Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:
Կենսագրություն
Ծնվել է ապրիլի 4-ին, Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870-1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։
Մանկավարժական գործունեություն
Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական-մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։
Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։
Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։
Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն,«կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։
Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։
Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ.
1. մանկավարժական վարպետություն,
2. դասավանդման կատարելիություն,
3. անսահման սեր երեխաների նկատմամբ։
Եվ ճիշտ են բնորոշում նրան, որակելով որպես «ժողովրդական ուսուցչի պայծառ տիպար»։ Նա ուսուցիչ դաստիարակ էր ինչպես մատաղ սերունդների, այնպես էլ խորհրդատու-օգնող սկսնակ (և ոչ միայն սկսնակ) ուսուցիչների համար։
Նա բարձր էր գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։ Ուսուցիչը սիրելի կարող է լինել միայն իր «մարդավայել վարքով»… երբ նա է «կատարելատիպ աշակերտաց համար», ապա և «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ և ոչ այնքան դառն որ թքեն վրադ», ուսուցչի պատիվը բարձր պետք է պահել, թշվառ է այն «ազգը, որ չի մեծարում և ապահովում ուսուցչին»։ Նա առանց խտրականության դասավանդում էր դպրոցի բոլոր աստիճաններում ու դասարաններում, հատկապես ուսուցման առաջին տարում և ավարտական դասարանում։ Եվ իր վեհ ու ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի կողմից, քանզի «անկեղծ էր մանկան պես… գիտեր սիրել… հոգու և սրտի ամբողջ թափով»։
Աղայանի մոտ ոչ բոլոր դիդակտիկ սկզբունքներն են մեկնաբանված, բայց տրված են դրանց կիրառման պայմանները, նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։
Նման բոլոր խնդիրները լուծվում են ուսուցչի ջանասիրության, նվիրվածության շնորհիվ… հետևապես նա պետք է լինի կատարյալ իր գիտելիքներով ու վարպետությամբ, անաղարտությամբ ու աշխատասիրությամբ, սիրով ու հոգատարությամբ… նրա բնորոշիչներն են՝ ազնվություն, համեստություն, համբերատարություն, շիտակություն, արդարամտություն, հաստատակամություն…
Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։
Դաստիարակությունը ընդունելով որպես հզոր գործոն անձնավորության ձևավորման խնդրում, Աղայանը գտնում է, որ այն ամենակարող չէ, քանզի առկա են նաև բնության շնորհը և ժառանգականությունը և իր «ինքնակենսագրության» մեջ գրում է՝ «Բյոքլը չի ընդունում իր հատկությունների ժառանգությունը… եթե… ողջ մնար, կը խոստովաներ իր սխալը»։
Նա համոզված էր, մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։
Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։
Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, որոնք ունեն անգերազանցելի առավելություններ մինչ այդ և, անգամ, դրանից հետո էլ լույս տեսած շատ ու շատ դասագրքերից, որպես ապացույց դրանք շատ անգամներ վերահրատարակվել են և տասնամյակներ կիրառվել մեր դպրոցներում, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»-ը 1875-1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում արտացոլված էր մեր կյանքը, բնությունը, շրջապատը, նյութերի զգալի մասն իր իսկ գողտրիկ մանկական գործերն էին՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։
Աղայանի դասագրքերի գերազանցության գրավականը դպրոցի, մանկավարժության պահանջների բավարարումն էր։
Աղայանը խորն իմացությամբ, գիտականորեն և ամենայն խորաթափանցությամբ անդրադարձել է ու վերլուծաբար տվել աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։
1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին, ըստ այդ հոդվածի աշխատանքը կենսական անհրաժեշտություն է, բնական պահանջ, «աշխատությունը մարդու համար անեծք չէ… այլ օրհնություն», բոլոր արարածներն «ատում են ծուլությունը, որ մայրն է ամենայն չարյաց, և ապացուցանում աշխատության… երջանկության միակ աղբյուր լինելը», չաշխատողը ցեց է, որ «ուտում է… ուրիշի աշխատանքը»։
«Խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» և այլ հոդվածներում, ինչպես և գեղարվեստական գործերում նա ավելի համակողմանի վերլուծությամբ տեսականորեն հիմնավորում է այդ հարցը։ Խուսափել փափկասուն բալիկներ մեծացնելուց, փոքրուց ֆիզիկական կոփում և աշխատանք,… դպրոցը պետք է շարունակի այն.
«յուրաքանչյուր դպրոցին կից… մի արհեստանոց», ֆիզիկականը և մտավորը պետք է հաջորդեն միմյանց (ակտիվ հանգիստ), արհեստը ընդհանուր զարգացման վրա բարերար ազդեցություն ունի… արհեստներից դպրոցում ընդունելի է համարում կոշկակարությունը, դերձակությունը, կազմարարությունը, հյուսնությունը, երկաթագործությունը և այլն։
«Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան», եզրակացնում է «Անահիտ» հեքիաթում… և ապա՝ «աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության» գրում է իր դուստր Անահիտին հղած նամակներից մեկում։ Հետևապես՝ աշխատանքը կյանքի հիմքն է. առանց դրա չի եղել, չկա և չի կարող լինել ոչ մի դաստիարակություն։
Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը։ Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը։
Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած… ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»… իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն… Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։
Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ… և ոչ միայն Երևանում)։
Փոքրերի զարգացման ամենալավ միջոցներն են խաղը, զբոսանքները, որոշ վարժություններ, ուժերը ներածին չափ աշխատանք և նման զբաղմունքներ։ «Խաղալն ու երգելը երեխայոց… հատկություններն են», հանցագործություն է նրանց զրկել այդ բավականությունից։
Ահա աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության նրա գնահատականը։
«Նրա կյանքը անգիր անցկացավ», նա «անգիր» ապրեց, և այն ամենը, ինչ թողեց սերունդներին, իր «մեծության ու շնորհքի մի չնչին մասն է» միայն և, ցավոք, շատ ու շատ «բան տարավ իր հետ», քանի որ ժամանակ չունեցավ թղթին հանձնելու այդ ամենը։
Նա մեր ժողովրդի անաղարտ զավակն էր, հայրենի բնության, «անբաժան մասնիկը», մեր ձգտումների մարմնացումը… և այն ընկալեց ու գործեց ուսուցման գործընթացի և բնության գովերգմամբ, որն էր՝ «բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը», սա բնահարմարություն է, մարդու և բնության միասնականություն, համաձայնվածություն։
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։
Գրականություն
Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը՝ «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում, 1862-ին։ «Արություն և Մանվել»–ով (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։ Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Անգեղյան Տորքի մասին։
Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվական»-ը, լույս է տեսել 1882-ին, հաջորդը՝ «Բանաստեղծություններ»-ը, 1890-ին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտ»-ը (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։
Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Ի. Կռիլովի, Ֆ. Շիլլերի, Հ. Հայնեյի, Լ. Տոլստոյի, Վ. Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ա. Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։
Աղբյուր՝ Gisher