1918թ. օգոստոսի 31-ի եւ սեպտեմբերի 1-ի գրոհների արդյունքում թուրքական բանակի վերահսկողության տակ էին անցնել Բաքվին մերձակա Բալախանի, Սաբունչի, Սուրախան եւ մի քանի այլ շրջաններ։
Թեեւ պաշարման օղակը սեղմվում էր, սակայն թուրքական բանակն արդեն զգալի կորուստներ էր կրել եւ ի վիճակի չէր վերջնական հարված հասցնել պաշարված քաղաքին։ Թուրքական բանակի հրամանատարությունը որոշում է նոր ուժեր ու սպառազինություն կենտրոնացնել։ Այդ նպատակով Բաքվի ռազմաճակատ են ուղարկվում 15-րդ դիվիզիայի 56-րդ եւ 106-րդ հետեւակային գնդերը՝ հրետանային երեք մարտկոցով։ Թիկունքային պաշտպանական գծերից՝ Գյանջայից եւ Քյուրդամիրից, առաջնագիծ են տեղափոխվում մեծ թվով հրետանային արկեր եւ Բաքվի գրոհին մասնակցող հրետանու յուրաքանչյուր թնդանոթ ապահովվում է 1000 արկով։
Այս գործողություններից հետո թուրքական հրետանին մի քանի անգամ գերազանցում է քաղաքի պաշտպանների հրետանային միջոցները, ինչն առաջիկա մարտերում ծանր հետեւանքներ է ունենում պաշտպանների համար։ Սեպտեմբերի առաջին օրերին թուրքերը մի քանի փոքր գործողություն են իրականացնում, ինչի շնորհիվ բարելավում են իրենց հարձակողական դիրքերը (Աշոտ Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս եւ 1918թ. ինքնապաշտպանական կռիվները, Երեւան, 1984թ.)։
Դանստերվիլի կոչը
Օգոստոսի կեսերին Բաքու էին հասել անգլիական բոլոր ուժերը՝ գեներալ Լայոնել Դանստերվիլի հրամանատարությամբ։
Ժամանելուն պես Դանստերվիլը կոչ է հղում քաղաքի բնակչությանը, որում մասնավորապես ասված էր.
«Մենք ձեզ անկեղծ եւ հանդիսավոր խոստում ենք տալիս, թե մեր զորքերը Ռուսաստան մտնում են միայն օգնելու ձեզ, Գերմանիայի դեմ ձեր ունեցած պատերազմում: Ձեր հողից մի բուռ անգամ խլելու միտք չունինք: Մենք ցավում ենք, որ քաղաքացիական կռվով բաժան-բաժան եք եղած եւ ձեր ներքին երկպառակությունները մեծապես օգնում են Գերմանիայի աշխարհակալական ծրագրին: Սակայն, մենք միտք չունինք որեւէ քաղաքական ձեւ ցույց տալ Ռուսաստանին, որի բախտը իրեն՝ ռուս ազգի ձեռքն է»։
Անգլիացիների մուտքը մեծ, ինչ-որ իմաստով նաեւ՝ անտեղի ոգեւորություն է առաջացնում։ Քաղաքի պաշտպանները կարծում էին, թե անգլիացի զինվորները գրեթե ամենազոր են, եւ նրանց ներկայությունը անխոցելի է դարձնելու Բաքուն։ Ամենամեծ մոլորությունը անգլիական բանակի թվակազմի մասին իրականությանը չհամապատասխանող պատկերացումներն էին։ «Հորիզոնը» 1918թ. սեպտեմբերի սկզբին, հիմնվելով Բաքվից եկած մարդկանց հաղորդած տեղեկությունների վրա, գրում էր, որ անգլիական ստորաբաժանումը բաղկացած է շուրջ 5 000 զինվորներից ու սպաներից։ Այնինչ անգլիացիները քաղաքի պաշտպանության համար կարող էին հատկացնել ոչ ավելի, քան 900 զինվոր, այն էլ՝ երկու հերթափոխով, ինչը նշանակում էր, որ մարտական գործողություններին մասնակցելու էին անգլիական 400-450 հետեւակային։
«Անգլիացիների գալը մեծ ուրախություն առաջ բերեց հայ եւ ռուս ազգաբնակության մեջ: Ժողովուրդը կարծում էր, որ իր պարտքը կատարել է արդեն. նա մեծ զոհաբերությամբ նավթաշխարհը պահել է մինչեւ դաշնակիցների գալը, եւ նրանք հիմա պարտական են ընդհանուր Դաշնակիցների շահերի համար ամեն գնով պահել քաղաքը եւ թշնամուն քշել:
Շա՜տ ուրախացել էին եւ զինվորները: Նրանք կարծում էին, որ անգլիական զինվորը անհաղթելի է եւ քանի նա կար, իրենք հանգիստ էին: Չիմանալով անգլիացիների քանակը, հայ զինվորները կարծում էին, թե եղած անգլիացիք հենց մենակ բավական էին տաճիկին հաղթելու համար» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերոսամարտը, Հայրենիք, 1925թ., թիվ 10, օգոստոս, Բոստոն):
Քաղաքի պաշտպանների հակասությունները
Բացի թվաքանակից, անգլիացիները ծանր մարտերին մասնակցելու առանձնապես մեծ ցանկություն չունեին։ Նրանք տեսնում էին, որ Ցենտրոկասպյան դիկտատուրայի ռազմական ղեկավարությունը միասնական չէ, եւ առավել չեզոք դիրք են զբաղեցնում։ Քաղաքի պաշտպանությունը ղեկավարող շտաբում հատկապես բացասական դերակատարություն էր ունենում օպերատիվ բաժինը լեյտենանտ Երմակովի գլխավորությամբ, որը կարծես առանձին ստորաբաժանում լիներ, հաճախ ինքնագլուխ որոշումներ էր ընդունում, չէր համաձայնեցնում իր հրամանները գլխավոր շտաբի հետ։ Արդյունքում՝ Երմակովի եւ շտաբի պետ, գնդապետ Ավետիսյանի բախումները անվերջանալի էին։
Սեպտեմբերի 9-ին Երմակովը հատուկ խորհրդակցության է հրավիրում Դիկտատուրայի անդամներին, ՀՅԴ-ից Ռոստոմին եւ Մելիք-Յոլչյանին, որի ժամանակ հայտնում է, թե գնդապետ Ավետիսյանին պետք է «հանգստի ուղարկել», քանի որ նա «ջղային բնավորություն» եւ անհամաձայնություններ ունի բարձրագույն ղեկավարության հետ, որի պատճառով անգլիացիների հետ հարաբերությունները վատացել են։ Ներկաները խիստ մտահոգվում են այս հայտարարությունից, իսկ գնդապետ Ավետիսյանը կոպտում է, սպառնում Երմակովին եւ լքում խորհրդակցության սենյակը։ Ավետիսյանի փոխարեն շտաբի պետ է նշանակվում ազգությամբ գերմանացի Ֆոն դեր Ֆլեասը, իսկ մեկ օր անց՝ բրիտանացի փոխգնդապետ Ստոքսը։
Խորհրդակցությունից հետո գնդապետ Ավետիսյանը Ռոստոմին հայտնում է, որ քաղաքը կործանումից փրկելու միայն մեկ միջոց է տեսնում. նա առաջարկում էր մի քանի վստահելի սպայի հետ իրեն ուղարկել Լենքորան, ստանալ գնդապետ Իլյաշեւիչի ռազմական օգնությունը, Սալյանի մայրուղով շարժվել Հաջիքաբուլ, խափանել երկաթուղին եւ թիկունքից հարվածել թուրքական բանակին։ 1918թ. հուլիսի 31-ին՝ Ցենտրոկասպյան դիկտատուրայի հաստատումից հետո, Մուղանում ստեղծվել էր նմանատիպ կառավարման մարմին, որը հայտնի է «Հինգի դիկտատուրա» անունով, եւ գնդապետ Իլյաշեւիչը «դիկտատորներից» մեկն էր։
Սեպտեմբերի 12-ին Ավետիսյանը մեկնում է Լենքորան, սակայն չի հասցնում իրականացնել իր նախագիծը. մի քանի օր անց Բաքուն ընկնում է։ Փոխարենը ինքն է դառնում դավադրության զոհ. «Բաքուն ընկնելուց հետո, բոլշեւիկյան ագիտացիայի շնորհիվ եւ գնդապետ Իլյաշեւիչի միջոցով կազմակերպված խուլիգանների ոհմակը մի օր հարձակվել էր Ավետիսյանի վրա, իբր թե կողոպուտի նպատակով, եւ սպանել նրան: Այսպես զոհվեց այն հերոսը, որ 1918թ. օգոստոսի 15-ին փրկեց Բաքուն»,- գրում է Մելիք-Յոլչյանը։
Հանձնեք քաղաքը, քանի ուշ չէ
Մինչ ռազմաճակատ կհասներ համալրումը, թուրքերը Սումգայիթ կայարանի մոտ փակում են ջրամատակարարումը եւ սկսում քաղաքի շուրջօրյա հրետակոծությունը։ Թուրքական հրետանավորները շատ ճշգրիտ էին գործում։ Թուրքերը բազմակողմանի տեղեկություններ էին ստանում քաղաքից, որտեղի մահմեդական բնակչությունն ամեն կերպ աջակցում էր նրանց։
Ռազմական նախապատրաստությունից բացի, թուրքերը մի քանի անգամ դիմում են քաղաքի պաշտպաններին՝ պահանջելով հանձնվել։
Առաջին միջնորդությունն անում է Ադրբեջանի նորաստեղծ կառավարության արտաքին գործերի նախարար Մամեդ Հաջինսկին։ Դիմելով Բաքվի Հայոց ազգային խորհրդին՝ նա ասում էր, որ Բաքուն պետք է գրավվի։
«Ոչ մի ուժ, լինի դա անգլիական, բոլշեւիստական, մեշեւիստական եւ այլն՝ չի կարող օգնել: Ինձ որպես Անդրկովկասի հանրապետություններից մեկի ներկայացուցչի, որպես բաքվեցու՝ հետաքրքրում է ոչ միայն այդ հարցը, այլ հայերի եւ մուսուլմանների փոխհարաբերությունների հարցը:
Բոլոր մնացածներն Անդրկովկասի համար անցողական տարրեր են: Դեռ ժամանակ եւ հնարավորություն կա հայ-թրքական հարաբերություններն ուղղելու դեպի այն հունը, որով նրանք բնականորեն պիտի հոսեն: Դեռ հնարավորություն կա հրդեհը հանգցնելու։ Չէ՞ որ Ադրբեջանի այն հայկական կետերն, որոնք դադարեցրել են արնահեղությունները եւ բարձրացրել սպիտակ դրոշակ, ապրում են եւ օգտվում լիակատար անձեռնմխելիությամբ:
Գանձակի, Գյոկչայի, Արեշի եւ այլ գավառների բոլոր հայ գաղթականներին իրենց հարազատ տեղերը վերադարձնելը դրան ապացույց է հանդիսանում», — գրում էր Մամեդ Հաջինսկին:
Շուտով հանձնվելու պայմաններ է ներկայացնում նաեւ թուրքական բանակի «Արեւելք» խմբավորմանը կից գերմանական շտաբի պետ, օբեր-լեյտենանտ Պարակենը։ Նա պահանջում էր առանց քանդելու եւ վնասելու հանձնել քաղաքը, որպեսզի իրենք նավթից օգտվելու հնարավորություն ունենային։
Նաեւ հաշտություն եւ իրենց բարեկամությունն էին առաջարկում՝ չմոռանալով սակայն սպառնալիքներ հնչեցնել։ «Եթե մեր առաջարկությունը մերժեք, այդ դեպքում բոլոր պատասխանատվությունը ձեր վրա է ընկնելու: Որովհետեւ դրանով ապացուցած կլինեք, որ, հակառակ Հայոց Հասարակապետության մտադրությանը, դուք, Անգլիայի հրամանով, ուզում եք հայկական եւ ռուսական արյուն թափել»,- գրում էր Պարակենը։
Հայերին ուղղված կոչ է ուղարկվում նաեւ թուրքական գլխավոր շտաբից։ Թուրքերն ավելի հեռուն էին գնում եւ կոչ անում «նորոգել հայերի ու թուրքերի միջեւ եղած որդիական եւ հայրական հին բարեկամությունը», խոստանում էին հայերի հետ լավ վարվել, պահպանել իրավունքները, եթե հանձնեն Բաքուն։ Թուրքական նամակը նույնպես ավարտվում էր սպառնալիքով ու պատասխանատվությունը հայերի վրա բարդելով. «…եթե չընդունեք այս մարդասիրական, սիրալիր առաջարկությունները, այն ժամանակ թող Աստված մեզ պատասխանատու չհամարե թափվելիք արյան եւ ընտանիքների քայքայման համար: Այնուհետեւ ամեն տեսակ բարոյական եւ նյութական պատասխանատվությունը կընկնի հայերի վրա: Եվ այնուհետեւ ակնհայտնի կլինի, որ հայերը ոչ ազգային եւ ոչ էլ քաղաքական նպատակի չեն ծառայում, այլ միմիայն անգլիական քաղաքականությանն են օգնում»։
Ազգային խորհրդի պատասխանը
Բաքվի Հայոց ազգային խորհուրդը, պատասխանելով քաղաքը հանձնելու առաջարկներին, նշում էր, որ անհասկանալի է, թե հեղինակներն ինչու են դիմում հայերին։ Չէ՞ որ քաղաքի իշխանությունը Ցենտրոկասպյան դիկտատուրան էր։ Ավելին՝ հնչող սպառնալիքները հակասում էին մարդասիրության եւ պատերազմի կանոններին։
«Մենք բնավ չենք կասկածում, որ քաղաքի բոլոր խաղաղ բնակիչների կյանքն ու գույքը թշնամին պիտի ապահովե: Եվ վստահ ենք, որ ձեր զորքերը այս դեպքում չեն ոտնակոխելու պատերազմում ընդունված այս ընդհանուր կանոնը: Ուստի եւ մեզ համար անբացատրելի է ձեր սպառնալիքը ջնջելու հայ բնակչությունը, մինչդեռ պատերազմի կանոններով քաղաքի բոլոր ազգաբնակությունը, առանց բացառության, իրավունք ունի թշնամու պահպանությանը, այլ ոչ նրա մի մասը միայն: Մեզ համար անհասկանալի է նմանապես ձեր մշտական դիմումը հայերին: Անկարելի է, որ դուք չիմանաք, թե դուք պատերազմ եք մղում Ռուսիայի դեմ, հանձին տեղական ռուս իշխանության, եւ եթե ներկա տարվա ապրիլ ամսից Հայոց Ազգային խորհուրդը զինվորական զորամասեր չունի, մյուս ազգաբնակության հետ միասին իր քաղաքացիական պարտքն է կատարում: Ձեր սպառնալիքը Բաքվի հայ ազգաբնակությունը ջնջելու պատերազմական սովորությունների մեջ չլսված մի ակտ է, որի դեմ մենք բացարձակորեն բողոքում ենք ամբողջ լուսավոր աշխարհի առաջ» (Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ., Երեւան, 2003թ.):
Առանց դիմադրության քաղաքը հանձնելու Պարակենի առաջարկին արձագանքում է նաեւ Ցենտրոկասպյան դիկտատուրան. «Ժամանակավոր Դիկտատուրան ի գիտություն բոլորի հայտարարում է, որ Ռուսաստանի Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը պատերազմում է թուրքերի եւ գերմանացիների դեմ, որոնք ոտնձգություններ են արել Ռուսաստանի տարածքի եւ Ազատության մեծ հեղափոխության հանդեպ, ուստի բնակչության առանձին հատվածների բանակցությունների մեջ ներքաշելու նենգ թշնամու բոլոր փորձերը նախօրոք դատապարտված են անհաջողության»։
Գնդապետ Քեյվորթի դիմումը
Քաղաքի հետագա պաշտպանությունը անհնարին էին համարում առաջին հերթին անգլիացիները։ Սեպտեմբերի սկզբին Դիկտատուրայի անդամներին դիմում է անգլիացի գնդապետ Քեյվորթը՝ ասելով. «Ոչ մի ուժ աշխարհում չի կարողանա փրկել Բաքուն թուրքերից։ Պաշտպանության հետագա շարունակումը նշանակում է միայն հետաձգել դժոխային օրը եւ անիմաստ կորուստներ կրել։ Ես թույլ չեմ տա իմ մարդկանց անտեղի զոհվել։ Ես ձեզ հրավիրել եմ ասելու, որ պատրաստվում եմ հրամայել իմ մարդկանց դուրս գալ կրակի գծից» (The adventures of Dunsterforce, London, 1920):
Բրիտանացիների հետ այս քննարկման մանրամասները նկարագրել է նաեւ Սերգեյ Մելիք-Յոլչյանը՝ գրելով, որ «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Դանստերվիլը հայտնել էր, թե քաղաքը հնարավոր չէ պաշտպանել։ Նույն կարծիքն էին հայտնել գնդապետ Ստոքսը, Համազասպը, Դոկուչաեւը եւ ուրիշներ։ Խորհրդակցությունից հետո բոլորը, բացի անգլիացիներից, գնում են գեներալ Բագրատունու տուն եւ մինչեւ ուշ գիշեր քննարկում ստեղծված իրավիճակը։ Որոշվում է քաղաքը հանձնելու շուրջ բանակցել թուրքերի հետ։ Հաջորդ առավոտյան սակայն պարզվում է, որ բանագնացները չեն մեկնել ռազմաճակատ, քանի որ տեղեկություն էր ստացվել, որ թուրքերի հետ բանակցելու համար Թիֆլիսից ժամանելու են Ռամիշվիլին եւ Հայոց ազգային խորհրդի բանագնացները։
Բանակցությունները տապալվում են
Դեռեւս օգոստոսի կեսերին Բաքվում իրադրությունը կարգավորելու եւ հաշտություն կնքելու միջնորդությամբ հանդես էր եկել Վրաստանի ազգային խորհրդի անդամ Իսիդոր Ռամիշվիլին։ Սեպտեմբերի սկզբին նա կրկին պատրաստակամություն է հայտնում Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Արզումանյանի եւ Հարությունյանի հետ գնալ Բաքու, սակայն վերջին պահին հրաժարվում է, եւ Բաքու է մեկնում միայն հայկական պատվիրակությունը։
«Վրաստանն այժմ հրաժարվել է մասնակցել Բաքվի պատվիրակության։ Այսօր նորից ասպարեզում միայն Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունն է, որը պատրաստ է դաշնագրի 11-րդ կետի առիթով մեկնելու Բաքու, եթե միայն Թուրքիան եւ Ատրպատականը դրա դեմ ոչինչ չունենան», — գրում էր «Հորիզոն» թերթը:
Մելիք-Յոլչյանի կարծիքով թուրքական հրամանատարությունը, վախենալով, որ պատվիրակության այցը կարող է ձախողել քաղաքի գրավումը, թույլ չէր տվել անցնել Բաքու, եւ գնացքը հետ էր վերադարձել Թիֆլիս։
Ոչ ոք չէր ուզում հեռանալ քաղաքից
Հայոց ազգային խորհուրդը ոչ պաշտոնապես քաղաքի բնակչությանը տեղեկացնում է ստեղծված իրադրության մանրամասները եւ առաջարկում հեռանալ, սակայն գրեթե ոչ ոք չի հետեւում այս խորհրդին։ Մելիք-Յոլչյանի գնահատմամբ՝ նախ՝ ոչ ոք չէր հավատում, որ քաղաքը կարող է հանձնվել, բացի այդ, գնալու տեղ պարզապես չկար։
Սեպտեմբերի առաջին օրերին թուրքերը կրկին առաջ են շարժվում եւ դիրքեր զբաղեցնում Ցեխոտ լեռան հատվածում։ Ամսի 9-ին նրանք զարգացնում են առաջխաղացումը եւ ադրբեջանական գյուղերի բնակչության աջակցությամբ զբաղեցնում Բեյուկ-Շոր-Ստենկա Ռազին գիծը՝ գրավելով Բաքվի խոշոր նավթահանքերը։ Հայկական 20-րդ գումարտակը չի կարողանում դիմադրել եւ նահանջում է։ Սեպտեմբերի 11-ին քաղաքի պաշտպաններին է հանձնվում թուրքական բանակի՝ ազգությամբ հնդիկ մի սպա եւ հայտնում, որ սեպտեմբերի 14-ի գիշերը մեծ հարձակում է սպասվում։ «Տեղեկություն հաղորդողը չէր կարող կամ չէր ցանկանում հայտնել, թե 14 մղոնանոց ռազմաճակատի կոնկրետ որ մասում է լինելու հարձակումը։ Նա միայն ասաց, որ պետք է ուժեղացնել թեւերի պաշտպանությունը» (The adventures of Dunsterforce, London, 1920):
Գեներալ Դանստերվիլը Դիկտատուրայի անդամներին առաջարկում է նավ տրամադրել իրեն Էնզելի գնալու եւ օգնություն բերելու համար։ Խնդրանքը կատարվում է, սակայն գեներալը ոչ մի տեղ չի գնում, փոխարենը ուժեղ պահպանություն է կարգում նավի վրա։
Դատապարտելի անփութություն
Սեպտեմբերի 14-ի լուսադեմին սկսվում է հրետակոծությունը, եւ թուրքերն անսպասելի հարձակման են անցնում։
«Այստեղ երեւան եկավ մեր ընդհանուր հրամանատարության դատապարտելի անփութությունը: Քաջ իմանալով թշնամու հարձակման մասին, մերոնք, փոխանակ պրոժեկտորներով լուսավորելու թշնամու շարժման ճանապարհը, ռմբակոծելու այն եւ հարյուրավոր գնդացիրների կրակով խանգարելու նրա առաջխաղացումը, հանգիստ մնացել էին իրենց դիրքերում եւ հնարավորություն տվել հակառակորդին Շաբանդաղի բարձունքներից անվտանգ իջնելու Պուտայի եւ Էյբայրի հովիտները, անցնելու վերջինները, բարձրանալու Գայլի Դրունքի շղթաների բարձունքները եւ անվնաս մտնելու մեր դիրքերը: Այդտեղ միայն, մտնելով թշնամու հետ անմիջական շփման մեջ, մերոնք սկսում են իսկական մենամարտը»,- գրում է Մելիք-Յոլչյանը։
Մարտերը շարունակվում են ողջ օրվա ընթացքում։ Ցերեկը պարզվում է, որ անգլիացիները փոքր խմբերով դուրս են գալիս առաջնագծից եւ շարժվում դեպի իրենց նավը։ Այս տեղեկությունները եւ որոշ դիրքերի կորուստը հարկադրում է Դիկտատուրայի անդամներին նահանջելու եւ քաղաքը թողնելու որոշում ընդունել։ Երեկոյան պարսկական եւ շվեդական հյուպատոսների միջնորդությամբ նոր պատվիրակություն է կազմվում, իսկ այդ ընթացքում 60 նավ է հատկացվում քաղաքի բնակչությանը եւ զինվորներին տարհանելու համար։
«Լուսաբացին նավերը պետք է հեռանային, չենթարկվելու համար ռմբակոծության թշնամու կողմից: Այդ էր պատճառը, որ հայ զանգվածի միայն կեսը կրցավ նավ նստել: Ընդամենը հիսուն հազար հայ միայն հեռացավ: Մոտավորապես նույնքան մնացին: Մնացին եւ բոլոր մյուս ազգերը, նրանց թվում եւ յոթանասուն հազար ռուսներ: Առավոտ, լուսաբացին, ժամը 6-ին, համաձայն ընդհանուր նշանի, մեր բոլոր վաթսուն նավերը ափից հեռացան: Թշնամին, իր առջեւ հակառակորդին չտեսնելով, հասկացավ դրությունը եւ սկսեց ռմբակոծել մեկնող նավերը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերոսամարտը, Հայրենիք, 1925թ., թիվ 10, օգոստոս, Բոստոն):
1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական բանակը մտավ Բաքու։
*
* *
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Աղբյուր՝ Mediamax.am: