«Աստվածամայրը Մանկան հետ» նկարների պատկերագրական այս տիպը կոչվում է Խանդաղատանք (ռուս. Умиление, անգլ. Eleusa)։ Այդպիսի պատկերները մեծաթիվ են քրիստոնեական արվեստում, որոնցից է նշանավոր Վլադիմիրյան Տիրամայրը 12-րդ դ. բյուզանդական բարձրարվեստ իկոնան։ Հայ արվեստում այդ պատկերները հիմնականում կարելի է տեսնել մանրանկարներում։ Դրանցից մեկն է Թորոս Տարոնացու գործը` 1307 թ.։ Մեր նկարչի պատկերած մոր և մանկան գորովալից գգվանքն ընդգծվում է ոչ միայն այտերի հպումով, այլև Աստվածամոր աջ ձեռքերի արտահայտիչ շարժումով։ Ինձ համար այս նկարներն առաջին հերթին սիրո ու բարության խորհուրդն են կրում, մի բան, որի կարիքն այնքա՜ն շատ ունի աշխարհը։
Կարեն Մաթևոսյան