Գուցե համադրական սկզբունքի փայլուն իրականացու՞մն էր, որ հիմք տվեց ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին ասելու, թե՝ «Վարուժանը կպատկանի այնքան արևմուտքին, որքան Հայաստանին… Նրա տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է Էմիլ Վերհարնը»:
Լայնախոհության և ազգային սահմանափակության հակադիր դիրքերից ելնող այս կոնտեքստում առավել ևս համոզիչ ու ազնիվ է հնչում Վարուժանի մտահոգությունը օտարամոլությամբ տառապող հայրենակիցների հանդեպ: Նա սովորեցնում էր, որ հայոց լեզուն և հայոց այբուբենն են մեր միակ ու անվրեպ զենքերը ուծացման դեմ, որ եթե ֆրանսերենի թեկուզ «անխոհեմ չափերով» տարածումը «Ռուսիո մը կամ ուրիշ հզոր պետության մը համար նվազ աղետաբեր կրնա ըլլալ, բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք», հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի», հայոց լեզուն է, որ ընդունակ է «իրար միացնելու անհատները՝ իբրև ժողովուրդ, ժողովուրդն՝ իբրև ազգ, Ազգը՝ իբրև հայկականություն»: Հարազատ ժողովրդի պատմությանն անծանոթ աշակերտին նա համարում էր «ցավալի կիսաարարած մը»: Ամեն ժողովուրդի զավակ պետք է գիտակցի իր ազգային պատկանելությունը, իմանա իր լեզուն ու պատմությունը, որովհետև միայն այդ դեպքում է, որ հայը կարող է «ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակը ըլլալ» և տեղ ունենալ «ժողովուդներու եղբայրության մեջ, աշխատանքի սրբարանին առջև» և, վերջապես, միայն այդ դեպքում է, որ իրագործվում է ազգայինից համամարդկայինի վերաճելու արվեստի կարևորագույն պայմանը, երբ՝ «Հյուգոյի մեջ բան մը կա, որ արաբ է, արաբին մեջ Նարեկացին՝ Նարեկացիին մեջ հայը»:
1915 թվականի ապրիլի 24-ին հնչեց Մեծ Եղեռնի սարսռալի ահազզանգը: Փորձառու մարդասպանները գիտեին, չէին կարող չիմանալ, որ նախ հարկավոր է ժողովրդին զրկել ուղեղից, իր մտավորականությունից: Պոլսում ձերբակալեցին մի քանի հարյուր մտավորականների, որոնցից մի ութ հոգի հետագայում հրաշքով փրկվեցին և որոնցից մեկն էր ամենաանուրախ մասնագիտության տեր մի մարդ՝ հայ մեծ երգիծաբան Երվանդ Օտյանը: Ֆաշիզմը, դեռևս իր ձևավորված անունը չունենալով հանդերձ, ցույց տվեց իր դեմքը: Վրա հասավ այն սարսափելի պահը, երբ ո՛չ Կոմիտասին, ո՛չ Զոհրապին, ո՛չ Սիամանթոյին, ո՛չ էլ Վարուժանին այլևս իմաստ չուներ մեծ կոչելը, որովհետև այդ պահին միայն մարդասպաններն էին մեծ, Թալեաթը, Էնվերը, Ջեմալը… Ալոգիզմը նորից օրինաչափ դարձավ պատմության համար… Եվ հայ ժողովուրդը, որից թուրքերը փոխ էին առել գութան, հերկ, թուփ, փեթակ, գոմ, նախիր բառերը, ինչպես նաև՝ առաստաղ բառը, ինչպես նաև՝ շեն բառը, շեն ու առաստաղ, զոհ գնաց այն միակ բառին, որ ինքն էր փոխառել թուրքերենից՝ յաթաղանին… Կոտորվեց մեկուկես միլիոնից ավելի հայ, իսկ մնացածներին աքսորեցին հեռավոր Տեր Զորի անապատը, որը, կարծես ճակատագրի ծաղրով, արաբերեն նշանակում է անտառի դղյակ և, ինչպես հետագայում «բախտ» ունեցանք ամերիկյան թերթերից իմանալու, ի տարբերություն «հայկական անհարմար և անպտուղ» շրջանների, «Տեր Զորը հիանալի ու բարեբեր» երկրամաս է Սիրիայում, «որտեղ կլիման նման է Ֆլորիդային և Կալիֆորնիային, ուր Նյու Յորքի միլիոնատերերը ճամփորդում են առողջանալու և հանգստանալու համար»…
Աղբյուրը` Պերճ Զեյթունցյան, Ցուլերը դեռ այնտեղ են, Նաիրի հրատարակչություն 1990թ., 177-178:
Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության