Թեոդիկ (Թեոդորոս Լափչինճյան) (1873, մարտի 5, Կոստանդնուպոլիս — 1928, մայիսի 24, Փարիզ), հայ բանասեր։
Ծնվել է Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներին՝ «Մանզումիե էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն փրցված» վերնագրով, որոնք հետագայում, 1910 թվականին լույս է ընծայել «Կաղանդ» ժողովածուում։ Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ 1912 թվականին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ 2012 թ. «Տիպ և տառ»-ը հրատարակվեց նաև թուրքերեն թարգմանությամբ:
Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն Տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907-ին, համիդյան բռնապետության խստագույն տարիներին։ Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։
Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները՝ հատկապես 1909, 1910, 1911, 1912, 1913, 1914 և 1915 թվականների տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։
Մեծ եղեռնի տարիներին աքսորվել է Թուրքիայի խորքերը, ընդհատել սիրած գործը։ Մեծ եղեռնից հետո վերադարձել է Պոլիս, 1919-ին հրատարակել է 1916-1920 թթ. միացյալ տարեգիրքը, ապա՝ 1921, 1922, 1923 տարիները։
Քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924, 1925, 1926, 1927, 1928, 1929 թվականների տարեգրքերը, որոնցից 1926-ը տպագրել է Վենետիկում։ Վերջին հատորի տպագրման ընթացքում մահացել է կաթվածից:
Իր գրչին պատկանող գրական-բանասիրական ծավալուն երկեր տպագրված են վերոհիշյալ տարեցույցի տարբեր գրքերում։ 1919 թվականին Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկի» ժողովածուն, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական: