Ալեքսանդր Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1891, Թիֆլիս, Ռուսական կայսրություն — հուլիսի 20, 1966, Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1961): Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։
Նկարիչներ Լավինիա, Զուլեյկա և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանների հայրն է։
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1891 թվականին, Թիֆլիսում, ծառայողի ընտանիքում: Բեյբբեուկ-Մելիքովները եղել են բնիկ թիֆլիսցիներ: 1906-1910 թթ. սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911-1912 թթ. Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922-1929 թթ. դասավանդել է Մ. Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-1938 թթ.՝ Թբիլիսիի գեդարվեստի ակադեմիայում։
Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչական երկեր։ Վաղ շրջանի գործերին («Երեք կին», «Տեսողական պատրանք», երկուսն էլ՝ 1928 թ.) բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը։ 1930-1940-ական թթ. Բաժբեուկ-Մելիքյանն ուսումնասիրել է դասական գեղանկարիչների գործերը, հրաժարվել ժամանակակից ձևերից՝ աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով՝ հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի։ «Բակ Պեսկիում», «Ջրաղաց Օրթաճալայում», «Լավինիան իսպանական գլխարկով», «Մերկ Լիդան» նկարներում իշխում են վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը: Բաժբեուկ-Մելիքյանի 1940-ական թվականներին ավելի են պայծառացել նկարչի գույները՝ հասնելով ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի՝ «Մերկ կին», «Ձեռնածու կին», «Ձեռքերը բարձրացրած Լիդան» և այլն: 1950-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանի նկարների գուներանգը դարձել է նյութական ու կենսալից՝ «Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»: Ուշագրավ են նաև նրա հայաստանյան բնանկարները՝ «Տանիքի վրա», «Զանգեզուր» և այլն:
Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները («Նազելի Տերյան», 1929 թ., «Լավինա», 1961 թ., «Կիռա Գոզաշվիլի», 1963 թ.,) կոմպոզիցիաները («Լողացող կանայք», 1928 թ., «Լողորդուհիներ», 1929 թ., «Կրկեսի արտիստների խումբը», 1940 թ.), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով։
Բաժբեուկ-Մելիքյանը ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965 թ.)։ Գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում։
Բաժբեուկ-Մելիքյանի գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում:
2016 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Բաժբեուկ- Մելիքյաններ. երկու սերունդ» ցուցահանդեսը` նվիրված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և նրա զավակներին՝ Լավինիային, Զուլեյկային ու Վազգենին:
2017 թվականին Վրաստանի ազգային թանգարանի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի չորս դահլիճում ներկայացվել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 96 կտավ՝ նվիրված նկարչի ծննդյան 125 և մահվան 50-րդ տարելիցին: Սա նկարչի աշխատանքների առաջին ցուցադրությունն է եղել Թբիլիսիում։
Տեսանյութը «Տան Մեծը» հաղորդաշարի