Եսայի 63.18-64.12
63.18 Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արեցին քո սրբութիւնը: 19 Եղանք, ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում:
64.1 Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կսասանուեն եւ կհալուեն, ինչպէս մոմը կրակի դիմաց: 2 Կրակը կայրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կդառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կմատնուեն: 3 Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կսասանուեն: 4 Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր, 5 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները: Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք: 6 Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրինութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք, ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ: 7 Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր: 8 Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք: 9 Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր: Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք: 10 Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ: 11 Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ, հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց: 12 Եւ այս ամէնի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ:
Տիտոս 1.1-11
1 Պօղոսը՝ ծառայ Աստծոյ եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծոյ ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է 2 եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, 3 բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ՝ ըստ մեր Փրկիչ Աստծոյ հրամանի. 4 Տիտոսին՝ ընդհանրական հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից: 5 Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ: 6 Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէկ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, 7 քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի որպէս Աստծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, 8 այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, 9 ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. 10 քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ՝ եթէ հրէութիւնից դարձածներից են. 11 նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել:
Ավ. ըստ Հովհաննեսի 7.37-52
37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, ինչպէս Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր: 40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին. «Սա է ճշմարիտ մարգարէն». 41 ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը». իսկ դեռ ուրիշներ ասում էին. «Մի՞թէ Քրիստոս Գալիլիայից է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր»: 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց: 45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: 47 Փարիսեցիներն ասացին. «Մի՞թէ դուք էլ էք մոլորուել: 48 Մի՞թէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատաց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Մի՞թէ մեր օրէնքը դատապարտում է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թէ դու էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»: