Նազան Օզջան
Ես, ում ամբողջ ընտանիքը էդիրնեցի է, մորս կողմից փոմակ եմ, իսկ հորս կողմից` սալոնիկցի գաղթական, բնականաբար գիտեմ, որ Էդիրնեում (Ադրիանապոլիս-Ակունքի խմբ.) և Թրակիայում բազմաթիվ ժողովուրդներ կան, սակայն Ռոյ Առաքելյանի «Էդիրնեն (Ադրիանապոլիս) և հայ համայնքը» գիրքը կարդալու ժամանակ հանդիպածս մի քարտեզից հասկացա, թե հայերի հետքը որքան խորությամբ են ջնջել այնտեղ: Առաքելյանի գրքում տեղադրված փոքրիկ գրաֆիկան, որտեղ ցույց է տրվում հայ բնակչության քանակը, կարմիր նշանով մատնանշվում է այն վայրը, որը Էդիրնեի միակ հայկական գյուղն է եղել: Ամենաուշագրավն այն է, որ այդ գյուղը, որն այժմ կոչվում է Էլմալը, մորս ծննդավայրն է: Հետո մի փոքր ուսումնասիրելուց հետո տարօրինակ չթվաց, որ գյուղի անունը Էլին Մալըից վերածվել է Էլմալըի: Մեզ համար ամենատարօրինակն այն է, որ այդ գյուղի հայկական անցյալի մասին, որտեղ դեռևս մորեղբայրս է ապրում, մեզ բառ անգամ չի ասվել:
« Քանի որ հորս կողմը Իտալիայի քաղաքացիություն է ընդունել, 1915 թ. աքսորներին (Հայոց ցեղասպանությանը-Ակունքի խմբ.) չի ենթարկվել: Պապերիցս մեկը, ով Վիեննայում ճարտարապետ էր, Վենետիկում, որն այն ժամանակ Ավստրոհունգարիայի կազմում էր, դարձել է Ավստորհունգարիայի հպատակ, իսկ երբ քաղաքը 1866 թ. անցել է Իտալիայի թագավորության գերիշխանության տակ, դարձել է իտալացի: Ավելին, նրան հաջողվել է իր ամբողջ ընտանիքին դարձնել Իտալիայի քաղաքացի: Անձամբ ես պահպանել եմ այս քաղաքացիությունը: Ի հակառակ հորս կողմի՝ մորս հայրը՝ Օսմանյան կայսրության հապատակ Մկրտիչ Ավետիսյանը (Մուժդեսևեր), չի կարողացել փրկվել աքսորից: Այդ ժամանակ 17-18 տարեկան է եղել: 1915 թ. հոկտեմբերի 27-ին՝ գիշերվա կեսին, մոր՝ Կոռնիլիայի, հոր՝ Ստեփանի ու փոքր եղբոր՝ Արամի հետ բռնության են ենթարկվել: Մասամբ ոտքով, մասամբ էլ կենդանիներ տեղափոխելու համար նախատեսված վագոններով աքսորի ճանապարհը բռնած այս մարդկանց տարել են Դամասկոսի մերձակայքում տեղակայված մի անապատ: Քանի որ պապս Էդիրնեի Արշակունյան դպրոցում ուսանելու ժամանակ նաև գերմաներեն էր սովորել, թարգմանիչ է աշխատում Սիրիայում տեղակայված օսմանյան և գերմանական բանակներում: Նա կարողանում է ընտանիքով փրկվել այս մահվան ճամբարից և տեղափոխվել Ստամբուլ: Սակայն Էդիրնեի տունն ու Ալիփաշա շուկայում գտնվող կրպակը բռնազավթել էին»:
Ռոյ Առաքելյանն իր «Էդիրնեն (Ադրիանապոլիս) և հայ համայնքը» գրքում, որը լույս է տեսել «Փարոս» հրատարակչության կողմից` Թոմաս Թերզիյանի թարգմանությամբ, տեղեկություններ է հաղորդում իր ընտանիքի պատմության մասին: Ըստ էության, ընտանիքի պատմությունը գրքի սկիզբն է, մինչդեռ 1968 թ. Ստամբուլում ծնված Ռոյ Առաքելյանին, ով 35 տարի շարունակ Ֆրանսիայում է բնակվում և մասնագիտությամբ փաստաբան և իրավաբանության դոկտոր է, «Էդիրնեն (Ադրիանապոլիս) և հայ համայնքը» գիրքը գրելիս այլ բան է մտահոգել. ցանկացել է պատմության և սոցիոլոգիայի տեսանկյունից ուսումնասիրել հռոմեական ժամանակներից սկիզբ առած, Բյուզանդական կայսրությունում հզորացած և այնուհետև 1915 թ. ոչնչացած Էդիրնեի հայկական գոյությունը:
Տասնամյա աշխատանք
Ռոյ Առաքելյանը գրքի վրա աշխատել է շուրջ 10 տարի: Խոսքը դյուրին աշխատանքի մասին չէ, որովհետև Էդիրնեն իր աշխարհագրությամբ դուրս է մնում Հայկական լեռնաշխարհից: Այդ իսկ պատճառով ձեռքի տակ եղած փաստերը, աղբյուրները շատ սահմանափակ են: Առաքելյանը ջանացել է ցայսօր գրված փոքրաթիվ և ցաք ու ցրիվ բոլոր աղբյուրները հավաքել: Երբեմն ժամանակի առևտրական տարեգրեր, երբեմն եկեղեցական գրանցումներ, երբեմն օսմանյան արխիվներ, երբեմն վկայություններ, ընտանիքի պատմություն, երբեմն էլ էդիրնեցի հայերի վրաբերյալ գրված մի քանի ուղեցույց-գրքեր են եղել: Արդյունքում ստացվել է Էդիրնեի և հայերի մանրակրկիտ պատմությունը: Բացի այդ, գրքում Ռոյ Առաքելյանի անձնական արխիվից և այլ արխիվներից անձնական լուսանկարներ կան: Ձեր աչքով տեսնելով ու ականատես լինելով Ռոյ Առաքելյանի վկայություններին՝ կսկսեք հիշողությունները փորփրել:
Առաքելյանի գրքում պահպանվում է պատմական ժամանակագրությունը, որը սկսում է հռոմեական ժամանակաշրջանում Ադրիանապոլսի հայերի գոյությամբ, այնուհետև անդրադառնում է բյուզանդացիներին, խաչակիրներին, Ադրիանապոլսի` Օսմանյան կայսրության գերիշխանության տակ անցնելու պատմությանը, Բալկանյան պատերազմներին և 1915 թ. ոչնչացված հայկական գոյությանը: Իսկ երրորդ գլխում լույս է սփռվում հայերի թվի, նրանց բնակված թաղամասերի, հայերի մասնագիտությունների և հայ համայնքի հայտնի անձանց վրա:
Իսկ ամենավերջին բաժնում տեղ են գտնում Առաքելյանի ընտանեկան հուշերը: Ընտանեկան հուշերի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ, ըստ իս, գրքի ամենաակնբախ կետին: Ես, ում ամբողջ ընտանիքը էդիրնեցի է, մորս կողմից փոմակ եմ, իսկ հորս կողմից սալոնիկցի գաղթական, բնականաբար գիտեմ, որ Էդիրնեում և Թրակիայում բազմաթիվ ժողովուրդներ կան: Հույները, հրեաները, փոմակները, գաջալները, Բալկաններից եկած մուսուլման գաղթականները, տեղացիները, Հունաստանի հույները, գնչուները բոլորը մեր կյանքում էին, սակայն Ռոյ Առաքելյանի «Էդիրնեն (Ադրիանապոլիս) և հայ համայնքը» գիրքը կարդալիս հանդիպածս մի քարտեզից հասկացա, թե հայերի հետքը որքան խորությամբ են ջնջել: Առաքելյանի գրքում տեղադրված փոքրիկ գրաֆիկան, որտեղ ցույց է տրվում հայ բնակչության քանակը, կարմիր նշանով մատնանշվում է այն վայրը, որը Էդիրնեի միակ հայկական գյուղն է եղել: Ամենաուշագրավն այն է, որ այդ գյուղը, որն այժմ կոչվում է Էլմալը, մորս ծննդավայրն է: Մի փոքր ուսումնասիրելուց հետո տարօրինակ չթվաց, որ գյուղի անունը Էլին Մալըից վերածվել է Էլմալըի: Մեզ համար ամենատարօրինակն այն է, որ այդ գյուղի հայկական անցյալի մասին, որտեղ դեռևս մորեղբայրս է ապրում, մեզ բառ անգամ չի ասվել:
Օսմանյան պետությունից առաջ
Եկեք առաջանանք՝ հետևելով հեղինակի պահպանած պատմական ժամանակագրությանը: Առաքելյանը նախ և առաջ անդրադառնում է հռոմեական ժամանակաշրջանին, այնուհետև գրում, թե Բյուզանդական կայսրության օրոք Բյուզանդիայի կայսրերը սովորություն են դարձնում հայ իշխանական տոհմերի բազմաթիվ ներկայացուցիչների՝ իրենց գերդաստանով և արքունիքով Բալկաններ ուղարկելը: 6-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը գրում է. «Կայսրը հրաման է արձակում, թե Հայաստանից 30 հազար ձիավորի կարիք ունեմ` որպես խարաջ, հետևաբար անհրաժեշտ է, որ 30 հազար ընտանիք միասին բնակվի Թրակիայում»: Բնականաբար, անհնար է որևէ աղբյուր մատնանշելով` ապացուցել, որ եկածները մնացել են, սակայն հստակ է, որ մնացել են: Ադրիանապոլսեցի հայերի գոյությունը 9-11-րդ դարերում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մակեդոնացիների արքայատոհմն էր բյուզանդական գահին, ավելի հստակություն է ձեռք բերում: Որևէ աղբյուր բյուզանդական ժամանակաշրջանի համար Ադրիանապոլսի հայկական բնակչության վերաբերյալ որևէ գնահատական չի տալիս, սակայն պատմաբան Ադոնցն իր գրքում գրում է, որ այդ ժամանակվա պատերազմների ընթացքում «գերիների մեջ բազմաթիվ հայեր են եղել», կամ էլ «ռազմավարի մեջ հայկական գորգեր, բրդե ծածկոցներ կամ էլ տարատեսակ հագուստներ են եղել»: Նաև տեղեկություններ կան, որ բուլղարների դեմ պատերազմին մասնակցելու համար բյուզանդացիների կողմից Թրակիա ուղարկված հայերը ռազմական գործողության արդյունքում կարևոր կոչումներ են ստացել:
Ադրիանապոլսի Աստվածաշունչը
Ըստ Առաքելյանի՝ Ադրիանապոլսում հայերի գոյության կարևոր և ծանրակշիռ ապացույցը թվագրվում է 11-րդ դարի սկզբներին: Խոսքը վերաբերում է Ադրիանապոլսի Աստվածաշնչին: Մեզ հայտնի ամենահին հայերեն ձեռագրերից Ադրիանապոլսի Աստվածաշունչը գրվել է 1007 թ. այստեղ: Հայերեն գրված և այս քաղաքի անունով անվանակոչված Աստվածաշունչը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության գրադարանում պահվող երեք ամենահին ձեռագրերից մեկն է: Այս աշխատությունը հատկապես մեծ կարևորություն ունի, քանի որ որևէ հայի պատմությունը հայի համար գրի է առնվել Հայաստանից սահմաններից դուրս: Այն իրոք Ադրիանապոլսի և այդ շրջանի հայկական գաղութի գոյության ապացույցն է: Աստվածաշունչը պատվիրել է Հովհաննես անունով մի զինվոր, գրի է առել Կիրակոս անունով մի վանական:
Օսմանյան Էդիրնեն
1316 թ. Էդիրնեն նվաճել է Մուրադ Առաջինը՝ դարձնելով այն իր պետության մայրաքաղաք: Պատմում է Առաքելյանը. «Ամենայն հավանականությամբ սուլթանների առաջացրած աշխուժության հետևանքով պետք է որ արքունիքի կամ բանակի կարիքները բավարարելու համար մեծ խմբով այնտեղ ուղարկած լինեն հայ առևտրականներին: Այսպիսով, հայերի դժգոհության վերաբերյալ որոշակի վկայություններ կարող ենք հիշատակել: 1605 թ. Մալաթիայի հայկական ընտանիքից հայ Սուլեյման փաշա անունով մեկը իսլամացվելուց հետո որոշակի պաշտոններ է ստանձնում օսմանյան աստիճանակարգում՝ դառնալով կարևոր դեմք, և իր ձեռքը վերցնում սուլթանի պալատի կառավարումը»: Սակայն տհաճ դեպք է տեղի ունենում. Ինչպես նշում է Լամարթինը, «Ամուսնության օրը, սովորության համաձայն դեղին հողաթափեր հագած մի երիտասարդ հայի իր հարսանիքից և նշանածից հեռացնում են և մահվան դատապարտում: Երիտասարդը մեղադրվում էր մուսուլմաններին բնորոշ հագուստ կրելու մեջ»:
Սելիմիեի մինարեները
Ռոյ Առաքելյանը, պատմելով Էդիրնեի մասին, որը գրեթե նույնացվում է Սելիմիե մզկիթի հետ, չէր կարող չանդրադառնալ Սինան ճարտարապետին: «Վերելք Սինանի շնորհիվ» հատուկ բաժնում Առաքելյանը գրում է. «Ամենակարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ 1569 թ. Սելիմ 2-րդի հրամանով Սելիմիե մզկիթը կառուցելու համար հայկական ծագմամբ Սինան ճարտարապետը, ով մանկահավաքի էր ենթարկվել, եկավ Էդիրնե: Բացի Սելիմիե մզկիթը` Սինանը Էդիրնեում մոտավորապես 15 կոթող է կառուցել: Մզկիթի չափ կարևորություն էր ներկայացնում Ալի փաշա շուկան: Այսօր շշմեցուցիչ է տեսնել Սինանի հայկական ծագման և նրա փառքի վերաբերյալ որոշակի քաղաքական ենթատեքստ ունեցող քննարկումները: Հավաքածս վկայություններն ամբողջությամբ այս հարցում համակարծիք են էդիրնեցի հայերի համատեղ հիշողության մեջ. հայերի, Սինանի և նրա բանվորների միջև կապերը զորեղ էին»: Առաքելյանը շատ հաճախ հղում է կատարում 1935 թ. Պլովդիվում լույս տեսած Հակոբ Աղասյանի «Ադրիանապոլսի հայկական փոքրամասնությունը» գրքին. «Այս քաղաքի` իմ ճանաչած հայերը հպարտությամբ պատմում էին, որ իրենց ընտանիքի անդամները Սինանի ղեկավարությամբ մասնակցել են մզկիթի շինարարությանը: Կասկած չկա, որ այն ժամանակ բազմաթիվ հայ արհեստավորներ Սելիմիե մզկիթի շինարարությանը մասնակելու համար տեղափոխվել են Էդիրնե: Բնական է, որ ինքն էլ ունենալով հայկական ծագում` կոթողներ կերտելու համար կանչած լինի իրենց վարպետությամբ հայտնի հայ բանվորներին: Անցյալի վերաբերյալ տեղեկություններից հայտնի է, որ Սելիմիե մզկիթի շինարարության ժամանակ Սինանի մոտ մոտավորապես 250 հայ քարտաշ, պատշար, դարբին, ատաղձագործ և այլ արհեստավորներ են աշխատել: Այս աշխատակից ընկերների մի մասը հետագայում բնակություն է հաստատել քաղաքում՝ համալրելով քաղաքի հայկական համայնքի կազմը: Սինանի հայկական ծագման վերաբերյալ 1785 թ. Փիսսոննել անվամբ մեկն իր գրքում նման զվարճապատմամբ է հիշատակում. «Սուլթան Սելիմն իր հոյակերտ տաճարների շնարարությունը՝ մեկը Ստամբուլում, մյուսն Էդիրնեում, մի հայի է հանձնում»»:
Հայ բնակչությունը 19-րդ դարում
Գրողը Սինանից հետո ավելի մանրամասն է անդրադառնում Էդիրնեին, քանի որ աղբյուրներն ավելի շատ են: Այս բաժինը սկսվում է հետևյալ տեղեկությամբ՝ «1700-1750 թթ. մոտավորապես 200 հազար բնակչությամբ Էդիրնեն Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկն էր: Այնտեղ էին բնակություն հաստատում նաև հայ առևտրականները: Քաղաքում տասնյակ վկայություններ կան այդ թվում և հայկական եկեղեցին, որը վկայում է քաղաքում հայերի ազդեցիկ գոյության մասին: Հավանաբար Էդիրնեն այդքան հայ մի տեղում չէր տեսել, ինչպես 19-րդ դարում: Անկասկած միայն քաղաքում բնակվում էր հինգ հազարից ավելի հայ: 1874 թ. կառուցված երկաթգիծը շատ ավելի հայերի էր այստեղ բերելու՝ ավելի ամրապնդելով Ստամբուլի հետ կապերը: Քաղաքային պարիսպներից դուրս ընկած Աթփազար թաղամասն այս ժամանակ էր զարգանալու: Հենց այս ժամանակ էլ հայկական եկեղեցի և դպրոց էր կառուցվելու: Էդիրնեի հայ համայնքի ենթակառուցվածքային կազմակերպումը ևս 19-րդ դարում էր տեղի ունենալու: Կրթության զարգացման շնորհիվ 50 տարվա ընթացքում քաղաքն իր պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլին երկու պատրիարք էր տալու՝ Պողոս Առաջին Գրիգորյանն (1815-1823) ու Սարգիս Քյույումջյանը (1860-1861)»: Քաղաքի ու կյանքի զարգացումն իր նպաստն էր ունենալու նաև օսմանյան քաղաքական և մտավորական կյանքում: 1876 թ. առաջին խորհրդարան էր մտնելու Էդիրնեի պատգամավոր Ռուբեն Յազըջյանը: Նույն պաշտոնը 1908 թ. Սահմանադրության հռչակումից հետո երկրորդ խորհրդարանում ստանձնելու էր Հակոբ Բաբիկյանը:
Եվ 1915 թվականը
Առաքելյանը գրում է. «Խառնաշփոթ ժամանակաշրջանը, որն իր ազդեցությունն էր թողել ողջ Օսմանյան կայսրության վրա, իր գագաթնակետին է հասնում 1915 թ., երբ Էդիրնեի բնակչությանը սկսում են ալիք առ ալիք աքսորել: Համաձայն Աղասյանի՝ բազմաթիվ հայերի ձերբակալությունները համայնքում մտահոգություններ չեն առաջացրել: Քարաաղաջում աքսորները սկսելու էին սեպտեմբերի 27-ին: Համաձայն Աղասյանի՝ քաղաքի կենտրոնում աքսորներն ու ձերբակալությունները սկսել են 1915 թ. հոկտեմբերի 14-ին, իսկ Գևորգյանի համաձայն՝ հոկտեմբերի 27-28-ի երեկոյան: Մեկ այլ ալիք էլ տեղի էր ունենալու 1916 թ. փետրվարի 16-ին: Ականատեսների համաձայն` աքսորի հրամաններն ի կատար են ածվել գիշերվա կեսին, հույժ գաղտնի: Էդիրնեցի հայերին բռնության ենթարկելով` Բաբաեսքիի, Մուրաթլըի, Թեքիրդաղի վրայով նավով քշել են Ստամբուլ և Իզմիթ, այնուհետև երկու քարավանով Ստամբուլ-Կոնիա-Փոզանթը ուղղությամբ կենդանիների համար նախատեսված վագոններով երկաթգծով տարել են Սիրիա կամ էլ Միջագետք:
Նրանք, ովքեր չեն մնացել
Այնուհետև գալիս են թվերը. «1919 թ. վերջերին Էդիրնեի վիլայեթում նախքան 1914 թ. կատարված մարդահամարի տվյալների համաձայն՝ 19 հազար հոգուց պետք է որ 6 հազար հոգի կենդանի մնացած լինի: Նրանց մեծ մասը բուլղար իրավասուների միջամտության շնորհիվ կարողացել է փրկվել: Աղասյանը հայտնում է, որ հույներից դատարկելուց հետո քաղաքում 1922 թ. կար 127 հայ, իսկ 1935 թ.՝ 50: Էդիրնեցի պատմաբան Օրալ Օնուրը էդիրնեցի հայերի վերաբերյալ իր գրքի լույս ընծայման կապակցությամբ կազմակերպված մի հանդիպման ժամանակ հայտնել է, որ 1950 թ. ի վեր քաղաքում մշտական բնակվող որևէ հայ չի մնացել: Ես անձամբ կարող եմ ասել, որ 1970-ական թթ. քաղաքում մի բուռ հայ կար, սակայն որքանով որ հայտնի է, նրանց մասին որևէ տեղեկություն չկա: Նրանք այլևս չեն բնակվում քաղաքում: Այսօր քաղաքի հազարամյա հայկական գոյությունից գրեթե որևէ հետք չի մնացել` ավերակներից բացի: Երբեմնի հայ համայնքին պատկանած կառույցը գտնելու համար պետք է ուշադիր նայել: Այսօր էլ հնարավոր է Գազի փաշա պողոտայում գտնվող բժիշկ Վասիլ Մինասյանի ընտանիքին պատկանած, իսկ այսօր Միհրան հանըմ իջևանատուն կոչված բուտիկ-հյուրանոցների տեսքով տիպիկ հայկական տներ հայտնաբերել: Դեռևս այսօր հնարավոր է գտնել այնպիսի շինություններ, ինչպիսիք են Սերհաթ օրիորդաց մասնագիտական դպրոցի շենքը, որը նախկինում պատկանել է հայկական եկեղեցուն և դպրոցին, նախկին նահանգապետարանի շենքը, որ հայտնի է որպես «քահանայի տուն», քանի որ նախկինում պատկանել է հայ հոգևորական դասին: Էքրեմ Դեմիրայ մարզական համալիրը կառուցվել է Սուրբ Թորոս եկեղեցու հողակտորի վրա: Մեյդան թաղամասի Քայըք պողոտայի 67 հասցեում դեռևս կարող եք տեսնել բժիշկ Արթին բեյի փայտե տունը: Տան բակին կից մեկ ուրիշ կարմիր տուն էլ այլևս ավերված երեք տների հետ մեկտեղ պատկանել է հայ քահանաներին»:
Բնակչության կազմը
Հեղինակը բնակչության վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներից տեղեկություններ է հավաքել և դրանք որոշակի գաղափարի շրջանակում ներկայացնում է ընթերցողին: Համաձայն 1915 թ. Արևելյան տարեգրության՝ Էդիրնեում ընդհանուր 93 հազար մարդ էր բնակվում, որից 40 437-ը թուրք, 23342-ը հույն և բուլղար, 15420-ը հրեա, 3 300-ը հայ, իսկ 500-ը կաթոլիկ էր: Դրան նախորդած մարդահամարներն էլ է ներկայացնում հեղինակը. «Համաձայն օսմանյան մարդահամարների՝ 1870-1871 թթ. 771 տնից հայերը կազմում էին 3657 հոգին, 1890-91 թթ.՝ 3779-ը, 1897-98 թթ.՝ 4021-ը: Համաձայն մի շարք իրար հետ համեմատած փաստաթղթերի և տեղեկությունների՝ Էդիրնեի հայկական բնակչությունը նախքան 1915 թ. 3500-5000 հոգի էր կազմում: Համաձայն պատրիարքարանի գրանցումների՝ Էդիրնեի, ներկայում Քըրքլարելի կոչվող, նախկինում Քըրքքիլիսեում, Դեդաղաջում և Գյումուլջինեում «հավատացյալների թիվը 8 հազար, տեղական ինքնակառավարման թիվը 4, եկեղեցու թիվը 5 էր»:
Հայկական եկեղեցիները
Բնականաբար, եկեղեցիների տեղն անգամ այլևս չի նշմարվում, սակայն համաձայն գրանցումների` հստակ է, որ Էդիրնեում պարիսպներից ներս Սուրբ Թադևոս եկեղեցին, պարիսպներից դուրս՝ Աթփազարում, Սուրբ Կարապետ և Քարաաղաջի Սուրբ Գրիգոր եկեղեցին ներառյալ` 3 հայկական եղեցի է եղել: Սուրբ Թորոս եկեղեցուն կից երկու հայկական դպրոցների շինություննեում այսօր տեղակայված են Թուրքօջաղը պողոտայում գտնվող գիշերօթիկ օրիորդաց մասնագիտական դպրոցը և Շեհիդ Ասըմ նախակրթարանը: Առաքելյանը գրում է՝ «Դեռևս գլխավոր մուտքի դռան վրա կարելի է տեսնել քրիստոնեական խորհրդանշաններ՝ փոքրիկ հրեշտակներով զարդանախշեր: Այս դպրոցներն ունեին 450 աշակերտ և 17 ուսուցիչ»: Կարծես որևէ ելք չունենք` հուսալուց բացի, որ այս եկեղեցիները երկու տարի առաջ վերանորոգված և հավատացյալների առջև իր դռները բացած սինագոգի ճակատագրին կարժանանան:
Ինչպես էին ապրուստ վաստակում
Բնակչության թիվն ուսումնասիրելիս, բնականաբար, գրողն անդրադարձել է նաև Էդիրնեի հայերի մասնագիտություններին. «Հայերը զբաղվում էին տարատեսակ մասնագիտություններով ու արհեստներով, ինչպիսիք են` բանկային գործը, փաստաբանությունը, ճարտարապետությունը, բժշկությունը, դեղագործությունը, լուսանկարչությունը, ոսկերչությունը, ատաղծագործությունը կամ էլ իջևանատներ աշխատացնելու գործը: Քարաաղաջի և Էդիրնեի միջև բնակվող հայերի մեծ մասն իր ապրուստ վաստակում էր այգեգործությամբ, միչդեռ քաղաքում ավելի շատ արհեստով և առևտրով էին զբաղվում: Աղասյանն իր գրքում ներկայացնում է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին հայերի մասնագիտությունների և արհեստների ցանկը՝ մատնանշելով տարատեսակ արհեստների անուններ: Չպետք է աչքաթող անել ղեկավար մասնագիտությունները: Օրինակ՝ 1891 թ. Արևելյան առևտրական տարեգրքի համաձայն՝ Առևտրային դատարանների նախագահը Արթին Սելյան էֆենդին էր, միջազգային փոստի պետը Փափազյան էֆենդին էր: 1867-1870 թ. Հարբիսան անունով մեկը եղել է քաղաքապետարանի խորհրդի անդամ: Ծխախոտագործության ոլորտում և երկաթգծի շինարարությունում ևս բազմաթիվ հայեր էին աշխատում: Կարճ ասած՝ Էդիրնեում ապրող մոտ 800 ընտանիքից բաղկացած հայ համայնքի անդամները հարյուրավոր առևտրի տներ ունեին»:
Էդիրնեի հայտնի հայերը
Ընդունված է քաղաքները գովաբանել իր նշանավոր մարդկանցով: Անգամ եթե այլևս չի հիշվում, այն ժամանակ կարևոր պայման էր: Գրողն էլ է այդպես վարվում. «Մտավորականների շարքում պատմության գիրկն անցած ամենահին անունը Կարապետ վարդապետ Ադրիանացին է: Այս անձը, ով հայկական մշակույթի զարգացման անխոնջ մշակն էր, ծնվել է 1626 թ. Էդիրնեում: Էդիրնեում ծնված հայտնի հայերից են Հակոբ Պարոնյանը՝ առաջին արևմտահայերեն արձակ երգիծաբանը, գրող Գրիգոր Բասմաջյանը, երգիծաբան Հակոբ Զաքարյանը և բնականաբար, գրքում բազմիցս մեջբերված «Էդիրնեի հայ համայնքը» գրքի հեղինակ Հակոբ Աղասյանը»:
Աղբյուր՝ Akunq.net։