Արտաշես Հարությունյան (սեպտեմբերի 3, 1873, Մալկարա (Թուրքիա) — օգոստոսի 16, 1915, Նիկոմեդիա), հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ։
1912 թվականից հաստատվել է Կոստանդնուպոլսում։ 1915 թվականին ձերբակալվելով՝ տարվել է Նիկոմեդիա և սպանվել։ Անդրանիկ ժողովածուն՝ «Լքված քնար» խորագրով, լույս է տեսել 1902 թվականին, հաջորդ ժողովածուն՝ «Երկունք»-ը, 1906 թվականին։ 1912 թվականին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղծությունների գիրքը՝ գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ։ «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականներում տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Գալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թավուառումներ», «Հակասություններ»)։ Այդ հոդվածներով Հարությունյանը զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գործում։ Թարգմանել է Լև Տոլստոյից և Մաքսիմ Գորկուց։ Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն-Կար, Պան կեղծանուններով։
Երկեր
Լքուած քնար, Կ. Պոլիս, 1902, 84 էջ:
Երկունք, Կ. Պոլիս, 1906, 80 էջ:
Նոր քնար, Կ. Պոլիս, 1912, 148 էջ:
Արձակ էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1937, 192 էջ:
Գիշերվան ճամբորդը, Երևան, 1968, 378 էջ:
Քառյակներ, Երևան, 1993, 125 էջ:
Քառյակներ — 2, Երևան, 1996, 114 էջ:
Ընտրանի, Երևան, 2016, 328 էջ:
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի
«Ինակենսագրութիւն»
— Ծնած եմ 3 Հոկտ. 1873ին Մալկարա, — մենաւոր, աղքատ, աղտոտ ու մեռած՝ արեւելեան գիւղաքաղաք մը, որունգարնանային արշալոյսերն ու աշնանային վերջալոյսերը հրաշալի են սակայն։ Ուսումս առած եմ շատ անկանոն եղանակով՝ ծննդավայրիս նախակրթարանը, շրջան առանց բոլորելու։ Դպրոցը թողելէս անմիջապէս յետոյ՝ մտած եմ հօրս խանութը, իբր կենսաշահութիւն։ Ամբողջ բռնապետութեան շրջանին’ դուրս չեմ ելած Մալկարայէ. չեմ ճամբորդած։
Գրականութիւն ըրած եմ իբր սիրող։ Կարծեմ թէ գրած եմ, որովհետեւ չէի կրնար չգրել. բայց ըրածիս վրայ հաւատք չունիմ։ Երկասիրութիւններս են՝ քերթուածներու 2 հատոր, Լքուած Քնար (1902) եւ Երկունք (1906). տեսակ մը վարանումով կուտամ անոնց անունները։ Պատրաստ ունիմ հատոր մը, Նոր Քնար՝ որուն վրայ երկարօրէն աշխատած եմ, կարելի է ըսել՝ տարիներով. քիչ մը կը յուսամ թէ լաւագոյն գործս պիտի ըլլայ ան։
Ընդարձակ առումով, գրականութեան շահը կը նկատեմ գերագոյնը բոլոր կարելի շահերուն։ Աշխարհի տեսարանն՝ ըստ գեղեցկութեան զգալու պայմանով միայն՝ ապրելուն մէջ շահեկանութիւն կը գտնեմ։ Թերեւս՝ բոլոր պարապութիւններուն լաւագոյնը Գեղեցիկին պարապութիւնն է. անտարակոյս ճաշակի խնդիր. այս՝ իմ ճշմարտութիւնս է։
* * *
Տաղանդաւոր գրագէտը կանուխէն աշխատակցած է թրքահայ մամուլին՝ քերթուածներով, գեղեցիկ արձակներով եւ քննադատականներով, որոնք յայտնի անուն մը ապահոված են իրեն։ Գրականութեան մէջ իր մուտքը բանաստեղծութեամբ ըրաւ՝ Կարօ ծածկանունով, եւ քերթողը ցվերջ ապրեցաւ իր մէջ. իսկ իբր արձակագիր եւ գեղագէտ-քննադատ’ անժխտելի կարողութիւն մի ցոյց տուաւ իր գրական վերլուծումներով։
— Երէց եղբայր՝ գրագէտ Վահան Յարութիւնեանի։