Երգեմք ձեզ երգս զհրեշտակական զձայնս.յաւէժս եւ վայելուչս` մտերիմս եւ ներբողեանս. ո՜վ սուրբ Ղեւոնդեանք:Առաւել պարծիմք ձեօք. սուրբ հօտապետք Քրիստոսի.յօրինեալք եւ յարդարեալք. տաճարք սուրբ մաքրեալք.օթեւանք տէրութեան երկնաւոր Թագաւորին. ո՜վ սուրբ Ղեւոնդեանք:Ի հեղմանէ արեան ձերոյ հոտ անոյշ բուրեաց ի յերկինս.եւ հոտոտեցաւ Տէր ի հոտ անուշից. ընդ կամաւոր պատարագս ձեր. ո՜վ սուրբ Ղեւոնդեանք:Որք համբարձայք ի կաճառս Սերովբէից եւ ի դասս Քերովբէից.բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց. ո՜վ սուրբ Ղեւոնդեանք:
(Շարակնոց)
Սուրբ Ղեւոնդեանք ` թուով ինը հոգի, Ե դարի (454 թ. յուլիս ամիս) սուրբ նահատակներ, որոնց անուններն են`
Ղեւոնդ երէց Վանանդեցի (Իջաւան գիւղից),
Յովսէփ կաթողիկոս (Յովսէփ Ա. Հողոցմեցի,
Վայոց ձորի Հողոցիմք գիւղից, 437-452 թթ.),
Սահակ Ռշտունեաց եպիսկոպոս, Մուշեղ Արծրունի (Աղբակից),
Արշէն կամ Արսէն երէց (Բագրեւանդի Եղեգէկ գիւղից),
Քաջաջ սարկաւագ (որտեղից Ռշտունեաց
եպիսկոպոսն էր), Թաթիկ եպիսկոպոս,
Սամուէլ քահանայ (Այրարատ նահանգի Արած գիւղից),
Աբրահամ սարկաւագ (Այրարատ նահանգի Արած գիւղից):
Այս սուրբ այրերն ունէին քահանայական բոլոր կարգի աստիճանները, քանզի նրանց մէջ կային ե՛ւ կաթողիկոս, ե՛ւ եպիսկոպոս, ե՛ւ քահանաներ ե՛ւ սարկաւագներ: Նրանք «Ղեւոնդեանց» անունն ընդունեցին իրենց հոգեւոր զօրավարից եւ նահատակութեան պանծալի պարագլխից` երիցս երանելի Ղեւոնդ երէցից` սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի աւագագոյն ու գլխաւոր աշակերտներից մէկից:
Հայոց Սահակ Մեծ հայրապետից յետոյ սուրբ Գրիգոր Լուսաւորչի Աթոռի տեղապահութիւնն ընդունեց Մեսրոպ վարդապետը, սակայն նրանից յետոյ հէնց նոյն տարում կաթողիկոսական իշխանութիւնն ստանձնեց Յովսէփ Մեծը` մի սուրբ այր՝ լի գիտութեամբ եւ առլեցուն աստուածային հանճարով ու իմաստութեամբ: Եւ մինչ կամենում էին ձեռնադրել նրան, պարսից Յազկերտ արքան բռնադատեց հայոց իշխաններին ուրանալ քրիստոնէութիւնը եւ նրանց անասելի ծանր կացութեան մէջ դրեց: Նա մեծ զօրք հաւաքեց, որպէսզի աւերի ու գերի Հայոց, Վրաց երկրները եւ Աղուանքը:
Այնժամ սուրբ Յովսէփը Աստուծոյ երանելի այր Ղեւոնդին յանձնարարեց հաստատել ու քաջալերել ժողովրդին, եւ սուրբ Ղեւոնդ երէցն էլ սկսեց զօրացնել եւ խրատել բոլորին յորդաբուխ իմաստութեամբ, առակների մեկնութիւններով ու հոգեշնորհ վարդապետութեամբ: Նրա խօսքերը բխում էին քաղցր մեղրի պէս եւ ուրախութեամբ լցնում լսողների սրտերը, ցանկալի դարձնում նրա հրեշտակային դէմքը եւ իր ներքին լուսաճաճանչ պայծառութիւնը: Իր խօսքով նա երկրի նախարարներին եւ ժողովրդին բոցավառում ու սպառազինում էր՝ քաջութեամբ մարտնչելու հաւատի թշնամիների դէմ եւ իրենց անձերն աներկիւղ մահուան մատնելու սուրբ Եկեղեցու եւ Քրիստոսի սիրոյ համար:
Եւ որ սքանչելի է, սուրբերի նահատակութիւնից տարիներ առաջ, երբ Հայոց երկիրը խաղաղութեան մէջ էր, մի օր, երբ միասին էին մեծ վարդապետ սուրբ Մեսրոպն ու նրա աշակերտները` Կորիւնը եւ Արձանը, տեսան Ղեւոնդին` քուն մտած, իսկ նրա շուրջը` սաստիկ ճառագայթող լոյս: Երանելի այրերը Սուրբ Հոգով իմացան, որ նա պէտք է նահատակուի: Եւ թէպէտ նրանք չպատմեցին սքանչելի տեսիլքի մասին, սակայն այն տարածուեց` մէկը միւսին շշնջիւնով փոխանցելով, որը եւ վայելչապէս ճշմարտացի ցոյց տուեց դէպքերի աւարտը:
Երանելի Ղեւոնդը ժողովրդին ուսուցանում էր հոգեւորը եւ յիշեցնում նախնիների վարքը, նրանց ժուժկալութիւնը եւ անպատում համբերութիւնը: «Նրանք, ասում էր, նայելով այս վաղանցիկ կեանքին, նախընտրեցին յաւիտենականը. ոմանք` տանջանքներով եւ մահուամբ, ոմանք` պահեցողութեամբ եւ գետնատարած անկողիններով: Ոմանք աղքատասիրութեամբ եւ օտարասիրութեամբ առանց իմանալու արժանի եղան հրեշտակներ ընդունելու, ոմանք էլ աշխարհաշինութեամբ եւ արդար դատողութեամբ ընտիր գտնուեցին Աստուծոյ առջեւ: Ոչ բոլորին է վիճակւում մարտիրոսանալ, այլ ինչպէս որ բաշխում է վերին տեսչութիւնը, իսկ ստացողներն էլ պէտք է իմաստուն վաճառակի պէս անցաւորի փոխարէն գնեն անանցը: Եւ դուք, որ պահուած էք մեծ եւ պատուական բաժակի համար, շտապէ՛ք արժանի լինել` հասնելու սուրբերի ժառանգութեանը լոյսի մէջ: Նրանց պատուականութեան մասին սաղմոսերգուն ասում է. «Պատուական է Աստուծոյ առջեւ Իր սուրբերի մահը» 1: Այսպէս իւրաքանչիւրին բոցավառում էր հոգեւոր խօսքերով եւ խրատներով, ամուր եւ աներկիւղ զինում Սուրբ Հոգով, որից ամրանում էին նրանց սրտերը եւ պատրաստւում ուրախութեամբ մտնել նահատակութեան հանդէսը:
Այսպէս, օրհնութիւն ստացած սուրբ քահանաներից` սուրբ Վարդանի հայոց զօրքը շարժուեց ընդդէմ պարսից զօրքի: Նրանց հետ էին Յովսէփ Մեծը, Ղեւոնդ երէցը եւ այլ շատ եպիսկոպոսներ ու երէցներ: Մարտնչեցին արիաբար, կոտորեցին շատ պարսիկների, բայց շատերն էլ նահատակուեցին Արտազի դաշտում: Ողջ մնացածները ցրուեցին լեռներով, դաշտերով ու մացառներով մէկ, իսկ զօրքից մի գունդ սուրբ քահանաների հետ ապաստան գտաւ մի ամուր բերդում: Պարսից զօրքն էլ ուրացող Վասակի հետ պաշարեց բերդը, խաբէութեամբ եւ սուտ երդումներ տալով դուրս բերեց ամրոցում մնացողներին ու կոտորեց նրանցից երկու հարիւր տասներեք հոգու: Այս բանի համար քահանաները բողոքեցին պարսից արքունիքին: Այնժամ Յազկերտն իր խորամանկ հազարապետ Միհրներսէհի խորհրդով նենգօրէն խաղաղութեան պատգամ յղեց Հայոց աշխարհին եւ հրամայեց, որ Վասակի հետ միասին արքունիք գան քահանաների եւ աւագ նախարարների դասից Հայոց աշխարհի մեծամեծները` իբր հաշտութիւն հաստատելու եւ խռովութեան պատճառները քննելու համար: Այնժամ պարսիկ Ատրորմիզդ մարզպանը, տեղեկանալով, թէ քահանաներից ովքեր են առաւել դիմադարձ գտնուել պարսիկներին եւ ովքեր յարել Վարդանանց, հրամայեց իր մօտ բերել սուրբ Յովսէփին, Ղեւոնդ երէցին եւ նրանց մի քանի աշակերտներին, որոնց մէջ երեւելի էին Խորէն երէցը, Աբրահամ երէցը, Բագրեւանդի Արշէն երէցը եւ Ռշտունեաց Քաջաջ սարկաւագը: Նրանք բոլորը Աւեն բերդում էին: Նոյնպէս եւ այլ բերդերից բերել տուեց Ռշտունեաց Սահակ եպիսկոպոսին, Արծրունեաց Մուշէ Մեծ երէցին, Արարատեան գաւառի Արածոյ գիւղի Սամուէլ եւ Աբրահամ երեւելի քահանաներին:
Ատրորմիզդը, իմանալով, որ առաւել շատ սրանք են թշնամի եղել պարսկական կրօնին, աւերել կրակատներ եւ հալածել մոգերին, հրամայեց նրանց շղթայակապ տանել Պարսկաստան: Ճանապարհին նրանց հանդիպեց ուրացող Վասակը, ով գալիս էր Սիւնեաց աշխարհից եւ մեծ շուքով գնում Պարսկաստան: Հեռուից նրան տեսնելով` սուրբ Յովսէփն ասաց Ղեւոնդ երէցին. «Ուրացողը դէպի մեզ է գալիս` անամօթ լրբութեամբ մեզ ողջոյն տալու: Արդ, մտածի՛ր, թէ ինչ ասենք, երբ նա ողջունի մեզ»: Սուրբ Ղեւոնդն ասաց. «Մի՛ փնտռիր Փրկչի ուսմունքը մարդուց սովորել: Մեր Տէրն ասում է. «Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, ողջո՛յն տուէք: Եւ ուր ողջոյնի որդի լինի, թող ձեր ողջոյնը նրա վրայ իջնի, իսկ եթէ արժանի չլինի, թող ձեր ողջոյնը ձեզ դառնայ» 2:
Քիչ անց Սիւնեաց տէր նենգամիտ Վասակը հասաւ նրանց եւ շտապ իջնելով երիվարից` կեղծաւորաբար ողջոյն տուեց սուրբերին, ովքեր, ոչ մի թշնամութիւն բնաւ ցոյց չտալով, նրան ընդունեցին խնդալից սիրով: Այնժամ սուրբ Ղեւոնդը լրջմտութեամբ երկար խօսեց Վասակ իշխանի հետ: Վասակը լսեց երանելու շնորհալից խօսքերը եւ կարծեց, թէ նրանք տեղեակ չեն իր գործած չարիքներից, որի համար աւելի ու աւելի սրտապնդուած` երկար քայլեց նրանց հետ: Բայց յետոյ, երբ փոքրինչ առաջ անցաւ, սուրբ Ղեւոնդը բարձրաձայն կանչեց նրա հետեւից. «Սիւնեա՜ց տէր, Սիւնեա՜ց տէր»: Վասակն արձագանգեց. «Ի՞նչ էք կամենում, տեա՛րք»: Եւ սուրբն ասաց. «Ամէն ինչ խօսեցինք քեզ հետ, սակայն մոռացանք հարցնել ամէնից կարեւորը` ո՞ւր ես գնում»: Այս հարցումից Վասակը խորը տրտմութեան մէջ ընկաւ, հասկացաւ, որ նրանք իրազեկ են իր գործերից եւ զայրագին պատասխանեց. «Գնում եմ իմ տիրոջ մօտ, որպէսզի նրանից մեծ վաստակներիս դիմաց հատուցում ստանամ»: Սուրբ Ղեւոնդն ասաց. «Այն դեւը, որը պատրեց քեզ եւ դրդեց նենգութեամբ վարուել սուրբ Աւետարանի դէմ, քեզ կարծել է տալիս, թէ այնքան մեծ գործեր ես արել, որ արիացիները միայն Հայոց երկրի թագաւորութիւնը տալով կարող են քեզ հատուցել քո վաստակների դիմաց: Սակայն իմացի՛ր, եթէ գլուխդ ուսերիդ վրայ Հայաստան գնաս, ապա ինձ հետ Տէր Աստուած չի խօսել»:
Այս լսելով` Վասակը կտրեց իր բոլոր յոյսերը, զգաց իր անձի կորուստը, որ մօտեցել, վրայ էր հասել, քանզի գիտէր, որ անվրէպ են սուրբի խօսքերը ու պիտի կատարուեն: Եւ այդպէս էլ եղաւ. երբ ուրացողը Պարսկաստան հասաւ, թէպէտ միառժամանակ պատուի արժանացաւ արքայի կողմից, սակայն յետոյ ատեանի անաչառ քննութեամբ ամէն կողմերից պարտական գտնուեց: Եկաւ Սիւնեաց ուխտանենգ Վասակ իշխանը` զարդարուած թագաւորից ստացած բոլոր պատուանշաններով, եւ մեծ շուքով մտաւ արքունի խորան: Չկար մի արքունի պատիւ, որ նա չունենար: Նա ակնկալում էր ստանալ նաեւ Հայոց մեծ աշխարհի թագաւորութիւնը, որովհետեւ միայն դա չունէր: Բայց թշուառականը չէր հասկանում, որ Տէրը հեռացել էր իրենից, որ պիղծ այսը խեղդում էր իրեն, եւ որ այդ ժամին իր վրայ պիտի կատարուէր Աստուծոյ սուրբ այր Ղեւոնդի խօսքը: Սուրբ Աւետարանի ուխտին դաւաճանելը եւ երանելի Ղեւոնդի խօսքը եկելհասել էին նրան, պատել ու պաշարել ամբողջովին: Նրա վրայ կատարւում էր սաղմոսերգուի խօսքը, թէ` «Սեփական դատաստանից պիտի ելնի դատապարտուած, եւ իր աղօթքները մեղք պիտի համարուեն» 3: Յազկերտը հրամայեց բազմութեան առաջ անարգելով խլել նրա բոլոր պարգեւները: Ապա ծաղրանքով մերկացրին նրան` զրկելով տէրութեան պատուոյ զարդարանքներից, խայտառակելով դուրս տարան եւ հեռացրին արքունի հրապարակի սահմաններից: Թշուառութեան մէջ Վասակն ապրեց մի քանի տարի` ծանր վշտերով ու մեծ նեղութիւններով, մաշեց իր օրերը` հառաչելով, ամէն ժամ հոգոց հանելով եւ ինքնաձաղկանքով իրեն ասելով. «Ահա ընդունի՛ր այս չարչարանքները, որոնց քեզ հասցրին սուրբ Աւետարանի հանդէպ ուխտազանցութիւնը եւ Մամիկոնեանների սուրբ Վարդանի ու նրան հաղորդակից ընկերների նահատակութեան արիւնը, ովքեր, ժառանգելով յաւիտենական կեանքը, սերնդէսերունդ անանց բարի անուն թողեցին: Իսկ դո՛ւ, մեղաւոր ա՛նձ իմ, կեանքիդ սակաւաթիւ օրերն ապրելու ես խղճի յանդիմանութեամբ՝ պահուելով մշտնջենական գեհենի համար»: Նրա վախճանը եղաւ այնտեղ` Պարսից երկրում` ըստ սուրբ Ղեւոնդի կանխատես խօսքի: Սակայն, որ ամենավատն է` նա, թէպէտ ճանաչեց իր գործած չարիքները, բայց երբէք ճշմարիտ զղջման չեկաւ: Դժնդակ հիւանդութիւն տիրեց նրան, մահուան հոտ փչեց նրանից, եւ ողջ մարմինը տրորուեց ցաւից: Միայն լեզուն առողջ մնաց, սակայն նրա շուրթերին խոստովանութիւն չգտնուեց: Եւ այդպէս ճաշակեց հեղձամաղձուկ մահը եւ անհուն դառնութեամբ տուեց իր հոգին:
Իսկ երանելի քահանաները, կապուած ծանր շղթաներով, երկու ամսուայ եւ քսան օրուայ ընթացքում հասան արքունիք: Երբ կանգնեցին Միհրներսէհ հազարապետի առաջին ատեանի առջեւ, նա սկսեց իւրաքանչիւրին հարցաքննել, թէ ինչպէս համարձակուեցին վերացնել կրակը, հալածել քուրմերին եւ պատճառ դառնալ մեծ պատերազմի, որում ընկաւ քաջ Վարդանը: Արեաց հազարապետ Միհրներսէհի ու արքունիքի ողջ աւագանու մեղադրանքներն ու սպառնալիքները լսելուց յետոյ առաջ եկաւ Աստուծոյ սուրբ այր Ղեւոնդը, ով բոլորի առջեւ աստուածային իմաստութեամբ ցոյց տուեց նրանց բարբաջանքների սնոտիութիւնը, հեթանոսական պաշտամունքների ստութիւնը եւ քրիստոնէական հաւատի ճշմարտութիւնը, ինչի համար պատերազմում իրենց կեանքը դրեցին հայոց նախարարները: «Մենք, ասաց, քաջալերել ենք նրանց եւ արդարեւ նրանց ճշմարիտ վարդապետներն ենք»: Անօրէն Միհրներսէհը եւ արեաց աւագանին լցուեցին սաստիկ բարկութեամբ եւ ասացին նրանց. «Մեր օրէնքը թոյլ չի տալիս բարկանալ մէկի վրայ, ում բերանից ոչինչ չի լսել: Ասացէ՛ք, դուք է՞լ կ՚ասէք այն, ինչ աներկիւղ համարձակութեամբ յանդգնեց ասել այդ մահապարտը»: Սուրբ Յովսէփն ու սուրբ Սահակն ասացին. «Մենք եւս կամենում էինք ասել այն ամէնը, ինչ որ իր աստուածաշնորհ գիտութեամբ յայտնեց Աստծուց քաջալերուած տէր Ղեւոնդը: Մենք բոլորս միակամ ու միասիրտ ենք»:
Գազազեց անօրէն իշխանը: Նրա հրամանով դահիճները շղթաներով հարուածեցին երանելիների բերաններին այնքան, որ նրանց ռունգերից եւ բերաններից առատ արիւն հոսեց: Միհրներսէհն արձակեց ատեանը, եւ սուրբերն առաքեալների օրինակով խնդութեամբ հեռացան, որովհետեւ Քրիստոսի անուան համար արժանի եղան անարգանքների, ծեծի ու դատապարտութեան: Հայոց նախարարներին եւս, ովքեր Պարսկաստան էին եկել, խստագոյն կապանքներով արգելափակեց նոյն բանտում, մինչեւ որ թագաւորը կը հարցաքննէր ու կը լսէր նաեւ նրանց:
Բանտում էին գտնւում հայոց երեսունմէկ քրիստոսասէր նախարարները եւ ութ երանելի սուրբ քահանաները, ովքեր էին` տէր Յովսէփ կաթողիկոսը, Ռշտունեաց եպիսկոպոս տէր Սահակը, երանելի երէց տէր Ղեւոնդը, Արծրունիների տէր Ներշապուհ Արծրունու դռան երէց տէր Մուշէն, Արածայ երէց տէր Սամուէլը, տէր Աբրահամ սարկաւագը, Եղեգէկի երէց տէր Արշէնը, Քաջաջ սարկաւագը: Թէպէտ նրանք գտնւում էին մեծ նեղութիւնների մէջ, սակայն ամէն ինչ կրում էին Քրիստոսի սիրով: Մխիթարում էին միմեանց ու ասում. «Քաջութեամբ պատերազմեցինք, էլ աւելի մեծ համբերութեամբ կը տանենք չարչարանքները: Մեր սուրբ հայրերից լսել ենք, որ ամենամեծ առաքինութիւնը համբերութիւնն է, իսկ կատարեալ աստուածպաշտութիւնը` երկնաւոր իմաստութիւնը, որը ոչ ոք չի կարող ձեռք բերել առանց չարչարանքների: Երբ երկարում են չարչարանքները, այնժամ շատանում են պարգեւներն ու վարձքի հատուցումը: Ուրեմն, Աստծուց միայն խնդրենք դիմանալ բոլոր փորձութիւններին, եւ Տէրն Ինքը կը հոգայ մեր փրկութիւնը: Մենք լսել ենք Քրիստոսի քառասուն զինուորների մասին, ովքեր շատ հարուածներ եւ տանջանքներ կրեցին: Նրանցից մէկը շտապեց բաղնիք եւ զրկուեց պսակից, իսկ երեսունինը համբերութեամբ նահատակուեցին ու հասան այն աւետմանը, որին փափագում էին: Մեր այն ընկերակիցն էլ (Վասակը), ով բաժանուեց մեզնից, սատանային գործակից դարձաւ եւ դեռեւս հոգին մարմնի մէջ` ընդունեց գեհենի տանջանքների առհաւատչեան»: Խօսում էին այսպէս ու ցաւում կորուսեալի համար, սաղմոսերգում էին` ասելով. «Լաւ է Տիրոջ վրայ յոյս դնել, քան մարդկանց. լաւ է Տիրոջ վրայ յոյս դնել, քան իշխանների. բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, եւ Տիրոջ անունով յաղթեցի նրանց» 4: Քաջալերում էին միմեանց եւ ասում. «Ուրեմն, այս իմանալով` եղբայրնե՛ր, չվախենա՛նք այս անաստուած հեթանոսներից, այլ Տիրոջ անունը կանչելով` յաղթե՛նք նրանց»:
Իսկ Յազկերտ արքան իր թագաւորութեան տասնվեցերորդ տարում մեծաթիւ զօրքով պատերազմի ելաւ քուշանների դէմ: Հրամայեց իր հետ Վրկան 5 տանել նաեւ հայոց քահանաներին ու նախարարներին: Հասնելով Ապար աշխարհի Նիւշապուհ քաղաք` հրամայեց նրանց պահել Նիւշապուհի բերդում, սակայն երկու երանելի հոգեւորականներին` Սամուէլին ու Աբրահամին, հրամայեց տանել իր հետ: Ամէն օր կտտանքներով, ծանր կապանքներով եւ գանահարութեամբ տանջում էր նրանց` ահ ու սարսափ սփռելով այն քրիստոնեաների վրայ, ովքեր գտնւում էին իր մօտ` կարաւանում: Իր թշնամիների դէմ պատերազմներում Յազկերտն իր որոշումների մի մասն անգամ չկարողացաւ իրագործել եւ վերադարձաւ ամբողջովին պարտուած ու ամօթահար` կորցնելով անթիւ զինուորներ: Յազկերտը, տեսնելով իր աննախադէպ պարտութիւնը, մաշւում էր` անասելի վշտի մէջ ընկած: Մտահոգուած փորձում էր իմանալ, թէ ինչու իրեն պատահեց այդ ծանր պարտութիւնը: Իսկ մոգերը, տեսնելով թագաւորին տրտմութեան մէջ, ասացին. «Քա՛ջ արքայ, մեր կրօնից գիտենք, որ ոչ մի մարդ չի կարող կանգնել Քո մեծ զօրութեան առջեւ: Սակայն աստուածները մեզ վրայ բարկացել են քրիստոնեաների պատճառով, ովքեր դէմ են մեր կրօնին, իսկ դու նրանց մինչ օրս ողջ ես պահել»: Թագաւորը հաւատաց մոգերի այս հերիւրանքին եւ մեծ չարութեամբ լցուելով բանտարկուած քահանաների դէմ` ընդունեց, որ, արդարեւ, նրանց պատճառով եղաւ իր զօրքերի այդչափ կորուստը: Ցասման ներքոյ անմիջապէս հրամայեց նախ իր մօտ եղող Սամուէլ երէցին եւ Աբրահամ սարկաւագին տանել կարաւանից շատ հեռու եւ բոլորից ծածուկ գլխատել մի տեղում, որպէսզի քրիստոնեաներից ոչ ոք չտեսնի եւ չպատուի նրանց նշխարները: Սակայն կարգադրեց, որ նախքան նրանց սպանելը կտրեն սուրբ Սամուէլի աջը եւ դնեն տէր Աբրահամի ձեռքում, նոյնպէս էլ սուրբ Աբրահամի աջը կտրեն եւ դնեն տէր Սամուէլի ձեռքում, որովհետեւ «համարձակուել են, ասաց, իրենց այդ ձեռքերը մօտեցնել սրբազան կրակին եւ վերացնել»: Ապա հրամայեց սրով կտրել նրանց գլուխները: Այսպէս այս սուրբերը նահատակուեցին Հրուրից 6 ամսի եօթին, Վատգէս 7 կոչուած գաւառում:
Իսկ հայոց նախարարներն ու քահանաները յանձնուած էին մոգպետին, ով պէտք է չարչարէր նրանց: Սա ամենից գիտակն էր զրադաշտական կրօնի ուսմունքին եւ շատ ջերմեռանդ էր մոգութեան մէջ: Կարծում էր, թէ կատարելութեան է հասել ողջ գիտութեան մէջ, եւ երանելիների վրայ այնպէս էր նայում, ասես թէ նրանք մոլորուել են տգիտութեան պատճառով: Որոշեց անխնայ չարչարել նրանց, որպէսզի չդիմանալով մարմնաւոր նեղութիւններին` թերեւս նրանցից որեւէ աղաչական խօսք լսի: Այդ պատճառով առանձնացրեց քահանաներին, հեռացրեց նախարարներից, գցեց մի խաւարտչին ներքնատուն եւ վեց պահապան մարդկանց հրամայեց պահէպահ երկու գարեհաց, դորակ 8 ու կէս ջուր տալ եւ արգելել որեւէ մէկին մօտենալ բանտի դռներին:
Քառասուն օր այսպէս նեղեց նրանց, սակայն երբ նրանցից ոչ մի տրտունջ չլսեց, մտածեց` թերեւս իր ծառաներից մէկը նրանց ծածուկ կերակուր է տալիս: Անձամբ կնքեց բանտի երդիկն ու դուռը եւ որոշեց սահմանուած սնունդն իր հաւատարիմ մարդկանց ձեռքով հասցնել նրանց: Եւ այսպէս արեց տասնհինգ օր: Սակայն երանելիներն ամենեւին տագնապի մէջ չընկան. նրանք անդադար սաղմոսելով կատարում էին ամէնօրեայ պաշտամունքը, որից յետոյ փոքրինչ հանգստանում չոր գետնի վրայ:
Նրանց հսկող պահապանները սաստիկ զարմանում էին նրանց տոկունութեան վրայ: Նրանք գնացին մոգպետի մօտ ու ասացին. «Այս մարդիկ մեծ զօրութիւն ունեն, որովհետեւ եթէ նրանք անգամ պղնձէ մարմիններ ունենային, չէին դիմանայ բանտի պայմաններին: Երկար տարիներ մեզ է յանձնուած այս բանտի պահպանութիւնը, սակայն մենք չենք յիշում, որ կապուածներից որեւէ մէկը մէկ ամսից աւել դիմանայ այդտեղ: Արդ, մենք ասում ենք, եթէ նրանց համար մահուան հրաման ես ստացել եւ պիտի սպանես, դու գիտես, իսկ եթէ քեզ յանձնարարուած է պահել նրանց, ապա բանտուածները սաստիկ վտանգի մէջ են»:
Այս լսելով` մոգպետը կէսգիշերին գնաց բանտի երդիկի մօտ: Գիշերուայ մթութեան մէջ երդիկից ներս նայեց ու տեսաւ, որ մինչ նրանք հանգստանում էին, իւրաքանչիւրի անձը բորբոքւում էր անշէջ վառուող կանթեղի պէս: Մեծ սարսափի մէջ ընկաւ եւ ասաց իր մտքում. «Ի՞նչ է այս մեծ հրաշքը, ուրեմն մեր աստուածները եկելիջել են այս բանտը, եւ նրանց փառաւորութիւնն է այսպէս երեւում: Եւ եթէ նրանք չմօտենան սրանց, անկարելի է, որ սոսկ մարդը պայծառ լոյսով լուսաւորուի: Ես նրանց կրօնի մասին լսել էի, թէ մոլորուած են յիմարութեան պատճառով եւ սուտ կերպարանքներ են ընդունում տգէտ մարդկանց աչքում. գուցէ այս տեսիլն էլ այդպիսի մի բան է, որ երեւում է ինձ»: Եւ առհասարակ չէր կարողանում հասկանալ, թէ ինչ էր, որ տեսնում էր: Մինչ այս մտքերի մէջ էր, սուրբերը դարձեալ վեր կացան եւ սկսեցին իրենց պաշտամունքը: Այնժամ մոգպետը ճշմարտապէս տեսաւ, որ լուսափայլութիւնը բխում էր հէնց նրանցից: Սաստիկ ազդուեց այդ մեծ հրաշքից եւ դողաց ամբողջ մարմնով: Մինչեւ առաւօտ թմրած ու կիսամեռ մնաց բանտի կտուրին, իսկ լոյսը բացուելուն պէս վեր կացաւ գնաց, բայց իր տեսածը ամենեւին չհամարձակուեց պատմել որեւէ մէկի:
Իր մօտ կանչեց պահապաններին եւ ասաց. «Գնացէ՛ք, բանտուածներին տեղափոխէ՛ք մի աւելի չոր վերնատուն եւ նրանց պահէք այնտեղ»: Դահիճներից մէկը, երբ լսեց մոգպետի հրամանը, շտապ գնաց` իբրեւ մի մեծ աւետիս տանելու նրանց եւ ասաց. «Ձեզ հրամայուեց, ասաց, որ տեղափոխուէք մի աւելի չոր վերնատուն. դէ՛հ, շուտ եկէ՛ք եւ մի՛ ուշացէք»:
Իսկ սուրբ Յովսէփն սկսեց հեզութեամբ խօսել դահճի հետ եւ ասել. «Ձեր անգէտ առաջնորդը չի՞ լսել մեր Տիրոջ գալստեան մասին, որ լինելու է, եւ կամ հրաշակերտ օթեւանների մասին, որ ի սկզբանէ պատրաստուած եւ պահուած են մեզ համար, որի համար էլ հեշտութեամբ դիմանում ենք այս չարչարանքներին: Մարմնաւոր նեղութիւնների համար ամենեւին չենք տրտնջում` իբրեւ անհաւատ մէկը, ով յուսում է միայն երեւացողներին: Քրիստոսի սիրոյ համար ուրախ ենք մեր նեղութիւնների համար եւ դրանք կատարեալ պարգեւ ենք համարում, որպէսզի ժամանակաւոր վշտերի շնորհիւ ժառանգենք անժամանակ երանութիւնները: Երկնքում մենք անձեռագործ շինուածքներ ունենք, որոնց մօտ ձեր արքայական պալատները չեն էլ երեւայ: Դուք չէք կարող սա հասկանալ ձեր տկարամտութեան պատճառով, որովհետեւ ձեր վաղեմի կուրութիւնը թոյլ չի տալիս տեսնել, լսել ու հասկանալ: Այդ պատճառով է, որ զուր պատժում էք մեզ եւ անիրաւ ու անողորմ դատաստան անում: Բայց մեր Թագաւորը բարերար է, բաց է Նրա Արքայութեան դուռը, եւ ոչ մէկին երբէք չի անտեսում: Մենք կարող էինք չընկնել ձեր թագաւորի ձեռքը, ինչպէս ուրիշները, ովքեր ազատուեցին այսօրինակ փորձութիւններից, բայց մենք եկանք յօժարակամ` իմանալով այս վտանգների մասին եւ բոլորովին չվախեցանք: Այժմ կամենում ենք, որ դրանք ծանրացնես այնքան, մինչեւ որ յագենայ քո չար կամքը: Մեր Աստուածը, Ով երկնքի ու երկրի, բոլոր երեւացողների ու աներեւոյթների Արարիչն է, խոնարհուեց, իջաւ մարդկանց մօտ, հագաւ չարչարելի մարմին, անցաւ փորձութիւնների միջով, կատարեց տնօրինութեան բոլոր գործերը, մատնուեց խաչը հանողների ձեռքը, մեռաւ ու գերեզման դրուեց: Իր Աստուածութեան զօրութեամբ յարութիւն առնելով` երեւաց Իր աշակերտներին եւ շատերին, համբարձուեց երկինք` Իր Հօր մօտ, նստեց հայրենի աթոռի աջ կողմում եւ մեզ երկնաւոր զօրութիւն շնորհեց: Արդ, մենք ոչինչ ենք համարում այս չարչարանքները այն սիրոյ փոխարէն, որ Նա ցոյց տուեց մարդկային ազգին»:
Երբ մոգպետը դահճապետից լսեց այս բոլոր խօսքերը, յուզուեց, միտքը պղտորուեց, եւ շատ գիշերներ քունը փախաւ աչքերից: Իսկ մի երեկոյ միայնակ ու մնջիկ վեր կացաւ, գնաց նրանց մօտ: Երբ հասաւ դռանը, մի անցքով ներս նայեց ու դարձեալ տեսիլք տեսաւ` նման առաջին տեսիլքին, միայն թէ նրանք անխռով քնած էին: Մեղմօրէն կանչեց եպիսկոպոսին, ով քաջ պարսկերէն գիտէր: Նա դուրս եկաւ եւ հարցրեց. «Ո՞վ ես դու»: «Ես հէնց ինքն եմ, ասաց, ուզում եմ ներս գալ»:
Երբ եկաւ սուրբերի մօտ, տեսիլքն այլեւ չերեւաց նրան: Նա պատմեց, թէ ինչպէս իրեն երկու անգամ հրաշք երեւաց: Ղեւոնդ երէցն ասաց նրան. «Աստուած, որ ասաց, թէ խաւարի մէջ թող լոյս ծագի, ծագեց եւ իմաստութեամբ լուսաւորեց աներեւոյթ արարածներին: Նոյն զօրութիւնն այսօր լոյս ծագեցրեց քո խաւարած մտքի մէջ, քո կուրացած հոգու աչքերը բացուեցին, եւ դու տեսար Աստուծոյ շնորհների անշէջ լոյսը: Ուրեմն, շտապի՛ր, մի՛ ծուլացիր, գուցէ դարձեալ կուրանալով` խաւարի մէջ խարխափես»:
Եւ երբ այս ասաց, բոլորը ոտքի կանգնեցին` ասելով քառասուներկուերորդ սաղմոսի տողերը. «Ուղարկի՛ր, Տէ՛ր, Քո լոյսն ու Քո ճշմարտութիւնը, որ նրանք առաջնորդեն ու տանեն մեզ սուրբ լեռը եւ Քո յարկերը» 9: Իրապէս, Տէ՛ր, Դու Քո ճշմարտութեամբ առաջնորդեցիր այս մոլորուածին եւ բերեցիր դէպի Քո անանց ուրախութիւնը եւ անմերժելի հանգիստը: Ինչպէս որ Քո չարչարանքների եւ խաչելութեան օրը մահապարտ աւազակին փրկեցիր երկրորդ մահից եւ նրանով բացեցիր Ադենի կողպուած դուռը, այնպէս էլ այսօր գտար նաեւ այս կորուսեալին, ով շատերի մահուան պատճառ էր, բայց այժմ դարձաւ կեանքի աղբիւր մեզ եւ իր անձի համար: Գոհանում ենք Քեզանից, Աստուա՛ծ, եւ փառաւորում Քեզ: Թող հեթանոսները երբէք չասեն, թէ ո՞ւր է նրանց Աստուածը, քանզի այսօր յայտնի եղաւ Քո մեծ զօրութիւնը այս անսանձ, խաւարասէր ազգի մէջ»:
Իսկ նա, ով ձրի գտաւ Աստուծոյ տուած շնորհը, ասաց. «Ճշմարտապէս գիտեմ, որ այսուհետ իմ թշնամիները բազմաթիւ են լինելու եւ պիտի մօտենան` ուտելու իմ մարմինը: Բայց Դու, բոլորի Տէ՛ր, որ եկար ամէնքին կեանք տալու համար, ինձ մի՛ առանձնացրու այս սուրբ գառներից, որոնց խառնուեցի, որպէսզի Քո փարախից դուրս գալիս չար գազանը նորից չպատառոտի ինձ: Տէ՛ր, մի՛ նայիր իմ բազմամեայ չար գործերին եւ մի՛ թող, որ ճշմարիտ ճանապարհից մոլորուեմ ու դարձեալ շատերին տանեմ կորստեան ճանապարհով, այլ որոնց մահուան պատճառ եղայ, նրանց համար թող այսուհետ կեանքի պատճառ դառնամ: Սատանան, որ ինձնով խրոխտացած պարծենում էր այս բազմաթիւ կորստեան մատնուածների մէջ, թող ինձնով էլ գլխիկոր ամաչի իր աշակերտների մէջ»: Ապա սուրբերն աղօթեցին նրա հետ եւ հանգստացան մինչեւ երրորդ պահը: Այդպէս խաղաղութեամբ ննջեցին մինչեւ առաւօտեան ժամը:
Իսկ նա չքնեց, այլ ոտքի վրայ կանգնած եւ ձեռքերը վեր պահած` աղօթքի կանգնեց: Եւ մինչ երդիկի միջով աչքերը սեւեռած երկինք էր նայում, յանկարծ բանտախուցը լցուեց լոյսով. նրան մի լուսեղէն սանդուղք երեւաց, որ դրուած էր երկրից մինչեւ երկինք: Խումբխումբ զօրքերը վեր էին բարձրանում: Բոլորը նորատեսիլ էին ու չքնաղ, ահաւոր ու սքանչելի, ինչպէս հրեշտակները: Տեսած բոլոր խմբերի թիւն ու համարն էլ մտքում ունէր. կար, որ հազար էր, կար, որ՝ երեսուներեք, կար, որ՝ երկու հարիւր տասներեք: Մինչեւ անգամ ճանաչեց նրանցից երեքին` Վարդանին, Արտակին ու Խորէնին: Նրանք իրենց ձեռքերում ինը պսակներ ունէին, խօսում էին միմեանց հետ ու ասում. «Ահա հասաւ ժամը, որ սրանք եւս խառնուեն մեր խմբին, որովհետեւ մենք հէնց իրենց էինք սպասում եւ իրենց համար էինք բերել առհաւատչեայ պատիւը: Իսկ ում չէինք սպասում, ահա եկաւ, խառնուեց եւ դարձաւ Քրիստոսի զինուորներից մէկը»:
Այս չքնաղ տեսիլքը երանելի մարդուն երեւաց երեք անգամ: Քնից արթնացրեց սուրբերին եւ ամբողջն ըստ կարգի պատմեց նրանց: Իսկ նրանք վեր կացան, սկսեցին աղօթել ու ասել. «Ահա Դո՛ւ, Տէ՛ր, Քո ողորմութեամբ պսակեցիր սիրելիներիդ, Քո գթասրտութեամբ ելար այս կորածին փնտռելու եւ խառնեցիր նրան Քո սուրբերի դասին: Սա ոչ միայն երկինքը տեսաւ, որ Քո ձեռքի գործն է, այլեւ տեսաւ երկինքն ու նրա բնակիչներին, եւ մինչ երկրի վրայ է, խառնուեց Քո բիւրաւոր հրեշտակների գնդին: Տեսաւ նահատակուած արդարների հոգիներին, տեսաւ աներեւոյթ պատրաստութիւնների փառքի նմանութիւնը, իսկ նրանց ձեռքին՝ անկասկածելի գրաւականը: Երանի՜ նրան այս սուրբ տեսիլքի համար, եւ երանի՜ է մեզ, որ նա մօտեցաւ մեզ, որովհետեւ նրա միջոցով հաստատապէս իմացանք, որ Քո անսպառ բարիքներից նա մեծ բաժին ընդունեց: Քո պարգեւներն անսպառ են, Տէ՛ր, եւ առանց խնդրելու` Քո յորդաբուխ եւ աննախանձ առատութեամբ բաշխում ես` ում կամենում ես: Բա՛ց մեզ, Տէ՛ր, Քո ողորմութեան դուռը: Քո այս նորագիւտ ձեռակերտին բարեխօս ենք դարձնում մեր անձանց համար, թող մեր հաւատի նաւը չընկղմուի մեղքերի ալեկոծուած ծովի մէջ»:
Այսպէս երկար աղօթելով` յորդ արտասուքներ էին թափում: Գիտէին, որ մօտեցել է իրենց հրաւէրքի ժամը, եւ գիտէին, որ պիտի հանգստանան այն նեղութիւններից, որոնց դիմանում էին մեծ տառապանքներով: Գթութիւն էին հայցում Բարերարից, որ լսելի լինեն իրենց պաղատանքները եւ հաստատուն մնան իրենց վշտի ու նեղութիւնների մէջ, որպէսզի չզրկուեն այն ցանկալի պսակներից, որ ունէին սուրբերն իրենց ձեռքերում, ինչպէս իրենց ցոյց տրուեց Սուրբ Հոգու կողմից:
Եւ քանի որ հէնց ինքը` մոգպետն էր այդ երկրի իշխանը, եւ նրան էին յանձնուած քաղաքի կալանաւորները, ուստի առաւօտեան նրանց համարձակ հանեց տարաւ իր ապարանք: Լուանում ու սրբում էր նրանց բանտի աղտեղութիւններից, վերցնում էր սուրբերի լուացաջուրը եւ լցնում իր մարմնի վրայ: Իր տան մէջ աւազան շինեց, նրանցից սուրբ մկրտութիւն ընդունեց եւ ապա հաղորդուեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնին ու մեղսաքաւիչ Արեանը: Նա բարձրաձայն աղաղակում էր եւ ասում. «Այս մկրտութիւնը թող ինձ համար լինի իմ վէրքերի լուացում, եւ թող Սուրբ Հոգով իմ վերստին ծնունդը, նորոգութիւնը եւ անմահ Խորհրդի ճաշակումն ինձ դարձնեն երկնաւոր որդեգրութեան ժառանգորդ»: Նրանց առջեւ էլ մարմնաւոր կերակրի սեղան բացեց եւ միացաւ նրանց` ճաշակելու օրհնուած հացը:
Եւ թէպէտ հասաւ երկնաւոր բարիքներին եւ երկիւղ չունէր մարդկային հարուածներից, սակայն սաստիկ մտահոգ էր իր հարազատների համար, որ չլինի, թէ նրանց բռնեն` որպէս արքունի գործերի մէջ վնասակար մարդիկ: Այդ պատճառով գիշերը ծածուկ կանչեց նաեւ այն նախարարներին, ովքեր կալանուած պահւում էին նոյն քաղաքում, եւ մեծամեծ ծախսեր արեց: Բոլորը մեծ ուրախութեան մէջ էին այն նոր հրաշքների համար, որ եղան, եւ ամենեւին չէին յիշում, թէ անցել էին որեւէ նեղութեան միջով:
Սեղան նստելու ժամանակ սուրբերը պատուեցին մի երէցի 10, ով իրենց հետ կապանքների մէջ էր: Նա ապրել էր շինական մարդկանց մէջ եւ աւելի անտեղեակ էր Սուրբ Գրքի մխիթարութիւններին: Նրան պատուիրեցին նստել սեղանի գլխին, իսկ երանելին ասաց. «Այդ ի՞նչ էք անում: Ես ձեր կրտսերներից էլ աւելի նուաստ եմ եւ ձեր ամենափոքր աշակերտներից` էլ աւելի տգէտ: Միայն այն, որ հաղորդակից եմ ձեր սուրբ կապանքներին, մեծ բան է ինձ համար: Եթէ ինձ արժանի էք համարում ձեր սեղանին, ամէն մէկդ սեղանի շուրջը բռնէք ձեր տեղը եւ ինձ էլ հրամայէք իմ տեղը նստել»: Բայց սուրբ եպիսկոպոսը, միւս բոլոր սուրբերի հետ միաբան, հարկադրեց եւ նրան բոլորից վեր բազմեցրեց:
Երբ նստեցին սեղանի շուրջ եւ զուարթութեամբ կերակուր ճաշակեցին, ոտքի կանգնեց սուրբ Յովսէփն ու սկսեց խօսել. «Ուրա՛խ եղէք ի Տէր, քանզի վաղն այս ժամին արդէն մոռացած կը լինենք այն բոլոր նեղութիւններն ու չարչարանքները, որ կրեցինք: Մեր այս սակաւ չարչարանքների փոխարէն մտնելու ենք մեծ հանգստի մէջ եւ այս բանտի խաւար զնդանի փոխարէն մտնելու ենք երկնային լուսաւոր քաղաքը, որի Թագաւորը Ինքը Քրիստոս է, այն ասպարէզի հանդիսապետը, որի մէջ նախ Ինքը յաղթութիւն առաւ: Եւ այսօր նոյն Տէրն է, որ յաջողում է մեր գործը մեր անձերի փրկութեան եւ մեծափառ սուրբ Եկեղեցու պարծանքի համար: Այս եղբօրը, ում տեսնում էք մեր սեղանի գլխին, վաղը առաջինը նա է նահատակութեամբ ընդունելու իր պսակը, որովհետեւ ահա եկելհասել եւ մօտեցել է մեր կեանքի թշնամին եւ Քրիստոսի ծառաներիս սուրբ չարչարանքներ պատրաստողը»:
Ապա խօսեց մոգպետը եւ ասաց. «Ձեր սուրբ աղօթքներով թող այդպէս լինի եւ քո ասածի նման ելնեմ այս աշխարհից: Քո խօսքերից ազդուեց հոգիս, եւ ես յիշեցի Քրիստոսի մարդասիրութիւնը, Ում այս աշխարհ գալը մեր մեղքերի համար եղաւ: Թող Տէ՛ր Յիսուս Քրիստոս ինձ այսօր ձեր մեծաշուք գնդին սպասաւոր դարձնի: Մէկ ապաշխարողի համար հրեշտակների անվախճան ուրախութիւն է լինում երկնքում, որովհետեւ նրանք քաջ գիտեն իրենց Տիրոջ կամքը, Ով եկաւ փնտռելու անգամ մէկ մոլորուած ոչխարին: Թերեւս հէնց ինձ համար էր եկել հայոց մեծ զօրավարն իր բազմաթիւ սուրբ ընկերներով. ձեզ համար պսակ էր բերել, իսկ ուրախութեան աւետիս բոլորին էր տալիս: Աղաչում եմ ձեզ, իմ տէրե՛ր ու հայրե՛ր, աղօթէ՛ք անարժանիս համար, որպէսզի արժանի լինեմ հասնելու այն մեծ աւետիսին, որն ասուեց ձեր անսուտ բերանով: Արդ, շտապում եմ հասնել այն օրուան, եւ այդ օրուայ այն ժամին, որ մօտեցել է մեզ: Ե՞րբ պիտի դուրս գամ իմ այս թանձրաշարժ մարմնից, ե՞րբ պիտի տեսնեմ Քեզ` Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ե՞րբ կը լինի, որ չվախենամ մահից, եւ իմ տգիտութիւնը կատարեալ գիտութեան հասնի: Օգնի՛ր ինձ, Տէ՛ր, օգնի՛ր ինձ, մեկնի՛ր ամենազօր Աջդ, եւ թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի ամենասուրբ անունը փառաւորուի ինձնով»:
Բոլորը ոտքի կանգնեցին, գոհութիւն յայտնեցին` ասելով. «Փա՜ռք Քեզ, Տէ՜ր, փա՜ռք Քեզ, Թագաւո՛ր փառաց, որ մեզ ուրախութեան կերակուր տուեցիր, լցրո՛ւ մեզ Քո Սուրբ Հոգով»: Ապա խորհուրդ արեցին, թէ ինչպէս փրկեն մոգպետին, որպէսզի արքունիքում չիմանան, եւ բարկութիւնը կրակի պէս չբորբոքուի միւսների վրայ: Միաբան աղօթեցին եւ նրան Աստուծոյ ձեռքը յանձնեցին:
Իսկ երբ նախարարները բաժանւում էին սուրբերից, ողբալից ուրախութեամբ նրանց ոտքերն ընկած` աղաչումպաղատում էին, որ իրենց յանձնեն Սուրբ Հոգու պահպանութեանը, «որպէսզի, ասում էին, մեզնից ոչ ոք չտկարանայ եւ ընդհանուր միաբանութիւնից դուրս գալով` չար գազանին կերակուր չդառնայ»: Երանելիներն էլ քաջալերում էին նրանց եւ ասում. «Եղբայրնե՛ր, զօրացէ՛ք Տիրոջով եւ մխիթարուէ՛ք Աստուծոյ մարդասիրութեամբ: Նա մեզ որբ չի թողնի եւ չի հեռացնի Իր ողորմութիւնը մեզնից` ի Քրիստոս ունեցած հաւատով: Շնորհիւ այն բազմաթիւ բարեխօսների, որ ունենք Նրա մօտ, ձեր վառ կանթեղները չեն մարի, եւ չի ուրախանայ ձեր կեանքի խաւարասէր թշնամին: Նոյն Տէրն է, որ զօրացնում էր առաջին նահատակներին` խառնելով նրանց իր հրեշտակների գնդերի հետ. նրանց սուրբ հոգիները եւ արդարների բոլոր դասերը կը հասնեն ձեզ զորացնելու համբերութեան մէջ, որպէսզի նրանց հետ միասին արժանի լինէք նրանց պսակներին»:
Ողջ գիշերը լուսացրին սաղմոսելով, իսկ առաւօտեան դահիճները շտապ հասան բանտի դռանը, ներս մտան եւ տեսան, որ նա, ով առաջ մոգպետ էր եւ հէնց նրան էր յանձնուած հսկել երանելիներին, նստած էր նրանց մէջ, լսում էր նրանց եւ անգամ քաջալերում միւսներին, որ չվախենան մահից: Դահիճները սաստիկ զարմացան, չհամարձակուեցին որեւէ բան հարցնել նրան, սակայն գնացին եւ պատմեցին Դենշապուհին, ում յանձնարարուած էր չարչարել սուրբերին:
Իսկ սա, երբ արքունի դահիճներից լսեց այս մասին, մեծ երկիւղի մէջ ընկաւ, մտածելով` թէ գուցէ անձամբ իրեն էլ գործի մէջ խառնեն, մանաւանդ որ քաջ ծանօթ էր մոգպետին: Հրամայեց բանտից հանել բոլորին իրենց կապանքներով եւ այդ քաղաքից տասներկու պարսկական հրասախ 11 հեռացնել, իսկ մոգպետի հետ խօսեց առանձին՝ հարցնելով, թէ որն է նրա կալանուած լինելու պատճառը: Մոգպետը պատասխանեց. «Ծածուկ մի՛ խօսիր ինձ հետ եւ լուսաւոր խօսքերը մի՛ լսիր խաւարի մէջ: Բացուել են իմ աչքերը, որովհետեւ ես տեսայ երկնաւոր լոյսը: Եթէ ուզում ես իմանալ Աստուծոյ մեծամեծ գործերի մասին, հրապարակաւ հարցրո՛ւ ինձ, եւ ես կը պատմեմ քեզ ինչ որ տեսայ»:
Երբ նրանից լսեց ամէն բան եւ ստուգեց նրա միաբանութիւնը սուրբերի հետ, չհամարձակուեց ձեռք բարձրացնել նրա վրայ, թէպէտ արքունիքից հրաման ունէր, այլ շտապ գնաց թագաւորի մօտ եւ թաքուն պատմեց այն ամէնը, ինչ լսեց նրանից:
Թագաւորն ասաց Դենշապուհին. «Թող ոչ ոք ամենեւին չիմանայ այդ մասին, մանաւանդ այն մեծ տեսիլքի մասին, որ երեւացել է նրան, որպէսզի տգէտ մարդիկ երկմտելով` չհեռանան մեր կրօնից: Մինչ մենք ուզում էինք ուրիշներին հնազանդեցնել, մեր կրօնի վարդապետները գնացին նրանց մոլորութեան հետեւից, որովհետեւ մենք չկարողացանք նրանց ոչինչ անել: Ամէնից վատն այն է, որ մի չնչին մարդ չէ, որ դարձաւ դէպի նրանց կրօնը, այլ մէկը, ով քաջ գիտէր մեր պաշտամունքի ամբողջ ուսմունքը եւ երեւելի էր ամբողջ Ապար աշխարհում: Եթէ պայքարի մտնենք նրա հետ, ապա նա աւելի քաջ գիտակ է, քան մեր երկրի բոլոր վարդապետները, եւ գուցէ հիմքից խարխլելով էլ քանդի մեր կրօնը: Իսկ այժմ քեզ երդուեցնում եմ անմահ աստուածներով, ամէնից առաջ քեզ մօտ կանչի՛ր այդ ժանտ ծերունուն. եթէ սիրով համաձայնի եւ զղջալով հրաժարուի նրանց կախարդութիւնից, մեծարի՛ր նրան պատուով, ինչպէս որ ունէր, եւ թող ոչ ոք ամենեւին չիմանայ այդ մասին: Իսկ եթէ չհամաձայնի եւ չկամենայ լսել քեզ, նրա վրայ բազմաթիւ մեղադրանքներ բարդիր, որպէսզի վնասակար համարուի արքունի գործերի մէջ: Հրապարակաւ դատաստան արա՛ եւ աքսորիր Կուրանից ու Մակուրանից էլ այն կողմ. թող նրան գցեն մի վիրապի մէջ, որ այնտեղ էլ մեռնի տառապանքներով: Իսկ այլակրօններին շտապ վերացրո՛ւ, որպէսզի չսասանեն մեր երկրի կրօնը, որովհետեւ եթէ ճարտար մոգպետին շատ արագ իրենց աշակերտ դարձրին, ապա ինչպէ՞ս կարող են տգէտ մարդիկ դէմ կանգնել նրանց ստապատիր խաբէութեանը»:
Արդ, Դենշապուհն ատեան նստեց բանակից դուրս, ինչպէս ասացինք` տասներկու հրասախ հեռու: Խօսեց մոգպետի հետ եւ ասաց. «Ես իրաւունք եմ ստացել ո՛չ միայն հարցաքննել քեզ, այլեւ տանջանքների մատնել: Քանի դեռ ուշ չէ, ընդունի՛ր մեծարանքները եւ խնայի՛ր քո պատուական ծերութիւնը: Հեռացի՛ր քրիստոնէութիւնից, որն ի սկզբանէ չունէիր, եւ նորից դարձի՛ր մոգութեան, ինչպէս որ էիր շատերի համար»: Պատասխանեց երանելին՝ ասելով. «Դու առաջ ինձ համար հարազատ եղբայր էիր, իսկ այսօր` կատարեալ թշնամի: Աղաչում եմ քեզ, մի՛ խնայիր ինձ նախկին սիրովդ, այլ կատարի՛ր քո չար թագաւորի կամքը եւ պատժի՛ր ինձ` ըստ քո իրաւունքի»:
Երբ Դենշապուհը տեսաւ, որ նա ոչ մի բանի տեղ չդրեց թագաւորի սպառնալիքները եւ ոչ էլ իր յորդորներին ուշ դարձրեց, եւ աւելի կամենում էր, որ յայտնապէս խօսի եւ ոչ թէ ծածուկ, վարուեց թագաւորի պատուէրի համաձայն` գաղտագողի նրան քշել տուեց հեռաւոր օտարութեան:
Եւ թագաւորը Դենշապուհին հրամայեց աւագ գործակալներից իրեն երկու ընկերակից օգնականներ վերցնել` Ջնիկանին, ով արքունի մարզպետ էր, եւ Մովան հանդերձապետին` Մովպետան Մովպետի 12 կողմից: Արդ, այս երեքը, իրենց սպասաւորների հետ միասին, վերցրին սուրբերին այն անապատից եւ նոյն գիշերը նրանց տարան նոյնչափ հեռու մի աւելի դժնդակ վայր: Այդտեղ կալանաւորների վրայ նշանակուած սպասաւորներին հրամայեցին, որ նրանց զգուշութեամբ պահեն, որպէսզի ոչ ոք չիմանայ այն ճանապարհը, որով սուրբերին տանելու են նահատակութեան:
Բայց արքունի զօրքից խուժաստանցի մէկը, ով ծածուկ քրիստոնեայ էր եւ ով նշանակուած էր դահիճների խմբում լինելու եւ տանջող գործիքներով սպասաւորում էր օրապահներին, կէսգիշերին եկաւ ու խառնուեց նախարարների խմբերին: Առաջին խումբը կարծում էր, թէ նա միջին խմբից է, միջին խումբը կարծում էր, թէ նա երրորդ խմբից է, եւ այդպէս երեքն էլ նրան այլ խմբերից էին կարծում. եւ ոչ ոք նրան չհարցրեց, թէ՝ դու ո՞վ ես` ո՛չ տէրերից եւ ո՛չ էլ սպասաւորներից:
Հասան մի տեղ, որը բոլորովին զուրկ էր բուսականութիւնից, եւ այնպիսի դժնեայ ապառաժներ էին, որ նրանց համար անգամ նստելու տեղ չգտնուեց: Պարսից երեք իշխանները քիչ հեռացան եւ իրենց դահիճներին հրամայեցին կապել նրանց ձեռքերն ու ոտքերը: Երկար պարաններ գցեցին նրանց ոտքերին, երկու-երկու կապեցին ու սկսեցին քարշ տալ: Այնպէս ձգեցին ու բզկտեցին` քարշ տալով քարքարոտ տեղերով, որ ոչ մի ողջ տեղ չմնաց երանելիների մարմինների վրայ: Ապա կապերն արձակեցին ու մի տեղ բերեցին:
Դահիճներին թուաց, թէ նրանք արդէն կը հնազանդուեն իրենց: Նրանք կարծում էին, թէ ինչ էլ ասեն, կը լսեն, կը կատարեն թագաւորի կամքը եւ կ՚ազատուեն անտանելի տանջանքներից: Բայց չկարողացան լաւ հասկանալ այն, որ դրանով առաւել ոգեւորեցին նրանց:
Ապա Դենշապուհն սկսեց խօսել նրանց հետ եւ ասել. «Ինձ ձեզ մօտ է ուղարկել թագաւորը: Հայոց երկրի աւերումը եւ զօրքերի կոտորածը ձեր պատճառով եղան, եւ շատ նախարարներ այժմ կապանքների մէջ են եւ չարչարւում են ձեր յամառութեան պատճառով: Բայց հիմա ասում եմ ձեզ. ինչպէս որ շատերի չարչարանքների եւ մահուան պատճառ եղաք, այսօր էլ պատճառ եղէք շատերի կեանքի, քանզի ձեր եւ բանտարկուած նախարարներին արձակելը ձեր ձեռքերում է: Ձեր աւերուած աշխարհը ձեզնով կը շինուի, եւ շատերը, որ գերուած են, ազատ կ՚արձակուեն:
«Ահա, դուք ձեր աչքերով տեսաք, թէ ինչպէս թագաւորը չխնայեց մի այնպիսի տոհմիկ մարդու, ում անձամբ ճանաչում էր: Նա քաջատեղեակ էր մեր կրօնին, կատարեալ էր մեր հաւատի մէջ եւ սիրելի` բոլոր մեծամեծներին: Բայց քանի որ այդ մարդն անարգեց դենիմազդեզնը 13 եւ մոլորուեց ձեր տխմար գիտութեան հետեւից, թագաւորն ամենեւին չխնայեց նրա պատուական մեծութիւնը, այլ ինչպէս մի անտուն անտէր գերի` նրան աքսորեց հեռաւոր օտարութեան:
«Արդ, եթէ թագաւորը կրօնի պատճառով չխնայեց անգամ նրան` իր ազգակցին, որքա՜ն առաւել չի խնայի ձեզ` օտարներիդ: Ձեզ համար փրկութեան այլ հնար չկայ, բացի արեգակին երկրպագելուց եւ թագաւորի կամքը կատարելուց, ինչպէս որ սովորեցրել է մեծ Զրադաշտը: Եթէ վարուէք մեր կամքի համաձայն, ո՛չ միայն կը փրկուէք մահից, այլեւ մեծամեծ պարգեւներով ձեր երկիրը կը վերադառնաք»:
Թարգման ունենալով Սահակ եպիսկոպոսին` առաջ եկաւ Ղեւոնդ երէցը եւ ասաց. «Ինչպէ՞ս հնազանդուենք քո երկդիմի հրամաններին, քանի որ դու նախ թագաւորի կամքով ես արեգակին երկրպագում, մեծարում ես արեգակին` նախ տալով նրա անունը, իսկ թագաւորին արեգակից աւելի ես մեծարում եւ ցոյց տալիս, որ արեգակն առանց իր կամքի է սպասաւորում արարածներին: Իսկ թագաւորը, դեռեւս վերահասու չլինելով ճշմարտութեանը, իր ազատ կամքով ում կամենում է, աստուածացնում է, եւ ում կամենում է, ծառայեցնում է: Մեզ հետ մի՛ խօսիր ինչպէս մանուկների հետ, որովհետեւ հասակով կատարեալ մարդիկ ենք եւ գիտութեանն էլ անտեղեակ չենք: Որտեղից դու սկսեցիր, հէնց այնտեղից էլ քեզ կը պատասխանեմ:Մեր կրօնը մեզ այդպէս չի սովորեցնում, այլ պատուիրում է մեծապէս պատուել երկրաւոր թագաւորներին եւ նրանց սիրել մեր ամբողջ ուժով, ոչ իբրեւ մի չնչին մարդու` մարդկանց միջից, այլ ծառայել նրան ինչպէս ճշմարիտ Աստծուն: Եւ եթէ զրկանքներ ենք կրում նրանց կողմից, փոխարէնը Աստուած մեզ խոստանում է երկնքի Արքայութիւնը: Մենք պարտաւոր ենք ո՛չ միայն իբրեւ հպատակ ծառայել նրանց, այլեւ մեր անձերը մահու չափ դնել թագաւորի համար: Եւ ինչպէս որ երկրի վրայ իրաւունք չունենք նրան փոխել այլ տիրոջ հետ, նոյնպէս էլ իրաւունք չունենք ուրիշի հետ փոխելու մեր ճշմարիտ Աստծուն, Ումից բացի չկայ այլ Աստուած: Այն ո՞ր քաջ զօրականը վերջում կը մտնի պատերազմի մէջ. եւ եթէ այդպիսի բան անի, նա ոչ թէ քաջ կը կոչուի, այլ յոյժ վախկոտ: Կամ ո՞ր իմաստուն վաճառականը պատուական մարգարիտը կը փոխանակի անպէտք քարի հետ, այլ միայն նա, ով յիմարացած է տգիտութեամբ, ինչպէս ձեր մոլար առաջնորդները: Կարծում ես մեզ մենա՞կ ես գտել եւ կամենում ես խարդախութեամբ քանդել մեր հաստատուն խորհուրդները, բայց մենք մենակ չենք, ինչպէս կարծում ես, որովհետեւ չկայ մի այնպիսի տեղ, ուր չլինի մեր Թագաւորը` Քրիստոս: Միայն ձեր նմաններն են, որ հեռու են Նրանից եւ մերժուած` Նրա կողմից: Մեր երկրի զինուորներն էլ, ովքեր մեր միջոցով աշակերտել են Քրիստոսին, ոտնահարեցին ձեր թագաւորի ահեղ հրամանները եւ ոչինչ համարեցին նրա մեծամեծ պարգեւները: Կողոպտուեց նրանց հայրենի տէրութիւնը, սակայն նրանք չխնայեցին իրենց կանանց ու որդիներին եւ այս աշխարհի մարմնաւոր գանձերը: Նրանք բոլորը մեզանից առաջ մտան Աստուծոյ Արքայութիւնը եւ խառնուած վերին հրեշտակների գնդերին` ցնծում են պատրաստուած օթեւանների մէջ, որին հասնելով` խառնուեց նաեւ այն մարդը, ում աքսորեցիր: Երանի՜ եմ տալիս նրան: Երանի՜ եմ տալիս նրան, եւ երանի՜ այն հողին` որի միջով նա պիտի անցնի, եւ այն տեղին, ուր նա պիտի նահատակուի, որովհետեւ նա իր պատուականութեամբ գերազանցում է ոչ միայն ձեր արքունիքին, այլեւ երկնքի լուսատուներին, որոնց դուք երկրպագում էք»:
Պատասխանեց Մովան հանդերձապետը եւ ասաց. «Աստուածները բարերար են եւ համբերում են, որպէսզի մարդիկ հասկանան իրենց տկարութիւնը եւ նրանց մեծութիւնը: Դուք իրաւունք չունէք ընդդիմանալ նրանց կամքին եւ յանձն չառնել երկրպագել արեգակին, որն իր ճառագայթներով լուսաւորում է ամբողջ տիեզերքը: Խնայէ՛ք ձեզ եւ մի կողմ թողէք ամէն բան, ուղղէ՛ք ձեր առաջիկայ գործերը, որպէսզի ձեզնով ուրիշներն էլ ողորմութիւն գտնեն մեծ թագաւորի կողմից»:
Սուրբ Սահակը պատասխանեց. «Իբրեւ մի ուսեալ եւ խիստ կրթուած մարդ` հոգ ես տանում աշխարհի շինութեան ու թագաւորի փառքի համար, բայց դա յոյժ տգիտութեամբ ես անում, որովհետեւ դաւանում ես բազում աստուածների, սակայն նրանց բոլորի համար չես ասում, թէ` մի կամք ունեն: Եթէ վեհագոյնները հակամարտ են միմեանց, մենք` նրանցից ստորիններս, ինչպէ՞ս կարող ենք հաւատալ քո խօսքերին…»: Սուրբ Սահակը ցոյց տուեց նրանց խաւար պաշտամունքի մոլորութիւնը ու ճշմարիտ քրիստոնէական հաւատի լոյսը եւ վերջում աւելացրեց. «Ով չի խոստովանում խաչեալ Աստծուն, խաւարն է պատել նրա հոգուն ու մարմնին: Պատրաստ ենք մեռնել մեր Տիրոջ նման: Ինչպէս եւ ինչ կերպ կամենում ես, կատարի՛ր քո չար կամքը»:
Երբ անօրէն Դենշապուհը նայեց բոլորին, տեսաւ, որ նրանք զուարթ են, մեծապէս ուրախ, եւ հասկացաւ, որ ոչինչ են համարում իր խօսքերը: Հրամայեց առաջ բերել նրանցից ամենակրտսերին` Արշէն երէցին: Կապեցին նրա ձեռքերն ու ոտքերը եւ պրկեցին այնքան ուժեղ, որ ճարճատիւնով կտրուեցին բոլոր ջղերը, եւ այդպէս երկար ժամանակ մնաց անտանելի պրկումների մէջ: Սուրբն սկսեց աղօթել՝ ասելով. «Ահա իմ շուրջը պատեցին բազմաթիւ շներ եւ չարերի ժողովը պաշարեց ինձ: Ծակեցին իմ ոտքերն ու ձեռքերը, եւ իմ բերանի փոխարէն բոլոր ոսկորներս աղաղակեցին» 14: Լսի՛ր ինձ, Տէ՛ր, ունկնդրի՛ր ինձ, ընդունի՛ր իմ հոգին Քո սուրբ զօրականների ժողովում, որ երեւաց քո նորակերտ ձեռակերտին: Ես, որ ամէնքից կրտսերն եմ…»: Եւ այլեւս չկարողացաւ խօսել գելարանի անտանելի պրկոցներից: Անմիջապէս հրաման տրուեց դահիճներին` սրով կտրել երանելու պարանոցը եւ մարմինը նետել մի ցամաք խորխորատի մէջ:
Ապա Դենշապուհն անմիջապէս դարձաւ եպիսկոպոսին եւ ասաց. «Խնայէ՛ք ձեզ եւ սրա պէս մի՛ մատնուէք չարչարանքներով մահուան, ինչպէս տեսաք ձեր աչքերով, իսկ եթէ յամառէք, դաժան տանջանքներով վերջ կը տամ ձեր կեանքին: Դուք չգիտէք, թէ որքան համբերատար եմ ձեր հանդէպ: Ես աղ ու հաց եմ կերել ձեր երկրում, ուստի գութ եւ սէր ունեմ ձեր աշխարհի հանդէպ»: Սուրբ Ղեւոնդն առանձին խօսեց սուրբ Սահակի հետ. «Մենք այժմ պէտք է պատասխանենք այնպէս, ինչպէս Փրկիչը պատասխանեց Պիղատոսին ատեանի առջեւ: Դրանց ասա` «Ձեր խոստացած պատիւն ու փառքը Աստուած չանի, որ մեզ հասնեն: Մեզնից ոչ ոք չի ուզում հողեղէն ու մահկանացու մարդու կողմից արժանանալ պատուի, որն ապականում է ուտիճն ու ցեցը, եւ գողն էլ տանում է մէկ վայրկեանում: Մենք Բարձրեալի երկնաւոր ու անմահ Աջից ենք ստացել փառք ու պատիւ: Մեր այս երանելի փառաւորութիւնից միայն մէկ բան է պակասում` մահուան բաժակը, որին ծարաւ ենք եւ շտապում ենք ըմպել: Արբեցրէ՛ք մեզ շուտով, որ ուրախութեամբ ազատուենք այս կեանքից»:
Երբ սուրբ Ղեւոնդն աւարտեց իր խօսքը, երանելի միւս ընկերները խնդրեցին սուրբ Սահակ եպիսկոպոսին, որ նա իրենց կողմից եւս անօրէն իշխաններին յայտնի, թէ` «Ինչ որ ասացին մեր սուրբ վարդապետներն ու հոգեւոր հայրերը` տէր Յովսէփն ու տէր Ղեւոնդը, նոյնը մենք ենք ասում, շտապէ՛ք կատարել այն, ինչի համար որ եկել էք, եւ մի՛ ուշացրէք»:
Զայրացած երեք անօրէն իշխաններն այլեւս չկարողացան երկար հանդուրժել սուրբերին: Վեր կացաւ ինքը՝ Դենշապուհը, մռնչաց առիւծի պէս, հանեց իր սուրը եւ այնպէս հարուածեց սուրբ Սահակ եպիսկոպոսին, որ կտրեց նրա աջ ուսը թիկունքի հետ միասին եւ նրա ձեռքը վայր գցեց: Իսկ նա, ձախ կողմի վրայ ընկնելով, աջ ձեռքը վեր բարձրացրեց, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, ընդունի՛ր ինձ որպէս կամաւոր զոհ, որ մատուցեցի Քեզ, եւ խառնի՛ր ինձ Քո սուրբ զինուորների գնդին»: Միաժամանակ քաջալերում էր իր ընկերակիցներին ու ասում. «Ահա հասել է մեր նահատակութեան ժամը: Մի պահ փակէ՛ք ձեր մարմնաւոր աչքերը եւ կը տեսնէք մեր յոյս Քրիստոսին»: Եւ թաւալուելով իր արեան մէջ` ասում էր. «Ամէն ժամ կ՚օրհնեմ Տիրոջը, Նրա օրհնութիւնը միշտ իմ բերանում է: Թող իմ անձը պարծենայ Տիրոջով, հեզերը լսեն եւ ուրախ լինեն: Արդարները շատ նեղութիւններ ունեն, այդ բոլորից կը փրկի նրանց Տէրը եւ կը պահի նրանց բոլոր ոսկորները» 15:
Եւ մինչդեռ քիչ ուժ էր մնացել մարմնում, նայեց ու տեսաւ, որ երկնքից գալիս էին հրեշտակների շատ գնդեր, իսկ հրեշտակապետի ձեռքին վեց պսակ կար: Ի վերուստ ձայն լսեց, որն ասաց. «Քաջալերուէ՛ք, Իմ սիրելինե՛ր, որովհետեւ ահա պիտի մոռանաք ձեր վշտալի կեանքը եւ հասնէք երանելի պսակներին, որ հիւսեցիք ձեր իմաստութեամբ: Առէ՛ք եւ իւրաքանչիւրդ դրէ՛ք ձեր գլխին, որովհետեւ դրանց պատրաստման հարկաւոր նիւթը դուք հայթայթեցիք, իսկ հիւսուեցին Քրիստոսի ամենասուրբ ձեռքով: Ընդունէ՛ք դրանք հրեշտակների ձեռքից եւ պսակակից կը լինէք Ստեփանոսին»: Նա քաջ տեսնում էր նաեւ այն սուրը, որ դեռեւս շողում էր երանելի ընկերների պարանոցների վրայ:
Երբ սուրբ Ղեւոնդը տեսաւ, որ միանգամից մահուան հրաման է տրուած, ասաց երանելի Յովսէփին. «Մօտեցի՛ր, առաջացի՛ր դէպի սուրը, որովհետեւ դու աստիճանով բարձր ես բոլորիցս»: Եւ երբ այս ասաց, մէկը միւսի հետեւից շարքով կանգնեցին: Եւ քանի որ դահիճներին ստիպում էին արագացնել, միանգամից կտրեցին երանելիների պարանոցները եւ գցեցին սուրբ եպիսկոպոսի առաջ: Իսկ նա հոգին աւանդելիս աղաղակեց եւ ասաց. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր մեր բոլորի հոգիները, եւ մեզ խառնի՛ր Քո սիրելիների գնդին»: Այսպէս նոյն տեղում նահատակուեցին բոլորը:
Արդ, եթէ կամենում ես նրանց շարքը դասել նաեւ մոգպետին, ով հաւատաց Քրիստոսին, թուով եօթն էին, բացի նաեւ այն երկուսից, ովքեր նահատակուեցին Վատգէսում եւ Թաթիկ անունով միւս եպիսկոպոսից, ով նահատակուեց Ասորեստանում: Իսկ այդ նոյն տեղում վեց հոգի էին, որոնց անուններն են`
սուրբ Սահակ Ռշտունեաց եպիսկոպոս,
սուրբ Յովսէփ կաթողիկոս` Վայոց ձորի Հողոցիմք գիւղից,
Ղեւոնդ երէց Վանանդից` Իջաւան գիւղից,
Մուշէ երէց Աղբակից,
Արշէն երէց Բագրեւանդի Եղեգէկ գիւղից,
Քաջաջ սարկաւագ, որտեղից էր նաեւ Ռշտունեաց եպիսկոպոսը,
երանելի Մոգպետ Նիւշապուհ քաղաքից,
Սամուէլ երէց Այրարատից` Արած գիւղից,
Աբրահամ սարկաւագ` նոյն գիւղից:
Նրանք նահատակուեցին Յազկերտի թագաւորութեան տասնվեցերորդ տարում, Հրոտից 16ամսուայ քսանեօթին: Նահատակուեցին Ապար աշխարհում, մոգերի այն գիւղի մօտ, որ կոչւում է Ռեւան:
Հեռանալով այդ տեղից՝ Դենշապուհն ու նրա հետ եղող միւս իշխաններն ընտրեցին ու տեղում թողեցին ինը զինուած մարդկանց, որոնց մէջ, իհարկէ, Աստուծոյ տնօրինութեամբ երանելի Խուժիկին, որին ընտրելով` Դենշապուհը խնդրեց մնալ` իբրեւ իւրային եւ իր հրամաններին միշտ պատրաստ մարդու: Այս պահապաններին հրամայեցին. «Մինչեւ տասն օր կամ աւելի զգուշութեամբ պահէ՛ք այդ մարմինները, որպէսզի գիշատիչ թռչունները ոսկորները ցրեն այս ու այն լեռնագագաթներով ու քարանձաւների խորաձոր տեղերում: Գուցէ քրիստոնեաները գան, գտնեն ու տանեն նրանց մարմինները եւ տարածեն բոլոր քրիստոնեաների մէջ: Այն ժամանակ մենք մահապարտ կը լինենք թագաւորի առջեւ»: Եւ Դենշապուհի պահապանները հանդերձապետ Մովանի եւ Ջնիկանի հրամանով հսկեցին նշանակուած օրերը: Երանելի Խուժիկն այդ օրերին մտածում էր, թէ Աստուած իրեն ինչ հնարքով ցոյց կը տայ այն ճանապարհը, որով ինքը կ՚արժանանայ միւս պահապաններից սուրբերի նշխարները գողանալուն:
Եւ մինչ երանելին այս մտքերի մէջ էր, յանկարծ նոյն օրուայ երեկոյեան այդ տեղում երկրաշարժ եղաւ: Անդունդներից դղրդիւն եւ ահաւոր ձայներ լսուեցին: Ամպերը կուտակուելով` ծածկեցին երկիրը: Որոտի ձայներն ու կայծակների փայլատակումները լեռներ էին դողացնում: Եւ ահա ծիածանի պէս լոյսի մի սիւն, երկնքից իջնելով, կամարաձեւ պարուրեց նահատակների մարմինները: Պահապանները կիսամեռ եղած գետնին ընկան. ոչ ոք չգիտէր, թէ ուր է իր ընկերը: Թաւալւում էին գետնի վրայ ու չէին կարողանում վեր կենալ, քանզի երկրաշարժը նրանց ցնցելով` պոկում էր գետնից: Եւ այսպէս, թուլացած ոտքերով ու համրացած բոլորը տապալուել էին, իսկ երանելի Խուժիկը պահւում էր Աստուծոյ Աջով: Նա ուրախացած փառք էր տալիս Աստծուն` յայտնապէս հասկանալով, որ այդ պահին կատարւում է իր խնդրանքը: Այս ահաւոր տագնապը տեւեց ամբողջ գիշերը, բովանդակ ցերեկը եւ յաջորդ գիշերը եւս` մինչեւ արեւագալի ժամը: Ապա լռեցին անդունդներից եկող ձայները, եւ ամպերի որոտները փարատուելով վերացան: Երկիրն այլեւս չէր շարժւում, իսկ փայլատակումների ցայտումները ամփոփուելով մարեցին: Այս ամէնը տեղի ունեցաւ երկու ասպարէզի 17 չափ տարածութեան վրայ:
Իսկ պահապանները, ահաւոր թմրութիւնից փոքրինչ ուշքի եկած, մտածում էին, թէ ուր փախչեն այդտեղից, սակայն այնքան սարսափած էին, որ չէին կարողանում ոտքի կանգնել. միայն իրար երեսի էին նայում եւ չէին կարողանում որեւէ բան ասել: Բայց երրորդ օրուայ ժամը իննին երանելի Խուժիկը, վեր կենալով, իբր թէ կաղեկաղ, հետհետ նայելով փախաւ այնտեղից: Նրանք տեսան երանելի Խուժիկին, ով գնում էր ծուռումուռ ընթացքով: Փոքրինչ ուշքի գալով` իրենք էլ փախան այդ տեղից: Երկիւղից չէին համարձակւում հետ նայել եւ մի գլուխ շտապում էին` հասնել Դենշապուհի եւ միւս իշխանների մօտ, իսկ երանելի Խուժիկը հեռացաւ նրանցից: Պահապանները, վեցերորդ օրը հասնելով իշխանների մօտ, պատմեցին մէկ օրուայ ու երկու գիշերուայ մէջ եղած բոլոր դէպքերը: Դենշապուհն ու իր ընկերները, տեսնելով նրանց երեսների գոյնը ու լսելով կատարուած սարսափելի դէպքերի մասին, զարհուրեցին: Նրանք երկար ժամանակ մնացին ապշահար: Անմիջապէս պահապաններին հրամայեցին լռել եւ ոչ ոքի չպատմել այդ մասին, բայց մտածմունքի մէջ ընկած` Դենշապուհն ու Ջնիկանը առանձնակի զարմանքով, ասես անզգայութեան մէջ թաղուած, ասացին միմեանց. «Քրիստոնեաների գործն այնքան էլ թեթեւ ու չնչին գործ չէ, այլ հաստատապէս մեծ է նրանց օրէնքների ու հաւատի զօրութիւնը, իսկ մենք անգիտութեամբ կորչում ենք ու չենք զգում»:
Երանելի Խուժիկը, տեսնելով, որ բոլոր կողմերից փարատուած է ամէն մի կասկած, մտածեց, որ այլեւս ոչ ոք չի մտածի սուրբերի նշխարների մասին: Իր հետ վերցնելով ուրիշ տասն ընկերների, որոնց քաջ գիտէր` որպէս ջերմեռանդ քրիստոնեաներ, ծածկապէս գնացին գիշերով` առնելով իրենց հետ գրաստներ ու սուրբերից իւրաքանչիւրի համար մի քառակողմ կողով: Նահատակութեան վայրին մօտենալով` վրիպեցին այն տեղից, ուր գտնւում էին սուրբերի մարմինները, որովհետեւ գիշերուայ աղջամղջի ժամն էր: Քիչ փնտռելով տրտմեցին` մտածելով, որ իրենք անարժան են երկնաւոր գանձը գտնելուն: Եւ մինչ խռովուած էին այս մտքերի մէջ, յանկարծակի լուսաւոր արծուի նման մի բան, երկնքից սլանալով, իջաւ ու նստեց սուրբ Ղեւոնդի մարմնի վրայ` լուսաւորելով տեղանքն առաւել, քան ցերեկն է լուսաւորում: Այնժամ յստակ երեւացին նաեւ բոլոր սուրբերի մարմինները: Եւ նրանք սրտագին ուրախութեամբ երկրպագեցին Տէր Աստծուն եւ իւրաքանչիւրին դրեցին կողովի մէջ, ինչպէս որ Խուժիկին նշմարւում էր իբրեւ գրով: Սուրբերի մարմիններից անուշահոտութիւն էր բուրում` խելացնոր զմայլանք պատճառելով իւրաքանչիւրին: Նրանք, շտապ գրաստները բարձելով, տեղափոխուեցին անապատ մի վայր` այնտեղից պարսկական երեք հրասախ հեռու, եւ եօթ օր մնացին, որպէսզի անցներ վտանգը: Ապա սուրբերի ոսկորները մաքրեցին անուշահոտ մարմիններից, մարմինները ծածկեցին պատուական կտաւներով, զգուշութեամբ թաղեցին այնտեղ` անապատում, իսկ ոսկորները բերեցին Շահաստան եւ իրենց մօտ ծածուկ պահեցին շատ օրեր: Ապա սկսեցին թաքուն տալ առաքինի քրիստոնեաներից ոմանց, ովքեր վերցնելով` այն ընդունում էին որպէս հոգու եւ մարմնի փրկութեան գիւտ եւ արագ հասցնում իրենց երկրները` ի շահ իրենց ընտանիքների ու երկրի հոգեւոր կենդանութեան:
Բայց երանելի Խուժիկն այն աստուածապարգեւ գանձի առաջին պտուղը նախ բերեց ու տուեց հայոց բանտուած նախարարներին: Իսկ նրանք, արժանանալով այդ գանձերին, անմիջապէս հասկացան, որ Աստուած պիտի այցելի իրենց, ու սուրբերի նշխարների բարեխօսութեամբ երբեւէ պիտի ազատուեն իրենց կապանքներից` ըստ Աստուծոյ սուրբ այր Ղեւոնդի խօսքի, ով գիշերն իրենց խրատելիս աւետեց, թէ Աստուծոյ շնորհով իրենք կը տեսնեն իրենց երկիրը: Այս խօսքերը կատարուեցին իր ժամանակին. մահուան սպառնալիքը վերացաւ նրանց վրայից, ներման հրովարտակներ ուղարկուեցին Հայոց աշխարհ, եւ նախարարներն արձակուեցին իրենց կապանքներից:
Այս երանելի Խուժիկը, ով արժանի եղաւ ծածուկ սպասաւոր լինելու սուրբերին, այս ամէնը պատմեց մեզ ըստ կարգի՝ սուրբերին չարաչար քարշ տալը, դատաւորների հարցուփորձը, սուրբերից իւրաքանչիւրի պատասխանները, նրանց նահատակութիւնը, պահապան զինուորների կրած մեծ արհաւիրքները, երեք պարսից նախարարների տարակուսանքները, սուրբ ոսկորների ամփոփումը` ո՛չ թէ խառնիխուռն, այլ նրանցից իւրաքանչիւրն առանձին` վեց տապանների մէջ ժողովուած:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանեանի` Ղեւոնդեանց խումբը տօնացոյցի մէջ յիշատակւում է քահանայից անուամբ, թէպէտ ինը նահատակներից մէկը կաթողիկոս էր, երկուսը` եպիսկոպոսներ, երկուսը` սարկաւագներ, եւ չորսը միայն լոկ քահանաներ էին: Այդ պարագայում քահանայ անունը ամուսնացեալ եկեղեցականութեան հետ նոյնանշան է համարւում, եւ ինը մարտիրոսներն էլ այդ դասին պատկանելու համար ընդհանուր կերպով քահանաներ են կոչւում` առանց ուշ դարձնելու աստիճանի տարբերութեան վրայ: Այդ խորհրդով է, որ մինչ օրս Ղեւոնդեանց տօնը Հայ Եկեղեցու քահանայից դասի յատուկ տօնախմբութեան օր է ճանաչուած: Աստիճաններին ուշադրութիւն չդարձնելու հետեւանքն է, որ խմբի անունն էլ Ղեւոնդ քահանայի անուամբ է եւ ոչ թէ Յովսէփ կաթողիկոսի կամ Սահակ եպիսկոպոսի:
Սուրբ Ղեւոնդ Վանանդեցին սուրբ Սահակ Պարթեւի ամենահին աշակերտներից էր եւ նոյնիսկ աշակերտներից ամենագլխաւորը: Նա Յովսէփ կաթողիկոսի անբաժան գործակիցն էր: Շնորհիւ իր խորիմաստութեան եւ հռետորաբանութեան՝ թէ՛ Աւարայրի բանակում, թէ՛ Տիզբոնի ատեանի առջեւ եւ թէ՛ Ռեւանի դատական քննութեան ժամին միշտ եղել է գլխաւոր խօսնակը: Մի խօսքով, սուրբ Ղեւոնդն այս ողջ շարժման հոգին էր, եւ այդ պատճառով էլ գործակիցներն իր անուամբ կոչուեցին: Նա Վանանդ գաւառի Իջաւանք գիւղից էր, սակայն իր գործունէութեան ասպարէզն առաւել եղել է Բագրեւանդում: Տարիքը պէտք է համարել եօթանասունն անց, քանի որ հայոց գրերի գիւտի օրերին արդէն յիշատակւում է որպէս երէց, եւ նրա նահատակութիւնը դրանից յիսուն տարի անց է:
Յովսէփ կաթողիկոսի տարիքը պէտք է ենթադրել մօտ վաթսունը, քանի որ սուրբ Ղեւոնդը Միհրներսէհի առջեւ նրա համար ասում էր. «Ինձնից առաւել երիտասարդ տարիներով էք տեսնում»:
Սահակ եպիսկոպոսը տարիքով աւելի շատ Ղեւոնդի, քան թէ Յովսէփի հասակակիցն է: Նրա արժանիքների մէջ յիշուած է պարսկագէտ լինելը, որով թէ՛ Միհրներսէհի, թէ՛ Դենշապուհի ատեանների առջեւ կատարում էր երբեմն թարգմանի եւ երբեմն էլ բոլորի կողմից խօսողի պաշտօնը: Նրան պարզապէս Ռշտունեաց են ասում` առանց նշելու նրա գաւառը, գիւղը, նախարարական կամ ազնուական տնից լինելը:
Մուշեղ քահանայի հայրենիքը Աղբակ գաւառն էր, իսկ պաշտօնը` Արծրունի նախարարութեան մօտ իբրեւ դռան երէց կամ որ նոյնն է` իբրեւ նախարարական ազգատոհմի տաներէց: Տարիքի համար տեղեկութիւններ չկան, սակայն երիտասարդ չի եղել: Անունը շատ անգամ նշուած է` Մուշէ:
Արշէն երէցի ծննդավայրն է Բագրեւանդի Եղեգէկ գիւղը, եւ այդ կողմերում էլ պէտք է եղած լինի նրա քահանայական պաշտօնավարութիւնը: Նա Սահակ Մեսրոպեան աշակերտութեան ուսեալ դասից չէր, այլ «շինական մարդկանց միջից էր գալիս, եւ աւելի անհաղորդ էր Գրքերի մխիթարութեանը»: Բայց իր ընկերները իրենց նրանից ոչ միայն բարձր չէին համարում, այլեւ առաւելագոյն պատիւներով քաջալերում ու զօրացնում էին նրան:
Քաջաջ սարկաւագը բնիկ Ռշտունի էր եւ Սահակ եպիսկոպոսի փոքրաւորը: Արշէնն ու Քաջաջը ամէնից կրտսերներն էին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ղեւոնդեանց յիշատակը տօնում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: