Առօրյա զրույցների ընթացքում, երբ հատկապես հիշում են նախորդ դարի 60-ականները, անառարկելիորեն նշում են հայոց Մեծ եղեռնի համազգային հզոր երթն ու օպերայում ծավալված իրադարձությունները: Իսկ երբ որևէ մեկը (այդպիսի փաստ էլ է լինում) հանկարծ մտաբերում է, որ 1966-ի ապրիլի 24-ին էլ ինչ-ինչ իրադարձությունների արդյունքում բանտում է հայտնվել, ներկաներից որևէ մեկն անմիջապես փորձում է ուղղում մտցնել, ասելով.
— Երևի 65-ի ապրիլի 24-ը նկատի ունեք:
Երբ զրուցակիցը վստահաբար կրկնում է 1966-ի ապրիլի 24 տարեթիվը, դիմացինն անմիջապես տարակուսում է.
— 1966-ի ապրիլի 24-ին ի՞նչ է եղել որ…
Եղել է այն, ինչի մասին այդ օրվա դեպքերի մասնակիցներից մի քանիսը մեկ տասնամյակ առաջ իրենց հիշողությունները թողեցին «1966. ապրիլի 24: Ես գնացի Կոմիտասի այգի» գրքույկում: Գրողների միության նախագահ, վաղամեռիկ Լևոն Անանյանն իր առաջաբանում սերնդակիցների մասին գրում է. «Նրանք իրենց կենսագրության հիշարժան էջերը դրոշակի պես չեն ծածանում. ազգային գաղափարի համար պայքարելը ապրելու կերպ է, մի փոքրիկ դրվագ մեր սերնդի անցած փոթորկահույզ կյանքի տարեգրությունից»: Այնտեղ օրվա հետ կատարված իրենց պատումներն են ներկայացրել լրագրող Լևոն Անանիկյանը, գրող Տիգրան Գամաղելյանը, պետհամալսարանի դասախոսներ, դոկտոր-պրոֆեսորներ Ռուբեն Սաքապետոյանը և Սամվել Մուրադյանը, Մատենադարանի գիտաշխատող Էդիկ Բաղդասարյանը, «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը: Տողերիս հեղինակն առանձին հուշ է ներկայացրել «Անունդ հիշարժան, Հայկ Խաչատրյան» վերնագրով: «Նրանք»-ը առաջնահերթ իմ համալսարանական ընկերներն էին, պարզ ու հասարակ տղաներ, ուսման առաջավորներ ու կոմերիտական ակտիվիստներ, շրջաններից եկածներ ու երևանաբնակներ, մի խոսքով, 60-ականների ուսանողներ, վաղվա մասնագետներ ու գիտնականներ, հանրային միջավայրի յուրօրինակ ներկայացուցիչներ: Թող որ զգուշավոր ու անգամ վախվորած, սակայն 1966-ի ապրիլի 24-ը ինչ-որ ձևով հիշելու մղումով տոգորված երիտասարդներ, որոնք դասաժամերի կարճատև դադարների և ուսումնական օրվա ավարտից հետո կայացող հանդիպումների ընթացքում 1915-ի ապրիլի 24-ին անմեղ զոհերի հիշատակի օրվան նվիրված ինչ-որ քայլեր էին ուրվագծում, առաջարկություններ ու ծրագրեր նախատեսում:
Այսուհանդերձ օրերն անցնում էին, իսկ որևէ մեկը կազմակերպչի դեր չէր ստանձնում, առանձնանալ չէր ցանկանում. Վիգեն Բաբայանն ու ընկերներն արդեն պատժաչափեր էին ստացել, բանտերում էին: Ահա այսպիսի պայմաններում ու միջավայրում որոշվեց 1966-ի ապրիլի 24-ի առավոտյան, ժամը 10-11-ի մոտակայքում հանդիպել հայոց մեծերի պանթեոնում, Կոմիտասի հուշարձանի մոտ:
Առաջին հայացքից տարերայնորեն, սակայն ներքին մի պահանջով, միմյանց գրեթե անծանոթ մի քանի տասնյակ երիտասարդներ հայտնվեցինք Կոմիտասի շիրմի չորսբոլորը: Առանձնանում էին սփյուռքահայերը, պետհամալսարանի բանասիրականի մեր հանրակացարանային ծանոթ դեմքերը: Այստեղ էին նաև իմ համակուրսեցիներ Լևոն Անանիկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, 1-2 կուրս բարձր Ռուբեն Սաքապետոյանն ու Տիգրան Գամաղելյանը, մյուսներն անծանոթ էին: Բնական է, որ միմյանց առավել լավ ծանոթ սփյուռքահայ ներկաները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին և սկսեցին եկեղեցական երգ հնչեցնել: Շատերս գլխահակ կանգնած էինք, քանզի ոչ երաժշտությունն էր ծանոթ, ոչ խոսքերը: Այդ պահին հավաքվածներիս մոտեցավ գեներալի համազգեստով մեկը և իրեն առավել մոտ գտնվողներից հետաքրքրվեց, թե ինչ նպատակով ենք այստեղ: Պատասխանն առավել քան անկեղծ էր ու պարզ. եկել ենք հարգանքի տուրք մատուցելու 1915-ի մեր նահատակներին: Լավ եմ հիշում գեներալի պատասխանը, որը, հետագայում պարզվեց, ՀՍՍՀ ներքին գործերի մինիստր Պողոսյանն էր.
— Ձեզ 10 րոպե ժամանակ և ցրվեք:
Չգիտեմ ով ինչպես, սակայն գեներալի պահանջին բացահայտ առարկողներ չեղան: Սփյուռքահայ ուսանողները շարական հնչեցրին և չգիտես որտեղից, արդեն մեկնած գեներալի տեղում հայտնվեց մայորի ուսադիրներով մեկը: Նա ռուսերեն հայտարարեց.
— Приказываю разойтись!
Սփյուռքահայերը դիմեցին տեղացիներիս, թե ինչ է մայորի ուզածը: Իսկ նա տեղնուտեղը շարունակեց.
— От имени государства приказываю разойтись!
Մենք այդ պահին արդեն զրույցի էինք բռնվել մայորի հետ, նշում էինք, որ գեներալի տված 10 րոպեից անգամ 5-ը չի անցել, ինչու է նոր ժամկետ սահմանում: Մայորն անդրդվելի էր, կրկնեց իր պահանջը, որն էլ խառնաշփոթ առաջացրեց: Որևէ մեկս նման զարգացում չէր սպասում, եկել էինք ընդամենը մեր խոնարհումը ցուցադրելու անմեղ նահատակների խորհրդանիշ դարձած Կոմիտասին և վերջ: Ոչ մի նախնական պայմանավորվածություն, ոչ մի չնախատեսված արարք, որը կարող էր անօրինականություն դիտարկվել: Սակայն այդպես չէր մտածում մայորը, որի հատկապես ռուսերեն հրահանգները սփյուռքահայերը անպատվություն համարեցին այս սուրբ վայրի հանդեպ: Մի խոսքով քաշքշոց սկսվեց, պարզվեց, որ մոտակայքում շրջող տղամարդիկ քաղաքացիական հագուստով միլիցիոներներ էին, իրենց գործին անցան, հավաքվածներից մի քանիսին ավտոմեքենաներ խցկեցին, մնացածներիս անվայելուչ արտահայտություններով հեռանալու պահանջ ներկայացրին: Բիրտ ուժի հանդեպ անզորությունն էլ մեզ ստիպեց դժգոհելով դեպի այգու մուտքն ուղղվել: Անկեղծորեն վրդովված էինք, քանզի ոչ միայն մեր խաղաղ հավաքը խափանվեց, այլև նախարարի տված ժամկետը չպահպանվեց: Մի՞թե մեզ կանխած մարդիկ անտեղյակ են դարասկզբին մեր արևմտյան հատվածի հանդեպ իրագործված հանցագործություններին, որը հետպատերազմյան շրջանում հայրենիք տեղափոխված հորս կողմից հնչում էր «Հիշիր 1,5 միլիոնը» խոսքերով: Ի դեպ, մեր ընտանիքը Կիրովականի երկաթուղային կայարանից տարվել էր մի գյուղական բնակավայր, որը բնակեցված էր մոլոկաններով:
Մերոնց համար պարզ չէր եղել` դա Սիբի՞ր էր, թե՞ Ալթայի երկրամաս, որը, ինչպես հետագա օրերին պարզվել է, Կալինինոյի շրջանի Պրիվոլնոյե գյուղն էր: Ամիսներ, թե տարի անց հորս հաջողվում է իրոք հայրենադարձվել հայրենակիցների միջավայր և հայտնվել Կիրովականի «Էվակոբազա» կոչվող թաղամասի 16 քառակուսի մետր կազմող սենյակում: Կարծես այսօրինակ միջավայրով անցածներ էին 1966-ի ապրիլի 24-ին Կոմիտասի գերեզմանից Օրջոնիկիձեի փողոցով դեպի մայրաքաղաքի կենտրոն շարժվող իմ ընկերները: Մեզ հետ համաքայլ ընթացող քաղաքացիական հագուստով ինչ-որ այրեր սկսեցին մայթերի երկայնքով կանգնած ավտոմեքենաներ նստելու պահանջ ներկայացնել մեզ, քանզի մեր զրույցը նրանց մեջ ինչ-ինչ անհանգստություն էր ստեղծում: Հիմնավորապես վրդովվեցինք, երբ համալսարանական աղջիկներին մեքենաներ նստեցրին, ինչին արդեն հաջորդեց տղաներիս հանդեպ հարկադիր բռնությունը: Այսպես հայտնվեցինք Լենինյան շրջանի միլիցիայի բաժանմունքում:
Անձամբ վկայում եմ, որ մի քանի ժամ նստած եմ եղել ինչ-որ սենյակում, ինձ տրված թուղթ ու գրչի դիմաց, արածս նկարագրելու պահանջով: Մինչ օրվա մթնելը ոչինչ չեմ արել, ելումուտ անողներին էլ հայտարարել եմ, որ որևէ բան գրելու ցանկություն ու պահանջ չունեմ, քանզի պարզ չէ ինձ այստեղ պահելու պատճառը: Արդեն մութ էր, երբ ինձ տարան կողքի սենյակներից մեկը, որտեղ և սկսվեց ամենաարտառոցը: Շրջանային դատավոր ներկայացած մեկը (անակնկալից արտաբերած ազգանունը չհիշեցի) հայտարարեց, որ Գեղամ Վարդանի Քյուրումյանս Օրջոնիկիձեի պողոտայի վրա գազոն եմ տրորել, տրամվայ կանգնեցրել և ուղևորներին առաջարկել իջնել և միանալ հողեր պահանջող մեր խմբին: Առավել անհեթեթության այլ դրսևորում դժվար էր պատկերացնել, քանզի անգամ չէի մասնակցել նախորդ տարվա նույն օրը հողեր ուզելու բազմահազարանոց երթին: Պատճառը 1964-ի հոկտեմբերին համալսարանի 2-րդ կուրսից սովետական բանակ զորակոչվելս էր, որը Փոթիի զինվորական հոսպիտալի կողմից, առողջական խնդիրներիս պատճառով դադարեցվեց 1965-ի օգոստոսին: Այնպես որ դատավորին ներկայացված պահանջս միանշանակ էր.
— Ես նման բան չեմ արել:
Դատավորը շատ հանգիստ շարունակեց:
— Տղա ջան, արել ես, չես արել, 15 սուտկա պիտի նստես:
Այս կերպ 1915-ի անմեղ զոհերին խոնարհումս բերելու անկեղծ ցանկությունս վերածվեց ինձ անծանոթ օրենսգրքի նույնքան անծանոթ հոդվածի պարտադրանքի՝ «մանր խուլիգանություն» ձևակերպման և 15-օրյա կալանքի:
Ներկա միլիցիոներն ինձ ուղեկցեց բաժանմունքի նկուղային հարկ, որտեղ առանց կարծիքս հարցնելու գլուխս մազաթափեցին և տարան մի սենյակ, ուր մոտ երկու տասնյակ մարդիկ էին: Նկատելով համակուրսեցիներիս, նաև այգուց ծանոթ դեմքերի, անորոշությունն ու անհանգստությունը, ինչ-որ առումով նաև վախի զգացումն անմիջապես անցան: Մենք արդեն ուժ էինք, միայն պարզ չէր՝ ում հանդեպ: Դա հիմնավորվեց րոպեներ անց, երբ մեր ջուր խնդրելու հասարակ ցանկությունը հանդիպեց միլիցիոներների բիրտ հակազդեցությանը: Առավել ըմբոստներից 1-2-ին փորձեցին քաշելով դուրս տանել, սակայն բոլորով միմյանց կառչեցինք և նրանց ցանկությունը խափանեցինք: Մինչ առավոտ մտորելու շատ ժամանակ կար և տրվեցի հիշողություններիս, որոնք գրառել եմ արդեն նշված գրքույկի իմ պատումում: «50-ականների սկզբին 10-ամյակս նոր բոլորած պատանյակիս հայրս խորհուրդ տվեց կարդալ Րաֆֆու «Կայծերը»: Մի քանի երեկոների ընթացքում կարդացի, բայց… շատ բան չըմբռնեցի: Տարիներ պահանջվեցին նյութը մարսելու համար: Անշուշտ, օգնեց նաև վիպասանի այլ ստեղծագործությունների ընթերցումը: Այն կարծիքը, թե Րաֆֆին համակերպվում է ուրվագծվող Հայաստան պետության ինքնավարությանը՝ Օսմանյան ինքնակալության գերակայության պայմաններում, հիմնազուրկ էր հնչում: Մեծ վիպասանի խոսքը շատ դիպուկ ու կտրուկ է իր «Դատարկ խոսքերով ենք խաբվում» հրապարակախոսական հոդվածում, որտեղ նա գրում է. «Մեզանում կան մի տեսակ կարճամիտներ, դժբախտաբար նրանց թիվը փոքր չէ, որոնք երևակայում են, թե հայի ապագան Տաճկաստանում է, թե հայի գոյությունը կապված է թուրքաց կառավարության գոյության հետ: Նրանք մտածում են, թե այժմյան բարբարոսությունները, հարստահարությունները մի օր կվերջանան, երբ թուրքը կքաղաքակրթվի, այն ժամանակ, ասում են, հայը քաղաքացու հավասար իրավունք և ազատ կյանք կվայելե: Այդ ցնորք է: Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր:
Եվ ուրիշ կերպ լինել կարելի չէ, քանի որ տիրող ազգը աշխատելու շնորհք չունի և միայն զենքով իշխելու քաջություն ունի: Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով ու արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը: Մի՞թե երեկվա գազանը կարող է այսօր հրեշտակ դառնալ: Մինչ նրա հրեշտակ դառնալը Թուրքիայում հայի անունը միայն մնացած կլինի»:
Մեր պատմության հետագա ժամանակահատվածը հաստատեց այս չարագուշակ կանխատեսման իրողությունը: Մեր ժողովրդի մեկ սերունդ չէ, որ մաքառելով գոյատևեց իր բնօրրանում: Թերևս այս մասին հիշողություններն էին, որ մեզ կապեցին մեր հայրերի ու պապերի ապրած ժամանակների հետ: Պահանջված պահին պահանջված տեղում լինելու երևույթը որքան էլ պարզ ու հասկանալի էր, մերօրյա պայմաններում նույնքան էլ խորին խորհուրդ ունի: Այսքանը՝ «Ես եմ ինձ զրուցակից» սևակյան բնորոշմամբ:
Հաջորդ օրը մեզ ավտոբուս նստեցրին և տարան ներկայիս «Մամուլի տան» հարևանությամբ գտնվող բանտը: Չեմ տրվի տհաճություններով լի այդ վայրի նկարագրությանը, քանզի վերագտել էինք առավել կարևոր զգացում, որը հարևանությամբ գտնվող քրեականները որակեցին «արա, հայրենասերներ» խոսքերով: Նման որակումը պատասխան էր մեր հնչեցրած հայրենասիրական երգերի, որը նաև նյութական տեսք ստացավ. մեր խցում շաքար ու ծխախոտ հայտնվեց, որոնք անչափ անհրաժեշտ էին հացադուլի փորձ անողներիս և ծխողների համար:
Բանտարկությունից ժամեր անց մեր խուցն արդեն լռելյայն ու միաձայն ընտրված ղեկավար ուներ՝ տարիքով մեզնից մեծ, ազդու հայացքով մեկը: Կարծեմ Շահենը (Հարությունյան) ասաց, որ նկարիչ է, Հայկազ անվամբ: Դա հաստատեց նաև գրեթե պատանի Ստեփանը (Զատիկյան): Օրերն անցնում էին, ուսանողներիս անհանգստությունն ահագնանում, և անսպասելիորեն մայիսի 1-ի նախօրեին մեզ ազատ արձակեցին: Որ ընկճված չէինք, ապացուցում է տպագրվող լուսանկարը: Այն պատկերում է մայիսմեկյան շքերթը, ուր մենք՝ Լևոն Անանիկյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գեղամ Քյուրումյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, կենտրոնական տրիբունայում գտնվողներին ցուցադրում ենք մեր խուզված գլուխները: Շքերթից անմիջապես հետո մեզ իր աշխատասենյակ հրավիրեց մեր բանտարկության օրերին համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնած պատմաբան Մկրտիչ Ներսիսյանը: Նրա հորդորը հետևյալն էր՝ բողոքի որևէ արտահայտություն չցուցաբերել, մնացածն ինքը կներկայացնի հանրապետության ղեկավարությանը: Ինչ-ինչ պատիժների սպասողներս այն դիտարկեցինք որպես մեր արածի հանդեպ լուռ համաձայնության արտահայտություն:
Օրեր անց բանտից ազատվեցին մեր մնացած բախտակիցները: Բանտախցում պայմանավորված մի քանի հանդիպումներից հետո Հայկազ Խաչատրյանը սկսեց իր երազած կառույցի կազմավորումը:
Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am: