Հայկական առօրյայի թոհուբոհում, բարևների ու մնասբարևների, ցանկությունների և պահանջների, խոսակցական ժխորի մեջ լսեցի. «Օնիկ ջան, շատ դարդ մի անի… Ես մի գործ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»… Խոսքը կրկնվեց ուղեղումս, անդրադարձ տվեց. հասարակ ու ծանոթ էր, մտերմիկ առոգանությամբ, տոհմային մակատեքստով, բջիջի հարազատությամբ: «Ես մի տեղ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»: «Ես մի բաժակ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»: Դարերի մեջ անընդհատ կրկնվող մարդկային տեսակի այս դրսևորումը Եվրոպայի ակրոբատիկ ու լպստած միտքը որպես կեղծավորություն կընկալեր ենթագիտակցաբար, արևելցի վաշխառուի հմտությունը որպես հեռամետ շահ կընկալեր այս բառակապակցությունը, օսմանցու բորբոքված վայրագությունը որպես ստրկություն կընկալեր այս խոսքը: Բայց կա նաև գոյության նախեղակ ու գերակա վիճակ, որն այս արտահայտության իր ընկալումը կկազմի հունական արմատով ու եվրոպականացած վերջածանցով` «դեմոկրատիզմ»` որպես մարդկային փոխհարաբերության ամենաբարձր ներքին իմաստությամբ լի սկզբնաստեղծ իրականություն: Հայոց Աբգար թագավորը հիմնեց Եդեսիա չքնաղ քաղաքը: Առաջին դարն էր, և Երուսաղեմում ապրում էր Քրիստոսը: Աբգարը հոգու տառապանք ուներ և իր սուրհանդակին ճամփեց Երուսաղեմ` հետևյալ նամակը ուղղելով Քրիստոսին: (Այս ամբողջ պատմությունը մեզ հաղորդում է Մովսես Խորենացին և բերում է նաև նամակի տեքստը):
«ՀԻՍՈՒՍԻԴ, ՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑԻՐ, ՈՂՋՈՒՅՆ «ԵՎ ԱՊԱ` «…ԼՍԵՑԻ, ԹԵ ՀՐԵԱՆԵՐԸ ՔԵԶԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԵՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՔԵԶ ՉԱՐՉԱՐԵԼ, ԲԱՅՑ ԵՍ ՄԻ ՓՈՔՐ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՄ, ՈՐ ԵՐԿՈՒՍԻՍ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ Է»:
Այսպես է գրում թագավորը Քրիստոսին: Միստիֆիկացիայի չեմ ենթարկի ընթերցողին, եթե շարունակեմ պատմությունը Սուրհանդակի մասին, որը, մինչև Քրիստոսին տեսնելը, Երուսաղեմի ճանապարհին հանդիպեց հռոմեացի հետերա Լիդիային: Թշվառացած կեսարների պալատում իր երիտասարդությունը թողած, մարդկային ջերմություն էր փնտրում հիմա և փոխարենը առաջարկում էր պերճաշուք Հռոմից մնացած փշրանքը: Հայ, կոշտամարմին և փափկասիրտ այրը, առանց իմանալու իր թագավորի մագաղաթի բավանդակությունը, թևի տակ առավ խեղճացած հետերային, նայեց նրա երկնագույն աչքերի մեջ ու ասաց. «Ես մի տուն ունեմ մեր քաղաքում` երկուսիս էլ հերիք է»: Եվ տուն վերադարձավ Քրիստոսի պատասխան նամակով իր թագավորի համար և Լիդիայով` իր տան համար: Հայաստան աշխարհում ի սկզբանե է ապրել Սուրհանդակը: Նախախեթեր, նախախալդեր, նաիրցիներ, խուրիներ, ուրարտացիներ… Խառնվել են իրար անընդհատ, շրջապտույտի մեջ են մտել, ատաղձ կազմել, կճեպ են դարձել, ներսում թանձրացել են, դրսում կեղևաթափվել… Պարսիկներ, պարթևներ, հույներ, ֆրանկներ, հռոմեացիներ… Խառնվել են իրար անընդհատ, զանգված են կազմել, մասսա (որ լատիներեն նշանակում է` քաոս), ու նա ներս է առնվել ինքն իր մեջ, դուրս է պրծել ինքն իրենից: Ինքն իր մեջ, ինքն իր դեմ: Ու միշտ նա մնացել է Սուրհանդակը: «Մենք մի երկինք ունենք` բոլորիս էլ բավական է»: Թեյշեբաինում հայտնաբերված ուրարտական սեպագրության մեջ ասված է. «Ես մի ճրագ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»: 1915 թվականին Արևմտյան Հայաստանի քարանձավներից մեկում թաքնվել էր էրզրումցի մի գաղթական: Նա հեռվից ձայն տվեց վիրավոր պապիս`«Ես մի քարանձավ եմ գտել`երկուսիս էլ հերիք է»: Սասնաշեն գյուղում 1983 թվականին մագնիտոֆոնի վրա ձայնագրեցի բուն Սասունից մազապուրծ եղած իննսուն տարեկան Մանեին: Նրա լացակումած հուշերի մեջ իր գյուղի, իր փրկության մասին առանձնանում է մի ծանոթ նախադասություն` «Մենք մի դարդ ունենք` բոլորիս էլ հերիք է»: «Ի՞նչն է պահում մեր ազգային հավաքական կերպարը», — դժգոհելով յուրայինների բնավորության վայրիվերո, երբեմն անձնամատնիչ, երբեմն կենտրոնախույս դրսևորումներից` ասում են մերոնք ձախից ու աջից, այստեղ ու այնտեղ, պատեհ ու անպատեհ, հուզված ու անտարբեր, սևամաղձով և ժպիտով: «Սուրհանդակը»,- մտածում եմ ես: «Ինչու՞ ես այսքան լավատես մեր բնավորության, մեր ապագայի նկատմամբ»,- հարցնում են ինձ` միամիտ համբակի տեղ դնելով:
«Սուրհանդակը մեր մեջ է, առեղծվածային ու հավերժական»,- մտածում եմ ես հանգիստ ու համոզված: «Ես մի կատելոկ (աման) ունեմ` երկուսիս էլ հերիք է…»,- ասել է լենինականցի ավագ սերժանտը եղբորս Հայրենական պատերազմի խրամատներում:
Աղբյուր՝ Hetq.am