպիսին Հիսուսի ընտանիքն էր, կարող էին ընծայաբերել երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ՝ մեկը ողջակեզի և մյուսը՝ մեղքերի քավության համար (Ղևտացիներ 12):
Անդրանիկ արու զավակների հետ կապված Հին Կտակարանում հատուկ օրենք կար: Եգիպտացիների անդրանիկներին հարվածելու հետ կապված Աստված հրամայել էր, որ հրեա բոլոր անդրանիկները՝ թե՛ մարդ և թե՛ անասուն ընծայվեն Իրեն (Ելք 24:19-20), այսինքն՝ հատկացվեն Աստծո տաճարի ծառայությանը: Երբ Մովսես մարգարեն բարձրացել էր Սինա լեռը տասը պատվիրանները ստանալու, հրեաները, մոռանալով Աստծուն, ոսկե հորթ էին պատրաստել այն պաշտելու համար: Միայն Ղևիի ցեղը գործակցեց Մովսեսին հորթապաշտներին պատժելու համար (Ելք 22:6) և սկսյալ այս շրջանից, Ղևիի ցեղն ամբողջությամբ՝ մարդկանցով և անասուններով, ընտրվեցին Աստծո ծառայության համար, իսկ մյուս ցեղերի բոլոր արուներն ազատվեցին այդ ծառայությունից (Թվեր 3:12), բայց ոչ ձրիաբար. յուրաքանչյուր անդրանիկ ունեցողը պարտավոր էր իր անդրանիկի համար փրկագին վճարել ղևտացիներին: Իսկ որպես փրկագնի չափ՝ առաջին անգամ որոշվեց հինգ սիկղ արծաթ (Թվեր 3:47): Սակայն հետագայում սովորություն դարձավ, փրկագինը որոշել ըստ յուրաքանչյուրի կարողության և փոխադարձ համաձայնության:
Ինչո՞ւ տատրակ և ինչո՞ւ աղավնի
Ըստ եկեղեցական ավանդության՝ տատրակը ողջախոհ թռչուն է և խորհրդանշում է Քրիստոսին: Տատրակի ողջախոհությունը երևում է նրանում, որ երբ զույգերից մեկը մահանում է, մյուսն առանց ընկեր է մնում մինչև մահ. սա խորհրդանշում է նաև քրիստոնեավայել կյանքով ապրող այն անձանց, ովքեր մեղքից հեռանալով՝ այլևս մեղք չեն գործում:
Իսկ աղավնին հանդարտ ու խաղաղ թռչուն է և արծվի պես գիշատիչ չէ, որը Քրիստոսի անսահման հեզությունն է խորհրդանշում: Աղավնին հոգ է տանում ոչ միայն իր ձագերի համար, այլև օտարի, ինչպես որ Հիսուս Իր ողորմությունն ու գութը ցուցաբերում է ոչ միայն արդարներին, այլ նաև մեղավորներին: Աղավնիները նաև միամիտ են ու երամով են շրջում, որը խորհրդանշում է հավատացյալների բազմությունը: Մանուկ Հիսուսի այս օրինակը ցույց է տալիս, որ աստվածպաշտության մեջ ոչ թե ճոխ ընծան է առաջնային և կարևոր, այլ ողջախոհ և պարկեշտ ընթացքը: Իսկ նյութական ընծային պետք է միանա աղոթքն ու պահեցողությունը, որպեսզի ընծան կամ պատարագը լիարժեք և ընդունելի լինի Աստծո համար:
Սրբազան ավանդությունը պատմում է
Երբ Հովսեփն ու Մարիամը քառասուն օրական Մանուկ Հիսուսի հետ մոտեցան տաճարին, արևելյան դուռը, որն Աստծո հրամանով փակ էր, մեծ դղրդյունով ինքն իրեն բացվեց: Կատարվեց Քրիստոսից վեց հարյուր տարի առաջ Եզեկիել մարգարեի կողմից ասվածը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով: Այն փակ է լինելու, որովհետև առաջնորդ իշխանն է ներսում՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն ճանապարհով էլ դուրս է գալու» (Եզեկիել 44:1-3): Այսինքն՝ արևելյան դուռը բացվելու էր միայն Իսրայելի Աստծո առջև, և դա այդպես էլ եղավ: Դռան դղրդյունի ձայնից քաղաքի բնակիչները դուրս են վազում իրենց տներից, և քանի որ արդեն մութ էր, վառվող ջահերով և ճրագներով գալիս են տաճար՝ Տիրոջն ընդառաջ, տեսնելու համար Եկողին և միմյանց ձայն տալով՝ ասում են. «Տերը անցավ այս դռնով»: Եվ մտնելով տաճար՝ տեսնում են Հովսեփին ու Մարիամին՝ Հիսուս Մանկանը գրկում:
Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը
Տաճարում Տիրոջն ընդառաջ դուրս եկան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Ավետարանում Սիմեոն ծերունին պարզապես կոչվել է «այր մի»: Ավանդաբար հայտնի է, որ Սիմեոնը 72 թարգմանիչ դպիրներից էր, ովքեր Եգիպտոսի ընթերցասեր թագավորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարենի թարգմանեցին: Իսրայելի տասներկու ցեղերից վեցական բանիմաց այրերը թագավորի հրամանով Փառան կղզում առանձին սենյակներում, առանց միմյանց հետ խորհրդակցելու, Սբ. Հոգու ներգործությամբ 72 օրում ամբողջ Հին Կտակարանը թարգմանեցին: Բոլորի թարգմանությունները նույնը եղան՝ թե՛ մտքով, և թե՛ խոսքերով, որովհետև թարգմանությունը մարդկային իմաստությամբ չեղավ: Երիտասարդ թարգմանիչ Սիմեոնը Աստծո նախախնամությամբ հանդիպում է Եսայու մարգարեության այն խոսքին, թե՝ «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» (Եսայի 7:14): Նա տարակուսում է՝ մտածելով, որ հեթանոսները չեն հավատա այս խոսքերին և ջնջում է: Բայց և միևնույն ժամանակ երկմտում է, որ իր ընկերների հետ տարաձայնություն կունենա տվյալ մարգարեության հետ կապված: Ապա Սիմեոնը քուն է մտնում և արթնանալով տեսնում է, որ իր ջնջածը գրվել է ոսկյա տառերով: Նա ամբողջ գիշեր արտասվում է և երանի տալիս նրանց աչքերին, ովքեր պիտի տեսնեն կուսածին Մանկանը և գրկեն Նրան: Աստծո Սուրբ Հոգին Սիմեոնին խոստանում է. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»: Նա առաքյալների նման արժանի եղավ այն երանությանը, որի մասին Տերն ասաց. «Երանի ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ տեսնում եք, բայց չտեսան» (Մատթեոս 13:16-17):
Տարիներ անցան և վերջապես երեք հարյուր քառասունչորսամյա Սիմեոնին Սուրբ Հոգին, կանչելով, ասում է. «Արի՛, ծեր, գնա՛ տաճար և տե՛ս՝ այն, ինչ ցանկացար, ահա՛ Կույսը և իր Որդին»: Տաճարում տեսնելով քառասնօրյա Մանկանը՝ փառաբանում է Աստծուն և խնդրում. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար»:
Սիմեոնը մարգարեկան հոգով հայտարարեց, թե ընծայված այդ Մանուկն է, որը պիտի դառնա Աստծո պատրաստած փրկությունը՝ հեթանոսների լույսը և Իսրայելի փառավորությունը: Երբ Հովսեփն ու Մարիամը զարմացած լսում էին նրա ներշնչող խոսքերը, Սիմեոնը դարձավ Մարիամին և մարգարեական հոգով կանխագուշակեց Հիսուսի կյանքի և Մարիամի վշտերի պարագաները և ասաց. «Հիսուսը, ինչպես իրեն հավատացողներին կանգնելու պատճառ պիտի լինի, այնպես էլ չհավատացողներին՝ գլորվելու. Իր անվան շուրջ հակառակություններ պիտի բորբոքվեն, և սրտերի գաղտնիքները պիտի հայտնի դառնան, և այս պատճառով Մարիամի սիրտն էլ ցավերով պիտի խոցոտվի»: Անշուշտ Մարիամի վրա ծանր ազդեցություն գործեցին այս խոսքերը, սակայն այնուամենայնիվ, չնվազեց այն զարմանքը, որ առաջացրել էին առաջին մարգարության օրհնաբանությունները: Ծերը, ավարտելով իր խոսքը, վերադարձրեց Մանկանը մորը և հանգստացավ ծերության տառապանքներից՝ տաճարում իսկ ավանդելով իր հոգին Աստծուն:
Աննա մարգարեուհին
Երուսաղեմի տաճարում ապրում էին այրիներ, որոնք տաճարի պաշտամունքի հետ խնամում էին նաև նվիրյալ կույսերին և աղջիկներին: Նրանց գլխավորը եղել է Աննա անունով մի այրի՝ Փանուելի դուստրը, Ասերի ցեղից, 84 տարեկան մի կին, որ ամուսնությունից յոթ տարի հետո դարձել էր այրի և առանձնացել տաճարում: Մարիամը մանկության տարիներն անցկացրել էր տաճարի այրիների խնամքի ներքո և ժամանակի համաձայնությունն էլ թույլ է տալիս ասելու, որ Մարիամն Աննայի խնամքի տակ է եղել: Եվ տեսնելով իր սանուհու ստացած մեծ շնորհը՝ Աննան հոգեպես հրճվում և ցնծում էր: Տեսնելով քառասնօրյա Հիսուսին՝ նա ևս փառաբանում է Աստծուն և ներկաների հետ խոսում Նրա մասին: Ըստ եկեղեցու սրբալույս հայրերի բացատրության՝ Սիմեոնը Ադամի օրինակն է, իսկ Աննան՝ Եվայի: Դարձյալ Սիմեոնը օրինակն է օրենքի հնության, իսկ Աննան՝ մարգարության լրումի:
Քառասուն օրական մանուկների ընծայման կարգը հայ եկեղեցում
Քառասուն օրական մանուկներին տաճար տանելու և Աստծուն ընծայաբերելու հինկտակարանյան օրենքը նոր շունչ ստացավ և պահպանվեց նաև քրիստոնյաների մեջ: Յուրաքանչյուր ընտանիքում, երբ երեխա է ծնվում, մեր եկեղեցու հայրերի հաստատած կարգի համաձայն, ծնողները նորածնին ծննդյան քառասուներորդ օրը եկեղեցի պետք է տանեն: Երեխայի մայրը ծնրադրում է եկեղեցու դռան առջև և մեղքերը քահանային խոստովանելով՝ թողություն ստանում: Այնուհետև քահանան դիմում է Աստծուն՝ խնդրելով մաքրել այդ կնոջ մարմնի ախտերը և արժանի դարձնել եկեղեցի մտնելուն և Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելուն:
Այս կարգը կատարելուց հետո նրանք եկեղեցի են մտնում և կանգնում խորանի առաջ: Ծիսակատար քահանան, վերցնելով մանկանը, Աստծուց խնդրում է, որ Նրա Ամենատես Աչքը և Ամենազոր Աջը միշտ հովանի լինի մանկանը: Ընծայման կարգն ավարտվում է «Պահպանիչ» և «Հայր մեր» աղոթքներով:
Կազմեց Կարինե Սուգիկյանը