ԲԱՆ ԺԲ
Ընդունիր սիրով, Տեր Աստված հզոր,
աղաչանքներն իմ դառնացած սրտի․
Քաղցր գթութեամբ մոտեցիր դու ինձ
ամոթահարիս․
Փարատի՛ր, Ամենապարգև, ամոթալի
տխրություններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմած, անտանելի
ծանրություններս,
Հեռացրո՛ւ հնարագետ,
սովորություններս մահացու,
Խափանի՛ր, միշտ հաղթող, հրապույրները
խաբողի․
Վանի՛ր, վերնային, մառախուղը
մոլորեցնողի․
Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի․
Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները
կապկապողի․
Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները
մարտնչողի․
Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն
իմ հարկի․
Պարփակիր քո ձեռքով առաստաղը
տաճարիս․
Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս
մուտքի․
Դրոշմիր քո նշանը աղոթյալիս
ճանապարհին,
Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի․
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն
իմ անկողնի․
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս․
Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը
մարմնիս․
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ պարը երկնային
քո զորքերի,
Որպես դիմամարտ՝ դևերի գնդին։
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն
նիրհիս խորին գիշերում՝
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և
բոլոր ընտրյալների։
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի
զգայարաններ են,
Ամփոփիր այնպես ու պարուրիր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի,
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական
երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից
խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան
անվնաս։
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ
զվարթությամբ քո դեմ արձանացած,
Աղաչանքն այս իմ՝ հավատքի բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ թագավոր անճառ
փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող
խմբին՝
Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ առ քեզ։
Զի փառավորեալ ես դու արարածներից
բոլոր
Հավիտյանս հավիտենից․ ամեն։