Օհանջանյան Համազասպ՝ հայ քաղաքական, պետական գործիչ։ Վաղ տարիքում անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը։ 1920 թ. եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրա կառավարությունն է ստորագրել Սևրի դաշնագիրը։ Կուսակցական անունը՝ Մհեր Մհերյան Հովհաննեսի: Ծնվել է 1874 թվականի փետրվարի 10-ին Ախալքալաքում:
Համո Օհանջանյանը սովորել է Ախալքալաքի դպրոցում, այնուհետև ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը։ Ապա մեկնել է Մոսկվա՝ համալսարանում բժշկական կրթոււթյուն ստանալու։ Այդ շրջանում էլ կապեր է հաստատում հեղափոխականների հետ, իսկ ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս։
1899 թ. մեկնում է Շվեյցարիա՝ Լոզանում բժշկական մասնագիտացման համար։ 1902 թ.-ին ավարտելով ուսումը՝ վերադառնում է Թիֆլիս։
Քաղաքական ու հասարակական գործունեություն
1903 թ. հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր՝ բռնագրավվում։ Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ։ Կուսակցության ներսում հանդիսացել է հապող օղակ տարբեր հոսանքների միջև։ Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907 թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակ։
1908 թ. մոտ 160 դաշնակցականների[3] հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով, որտեղ խիստ վատթարանում է նրա առողջությունը, ինչից հետո Օհանջանյանին ուղարկում են Սիբիր՝ ապրելու որպես աքսորյալ ու բարելավելու առողջական վիճակը։ Այնտեղ է իր հետևից մեկնում նաև Ռուբինա Արեշյանը՝ գեներալ Միքայել Արեշյանի քույրը, ով մեծ սիրով էր լցված Օհանջանյանի նկատմամբ, ու Սիբիրում նրանք ամուսնանում են։ Ռուբինա Արեշյանը Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ 1905 թվականին իրականացված մահափորձի կազմակերպիչներից էր։
Պետերբուրգի կայսերական սենատում ՀՅԴ կուսակցության անդամների դեմ կազմակերպված դատավարության ժամանակ․ ՀՅԴ կուսակցության Արևելյան բյուրոյի անդամ Համազասպ Օհանջանյանը դատարանի դահլիճում արտասանեց տպավորիչ ու մերկացնող մի ճառ․ որի «շնորհիվ» էլ վաստակեց Սիբիրում տաժանակիր աշխատանքի դատավճիռը։
Բանտարկությունից ազատվում է 1915 թ.-ին Գևորգ Ե կաթողիկոսի և փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովի միջնորդությամբ, վերադառնում Թիֆլիս, որպես բժիշկ՝ օժանդակում հայ կամավորական գնդերին ռազմաճակատում։ Երևանում օգնում է փախստականներին որպես բժիշկ։ Այնուհետև բժիշկների խմբով մեկնում է Վան՝ դեղորայք ու օգնություն հասցնելով տեղացիներին։
Փետրվարյան հեղափոխությունից հետո մեկնում է Պետրոգրադ, իսկ այնուհետև Ռոստով՝ դիմելու տեղի հայերին՝ օգնելու պատերազմից տուժող ու ցեղասպանությանը զոհ գնացող հայ ժողովրդին։
Առաջին Հանրապետություն, Օհանջանյանի կառավարությունը
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը զորքերը լքում են կովկասյան ճակատը։ Հայ ազգային խորհուրդը Գերմանիա է ուղարկում պատվիրակություն՝ Օհանջանյանի գլխավորությամբ, սակայն բանագնացները չեն կարողանում լուծել դրված խնդիրը։ 1918 թ. մայիսին Օհանջանյանը գործուն մասնակցություն է ունենում Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Նույն ճակատամարտում զոհվում է իր ավագ որդին։
Մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ։
1918 թ. մայիսին Փարիզի վեհաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում է նաև Օհանջանյանը, ով Եվրոպայում մնում է մինչև 1920 թ.։ 1919 թ. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում Օհանջանյանն ընտրվում է բյուրոյի անդամ։
1920 թվականի սկզբին Օհանջանյանը վերադառնում է Հայաստան ու ստանձնում Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
1897 թվականին Օհանջանյանը հանդիպել է Օլգա Վավիլևային, ում հետ շուտով ամուսնանում են։ 1900 թվականին ծնվում է նրանց առաջնեկը, ով 1918 թվականին որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, հասնում է Էրզրում, ապա զոհվում Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Ունենում երկու տղա և մեկ դուստր։ 1905-1907 թվականներին ՀՅԴ շարքերում ծանոթանում է Ռուբինա Արեշյանի հետ, ով ապագայում դառնում է իր կինը։ Արեշյանը իր հետևից մեկնում է Օհանջանյանի աքսորավայր՝ Սիբիր, որտեղ նրանք ամուսնանում են։ Եգիպտոս տեղափոխվելուց հետո իրենց մոտ ծնվում է որդի՝ Վիգենը։
Տեսանյութը Հանրային հեռուստատեսության, «Առաջին այրեր» հաղորդաշարի։