► Ես նմանում էի ծովամույն (ծովահեղձ) եղող մի մարդու, որ ալիքների հետ կռվելով աշխատում է ափին մոտենալ և հենց այն րոպեին, որ ձգում է ձեռը ժայռերից բռնելու, ահա մի կոհակ գալիս, խփում է նրան և հեղձամղձուկ անելով՝ կրկին ծովի խորքը նետում. նա նորից փորձ է անում, նորից մոտենում ափին և դարձյալ ալիքներից մղվում դեպի ծովի խորքերը:
► Ես հոգնել, ձանձրացել եմ սովորական մարդկանցից, և, մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որը յուր մեջ, ինձ համար, չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող: Այժմ արդեն փնտրում եմ նախկին մարդն ու նրա անխարդախ և, թեկուզ, կիսով չափ վայրենի ընկերակցությունը: Ինձ թվում է, թե այդ տեսակ ընկերակցության մեջ իմ սիրտը հանգիստ և հոգիս պիտի խաղաղ լինի: Չգիտեմ՝ շրջապատիս մեջ է անկեղծությունը պակասու՞մ, թե՞ իմ մեջ հավատը: Կարծում եմ, թե միայն ազատ բնությունն է, որ անհաճո ոչինչ չունի իր մեջ:
► Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում…
Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք:
► Եվ որովհետև ես այն կարծիքին էի, թե ոչ մի արտաքին հանգամանք այնպես շուտ չի գրավել կնոջ բարեկամությունն ու մտերմությունը (խոսքս, իհարկե, լրջամիտ և զգայական կյանքով չապրող կնոջ մասին է), որքան ներքին համոզմունքների և գաղափարների միությունը, ուստի անչափ գոհ եղա, երբ տեսա, որ նա, շատ հարցերի նկատմամբ, համամիտ ու գաղափարակից է ինձ:
► Կան դրություններ, որոնց պատճառած հաճույքն ու վիշտը զգալու համար պետք է անպատճառ այդ դրություններին ենթարկվել: Հետևապես, նա, որ միայն այդ դրությունների նկարագիրն է լսում և բնականաբար չի բաժանելու դրանց պատճառած հաճույքն ու վիշտը, կարող է ակամա ցավ պատճառել նկարագրողին:
► Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում:
► …Երբ նստում էի դաս պատրաստելու, դեռ կեսը չանցած, միտքը թռչում էր մի ուրիշ տեղ, աչքերս սևեռվում էին մի առարկայի վրա և երբեմն ժամերով մնում էի այդպես կես քուն, կես արթուն: Ինքս էլ չգիտեի, թե ինչի՞ վրա եմ մտածում: Եվ երբ ուշաբերելով նորեն սկսում էի կարդալ, տեսնում էի, որ սովորածս արդեն մոռացել եմ…
► Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք կարդալու…