Ատոմ Եարճանեան՝ նույն ինքը մեծանուն գրող Սիամանթոն, ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին, Խարբերդ նահանգի Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստան, ներկայիս Արևելյան Թուրքիա, տեղանքն այժմ կոչվում է Քեմալիե): Բնակչությամբ սակավ, բայց մշակույթով հարուստ այս քաղաքը տվել է բազմաթիվ մեծ դեմքեր՝ Նահապետ Քուչակ, Ա. Արփիարյան, Գ. Զոհրապ, Մ. Մեծարենց, Ա. Չոպանյան և այլք: «Ակնեցին բանաստեղծ կը ծնի»՝ փաստում է Ակնի ու ակնեցիների մասին գրականությունը: Եփրատի ափին գտնվող ժայռոտ ու լերկ տարածքը մարդու ձեռքով, մարդու համառությամբ դարձել էր դրախտավայր, ու այս գողտրիկ անկյունում էր մեծացել ապագա գրողը. «Ակնա մեր տան բազմաթիվ գորգերուն վրա»,- իր հուշերում գրել է բանաստեղծի քույրը՝ Զապելը:
Ընտանիքը մեծ էր: Եարճանեան երեք եղբայրները բնակվել են միասին՝ 16 հոգով. տոհմիկ ավանդություններով ապրող ընտանիք: Բանաստեղծի հայրը՝ Հովհաննեսն, ակնավաճառ էր, մայրը՝ Նազենին, շատ լավ երգել է Ակնի ժողովրդական երգեր և անտունիներ: Ասացող էր տատը՝ Հեղինեն: Ատոմն ուներ մեկ եղբայր և երեք քույր:
Նախնական կրթությունն ստացել է Ակնի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչը՝ հայտնի արձակագիր ու բանահավաք Գարեգին Սրուանձտեանցը, պատանի Ատոմին կնքել է Սիամանթո մականվամբ: 1891 թ. ապագա բանաստեղծը հոր հետ տեղափոխվել է Կ. Պոլիս. վերջակետ է դրվել իր «արշալույսի և հույսի օրերին»: Հեռանալով հայրենի քաղաքից՝ նա մինչև իր կյանքի վերջը մնացել է նրա կախարդական ազդեցության տակ: Բանաստեղծի պոեզիայում միշտ կա անդրադարձ Ակնին. «Թախիծներու մեջ թաղված հի՜ ն օրերու իրիկուն, Անբուժելի կարոտներովս՝ կը վերհիշեմ զքեզ այսօր»: Ավելի ուշ՝ Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896 թթ.), կրելով բազմաթիվ մարդկային և նյութական կորուստներ, Կ.Պոլիս են տեղափոխվել նաև ընտանիքի մյուս անդամները:
Սիամանթո բանաստեղծի հոգեկերտվածքը, ազգային նկարագիրը ձևավորվել է հայրենի Ակնում։ Ծննդավայրում իր մորից, տատից և ակնեցի մամիկներից բանաստեղծը լսել է ժողովրդական երգեր, անտունիներ, հեքիաթներ, զրույցներ ու ավանդավեպեր: Ինչպես վկայում է քույրը՝ Զապել Համբարձումյանը, մայրը մանուկ Ատոմին օրորել է անտունիներ երգելով. «Մայրս շատ գեղեցիկ ձայն մը ուներ և կերգեր իր օրորները իր Ատոմ զավակին, անդրանիկը բոլորէն, անտունի-օրորով»։
Կ. Պոլսում Սիամանթոն ուսանել է տեղի Միրիճանեան դպրոցում, ապա՝ նշանավոր Ռեթէոս Պէրպէրեան վարժարանում: Համիդյան կոտորածների տարիներին իր գրական առաջին քայլերն անող երիտասարդը Ռ. Պէրպէրեանի հորդորով ստիպված էր մեկնել արտասահման՝ Հունաստան, Եգիպտոս, Շվեյցարիա, Ֆրանսիա, Ավստրիա: Սիամանթոն որպես ազատ ունկնդիր Փարիզում հաճախել է Սորբոնի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, ուսումնասիրել է հասարակական գիտություններ, փիլիսոփայություն, արևմտաեվրոպական և համաշխարհային գրականություն, գրական նոր հոսանքներ, ինչպես նաև ծանոթացել է Եվրոպայում գտնվող հայ մտավորականների, ազգային գործիչների հետ, սերտորեն կապվել է Եվրոպայի հայ ուսանողական միության անդամների հետ:
Չափազանց դժվար էր երիտասարդ գրողի կյանքն օտարության մեջ՝ անհուն կարոտ հայրենիքի ու ընտանիքի հանդեպ, սոցիալական ծանր դրություն, տագնապ իր ժողովրդի համար: Միևնույն ժամանակ, Եվրոպայում անցկացրած տարիները դարձել են Սիամանթոյի մտավոր հասունացման, աշխարհընկալման, գրական փորձառության լավագույն տարիները: Ճանաչելով առաջադեմ Եվրոպան, ծանոթանալով եվրոպական գրականությանը, գտնվելով արվեստի ու գրականության նոր հոսանքների խաչաձև ազդեցության տակ՝ Սիամանթոն չի կորցրել հայի դիմագիծը, ճիշտ հակառակը՝ նրա մեջ ավելի է ամրապնդվել ազգայինը: Թերևս հենց այս տարիներն էլ բախտորոշեցին Ատոմ Եարճանեանի գրական, ստեղծագործական հետագա ուղին: Սիամանթոն հետզհետե լայն կապեր է հաստատել սփյուռքի գրական շրջանների հետ, աշխատակցել տարբեր երկրներում հրատարակվող հայկական հանդեսներին ու թերթերին՝ «Վաղվա ձայն», «Նոր կյանք», «Անահիտ», «Շիրակ Բանբեր», «Դրոշակ» և այլն:
Եվրոպայում ուսանող և գործող հայ առաջադեմ երիտասարդության հետ սերտ շփումը, գրական հավաքույթներն էլ ավելի են բորբոքել Սիամանթոյի զգայուն հոգին, հաղորդել վճռականություն ու կամք՝ վերադառնալու հայրենիք: «Չարքաշ, հոգեպէս և ֆիզիքապէս չարչարուած, չքաւոր ու մեր չքաւորութիւնը կրելով հոգինիս ամուր, ճակատնիս բարձր, տեսակ մը պարծանքով ու գրեթէ գոռոզութեամբ, մենք կը դիմէինք ջերմեռանդօրէն դէպ ի նպատակակէտ մը, որ թէև տակաւին մեզ չէր երևար պայծառութեամբ, բայց որուն գոյութեան անսասան հաւատքը կը կրէինք» , — այսպես է բնութագրել Զապէլ Եսաեյանը Եվրոպայում գտնվող հայ երիտասարդությանը:
1904 թ. Սիամանթոն առողջական խնդիրների պատճառով Փարիզից ստիպված էր մեկնել Շվեյցարիա. դեռ պատանեկան հասակից տառապել է թոքաբորբով: Հակառակ բոլոր վատթարագույն կանխատեսումներին՝ բանաստեղծն իր ուժեղ կամքի շնորհիվ հաղթահարել է ծանր հիվանդությունը, հատկապես օգնել են ընկերների գոտեպնդումները. «Դիւցազնօրէնը գրողը երիտասարդ չի մեռնիր…»,- Սիամանթոյին ուղղված նամակում գրել է Մինաս Չերազը, իսկ Սաթենիկը՝ բանաստեղծի մեծ սերը, նրան ողողել է հոգատարությամբ լցված նամակներով:
1908 թ. Երիտթուրքերի հեղափոխությունից հետո Սիամանթոն իր բախտակից ընկերներից շատերի նման վերադարձել է Կ.Պոլիս: «Եկավ գտնելու մեզ բոլորիս, և մայրս կընդուներ Ատոմի բարեկամները… Վարուժանը, Մինասյանը, Զարդարյանը և բոլորը: Ատոմը երջանիկ էր իր բարեկամներով ու ընկերներով» ,- շատ տարիներ անց այս մասին գրել է քույրը՝ Զապելը:
Մեծ հույսեր ժողովրդավարության լոզունգներ շաղ տվող նոր իշխանության հետ, սակայն բանաստեղծի ոգևորությունը երկար չի տևել: 1909 թ. տեղի են ունեցել Ադանայի նահանգի հայերի կոտորածները: «Կարմիր լուրեր բարեկամես» բանաստեղծությունների ժողովածուի միջոցով Սիամանթոն ի լուր աշխարհի մերկացրել և դատապարտել է անօրինակ ոճրագործությունը: «Ո՜վ մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ», — գրել է բանաստեղծը ժողովածուի «Պարը» բանաստեղծության մեջ:
Նորից պանդխտություն… Այս անգամ Սիամանթոն մեկնել է ԱՄՆ՝ Բոստոն, աշխատել «Հայրենիք» թերթում, հրատարակել նոր գործեր, մոտիկից ծանոթանալով ամերիկահայության խնդիրներին, կարոտին՝ տարվել է իր ժողովրդի համախմբման ու վերածննդի լուսավոր երազներով:
1911 թ. ամռանը նորից վերադարձել է Կ. Պոլիս, 1912 թ. «Ազատամարտ» թերթում կեղծանունով թղթակցել է «Ազատ կարծիքներ» հոդվածաշարին, հանդես է եկել որպես հասարակական լայն շահերով ապրող գրող-քաղաքացի: Հոդվածների միջոցով ակնհայտ է դարձել նրա առողջ հայացքը ազգային կյանքի կազմակերպման բազմաթիվ հարցերի շուրջ: Կ. Պոլսում ակտիվացել էր գրական-ստեղծագործական կյանքը: Ժամանակի երկու հսկաները՝ Դանիել Վարուժանը ու Սիամանթոն, դարձել էին պոլսահայ երիտասարդության կուռքը:
1913 թ. Կ. Պոլսում պետք է տոնվեր հայ գրերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանները, որոնց կազմակերպչական աշխատանքները վերածվել էին համազգային շարժման: Այս աշխատանքներում, ինչպես նաև հայ գրերի մեծարման ու քարոզչական գործերում անմասն չի մնացել նաև Սիամանթոն:
Նույն թվականի աշնանը բանաստեղծը արևելահայության հետ ծանոթանալու ու կապեր հաստատելու նպատակով ճամփորդել է դեպի Թիֆլիս, ապա՝ Էջմիածին, արժանացել ջերմ ընդունելության գրչակիցների կողմից, սերտ բարեկամություն հաստատել Հովհաննես Թումանյանի հետ: «Եթե հնար ունենայի, ուրախութեամբ հոս կը կենայի» ,- գրել է Սիամանթոն: Բանաստեղծը եղել է նաև Բաքվում, իսկ որոշ ժամանակ անց կրկին բուժվելու նպատակով մեկնել է Ժնև: 1914 թ. ամռանը վերադարձել է Կ. Պոլիս, ամբողջությամբ տրվել գրականությանը: Սիամանթոն արդեն համազգային հռչակ վայելող բանաստեղծ էր, և նրա անձի ու ստեղծագործության հանդեպ եղած հետաքրքրությունը դուրս էր եկել ազգայինի սահմաններից, նրա գործերը սպասված էին հայկական գաղութներում, նրան կարդում էին Եվրոպայում:
Սակայն, Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918 թթ.) խաթարեց արևմտահայ մտավորականության գործունեության բնականոն հունը: Թուրքական իշխանությունների կողմից կանխամտածված ու ծրագրված ցեղասպան գործողությունների առաջին փուլով հայ տղամարդկանց զինաթափելու ու ոչնչացնելու հրամանից հետո՝ թուրքական իշխանություններն անցան ցեղասպան քաղաքականության հաջորդ քայլին՝ հայ ազգային ընտրանու ձերբակալմանն ու սպանդին:
1914 թ. սեպտեմբերի 5-ին, իր բարեկամ դոկտոր Բազարճեանի նամակին ի պատասխան Սիամանթոն գրել է. «Այս հուսահատութեան, զզվանքի, անկարելի ստրկութեան, պոռնիկ համակերպումի և իմ բառարանես ու ձեր բառարանեն բացակա ամեն հայհոյանքի արժանի օրերուն մեջ ձեր փոքրիկ քարթը իր մեծ սրտով ինծի մտածել տվավ թե դեռ մարդեր, բարեկամներ կան։ Բայց իմ ցավես առաջ, ցեղիս և ցեղիդ ցավեն խոսիմ։ Բովանդակ ծաղիկ հայ երիտասարդութիոնը կերան բորենիները, զինվոր տարին։ Ահավոր խուճապ։ Գավառներեն մարդ չեն ձգեր։ Մինչև 45 տարեկան… Դեպի մահ, դեպի ստույգ մահ։ Ոչ պատերազմի միջի մահեն, այլ անօթութեան: Ամբողջ Թուրքիան անօթի է։ Այլևս հայ և հույն վաճառական կամ վաճառականութիոն չի մնաց։ Կառավարութիոնը բոլորն ալ հավաքեց, թալանեց, կողոպտեց և գրավեց։ Ամեն կողմ գրավում, ոչ թե ալյուր կամ կերպաս, այլ ինչ որ գտնեն հայ-յոյն վաճառականին քով։ Պոլիս և ամեն տեղ նույն բանը»։ Այս տագնապալի օրերին բանաստեղծը կարող էր հեռանալ Կ. Պոլսից, ազատել ինքն իրեն անխուսափելի փորձություններից, բայց մյուս նշանավոր մտավորականների ու գրողների հետ միասին մնացել է ժողովրդի կողքին։
1915 թ. ապրիլի 24–ին շատ այլ հայ մտավորականների հետ ձերբակալվել է նաև Սիամանթոն, ամիսներ շարունակ հալածանքների ենթարկվել Այաշի բանտում, օգոստոս ամսին Անկարայի ճանապարհին դաժան սպանվել է. բանաստեղծը 37 տարեկան էր: Անավարտ են մնացել Սիամանթոյի շատ գործեր, ստեղծագործություններ, ընդհատվել է մտավորականի կյանքի ուղին:
Սիամանթոն բանտից կարողացել է հինգ նամակ-քարտ ուղարկել իր ընտանիքին՝ երեքը մորն ու քույրերին, երկուսը՝ կրտսեր եղբորը՝ Վահանին: Բանտից դուրս եկած ցանկացած նամակ խստորեն քննվել է բանտային ցենզուրայի կողմից, ուստի Սիամանթոն շատ տեղեկություն չի կարողացել հայտնել հարազատներին: Նամակների միջոցով փորձել է զվարթություն հաղորդել ընտանիքի անդամներին, հետաքրքրվել է իր սիրած աղջկա՝ Մանիկ Պերպերեանի որպիսությամբ, հույս հայտնել, որ շուտով կտեսնվեն. աշխարհ գիտէ, որ ոչ մի առնչութիոն չունիմ ոչ քաղաքականութեան և ոչ ուրիշ հանցանքի հետ…»: Հանցանքն իր հայ բանաստեղծ լինելն էր, այն էլ՝ խոշորագույն:
Սիամանթոյի ստեղծագործությունը՝ ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նրա գրիչը սնվել է բացառապես իրականությունից՝ արթնացնելով «թմրած ողջերին», ինչպես նշել է Դանիել Վարուժանը:
Սիամանթոն գրել է հերոսական բանաստեղծություններ, փառավորել է ինքնապաշտպանության հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ’ուզեմ մեռնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծել է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։ Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դիւցազնօրէնը» և «Հոգեվարքի և յոյսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն խոսել է հայրենադարձության մասին՝ հայ մարդը պետք է վերադառնա իր երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա՝ աշխատանքով ու ստեղծարար ոգով: Նրա ստեղծագործությունների հերոսական շունչը մեծ ազդեցություն է թողել նաև հայ որբերի վրա: Սեբաստիայի զուիցերիական որբանոցի (հիմնադրվել է 1895 թ. Համիդյան կոտորածների հետևանքով որբացած երեխաների համար, հետագայում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի տնօրինության տակ) սաները գաղտնի գրի են առել ինչպես Սիամանթոյի, այնպես էլ ժամանակակից գրողների բոցաշունչ բանաստեղծությունները, ինչն ամենևին թույլատրելի չէր որբանոցների տնօրինության կողմից և, որի համար որբերը հաճախ են պատժվել: Այս արտագրված տետրակները պահվում են տարբեր արխիվներում ու մասնավոր հավաքածուներում:
Սիամանթոյի ստեղծագործությունը ազգային երևույթ է, բայց այն ամփոփել է համամարդկային բովանդակություն՝ գոյատևման վիթխարի ջանք, անհուն արիություն, պարտության ու հաղթանակի հավերժ դրամա։ Նա «մեծ տաղանդով» երգել է բնաջնջվող ժողովրդի ողբերգությունը՝ ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ: Բռնության դեմ իր անսահման ցասումը արտահայտելու համար նա ստեղծել է նոր բառ, նոր դարձվածք, կերտել է նոր բանաստեղծական խոսք՝ իր մեջ ամփոփելով ժամանակի անսանձ փոթորիկը:
Սիամանթոն ազգային աղետների երգին տվել է գաղափարական լայն ընդգրկում՝ փորձելով իր ժողովրդի պատմության քառուղիները դիտել համամարդկային իդեալների լույսի ներքո:
Իր գրական ուղին սկսելով այնպիսի գործերով, ինչպիսին են «Դիւցազնօրէն» քերթվածքների հավաքածուն կամ «Յոյսին ճամբան» բանաստեղծությունը, նա ճակատագրի բերումով դարձել է «տառապանքի երգիչ»՝ հաճախ մարգարեանալով գուժել իր ազգի ողբերգությունը: Նրա պոեզիային էր վիճակված դառնալ հայ ազատագրական մտքի առաջամարտիկ: Բանաստեղծի ձեռքն անկախ գտնվելու վայրից շատ մոտ է եղել ժողովրդի զարկերակին. «Ատոմ երգեց, և բոլոր այն Հայերը որ իր երգածը կարդացին, զգացին բանաստեղծի հոգին իրենց մէջ: Զգացին որ ան իրենց մարդն է, իրենց հոգեկից եղբայրը, իրենց մտերմութիւնը» ,- գրել է Սիամանթոյի ժամանակակիցը՝ գրականագետ, ուսուցիչ, խմբագիր Գարեգին Խաժակը:
20-րդ դարասկզբին իր աննախընթաց վերելքն ապրող արևմտահայ բանաստեղծությունը, ցավոք, ունեցել է ընդամենը 12-13 տարվա կյանք: 1915 թ. Հայոց ցեղասպանությունը լռեցրել է պոլսահայ հասարակական ու գրական կյանքը, գլխատվել է ժողովուրդը, ինչպես «գլխատումն արևի»: