Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե — 2007 մայիսի 16, Երևան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս:
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940 թվականից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984 թվականից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «Հայաստանի սոխակ»: Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։
Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։
Կարծիքներ Գոհար Գասպարյանի մասին
«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ» (Ավետիք Իսահակյան)։
«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է» (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյան)։
«Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն» (ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովա)։
«Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը: Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն» (դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայան)։
«Երգում է Գոհար Գասպարյանը. 1950-ականներին և հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում և հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու» (ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշին)։