Աղաչեմք զՔեզ, Տէ՛ր, բարեխօսութեամբ սրբոց Ատովմեանց,
որք նահատակեցան ի ճակատամարտ
պատերազմի. յաղթող գտան ընդդէմ թշնամւոյն.
բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք առին զսպառազինութեան զրահս հաւատոյ սրտից իւրեանց
եւ ընկալան ի գլուխ սաղաւարտ փրկութեան զնշան Խաչին.
սուսեր ընդ մէջ ածեալ զճշմարիտ Սուրբ Հոգին.
բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք մաքրեցին զանձինս իւրեանց տաճար անուանդ Քում սրբոյ
եւ բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց
ի տեղւոջ հեղման սուրբ արեան իւրեանց.
բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
(Շարակնոց)
ԱՌԱՋԻՆ ԱՏՈՄԵԱՆ ԶՕՐԱՎԱՐՆԵՐ
Շուրջ 1000 հոգի, նահատակութիւնը` 449 թուականին:
Մինչ ողջ աշխարհում ծաղկում էր քրիստոնէական հաւատը, Պարսից Յազկերտ կրակապաշտ արքայի ժամանակներում մեծ հալածանքներ սկսուեցին արեւելեան ազգերի, յատկապէս հայոց ազգի վրայ: Պարսից աշխարհում ապրող քրիստոնեաների օգնութեամբ երկրում աճեցին հաւատացեալների թիւը, ովքեր սկսեցին յայտնապէս պաշտել սուրբ հաւատը, իսկ մոգպետներն ու մոգերը, իրենց խորհրդատու ունենալով բանսարկուին, հաւաքուեցին եւ միաբան մօտեցան թագաւորին՝ ասելով. «Թող յայտնի լինի քո տէրութեանը, որ մեր երկրից վերանում է մազդէական կրօնը եւ մեր նախնիների պաշտամունքը: Եւ այս ամէնի պատճառն այն է, որ բոլորը խոտորւում են դէպի քրիստոնէութիւնը: Արդ, եթէ չհրամայես սրով, հրով կամ խաչելութեամբ վերացնել այդ քրիստոնեայ կոչուածներին, յատկապէս Հայոց աշխարհից այստեղ եկած իշխաններին ու հասարակ ժողովրդին, ովքեր կրակապաշտութեան ու մոգութեան ամենամեծ թշնամիներն են, ապա չեն կարող զօրանալ մեր աստուածների պաշտամունքները»:
Այնժամ թագաւորը շտապ հրամայեց հրովարտակ տարածել իր տէրութեան բոլոր սահմաններում, ըստ որի` պէտք է ոչ ոք չհամարձակուէր իր անձը քրիստոնեայ կոչել, այլապէս կը դատապարտուէր մահուան` սրով, հրով կամ խաչելութեամբ: «Իսկ ովքեր կը կատարեն մեր հրամանը,- գրուած էր հրովարտակում,- կը պաշտեն կրակը եւ կ՚ընդունեն մոգութիւնը, կ՚արժանանան մեծ պատիւների եւ իշխանութեան»:
Այնուհետեւ մեծ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ. խոշտանգում էին նրանց սարսափելի տանջանքներով եւ դաժանօրէն մահուան մատնում: Նրանցից քաջերը պսակւում էին՝ արհամարհելով տանջանքներն ու մահը, եւ ասում էին սուրբ Պօղոսի պէս. «Ո՞վ կը բաժանի մեզ Քրիստոսի սիրուց` տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը» 1, քանզի մահուամբ եւ չարչարանքներով պիտի ժառանգենք անանց ու անճառ բարիքները», իսկ տկարներից ոմանք, յաղթուելով մահուան երկիւղից, ոմանք էլ` անցաւոր կեանքի սիրուց, խոնարհուեցին թագաւորի կամքին` ի կորուստ իրենց անձանց:
Այդ շրջանում հայոց ազատագունդը Յազկերտի հրամանով երկու քաջ նախարարների՝ Ատոմ Գնունու եւ Մանաճիհր Ռշտունու զօրավարութեամբ պատերազմներ էր մղում: Նրանք համարձակ պաշտում էին քրիստոնէութիւնը, որի համար թագաւորը որոշեց նրանց իր մօտ կանչել եւ հրապուրել արեգակի ու կրակի պաշտամունքներով: Նա իր նախարարներից մէկի հետ խաղաղութեան եւ սիրոյ խօսքերով լի հրովարտակ ուղարկեց նրանց, ուր գրուած էր. «Աստուածներին հաւասար արքայից արքայ Յազկերտից. մեր տէրութեան կողմից ողջոյն ենք յղում մարզում գտնուող հայոց իշխաններին ու ծառաներին: Յիշեցինք ձեր վաստակը եւ քաջութիւնը մեր թշնամիների հանդէպ եւ կամենում ենք ձեզ մեծ պատուով ու ճոխութեամբ արձակել ձեր երկիրը, որ այդ տեսնելով՝ ձեր եղբայրներն առաւել փութան մեզ ծառայութեան: Շտա՛պ արքունիք հասէք»:
Երբ հայոց ազատագունդը լսեց թագաւորի հրամանը, տեղեկացաւ նամակին եւ նախարարի պատգամներին, տեսաւ չարի գաղտնաձիգ նետերը, որն անդադար մարտնչում է Աստուծոյ ծառաների դէմ: Սակայն ամենեւին ցոյց չտալով, որ հասկացել են թագաւորի դաւադիր մտադրութիւնը, ողջ սրտով Տիրոջն աղօթելով` ճանապարհ ընկան դէպի արքունիք:
Երբ հասան Հայոց եւ Պարսից աշխարհներ տանող ճամփաբաժանին, մի տեղ դադար առան, ուր Աստուծոյ տեսչութեամբ եւ շնորհով տէր Ատոմ Գնունին ու տէր Մանաճիհր Ռշտունին` իրենց իշխաններով հանդերձ, խորհուրդ արեցին եւ ասացին. «Մենք ճանաչում ենք մեր հաւատի թշնամի պիղծ ու անօրէն թագաւորին: Նա մեզ կանչում է միայն նրա համար, որ հեռացնի մեզ մեր սուրբ հաւատից եւ մոգութեան դարձնի: Նա կամենում է մեզ հնազանդեցնել իր չար խորհուրդներին, լոյսի փոխարէն մեզ խաւար դարձնել եւ անցաւոր պատիւներ խոստանալով` հեռացնել յաւիտենական բարիքներից, որոնք ճշմարիտն Աստուած խոստացաւ Իր ծառաներին սուրբ առաքեալների ու մարգարէների միջոցով: Արդ, թէպէտ մենք անարժան ենք, սակայն Տիրոջն ապաւինելով` արժանաւոր կը լինենք: Աստուած միայն մեր կամքի յօժարութիւնն է փնտռում, որպէսզի բոլորիս առատաձեռնի Իր պարգեւների անսպառ գանձերից»:
Ապա միաբան նախընտրեցին մեռնել մեր Տէր Յիսուս Քրիստոսի սուրբ անուան համար, քան թէ կարճ ժամանակ մեղքերի մէջ վայելել աշխարհը: Ուստի որոշեցին չընդունել արքայի հրաւէրը, այլ խոյս տալ դէպի իրենց երկիրը: Եւ թէպէտ քաջ գիտէին, որ պիտի բորբոքուէր թագաւորի ցասումը, սակայն, խրախուսուելով սուրբ Աւետարանի այն խօսքերից, թէ` «Մի՛ երկնչէք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին չեն կարող սպանել» 2, չզարհուրեցին ժամանակաւոր մահից եւ ապաւինելով Սուրբ Երրորդութեան տնօրինութեանը` ուղղուեցին դէպի Հայոց աշխարհ:
Երբ թագաւորը տեղեկացաւ այս մասին, մի ստուար գունդ ուղարկեց նրանց հետեւից` հրամայելով բոլորին սրի քաշել, եթէ չկատարէին արքայի կամքը, որն էր` վերադառնալ եւ ընդունել իրենց պաշտամունքը: Իսկ սուրբ երանելիները, հասնելով Հայոց երկիր` Անձեւացեաց գաւառը 3, լեռներում իրենց համար մի յարմար վայր ընտրեցին: Այնտեղ քարանձաւներից մէկում մի հրեշտականման սուրբ ճգնաւոր էր ապրում: Գալով նրա մօտ, ծունկի իջան եւ խնդրեցին սուրբին աղօթել իրենց համար, ապա օրհնութիւն ստացան նրանից եւ պատմեցին կատարուած բոլոր դէպքերի ու ճանապարհի նեղութիւնների մասին:
Աստուծոյ սուրբ այրը, Սուրբ Հոգուց ներշնչուած, նրանց համար մարգարէացաւ վկայական մահուամբ երջանիկ նահատակութեան մասին եւ ասաց. «Երանելի՛ էք, քրիստոսասէ ՛ր այրեր, քանզի շուտով պիտի տեսնէք Նրան, Ում տենչում էք: Ձեզ օգտակարը կը հոգայ Ինքը` Տէր Յիսուս Քրիստոս»: Դարձեալ օրհնութիւն ստանալով նրանից` մեծ ուրախութեամբ գիշերեցին նրա մօտ եւ ինչպէս հրեշտակների մի բանակ` սաղմոսելով օրհնեցին Աստծուն:
Եւ ահա գիշերուայ մէջ սուրբ Ատոմին մի սքանչելի տեսիլք երեւաց. լոյսը, կամարաձեւ փայլելով, խորան կազմեց ամբողջ գնդի վրայ, եւ լուսաւոր զգեստներով ու ահաւոր տեսքով մի այր պսակներ բաշխեց բոլորին՝ ասելով. «Քաջալերուէ՛ք, Քրիստոսի՛ զինուորներ»: Իսկ սուրբ Ատոմը, մեծ հիացմամբ տեսիլքից զարհուրած, անմիջապէս սթափուեց եւ սկսեց արտասուքներով բազում աղաչանքներ ու աղօթքներ մատուցել բարերար Աստծուն եւ ասել. «Տէ՛ր, Քեզ յայտնի են մեր սրտերի խորհուրդները: Դու գիտես, որ Քո սուրբ անուան համար վտանգի մատնեցինք մեր անձերը եւ կամաւորապէս յանձն առանք մահը` անարգելով անօրէն թագաւորի հրամանը: Նա մոլորեցնում է մեզ սնոտի խօսքերով, հրաժարուել տալիս Քո բարիքներից եւ Քո ճշմարտութիւնից մոլորուածներին հրապուրում մառախլապատ մոխրապաշտութեամբ: Արդ, բարերար Տէ՛ր, վերակացո՛ւ եղիր մեզ Քո օգնականութեամբ, որպէսզի չպարծենայ թշնամին` ասելով, թէ` յաղթեցի Քո ծառաներին: Եւ թէպէտ մենք անարժան ենք, սակայն, Դո՛ւ, Տէ՛ր, միշտ ցոյց ես տալիս Քո ողորմութիւնները մեղաւորների հանդէպ, քանզի Դու չեկար կանչելու արդարներին, այլ մեղաւորներին` Քո մեղսաքաւիչ եւ կենդանարար Արեան հեղումով»:
Նա աղօթեց մինչեւ լուսաբաց, իսկ հետեւեալ օրը, երբ բոլորն արթնացան եւ կատարեցին առաւօտեան աղօթքի կարգը, սուրբ Ատոմը նրանց պատմեց գիշերուայ ուրախալից տեսիլքի մասին: Բոլորը լցուեցին անպատում խնդութեամբ, գոհացան Տիրոջից եւ ծնրադրելով բարերար Աստուծոյ առջեւ` միաբերան աղաղակեցին՝ ասելով. «Մեր Տէր եւ Աստուած Յիսուս Քրիստոս, եթէ արժանի ես համարում, որ մեռնենք Քո սուրբ անուան համար, ապա ինչպէս սպանդի տարուող ոչխարներ, պատրաստ ենք ամէն ժամ մեռնել ու չպարտուել անաստուածներից` մոխրապաշտ թագաւորից եւ նրա զօրքից»:
Իսկ պարսից զօրքն ընկաւ հայոց գնդի հետեւից, հասաւ Անձեւացեաց գաւառ եւ լրտեսների ու տեղի բնակիչներից մէկի տեղեկութեամբ անմիջապէս մեծ զօրքով մօտեցաւ այն լերանը, ուր գտնւում էին սուրբերը: Սակայն նախ պատգամաբերներ ուղարկեց նրանց մօտ` յայտնելու թագաւորի հրամանը, ըստ որի` պէտք է ընդառաջ գալով՝ ընդունէին մոգութիւնը եւ վերադառնային պատուով կամ էլ սրի քաշուէին:
Երբ իմացան, որ նրանք անտեսում են այդ հրամանը, գրոհեցին լերան վրայ, իսկ քաջ նահատակները, տեսնելով անօրէնների յարձակումը, սկսեցին ձայն տալ միմեանց եւ ասել զինուորական հրամանը` «Ձի՛ կալէք» ¥այսինքն` ձի՛ հեծէք, որի համար յետագայում տեղի անունը «Ձիակալի վանք» կոչուեց¤: Իւրաքանչիւրը հեծեց իր երիվարը, բոլորը հաւաքուեցին մի բլրի վրայ եւ անցան մարտական դիրքի: Բանակի կէսը, Մանաճիհր Ռշտունու գլխաւորութեամբ առաջ անցնելով, մտածում էր թիկունքից պաշարել թշնամիներին կամ մի այլ հնարք գտնել: Այնժամ Աստուած Իր նախախնամութեամբ այցելեց Իր սիրելիներին եւ յայտնապէս ցոյց տուեց, որ եկել է ժամը ցոյց տալու ոչ միայն մարմնի, այլեւ հոգու արիութիւնը, քանզի այն գիշերային տեսիլքը դարձեալ ակներեւ երեւաց բոլորին. նրանք տեսան պայծառ լոյս եւ անթառամ պսակներ:
Երանելիներն անմիջապէս իջան երիվարներից, ցած գցեցին իրենց զէնքերը, ցնծութեամբ առաջ եկան` զոհուելու եւ Քրիստոսի սուրբ անուան համար իրենց անձերը կամաւոր մահուան մատնելու: Սուրբ Ատոմը նախ իր սքանչելատես որդուն` Վարոսին առաջ մատուցեց, ապա ինքնանուէր յօժարութեամբ առաջ եկաւ իր ընկերների հետ: Նրանք իրենց պարանոցները յանձնեցին պարսկական սրին` ասելով. «Սիրեցինք Քեզ, Տէ՛ր, թող լսելի լինի մեր աղօթքի ձայնը եւ ընդունի՛ր մեր կամաւոր պատարագը` խառնելով մեզ Քո սուրբերի գնդին»: Նրանց սուրբ եւ վարդագոյն արիւնը ոռոգեց երկիրը, եւ այդպէս Ատոմի ողջ գունդն արժանացաւ նահատակութեան` իրենց հոգիները բարի խոստովանութեամբ աւանդելով Քրիստոսին եւ խառնուելով վերին զօրաց դասին:
Այդտեղ արքունի գնդից մի շնորհալի պարսիկ, ով եւս արժանացաւ տեսնելու այն տեսիլքը, որ երջանիկ վկաները տեսան իրենց նահատակութիւնից առաջ, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ես եւս քրիստոնեայ եմ»: Եւ նոյն պահին նահատակուեց անօրէնների ձեռքով` մկրտուելով իր վկայական արեամբ եւ Աստուծոյ տեսչութեամբ կարգուեց սուրբերի գնդում: Իսկ երանելիների գնդից մէկը կոտորածի ժամին ճողոպրեց մի հովուի մօտ, հագաւ նրա հանդերձները, վերցրեց նրա ցուպն ու մախաղը եւ իր անձը փրկելու համար ընդունեց հովուի կերպարանք` փոխանակելով լուսեղէն պատմուճանն ու մշտնջենաւոր կեանքը ապականացու զգեստի եւ ժամանակաւոր կեանքի հետ (ինչպէս քառասուն մանուկներից նա, ով լքեց իր ընկերներին եւ վազեց բաղնիք, իսկ նրա տեղը լրացրեց բաղնէպանը, քանզի թոյլերն ու երկմիտները միշտ կորստեան են մատնւում): Իսկ հովիւը, յօժարութեամբ եւ բարի հաւատով դիմելով նահատակութեան վայրը, նրա փոխարէն ընդունեց մարտիրոսութեան վճիռը եւ երկնաւոր հարսնարանում հանդիսակից եւ պսակակից եղաւ սուրբ գնդին:
Երկու օր անց այն սուրբ ճգնաւորին գիշերուայ մէջ տեսիլք երեւաց. բոլոր վկաների վրայ հրաշալի եւ սքանչելի լոյս էր փայլում: Առաւօտեան այդ մասին նա մեծ հիացմունքով յայտնեց տեղի եպիսկոպոսին եւ նրա հրամանով քահանաների, իշխանների եւ ժողովրդի հետ շտապ այնտեղ գնաց: Սուրբերի նշխարները հաւաքեցին մաքուր կտաւների մէջ եւ ջահերով, խնկարկութեամբ, սաղմոսներով եւ հսկման աղօթքներով ամփոփեցին իրենց հանգստարաններում, որից յետոյ նրանց յիշատակը միշտ տօնախմբւում է մեծ ուրախութեամբ:
Արդ, այդ տեղում նահատակուողներն էին` սուրբ Ատոմ Գնունին իր որդու` Վարոսի հետ, Վարս Ոստանիկը, Ներսէհ Երուանդունին, Վարձաւոր Արծրունին եւ նրանց այլ բազմաթիւ սուրբ ընկերները, ովքեր նահատակուեցին նրանց հետ եւ ընդունեցին անապական պսակները: Նրանց անունները թէպէտ չգրուեցին գրքերում, սակայն գրուեցին յաւիտենական կեանքի Գրքում:
Իսկ սուրբ Մանաճիհր Ռշտունին, ով երանելի Ատոմի նիզակակիցն էր, իր ընկերներով առաջ անցնելով, արդէն հասել էր իր երկրի սահմաններին` Ռշտունեաց 4 գաւառ: Նա սպասում էր դէպքերի աւարտին եւ իր անձն ու իւրայիններին պատրաստում Տիրոջ համար վկայական մահուան: Եւ ահա հասաւ պարսից անագորոյն զօրքը ու նախորդների օրինակով անխտիր կոտորեց բոլորին: Այդպէս երանելիները բարի խոստովանութեամբ նահատակուեցին «Ոչխարաց վանք» կոչուած տեղում: Հաւատացեալները պատուով հաւաքեցին նրանց նշխարները եւ ամփոփեցին բլրի վրայ գտնուող եկեղեցում: Այսպէս, պարսից Յազկերտ թագաւորի օրօք` 449 թուականին, վկայեցին ու պսակուեցին Ատոմեանց արի եւ քաջ նահատակները` իրենց զօրքով հանդերձ:
Առաջին սուրբ Ատոմեանները, զօրացած լինելով Հզօրի Աջով, արհամարհեցին իրենց կեանքը մեր Տէր Յիսուս Քրիստոսի սուրբ անուան համար, ամաչեցրին ամբարտաւան թագաւորին իր խորհրդակից սատանայի հետ եւ ընդունեցին յաղթութեան պսակը: Շատ հրաշքներ էին կատարւում բոլոր նրանց վրայ, ովքեր սուրբերի տապանների մօտ հաւատով դիմում էին նրանց բարեխօսութեանը:
ԵՐԿՐՈՐԴ ԱՏՈՄԵԱՆ ԶՕՐԱԿԱՆՆԵՐ
Նահատակութիւնը` 853 թ. Դուին քաղաքում
Բաղդատում հագարացիների 5 իշխանութեան ժամանակաշրջանում եւ Յովհաննէս Ովայեցու կաթողիկոսութեան տարիներին (833855թթ.) Մաքսամայ Ջաֆիր ամիրապետը Բուղա անունով ոստիկանին ուղարկեց Հայոց աշխարհ: Եւ թէպէտ երկրում կային բազմաթիւ մեծամեծ նախարարազուն իշխաններ, սակայն առանց իշխանապետի իւրաքանչիւր մէկն ինքնագլուխ տիրում էր իր գաւառին: Արդ, Բուղան, անհամար զօրքով գալով Հայաստան, աւերակ դարձրեց ողջ երկիրը եւ հինգ տարի հարուածներով ու գերութեամբ ոտնակոխ արեց բնակիչներին: Նա պատերազմող եւ առոյգ երիտասարդներից ընտրում էր վայելչատեսներին, որոնց պահում էր կապանքների մէջ` իրենց կրօնին դարձնելու համար, իսկ միւսներին` համընդհանուր սրի քաշում: Նա շատերին հեռացրեց սուրբ հաւատից, շատ շատերին` սրի քաշեց, եւ ասես այդ շրջանում Հայոց աշխարհը դարձաւ քաջ նահատակների կենդանի վկայարան:
Աւերելով նաեւ Տարօնն ու Վասպուրականը` Բուղան շարժուեց դէպի Արարատեան գաւառ` իր հետ տանելով ընտրեալ գերիների մի բազմութիւն, որը հաւաքել էր տեղից տեղ անցնելով: Միառժամանակ որոշեց դադար առնել Դուին քաղաքում` այնտեղ ձմեռելու, ուր ասպատակելու համար արձակեց իր զօրքին, որպէսզի գերեվարի ու կողոպտի շրջակայ վայրերը: Հրաման տուեց, որ բոլորին սրի քաշեն, բայց քաջերին ու գեղեցկատեսներին ողջ պահեն ու իր մօտ բերեն: Եւ ըստ հրամանի՝ գազանաբար յարձակուեցին ու սփռուեցին այս ու այն կողմ: Բռնեցին զինուորական կարգի մէջ գտնուող զինավարժ անձանց, պարանները վզին գցած քարշ տուեցին ոստիկանի մօտ, որոնց այդ անագորոյն այրը հրամայեց նախկին գերեալների հետ պահել մի տեղում` կրկին անգամ անձամբ ընտրութիւն անելու համար. ում անպիտան էր գտնում, առանձնացնում էր ու մատնում սրի, իսկ ում վայելչատես ու յաջողակ էր գտնում, արգելափակում էր բանտում:
Ապա երանելիներին իր առջեւ բերեց եւ սկսեց խօսել նրանց հետ նախ համոզիչ խօսքերով եւ ապա` սպառնալիքներով, որպէսզի նրանց ուրանալ տայ քրիստոնէութիւնը ու դարձնի իրենց կուռքերի պաշտամունքին: Սակայն նրանք, հաստատուն մնալով, լաւ համարեցին շուտափոյթ առ Աստուած գնալ, քան միառժամանակ վայելել աշխարհը եւ կորցնել իրենց հոգիները: Նրանք ասում էին. «Անհնար է մեզ փոխանակել լոյսը խաւարի հետ կամ երկնչել ժամանակաւոր մահից, քանզի այս ժամանակաւոր չարչարանքները արժանի չեն համեմատուելու հանդերձեալ փառքի հետ, որ պիտի ունենանք»: Այս անվեհեր պատասխանից բռնաւորն սկսեց մախանքներով 6 չարութիւն նիւթել եւ չարանալով նրանց զուարթադէմ երեսներից` խոշտանգեց նրանց ծանր կապանքներով ու քաղցով, տանջող մեքենաներով եւ հարուածներով այնքան, որ ամբողջովին կեղեքուեցին նրանց մարմինները: Ապա ատեան նստեց եւ սկսեց կրկին փորձել նրանց` խոստումներ տալով, որպէսզի, թերեւս զարհուրելով դաժան կտտանքներից եւ սպառնալիքներից, ընդունեն իր կամքը: Սակայն նրանք համբերում էին արիաբար, արհամարհում նեղութիւնները, որ կրում էին եւ ուրախութեամբ յօժարում մահը, որովհետեւ հանապազ զօրանում էին այն կենդանի ջրից, որ բխում էր Քրիստոսի կողից եւ ցօղւում իրենց վրայ հոգեւոր վտակներով: Ուստի ամենեւին տեղի չտուին բռնաւորի խօսքերին եւ քաջաբար մերժեցին նրա խոստումները:
Բուղան, տեսնելով, որ քաջ այրերի կողմից արհամարհուեց ինչպէս մի անպիտան մանուկ կամ ինչպէս զառամեալ մի ծեր, ով դատարկ խօսքեր է բարբաջում, եւ տեսնելով նաեւ, որ նրանք բոլորը հաստատուն են ու կամենում են մեռնել Քրիստոսի սուրբ անուան համար, կատաղած գազանի պէս բորբոքուեց անասելի բարկութեամբ. հրամայեց դուրս բերել նրանց բանտից եւ օրէցօր հրապարակաւ սպանել, որպէսզի միւսները թերեւս ուրանան իրենց հաւատը: Սակայն նրանք, խրախուսուած աստուածային յոյսով, գնում էին ոչ թէ բարուց դէպի չարը, այլ չարից դէպի բարին, գնում էին որպէս պարարտ գառներ` ինքնանուէր յօժարութեամբ եւ մեծ խնդութեամբ պատարագուելու կենդանի Աստծուն եւ ասում. «Քեզ համար ենք մեռնում հանապազ, համարուեցինք որպէս մորթուելու ոչխար»: Այդպէս ուրախութեամբ շտապում էին ելնել մարմնից եւ մտնել առ Աստուած: Եւ այնպիսի փափագով ու կայտառութեամբ էին գնում դէպի իրենց նահատակութեան վայրը, որ ասես թէ այնտեղ իրենց հարսանեաց հանդէսն էր սպասում:
Դահիճները մերկացրին նրանց, իսկ նրանք էլ շտապեցին մերկանալ ապականացու մարմնի զգեստից, որպէսզի պատուեն իրենց սուրբ եւ վարդագոյն արեամբ` որպէս հարսնացեալների ծաղկեայ պատմուճան: Երկրպագելով Քրիստոսին` թագակապ ոսկեհուռ պսակների փոխարէն փրկչական Խաչի նշանն էին դրոշմում իրենց երեսներին ու մանեակների փոխարէն փայլատակող սուրն ընդունում իրենց պարանոցներին: Սակայն երանելիների գլխատման տեսարանները յոյժ քստմնելի եւ անտանելի էին տեսնողների համար, որովհետեւ անողորմ դահիճներն անվարժ էին գլխատում. սրով հարուածում էին նրանց գլուխներին ու պարանոցներին նրանց նման, ովքեր կտրում են անտառի փայտերը` կացնով այս ու այն կողմ հարուածելով: Այդպէս անխնայ անդամ առ անդամ յօշոտեցին նրանց: Իսկ երանելիներից Գէորգ Բուկացի անունով մի երիտասարդ, ժիր եւ առոյգ մէկը, սրի առջեւ կանգնած զուարթագին սպասում էր իր նահատակութեանը: Հեղգ եւ անպիտան դահիճն սկսեց հարուածել նրա պարանոցին` իբրեւ մի անզգայ քարեղէն կամ փայտեղէն իրի, սակայն սրի հարուածն անգամ հետք չթողեց նրա մարմնի վրայ: Նահատակը զարմանքով դարձաւ դահճի կողմը եւ կամեցաւ տեսնել, թէ ինչո՞ւ չկտրեց սուրը: Այնժամ դահճի ձեռքից խլեց շողշողացող սուրը, զննեց այն բոլոր կողմերից եւ ասաց. «Ո՛վ անարի ու անպիտան զինուոր, այս սուրը հատու է, իսկ իմ գլուխը` պատրաստ, ինչո՞ւ չես կարողանում կտրել: Եթէ չես հաւատում, ապա փորձով համոզուիր»: Եւ շեշտակի հարուածելով դահճի պարանոցին, անմիջապէս կտրեց նրա գլուխը: Թող ոչ ոք չգայթակղուի կատարուածի համար, քանզի անմտօրէն չվարուեց այս առաքինի նահատակը, այլ որպէսզի դահիճների դանդաղկոտութիւնից իր նահատակակիցները չփախչեն մահից եւ չթուլանան իրենց հաստատակամութիւնից: Եւ, արդարեւ, ինչպէս Թովմա Արծրունին է գրում, զարմանք տիրեց բոլորին եւ միաբան փառք տուին Աստծուն, Ով զօրացրեց Իր սուրբերին եւ ամաչեցրեց սատանային` իր գործակիցներով հանդերձ: Ապա դահիճները, նրան դաժան տանջանքների մատնելով, սպանեցին, իսկ միւսներին արագարագ գլխատեցին:
Արդ, մնացին միայն եօթ այրեր, ովքեր նշանաւոր էին իրենց հոգեւոր ու մարմնաւոր ձիրքերով. նրանցից գլխաւորն էր Ատոմ Անձեւացին՝ Աղբակ գաւառից, միւսներն էին` Մլեհ Վարաժնունին, Վասակ թերեւս Ակէացին, իսկ միւս չորսի անունները չեն յիշատակւում: Բռնաւորը նրան ու իր վեց ընկերներին իրենց սքանչելի եւ հրաշագեղ արտաքինի, նաեւ կորովի ու զինավարժ լինելու համար, բայց առաւել շատ իրենց ընկերներին քաջալերելու մէջ մեծ դէր ունենալու համար, առանձին պահեց: Չկամեցաւ նրանց խառնել միւսների հետ, ովքեր նահատակուեցին սրով, այլ մտածում էր, թէ ինչպէս նրանց հնազանդեցնի իր կամքին: Սկսեց խօսել սիրով եւ ողոքելով ջանում էր փոխել նրանց միտքը: Բազում պարգեւներ, ոսկեայ եւ արծաթեայ գանձեր էր սփռում նրանց առջեւ, խոստանում էր տալ գիւղեր, կալուածքներ եւ երեւելի ու փառաւոր դարձնել արքունիքում, սակայն երանելիներն ամենեւին չնայեցին նրա խոստումներին եւ ոչ մի կերպ յանձն չառան խաբուել աշխարհի սնոտի հարստութիւնից: Նրանք ասում էին. «Մեր կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը` շահ: Գիտե՛նք, որ աշխարհի կեանքն ունայնութիւն է, դիւրամոռաց երազ եւ անցողիկ ստուեր, սակայն այն պարգեւներն ու անվախճան կեանքը, որ պատրաստել է Աստուած Իր սիրելիների համար, յաւիտենական են ու անսպառ: Ովքեր հեռացել են ճշմարտութիւնից, ուրացել սուրբ եւ անբիծ քրիստոնէական հաւատը, նրանց համար անսպառ են յաւիտենական եւ մշտնջենաւոր տանջանքները: Ուստի մի՛ հարցաքննիր մեզ, այլ արա՛, ինչ որ կամենում ես, քանզի մենք շտապում ենք տալ այս անցաւոր կեանքը եւ գնել անանց կեանքի անգին հարստութիւնները»: Այնժամ բռնաւորը, քաղցրութիւնը դառնութեան փոխարկելով, հրամայեց նրանց մատնել դաժան տանջանքների եւ կտտանքների, որոնք լեզուն չի կարող պատմել: Երանելիներն ուրախութեամբ էին տանում բոլոր տանջանքները, քանզի յոյսը, Քրիստոսի սէրը եւ վկայութեան ուրախութիւնը թեթեւացնում էին նրանց բեռների անտանելի ծանրութիւնը: Այնժամ բռնաւորը, տեսնելով սուրբերի հաստատակամութիւնը, հրամայեց նրանց բեւեռել փայտին:
Երանելիները խաչի վրայ, գոհանում էին Քրիստոսից անպատում պարգեւների համար, գոհանում, որ իրենց արժանացրեց խաչակից լինել Նրան եւ մեռնել Նրա անուան համար: Սուրբ Ատոմը զուարթօրէն խօսում էր իր խաչակից ընկերների հետ եւ ասում. «Եղբայրնե՛ր, մի՛ զարհուրէք ժամանակաւոր մահից, քանզի թէպէտ չարչարւում ենք Քրիստոսի համար, սակայն հաղորդութիւն ունենք կենդանի Աստուծոյ հետ»: Մինչ այդ սուրբ Ատոմն ուխտել էր սուրբ Գէորգի տօնի օրը մէկ նոխազ ընծայաբերել` որպէս աղքատներին կերակուր, սակայն նոյն օրը, լինելով կապանքների եւ տանջանքների մէջ, չէր կարող կատարել իր ուխտը, որի համար իր միտքն աչքերի փոխարէն երկինք բարձրացրեց ու ասաց. «Յիսո՛ւս Քրիստոս, իմ յո՛յս եւ ապաւէն, ուխտաւոր լինելով մեծ նահատակ Գէորգի տօնի այս օրը, կամենում էի նոխազ ընծայել ի պատիւ նրա եւ Քո սուրբ անուան փառքի համար: Եւ արդ, նոխազի փոխարէն ինձ եմ ընծայում Քեզ: Ընդունի՛ր իմ անձի ողջակիզումը եւ խառնի՛ր ինձ ու ինձ հետ եղողներին Քո սուրբ վկաների հետ, ովքեր սիրեցին Քո Գալստեան մեծ Օրը»:
Եւ այսպէս երկայնամտութեամբ համբերելով մեծ պատերազմին ու յաղթելով` աւանդեցին իրենց հոգիները ու Քրիստոսից ընդունեցին անեղծութեան պսակները:
Նրանց նահատակութիւնը տեղի ունեցաւ 853 թուականին: Նրանք աւելի քան հարիւր յիսուն այրեր էին` չհաշուած գաւառների ու քաղաքների այլ վկաներին:
Դուինի այս վկաները նախորդ Ատոմեաններից տարբերելու համար կոչւում են նոր կամ երկրորդ Ատոմեաններ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց տօնը նշում է Բուն Բարեկենդանից երկու շաբաթ առաջ` երկուշաբթի օրը: