Աշոտ Ամիրխանի Ավդալյան (հունվարի 2, 1948, Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — փետրվարի 9, 1985, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։
Կենսագրություն
Աշոտ Ավդալյանի նախնիները Մուշից գաղթելով՝ եկել–հաստատվել են Ջաջուռում։ Պապը՝ Համբարձում Ավդալյանը, քառասուն տարի շարունակ ղեկավարել է Ախուրյանի շրջանի կոլտնտեսությունը՝ իր ժառանգներին թողելով ընդամենը բարի անուն։
Հայրը՝ Ամիրխանը, ծնվել է 1924 թվականին, ստացել է բարձրագույն կրթություն, մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, աշխատել է Լենինականի (Գյումրի) ներքին գործերի համակարգում։ Ամուսնանալով աքսորյալի դուստր Վազգանուշ Հովհաննիսյանի հետ՝ զրկվում է զբաղեցրած պաշտոնից և գյուղում զբաղվում մանկավարժությամբ։
1948 թվականի հունվարի 2–ին ծնվում է նրանց որդին՝ Աշոտը։ 1954 թվականին վեցամյա Աշոտը զրկվում է հորից։ Հոր մահից հետո բանաստեղծի մայրը տեղափոխվում է Լենինական։ Աշոտն իր համառ, շիտակ բնավորությամբ չի հարմարվում քաղաքային կյանքին. վերադառնում է հայրենի գյուղ՝ տատի և պապի մոտ, որտեղ և ավարտում է դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո միայն Աշոտը տեղափոխվում է մոր և քրոջ մոտ, 1965 թվականին ընդունվում Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, որն ավարտում է 1970 թվականին։
1971-1972 թվականներին որպես ինժեներ-կոնստրուկտոր աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում։
1974-1975 թվականներին նույն գործարանին առընթեր թիվ 7 պրոֆտեխնիկական ուսումնարանում աշխատել է որպես մանկավարժ։
1976-1977 թվականներին եղել է հայրենի Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենը։
1978 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել հուշարձանների պահպանության կոմիտեի նախագծային գրասենյակում։
1982-1983 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթի խմբագրությունում։
Աշոտ Ավդալյանը մահանում է 1985 թվականի փետրվարի 9-ին՝ 37 տարեկանում։ Կյանքի վերջին րոպեներին բանաստեղծի դեմքը և, հատկապես, աչքերը զարամանալիորեն նմանվել էին Մինաս Ավետիսյանի՝ տարիներ առաջ վրձնած դիմանկարին։
1986 թվականին բանաստեղծի գերեզմանի վրա կանգնեցվում է ընկերոջ՝ Զավեն Կոշտոյանի կողմից քանդակված բրոնզաձույլ արձանը։
Ստեղծագործական կյանքը
Ստեղծագործել սկսել է 1970 թվականին՝ քսաներկու տարեկանում։ Չնայած տեխնիկական կրթությանը՝ շատ լավ ծանոթ էր ժողավրդական բանահյուսությանը, ոսկեդարյան պատմիչներին, միջնադարյան գրականությանը, հայ դասականներին, նաև ռուս և համաշխարհային գրականությանը։
1973 թվականին «Բանվոր» թերթի հոկտեմբերի 19-ի համարում լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծությունը՝ «Մենք աղոթում էինք» վերնագրով։ Բանսաստեղծությունը մեծ արձագանք է գտնում գրական շրջանակներում։ Հետագայում այս բանաստեղծության, իսկ ավելի շատ բանաստեղծի ոգեղեն, մաքուր բնավորության շնորհիվ ընկերները սկսում են նրան Սուրբ կոչել։
1972-1973 թվականներին շատ բեղմնավոր է եղել սկսնակ բանաստեղծի գրիչը։ Այս թվականներին են ստեղծվում «Օրհնություն Արևին», «Նավասարդ» բանաստեղծական շարքը, «Նարեկ», «Տիեզերք», «Ձայն փորձություն», «Տվնջյան կորուստ», «Ռեքվիեմ» պոեմները։ Մինաս Ավետիսյանը առաջիններից էր, ով զգալով շնորհալի բանաստեղծի օժտվածությունը՝ ասել է «Աշոտ ջան, դու միայն ստեղծագործիր, տպագրության մասին մի մտածիր, ես քեզ համար ամեն ինչ կանեմ»։ Իսկ «Տևտոնյան գիշեր» վերնագրով ընդարձակ պոեմը այնքան է ոգևորում նկարչին, որ այն ընթերցելուց հետո վրձնում է Աշոտի դիմանկարը։
Մինասը Աշոտի ստեղծագործությունները ներկայացնում է Գևորգ Էմինին, Ռազմիկ Դավոյանին։ Նրանց օգնությամբ 1975 թվականին «Սովետական գրականություն» ամսագրի էջերում տպագրվում է բանաստեղծի «Օրհնություն արևին» շարքը։
1976-1980 թվականներին բանաստեղծությունները տպագրվում են «Բանվոր», «Ավանգարդ» թերթերում։
1980 թվականին լույս է տեսնում «Նավասարդ» բանաստեղծությունների ժողովածուն։
1984 թվականի գարնանը Ստեփան Թոփչյանի, Մանուկ Մնացականյանի, Մելիքսեթ Մելքոնյանի երաշխավորությամբ դառնում է ՀՍՍՀ Գրողների միության անդամ։ Ընկերների օգնությամբ նույն թվականի աշնան վերջին շատ մեծ դժվարությամբ լույս է տեսնում «Արծաթե օր» ժողովածուն։
Բանաստեղծի մահից հետո կինը նրա ընկերներին ծանոթացնում է բանաստեղծի արխիվին, վերջիններից օգնությամբ հրատարակության հանձնում «Երկրատես» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, որը լույս է տեսնում 1988 թվականին։ 1997 թ Հրաչյա Թամրազյանի խմբագրությամբ և «Նաիրի» հրատարակչության ֆինանսավորմամբ լույս են տեսնում «Կյաքից դեպի կյանք», իսկ 2005 թ.՝ «Հիշատակի զարդատուփ» ժողովածուները։ Պոեմների մեծ մասը առայսօր անտիպ է։
Երկերի մատենագրություն
Նավասարդ (բանաստեղծություններ), Եր., «Սովետական գրող», 1980, 52 էջ։
Արծաթե օր (բանաստեղծություններ), Եր., «Սովետական գրող», 1984, 108 էջ։
Երկրատես (բանաստեղծություններ և պոեմներ), Եր., «Սովետական գրող», 1988, 300 էջ։
Կյանքից դեպի կյանք (բանաստեղծություններ), Եր., «Նաիրի», 1997, 224 էջ։
Հիշատակի զարդատուփ (բանաստեղծություններ), Եր., «Նաիրի», 2005, 176 էջ։
Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր՝ Ջուլիետ Կաժոյան
Հանրային հեռուստաընկերություն 2009
[16:04] — Լեւոն Խեչոյան
[21:44] — Զավեն Կոշտոյան