Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն: Հայերենը հայուն խորհուրդն է:
Լինել ծնված…
Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից: Ջայլա՞մը: Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով:
Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին: Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղը-տեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել:
Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն: Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:
Անգլերենից թարգմանեց Արամ Արսենյանը