Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու, հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը՝ այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ՝ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի՛ ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի՛ զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: