Ազգերի կյանքում առաջադիմությունը` պատմության և մտքի ուրիշ բան չէ, եթե ոչ նոր վերադարձ դեպի բուն ժողովրդի իսկությունը: Դեպի այն վտիտ և պարզ հոգեկան աղբյուրները, որտեղից առաջ են եկել նրա գլխավոր առաքինությունները և որոնց վրա հիմնվել է նրա լինելու կամքը: Այն մաքրամաքուր նախասկզբնական ուժերը, որոնք սնուցել են և արդարացրել նրա էությունը: Այդ տեսակետից, ամեն մի իսկական հեղափոխություն որքան առաջադիմություն է, միևնույն ժամանակ նաև ետ գնալ է, ոչ դեպի այն, ինչ անկատար կերպով անվանում են ավանդություն, այլ դեպի այն, ինչ կազմում է ժողովրդի հոգեկան բնույթը, նրա ծագման դրդապատճառը. այդ ձևով է միայն պահպանվում սերունդների հաջորդականությունը, միաժամանակ նաև առաջադիմությունը…Իսկական հեղաշրջումը կատարվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը վերագտնում է իր պայծառ, անմեղությամբ լուսավորված աչքերը, ա´յն աչքերը, որոնք կարողանում են տեսնել անհրաժեշտը հավիտենականության լույսի տակ և այդ անհրաժեշտը վերածում մարդկային, զու´տ մարդկային արժեքների: Իրականությունը շրջանական է. նա անցյալի և ներկայի համադրությունն է: Նա կյանքի գերագույն այն միությունն է, որով մենք վերամշակում ենք, ինչպես արտը վերամշակվում է ցանողի մեծղի և հիմնական ժեստի մղումով:
Հատված՝ «Նավը լեռան վրա» վեպից