Հարգելի վարժաաետ.
Չգիտեմ ինչո՞ւ, բայց երկար ժամանակ է ոտանավորներիս տեղ չեք տվել «Տարազում»։
Իմ մեջ մի՞թե չկա բանաստեղծություն և իմ ոտանավորները սո՜սկ ոտանավորներ են — անգույն, անգեւլարվեստ և անկրակ, գոնե իմ ինքնաճանաչությունը ինձ այդքան անբովանդակ չի կարծում… և մինչև անգամ խրախուսում է… իսկ Ձեր մոռացությունը ոչնչությունս երեսովս է տալիս և վիրավորում է ինքնասիրությունս։
Թույլ տվեցեք ասել այն, ինչ որ զգում եմ և մտածում.- անցյալները Դուք իրար հետևից — անընդհատ տպագրեցիք պ. Ա. Ծատուրյանի ոտանավորները, իսկ վերջերս պ. Հ. Կոստանյանինը. ախր չէ՞ որ այդ, իմ կարծիքով, թերթի համար միապաղաղություն է. ընթերցողները ծանոթ լինելով ծանոթ բանաստեղծների մոտիվների հետ, տաղտկությամբ են կարդում համարյա կրկնությունները, և այս եզրներից այն է եզրակացվում, որ ավտորիտետ ասած բանը հանդուգն է, և այդպիսով նոր ծլող ուժերը խոնարհվում ՛են նրա աոաջ՝ կորցնելով իրենց անհատականությունը..,
Իհարկե, հարցը ուրիշ տեսակ կձևակերպվի, եթե լինի անաչառ ընտրություն և անալիզ, իսկ այդ մենք չունենք…
Ձեզ ուղարկել եմ շատ ոտանավորներ.- անցյալ անգամները ուղարկել էի «Իսպանական արաբների սիրո երգերից- երեք երգ», բայց չտպվեց, այժմ ուղարկում եմ մի քանի հատ (6) «Տարազի» համար։ «Մայիս» ոտանավորս «Տարազի» համար կորցրել էիր սեզոնը — ավելի պատշաճ է «Աղբյուրի» համար։
Սրանց հետ ուղարկում եմ «Արգինայի լույսի» մասին գրածս։-«Նոր-Դարի» № 78 — ում գրած էր այդ երևույթի վրա և նրան աստվածացրած, մարդ կատաղում է, երբ ամեն մի բան տպվում է այդ թերթում և մնում անբողոք։ Խնդրում եմ «Տարազի» մոտիկ համարում տպեք «Լույսի» մասին գրածս, աղեքսանդրապոլցիք և շրջակա ավանները լույսի մասին սպասում են մի միտք հանգստացնող բան։
Սիրելի վարժապետ, եթե հետաքրքրվում եք իմ դրությամբ, կարճ ասեմ.- գարունս ես գյուղերում պարապում էի գործնական, գյուղատնտեսությամբ։ Արտասահմանի անցագիր չէին տալիս. այժմ երաշխավորների միջոցով տալիս են, և ես մոտ ժամանակներս կուղևորվեմ։
Ընդունեցեք համակրանքս։
Ձեր աշակերտ՝
Իսահակյան Ավետիք
Աղբուր՝ Isahakyanmuseum.am