Ծնվել է 1878 թ. հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896 թ. որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թ. Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։
1901 թ. Փարիզում հրատարակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգեր»։ Այնուհետև, նա հրատարակել է «Հրաշալի յարութիւն» (1914), «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» (1919), «Սէր» (1933), «Հայերգութիւն» (1943) և «Տաղարան» (1944) ժողովածուները։
Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրօրինակ համադրություն է։
Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ՝ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։
Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։
Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև համաշխարհային գրականության դեմքերի՝ Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։
Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենակարևոր մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Թեքեյան Մշակութային Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայ մշակույթը
Վահան Թեքեյանը վախճանվել է Կահիրեում 1945 թ. ապրիլի 4-ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
Հաղորդումը՝ «Մայրաքաղաք» ընկերության
Հեղինակ՝ Անահիտ Մուրադյան
Ռեժիսոր՝ Վարդան Օնանյան