Համո Բեկնազարյան (մայիսի 19, 1891 կամ մայիսի 31, 1892, Երևան, Ռուսական կայսրություն — ապրիլի 27, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914 թվականից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։
Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։
Կենսագրություն
Համո Բեկնազարյանը սովորել է Երևանի, ապա՝ Տաշքենդի գիմնազիաներում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։
1915 թվականից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923), «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։
1925 թվականին հրավիրվել է Երևան և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։ Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։
Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն։ «Երկրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թվական, Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք», 1954 թվական, Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թվական, կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ)։
Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։
Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։
Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։
Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թվական՝ ռուսերեն, 1968 թվական՝ հայերեն) գրքի։
Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան։
2017 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային։
Ֆիլմագրություն
Ռեժիսորական աշխատանքներ
1923 — Անարգանքի սյան մոտ (սցեն., ռեժ.)
1924 — Կորսված գանձեր (սցեն., ռեժ.)
1925 — Նամուս (սցեն., ռեժ.)
1926 — Նաթելլա (սցեն. Շ.Շիշմարևի հետ, ռեժ.)
1926 — Շոր և Շորշոր (սցեն., ռեժ.)
1926 — Զարե (սցեն., ռեժ.)
1926 — Երկրաշարժ Լենինականում (վավերագրական) (սցեն., ռեժ.)
1927 — Չար ոգի (սցեն.)
1927 — Խասփուշ (սցեն. Ա. Տեր-Հովնանյանի և Գ. Բրագինսկու հետ, ռեժ.)
1928 — Տունը հրաբխի վրա (սցեն. Պ. Ֆոլյանի հետ, ռեժ.)
1929 — Սևիլ (սցեն. Գ. Բրագինսկու և Ջ. Ջաբարլի հետ, ռեժ.)
1930 — Կաշի (վավերագրական) (սցեն., ռեժ.)
1930 — Բամբակ (վավերագրական) (սցեն., ռեժ.)
1930 — Երկիր Նաիրի (սցեն., ռեժ.)
1930 — Իգդենբու (սցեն. Ս. Վիտկինի հետ, ռեժ.)
1932 — Շքանշանով մարդը (սցեն., ռեժ.)
1935 — Պեպո (սցեն., ռեժ.)
1938 — Զանգեզուր (սցեն. Յա.Դուկորի, Վ. Սոլովյովի հետ, ռեժ.)
1941 — Սաբուխի (ռեժ. Ր. Տախմասիբի հետ)
1942 — Դուստրը (ռեժ.)
1943 — Դավիթ Բեկ (սցեն. Ս. Հարությունյանի, Յ. Դուկորի, Վ. Սոլովյովի հետ, ռեժ.)
1947 — Անահիտ (ռեժ.)
1949 — Արարատյան դաշտի աղջիկը (ռեժ.)
1950 — Սովետական Հայաստան (վավերագրական) (սցեն. Է. Քարամյանի հետ, ռեժ. Լ. Իսահակյանի հետ)
1951 — Երկրորդ քարավան (անավարտ)
1954 — Բնակարանամուտ
1959 — Նասրեդինը Խոջենտում (սցեն. և ռեժ. Է. Քարամյանի հետ)
Դերասանական աշխատանքներ
1914 — Էնվեր Փաշա — Թուրքիայի մատնիչը — պահակ
1915 — Փախստականները (Պատերազմի ճահճուտում ) — Յուրի Նագոռնի
1915 — Առևտրական Վոլգինի երեխաները — Միխայիլ Սմիռնով
1915 — Ողբերգություն «Ինքնաթիռում» — առևտրական
1915 — Իմ խարույկը լույս է տալիս մառախուղում — նկարիչ Կրասոտին
1915 — Օլեսյա
1915 — Աշխարհի հեքիաթ — օպերային երգիչ
1915 — Նաբաթովների ընտանիքի ողբերգությունը — հողատեր Վիկուլով
1915 — Կաղ ազնվականը
1916 — Ուրախ կադրիլ- Օրլով
1916 — Աղջիկներ, ում հետ չեն ամուսնանում
1916 — Դիմակով հոգին
1916 — Խորհրդավոր աշխարհը — Զոլոտնիցին, Էսթետների ակումբի նախագահ
1916 — Կոնստանտինոպոլյան ողբերգություն
1916 — Գեղեցիկ ոտիկներ
1916 — Անվեժ արյունը — Պավլիկ Ադրենին
1916 — Ըմբոստ հոգին
1916 — Կրակոտ դևը — իշխան Նիրաձե
1916 — Վտանգավոր տարիք — Ալեքսանդր Ալչևսկի, միլիոնատիրոջ տղան
1916 — Աշխարհի ողբը — դևերի առաջնորդի որդին
1916 — Հաղթված կուռքը — Սոլնցև
1916 — Թույնից քաղցր — Եվգենի
1916 — Լեքոքի ծերությունը — Լեքոքի որդին
1917 — Կիզիչ կրքերի մարդիկ
1917 — Ճերմակում է սպիտակ առագաստը
1917 — Պայքար երջանկության համար
1917 — Մարգարտե պսակը
1917 — Կոմսուհի Տարտանովսկայի հուշերը
1917 — Ննջեցյալները լռում են — օգնական Լևիտով
1917 — Հաղթողներ և հաղթվողներ — բանաստեղծ Հարալդ
1917 — Ավերված տաճարը
1917 — Ռոկամբոլ
1917 — Թագավորական արքունիքի գաղտնիքները (Գրիշկա Ռասպուտինի սպանությունը) — Յուսուպով
1917 — Խավարի ուժերը — Գրիգորի Ռասպուտին — Յուսուպով
1918 — Երեկոյան զոհ — ռումինացի երաժիշտ Վալեսկո
1918 — Եվա — նկարիչ Լեոնիդ
1918 — Մահվան գնացողը — քանդակագործ Իվար
1918 — Սուտը
1918 — Ողբի և ունայնության պարը — Լեոնիդ Վերիգին
1918 — Օրլովների տան խայտառակությունը — գեներալ Օրլովի որդին
1918 — Հայրենիքը — գեներալ Օրլովի որդին
1918 — Ձկնորսը և կուրտիզանուհին- ձկնորս
1918 — Սատանայի սկերցո-ն — սատանա
1918 — Այդպես եղել է, բայց այդպես չի լինի — Սերգեյ Պոպով
1918 — Երեք գող — Կասկարիլյա
1918 — Մեդուզայի ժպիտը — նկարիչ Մորև
1919 — Կյանքի հավիտենական հեքիաթը — կոմս
1919 — Քավության գավաթը — Յակով Արիս
1922 — Սուրամի ամրոցը- Դուրմիշ-խան
Պարգևներ և կոչումներ
1935 — ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1941 — Ստալինյան II աստիճանի մրցանակ «Զանգեզուր» ֆիլմի համար