Անցողականից դեպի Հավիտենականը տանող ճամփի վրա՝ Ահարոնյանը հանդիպեց իր Ցեղի Ոգուն, և նրա հետ իջավ Արցունքի Հովիտը, ուր ներքին հաղորդակցությամբ իր ճակատագիրը կապեց Հայության ճակատագրին…
Եվ այնուհետև Հայ Մտածումի ու Զգացումի բոլոր ճամփաների վրա, նրան առաջնորդեց Ցեղի Ոգին:
Նա երգեց մեր Ցեղին հատուկ Վահեվանյան քաջությունը, և հայ ռազմիկը մշակեց Արվեստների Արվեստը՝ ժպտադեմ մեռնելու հոգեբանական արվեստը:
Բարձր գրականություն, որի մեջ ճշմարտորեն մեծ են միայն նրանք, որոնց հաջողվում է ներքին կապի և հաղորդակցության մեջ դնել անհատը Ցեղի, և այդ վերջինները՝ Հավիտենականության հետ…
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
… Ավետիս Ահարոնյանի գրչին պատկանող այս հոդվածը հիմնականում անծանոթ է Հայ ընթերցողին: Այն մի ձոն է՝ հղված մեզանից յուրաքանչյուրին և, միաժամանակ, բխած յուրաքանչյուրիս հոգուց: Անբացատրելի մի կարոտի, ցավի, փշրված հույսերի և նաև՝ ինքնամաքրման ու հպարտանքի մի զգացում է ճառագում նրա տողերից:
Ընթերցենք Մեծ Հայի սրտի խոսքը, մոռանանք մի պահ մեզ բաժանող քաղաքական ու դասային անջրպետների մասին, ու ձուլվենք այն հզոր աստվածությանը, որ հավիտյանս իրար է կապել մեր Ճակատագրերը. լսենք մեր երակներում հոսող ՀԱՅի Արյան կանչն ու կրկնենք մեկս մյուսին. «Հարգա՜նք Քեզ»…
ՀԱՐԳԱՆՔ ՔԵԶ
Հարգա՜նք քեզ, նահատա՛կ ժողովուրդ:
Ո՞վ երբևիցէ չափեց տառապանքիդ անդունդները, ո՞ր սգավոր կարապը եկավ հուզելու հոգուդ խորունկ ցավի խորունկ լճերը, ուր եռում են անեծքի մրմունջից պղտոված ալիքներդ: Միայն ինքդ գիտես անօրինակ ցավիդ մեծությունը.ինքդ մաիյնա՛կ ես վարում քո անղեկ ու ալեծուփ նավը դեպի անծանոթ հորիզոններ, ո՜վ դու ծովերում մոլորված ու տանջված ճամփորդ, մրրիկների հավիտենական ուղեկից. հարգա՜նք քեզ։
Հազա՜ր տարիների արյունի, մառախուղի միջից՝ դու քայլում ես անհողդողդ, համառ ու վսեմ՝ դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ, գրավիչ՝ որպես փարոս, դյութական՝ որպես ժպի՜տը կույսի. քայլում ես հևիհև, վիրավոր, խո շտանգված՝ քո հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքա՜ն ազգեր լացով խորտակվել են ու կորել, որպես մրրիկների վարած փոշու ամպեր. հարգա՜նք քեզ:
Հազա՜ր տարի բարձրից ընկնող կաթիլները կամաց-կամաց կրծում են հսկա ժայռը և հորձանքներին հանձնում, լեռնե՛ր են փուլ գալիս դարերի բոցոտ երկունքից, իսկ դու, մարտիրո՜ս ժողովուրդ, քո գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դեռ քայլում ես՝ պղնձված, անողորմ անապատների միջով, ուր օձերը իրենց թունավոր հևքով լիզում են արյունոտ գարշապարդ, ուր փշերը հոշոտում են ներբանդ. քայլում ես դեպի այնտեղ, ուր մղում է քեզ քո անօրինակ ճակատագիրը՝ ո՜վ գիտէ, որչա՛փ փառքի, կամ որպիսի՛ նոր պայքարների համար. հարգա՜նք քեզ։
Այնքա՜ն դարեր վառվող խրճիթներիդ բարկ ու գորշ ծուխը՝ մորթվող զավակներիդ արյունով ու մայրերի անեծքով բեռնավորված, գնում է սևո՛վ խարանելու երկնքի ճակատը. արևը հոգնե՛ց շրջան անելով քո արյունոտ հորիզոնով, և լուսինը դողդողալով քաշում է իր գունատ ցոլքերը քո արյան երեսից: Եվ դու հեծեծանքդ խեղդած՝ քո հսկա ցավը հսկա կրծքիդ տակ շղթայած, մենավոր ու հալածական գնո՛ւմ ես անշեղ՝ խավար ճանապարհներով, հայացքդ միշտ դէպի հեռուն, ուր ծածկվել է արշալույսը, որ պիտի ծագի, պիտի ծագի՛ մի օր. հարգա՜նք քեզ:
Հազա՜ր ձեռներ կան՝ հոգուդ հսկա թռիչքը սանձելու, հազար ճիրաններ՝ ազատության քո վարդագույն երազները բզկտելու. կյանքդ պատրանքներով անցավ, և հավատը քեզ չթողեց՝ թէ կան արշալույսներ, որոնք պիտի փայլ տան մի օր քո մռայլ հայացքին. հույսիդ փթթած վարդերը հազա՜ր անգամ խամրեցին խորշակների երեսից, և դու չես հոգնում նորերը տնկելուց, ո՜վ դու մռայլ ու համր պարտիզպան: Խավար ու խեղդող ճանապարհիդ վրա՝ քեզնից անբաժան, քեզ հետ շաղկապված քայլում է չարի՛քը, հազար գլխանի հրեշը, և քո շուրջը՝ արտերի մեջ, ոռնում են քաղցած գազանները. թափառական հողմերի հետ լոկ անտառներն են մութ գիշերներին հեծեծում ու լալիս քո հսկա ցավը. հարգա՜նք քեզ:
Բրոնզե ու երկաթե սահմաննե՜ր կան՝ զավակներիդ իրարից բաժնելու, նրանց հոգևոր կյանքի ամբողջական թափը, Ցեղիդ ստեղծագործող հանճարի թռիչքը փշրելու համար: Պողպատե շղթանե՜ր կան՝ բազուկներդ պրկելու և ոտներիդ վերելքը խափանելու համար: Երբ գալիս է կարմիր ոճիրը՝ երկգլխանի արծվի թևերի վրա, գալիս է սանձարձակ ու կատաղի պարուրելու քո չարատանջ մարմնին, մահացու համբույր դրոշմելու քո խոհուն ու տքնած ճակտին:
Սահմանները ջնջվում են, և Մասիսից՝ Գրգուռ ու Նպատ, Արագածից՝ Վարագ ու Սիփան, դաշտ ու ձորեր nղջ հևում են արյունոտ մշուշի մեջ, ոճիրը քրքջում է երկնքի երեսին, և դու դարձյա՜լ քայլում ես. հարգա՜նք քեզ:
Ասա՛, կենդանի մարտիրոս, ո՞վ դրեց քո հոգում այդ զարմանալի բոցը, որ քո խանդի աղբյուրն է ցավի ու սևի օրերում: Ո՞վ տնկեց քո կրծքի տակ խորունկ հավատքի այդ հսկա ծառը, որի վրա այնքա՜ն սգավոր թռչուններ են թառել:
Թե նա մի բարի Աստված էր, ինչո՞ւ կապեց քո սրունքներին ոռնացող ցեղերը, կիզիչ անապատների խուժանը, որ անկարող է ըմբռնել քո մեծ երազները՝ գեղեցկի ու բարու, քո հուր տենչերը, որոնք հրդեհում են հոգիդ ուժգնորեն: Քո տառապանքի ու կսկիծի մեծությունից՝ մայր երկիրը քրքրված ոտներիդ տակ զառանցում է ցավագնորեն: Լսի՛ր նրան, տանջվող, մարտիրոսվո՛ղ ազգ. նրա մրմունջների, նրա լացի մեջ բողոքի դառն շեշտ կա. այնքա՜ն դարեր դու հերկեցիր՝ բեղուն դարձնելու համար նրա կուրծքը, և ոճրագործները պղծեցին նրան: Այժմ ակա՛նջ դիր. յուրաքանչյուր փշրված հասկ, տրորված ծաղիկ բողոքում է քո դեմ՝ քո խաղաղ, անձնուրաց, արյունաքամ առաքինությա՛ն դեմ, որ քո շուրջը ոչ ոք չի հասկանում, ոչ ոք չհասկացավ երբեք: Ա՜հ այդ առաքինությունը. որքան և վսեմ լինի նա՝ թող այն աստվածների՛ն, ոտքի ել և զա՛րկ, զա՛րկ թափով. nղջ աշխա՛րհն է զարկում. վա՜յ նրան, ում առաքինությունըմարտական չէ, ում բռունցքը չի բարձրանում՝ հարվածելու արյունածարավ, անողորմ թշնամուն:
Դարձյալ հարգա՜նք քեզ, հարգա՜նք քո արյունին, քո ցավին, քո լաց ու արցունքին: Հարգա՜նք՝ նույնիսկ քո հսկա համբերությանը, որ քո զրահն եղավ սև օրերում: Հարգա՜նք քո մեծ հավատքին՝ դեպի բարու հաղթանակը:
Բայց բավակա՛ն Է: Դարերի հարկը՝ թող դարե՛րը տանեն: Թշնամին չափազանց անողորմ է, բիրտ ու ոճրագործ՝ որպեսզի համբերությունը շարունակի առաքինություն մնալ: Վե՛ր կաց ու զա՛րկ, զա՛րկ ուժգին, և թող հազար տարիների մեռելների ոսկորները դողա՛ն հարվածներիդ շանթից: Զա՛րկ, երբ հալածում են քեզ: Զա՛րկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը: Զա՛րկ, երբ մերժում ու հեգնում են քո պարզած ձեռքը: Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքի՜ջը խեղդվի, մինչև արդարության ու ճշմարտության վսեմ գո՜րծը հաղթանակի:
Եվ այն ժամանակ, հավատա՛, նահատա՜կ ժողովուրդ, արյունարբու թշնամի՛դ անգամ ծունկի կչոքի ու կկոչի՝ «հարգա՜նք քեզ»…
Աղբյուր՝ Bnaban.am