Տիտոս 1.12-2.10
1.12 Նրանցից մէկը՝ իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»: 13 Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագո՛յնս կշտամբիր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ 14 եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին: 15 Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ: Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են: 16 Խոստովանում են, թէ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք:
2.1 Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. 2 որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ: 3 Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ, 4 որ խրատեն դեռատի կանանց սիրել իրենց մարդկանց, լինել որդեսէր, 5 խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծոյ խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի: 6 Երիտասարդներին նո՛յնպէս յորդորիր լինել խոհեմ, 7 քո անձը բոլորին օրինա՛կ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն, 8 ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ: 9 Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց՝ ոչ հակառակուող, 10 ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծոյ վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն:
Ավ. ըստ Հովհաննեսի 8.12-20
12 Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: 13 Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»: 14 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում: 15 Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. 16 թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց: 17 Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, որ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է: 18 Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»: 19 Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կճանաչէիք»: 20 Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել: