Մանկությունը պաղպաղակի նման է՝ սառը, քաղցր ու հաճելի։ Ուզում ես ուտել, չես ուզում վերջանա։
***
Մարդու առաջին տարվա գնացքը մի վագոն է։ Մարդը, ուրեմն, աշխարհ է դուրս գալիս վագոնով։ Երբ լրանում է նրա մի տարին, և նա մտնում է երկուսի մեջ, ճանապարհին նա թողնում է այդ առաջին տարվա վագոնը, նստում ուրիշ մի վագոն, որ մի քիչ ավելի մեծ է։ Այդպես կամաց-լամաց մարդու կյանքի գնացքը բարձրանում է սարն ի վեր՝ ճանապարհի ծաղիկների ու փշերի մեջ թողնելով իր տարիները։ Ամեն կայարանում՝ մեկը։
***
Ասում են, թե ապրած տարիների խարույկից մարդ պետք է կրակները վերցնի, այլ ոչ թե մոխիրը․․․
***
Աշխարհում դեռ ոչ ոք չի որոշել, թե մարդու կյանքի քանի՞ տարին է շատ և քանի՞սը քիչ, ու դրա համար՝ ո՞վ ասաց, թե վաղուց ժամանակն էր, որ տատս գնար։ «Մեռնելը պիտի փողով լիներ,-ասել էր ինձ տատս,- որ երբ սիրտդ ուզենա, մահդ առնեիր ու գնայիր»։
***
Ուրեմն ես այլևս թոռ չեմ։ Մեծացա, միանգամից մեծացա։ Ախր, երբ տատդ կա, դու չես կարող այնքան էլ մեծ լինել։ Ուրեմն, տատս գնաց…
***
Պապերը, ինձ միշտ այդպես է թվացել, մեռնում են ջահել ու հանկարծակի, նախորդ օրը նրանք դեռ գինի են խմում, աղբյուրի մոտ նստած, մեջքներն արևին, զրույց անում, իսկ առավոտյան կողք-կողքի դրված քարերից մեկը մնում է դատարկ և ուրիշ ոչինչ։ Պապերը, ուր էլ գնան, առանց զգուշացնելու են գնում՝ պատերազմ, պանդխտություն, հագստարան…տատերը հալվում են անտեսանելիորեն, քարե գուռը լցրած ջրի պես պակասում-պակասում՝ կաթիլ-կաթիլ, կաթիլ-կաթիլ․․․մեր աչքերը չեն նկատում այդ կաթկթոցը ու երևի դրա համար մենք չենք պահպանում տատերին, մեզ թվում է, թե նրանք միշտ լինելու են թթենու պես, խաչքարի պես, առվի ափերը միացնող սալաքարի պես։ Մեզ թվում է նրանք են, որ միշտ պետք է աղոթեն մեզ համար, իսկ մենք պարտք չունենք նրանց առաջ․․․
Տատերը գնում են, տատերն անհետանում են, հալվում-վերջանում են մոմի պես, և նրանց գնալով մենք մի քիչ զրկվում ենք հեքիաթից, մի քիչ չարանում ենք ու մեծանում ենք միանգամից․․․
***
Հնում, շատ հնում, տատս է պատմել, մեր գյուղում ապրելիս եղել է մի մարդ, հարուստ, գոռոզ մի մարդ։ Գյուղի հարսանիքներին, երբ կանչում էին և թաղումներին, որ պիտի գնար առանց կանչելու, այդ մարդը ինքը չէր գնում, այլ ուղարկում էր իր․․․կոշիկները։ Այո, այո, կոշիկները՝ ինքը չէր գնում, ուղարկում էր իր կոշիկները։ Գյուղացիք բարի ու անօգնական մարդիկ էին, այդ մարդը հարուստ էր և ուժեղ, և նրա կոշիկները տանում-դնում էին պատվավոր տեղ՝ հարս ու փեսային մոտիկ, կամ հանգուցյալի դագաղին մոտիկ։ Բայց եղավ մի օր, որ մեռավ նաև այդ մարդը, որը հարուստ էր ու չար (հարուստ ու չար մարդիկ էլ, լավ է,որ գոնե մեռնում են), մեռավ և նրա դագաղի մոտ՝ մեծ, լուսավոր հյուրասենյակում, մեկ-երկու ազգականի կողքին՝ հերթով, իրար հետևից եկան, շարվեցին գյուղի բոլոր․․․կոշիկները։ Գյուղացիք բարի էին և անօգնական, բայց նրանց հոգին փխրուն էր, իսկ փխրուն հոգիների վերքը ուշ է սպիանում։ Այդ մարդը երեխա էլ չուներ, կին ուներ, որ ավելի վաղ էր մեռել, և նրա դագաղը դժվարությամբ կտրեցին գետնից, որովհետև կոշիկները պարզ է, ձեռքեր չունեն և այդ մեկ-երկու ազգականն էլ մի քանի րոպե տանելուց հետո դագաղը սայլին դրեցին, որովհետև անկարող էին մինչև գերեզմանատուն հասցնել, իսկ գյուղի կոշիկները բոլորն էլ տանը մնացին, որովհետև այդ կոշիկների տերերը մնացել էին իրենց տներում՝ առաջին անգամ խախտելով գյուղի սուրբ ավանդությունը։