Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։
1909 թվականին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ սկզբում աշխատել է որպես դերասան, ապա Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում հայոց լեզվի ուսուցիչ, այնուհետև՝ Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։
1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան՝ սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-1935 թթ. եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955 թթ. բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955 թվականի համաներմանը վերադարձել է Երևան։
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից: 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ, նա թողել է հսկայական ժառանգություն, թեև մեծ մասն էլ անտիպ է։
Հետաքրքիր ծագում ունի գրողի կեղծանունը։ Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրեն գրվածքները։ Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. «Գրեք լեռ…կամ սար»։ Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։
Վանի «Աշխատանք» թերթում սկզբում հանդես է եկել Կամսար անունով։ Վանի երևելիներից մեկը, որպեսզի շեշտի նորաթուխ երգիծաբանի անկոտրում էությունը՝ Կամսարին ավելացնում է Լեռ։