Երբ մի երկրի գլխին ձախորդություն է գալիս՝ հիվանդություն, սով, պատերազմ, այն ժամանակ ժողովրդի մեջ եղած լավագույնը զարթնում է, առանձին եռանդով գործի ձեռք զարնում։ Նվիրում են կոպեկներ և հազարներ, մոռանում են սովորական հարմարություններն ու հանգստությունները, ընդհանուր գործի համար մեջտեղ են բերում իրենց ուժը, առողջությունը, նույնիսկ կյանքը։ Ի սեր տանջվողների՝ կրում են ցուրտ և քաղցություն, հիվանդանում են ժանտատենդով, չափազանց աշխատանքից ուժասպառ են լինում և ընկնում մեռածի պես։ Զգում են, որ չի կարելի ձեռքերը ծալած նստել, ամոթ և նախատինք է նստել տանը և հանգստություն վայելել, երբ հիվանդության կամ սովի հարվածների տակ անօգնական ոչնչանում են եղբայրներդ։ Սակայն որքան էլ մեծ և ահարկու լինի այս կամ այն թշվառությունը, հիվանդությունը, սովն ու պատերազմը, դրանք բոլորը տեղական, ազգային, պատահական ժամանակավոր չարիք են։
Կա չարիք համամարդկային, համատարած, դարավոր չարիք։ Այդ չարիքն է՝ հոգևոր սովը, մարդկանց պակասելը․ մարդկանց մեջ աստվածային արդարության ջնջվելը, անօրենության հաղթանակը։ Մենք սովորաբար շատ կարճատես ենք, միայն տեսնում ենք աչքներիս տակ եղածը։ Մենք սթափվում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն խիստ ուժգին են խփում մեր նյարդերին, շլացնում է մեզ որևէ երևույթ իր հանկարծակիությամբ և այդ պատճառով բարոյական չարիքի ճնշմանը թույլ ենք արձագանքում և կամ բոլորովին լռում ենք, ինչպես դարավոր չարիքի, որ ամենուրեք և ամեն ժամանակ հավասարապես տարածված է։ Այնինչ ամեն տեսակ թշվառության գլխավոր արմատն է բարոյական չարիքը և սիրո ու կատարյալ արդարության բարձրագույն սկզբունքների բացակայությունը կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոս, առողջացնելով մարմնով հիվանդներին, ճանապարհ դնելով ասաց․ «Գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհաննես 8։11)։ Խորապես մտածեցեք այդ խոսքերի վրա և այն ժամանակ կհասկանաք, որ նույնիսկ այնպիսի զուտ ֆիզիկական թշվառության հիմնական պատճառը, ինչպես օրինակ ժողովրդական սովն է, ոչ այնքան երկրի ուժասպառ լինելու մեջ է, որքան այն ցավալի երևույթի մեջ, որ մեր սրտերը դատարկ են կենդանի եղբայրական սիրուց, որ չունենք ավետարանական հոգատարություն մեր փոքր եղբոր՝ ոչ ուսյալ ժողովրդի վրա։
Դարավոր բարոյական ախտի սոսկալի ուժի ամենատխուր և համոզեցուցիչ ապացույցն է այս մեր առաջ դրված Գողգոթայի Վշտակրի հայհոյված, թքված դեմքի պատկերը։ Աշխարհի ստեղծումից ի վեր միայն մի անգամ Աստված կատարելապես միացավ մարդու հետ, Աստծո ողջ արդարությունն ու ողորմածությունը մարմնացան երկրի վրա և ահա նույիսկ Արդարության վրա մարդիկ ծիծաղեցին, թքեցին և խաչեցին նրան։
Ահա այդ ախտի, բոլոր ժամանակների և ամեն տեղի այդ հիմնական թշվառության դեմ Հիսուս հրավիրում է կռիվ մղել հարատև, անխնա կռիվ։ Եվ Նա ինքը այդ կռվին է նվիրում իր ամբողջ անձը։ Նայեք որքան անձնվեր աշխատանքով լի են նրա բոլոր օրերը։ Երկյուղ և ամոթ կրելով մարդկանցից՝ Նրա մոտ գիշերով գալիս է Նիկոդեմոսը։ Հիսուս սիրով նվիրում է նրան իր գիշերվա հանգստությունը, որի խիստ կարիքն ուներ ամբողջ օրը Երուսաղեմի փողոցներում և հրապարակներում ժողովրդին քարոզելուց հետո։ Եվ կամ երբ Նա հոգնած և սոված նստած էր Հակոբի ջրհորի մոտ, անհյուրընկալ սամարացի կինը ճանաչեց նրան իբրև այնպիսի մարդ, որ ավելի փափագում է իր հոգու փրկությանը, քան ջրին՝ չնայելով օրվա տաքությանն ու ծարավ լինելուն։ Եվ կամ երբ Նա Գեթսեմանիի պարտեզում մահվան վշտի դեմ էր մաքառում, իր աշակերտների հոգիները նույնքան թանկ էին, որքան և ուրիշ ժամանակ։ Եվ կամ երբ արյունաթաթախ խաչի վրա բարձրացած էր, Իր դժգույն շրթունքներով խորապես զգացված մխիթարում է ավազակին, որ ի սրտե զղջալով Նրա հետ միասին վերջ է դնում իր անմաքուր կյանքին։
Եվ այդ բոլորի փոխարեն Հիսուս չի ակնկալում պարգևի, չի որոնում գովասանք։ Նա միշտ տեսնում էր իր առաջ Գողգոթան, գիտեր, թե ինչ է սպասվում Իրեն։ Գազանացած ամբոխը պիտի ջարդեր այն ձեռքերը, որոնք կերակրել էին նրա քաղցածներին, պիտի թքեին այն շրթունքների վրա, որոնցով Նա սիրո և մխիթարության այնպիսի պատվերներ էր տվել, Նա դագաղի միջից տուն էր վերադարձրել Նայինի այրու որդուն (Ղուկաս 7։11-15), հարություն էր տվել Հայրոսի աղջկան, և այդ բոլորի փոխարեն ժողովուրդը խաչի պիտի դատապարտեր Նրան․ պիտի գոչեր՝ Խաչը հանիր դրան, Բարաբային ազատիր, Հիսուսին խաչիր (հմմտ․ Մարկոս 15)։
Այդ բոլորը գիտեր Նա, բոլորը նախատեսնում էր և այնուամենայնիվ ասում էր․ «Ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց» (Հովհաննես 9։4)։ Ինչ էլ սպասելու լինի ինձ այնտեղ, ես չեմ կարող դատարկ մնալ։ Նախատելի է օգտվել կյանքի բարիքներից, երբ շուրջդ կոտորած է անում անարդարության և չարության սոսկալի համաճարակը, երբ բռնության, անիրավության ահռելի ալիքները, բարության և ճշմարտության սրբապիղծ անարգանքը սպառնում են մարդկանց մեջ խեղդել ամեն բարություն, ազնվություն և սրբություն։ Պետք է կատարել Ուղարկողի գործը։ Եվ Նա կատարեց այդ գործը, կատարեց կենդանության ժամանակ, կատարեց խաչի վրա, շարունակում է կատարել դագաղի մեջ ամփոփված։
Իսկ հանգիստ, տանջալից դեմքով կտավի վրայից Նա իշխանաբար պատվիրում է մեզ․ «Դուք եկել եք դագաղիս մոտ՝ երկրպագե0լու իմ չարչարանքները, համբուրելու իմ փշապատ ճակատը»։ Ասում եմ ձեզ․ «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթեոս 20։28)։ «Գնացեք, դուք էլ ծառայեք ուրիշներին։ Տարեք ձեր համբույրը և սերը աշխարհի մեջ կենդանի տանջվողներին, վերցրեք փշե պսակները արդարության համար հալածվողների գլխից, վեր առեք ճշմարտությունը խաչից։ Իմ պատկերը տպավորեցեք ոչ թե սառը, մեռած թաղման կտավի վրա, այլ կենդանի հոգու, եռանդոտ սրտի մեջ։ Եվ թող այդ բանի համար հալածեն ձեզ և նույնիսկ տանջեն։ Ժողովրդական աղետի ժամանակ դուք մոռանում եք ձեզ, մոռացեք ուրեմն և կյանքի լավագույն րոպեներում գոնե հանուն համամարդկային վտանգի և աղետի։ Եթե դուք կմեռնեք հանուն արդարության, արդարությունը չի մեռնի․ Նա կքանդի բոլոր արգելքները, կփշրի կնիքը, դուրս կգա գերեզմանից։ Արդարությունը կենդանի է, միշտ կենդանի է, մարդիկ էլ կենդանի են արդարությամբ, արդարությամբ է միայն և կյանքը վայելչանում»։
Ապրեցեք այդ արդարությամբ և, եթե հարկավոր լինի, մեռեք նրա համար։
Ճշմարտությունը հաղթում է
Գողգոթայի խաչի վրա կախված է Հիսուս Նազովրեցին՝ հրեաների թագավորը։ Դպիրները և փարիսեցիները ուրախ էին։ Նրանք վաղուց հետամուտ էին սպանելու խոնարհության ատելի ուսուցչին, նոր, եղբայրական կյանքի Ավետաբերին, երկրի վրա Աստծո արքայությունը Հիմնողին։ Նրանք աշխատում էին ժողովրդի մեջ ատելություն, անհաշտելի թշնամություն բորբոքել դեպի հռոմեացիները, ամբողջ երկիրը հանել տիրող տարրի դեմ, թոթափել օտարի լուծը, ազատել, ընդարձակել և մեծացնել հրեաների թագավորությունը, իսկ Նա քարոզում է սեր դեպի թշնամիները, հեզություն, ամենաներողամիտ խոնարհություն։ Եթե թույլ տրվի Նրան, Նա իր հետևից կտանի ողջ ժողովրդին և հրեաների փառավոր ու հզոր տերություն կազմելու մտքից։ Ոչ․ վճռեցին ժողովրդի առաջնորդները՝ քահանայապետները, ծերերը և ծերակույտի անդամները, ավելի լավ է թող մի մարդ կորսվի, թեև անմեղ, քան մի ամբողջ ժողովուրդ հավիտյան ստրկության մեջ մնա։
Եվ նրանք դատապարտեցին Հիսուսին, ծաղրեցին Նրան, խաչեցին երկու չարագործների մեջ։ Աշխարհը սարսափեց մարդկանց չարագործություններից, երկրը շարժվեց, արևը խավարեց, երկինքը ծածկվեց թանձր ամպով։ Խաչեցին, թաղեցին և գերեզմանի վրա քար դրին, պահապաններ կանգնեցրին և կնքեցին։ Նրանց թվում էր, որ հաղթանակն իրենք են տանում, իրենց ուժի, խորամանկության, ժողովուրդ գրավելու հմտության դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Հիսուս իր քարոզներով շուրջը հավաքեց անթիվ բազմություն և նրանք հենց այդ ամբոխին զինեցին Նրա դեմ և ժողովուրդը պահանջեց ավազակ Բարաբբային ազատել, իսկ Հիսուսի համար աղաղակեց՝ Խաչը, խաչը հանիր դրան։ Հիսուս ձեռքի հպումով հարություն էր տալիս մեռածներին, իսկ նրանք հենց Իրեն մահվան դատապարտեցին և խաչեցին, ինչպես չարագործի։ Այժմ նրանք հանգիստ են։ Կատարելիք գործերը արգելքի չեն հանդիպում։ Նրանք այժմ ազատ կարող են ժողովրդի մեջ չար որոմ սերմանել։ Հիսուս քարով ծածկված գերեզմանի մեջ է։ Գերեզմանից վերադարձ չկա։
Սակայն Հիսուս Քրիստոս մեռնելիս իզուր չէր վերջին անգամ արտասանել՝«Ամեն ինչ կատարված է» (Հովհաննես 19։30)։ Այնտեղ, որտեղ չարությունը տեսնում էր իր հաղթանակը, Փրկիչը ցույց էր տալիս նրա կորուստը և բարության հաղթանակի սկիզբը։ Գողգոթայի վրա դժոխքի բոլոր ուժերը զինվել էին Աստվածային սիրո և արդարության դեմ, սպառել էին իրենց բոլոր իշխանությունները և, միևնույն ժամանակ, ցույց էին տվել իրենց կատարյալ, վերջնական անզորությունը բարության դեմ։ Այլևս չարությունը ի՞նչ կարող է ավելացնել գերեզմանի քարի, կնիքի և պահապանների վրա․ ոչինչ։ Չարության բոլոր միջոները սպառվել էին՝ կաշառք, մատնություն, սուտ վկայություն, կոպիտ բռնություն։ Մեխեցին, քարով ծածկեցին, մոմ հալեցրին-կնքեցին, և ահա երկու օր անցավ․․․․ պահապանները փախան, գերեզմանի քարը գլորվեց, իսկ Քրիստոս հարություն առնելով դուրս եկավ գերեզմանից։
Խաչված Քրիստոս հարություն առավ․ Նրա հետ միասին հարություն առան խաչված ճշմարտությունը, հայհոյված սերը, թքված-մրված խոնարհությունը։ Երկրի վրա չկա այն ուժը, որ կարողանա դեմ գնալ բարությանը, չկա այն իշխանությունը, որ կարողանա քանդել սիրո զորությունը՝ բոլորովին կանգնեցնել ճշմարտության հաղթանակը։
Պետրովից թարգ․ Գրիգոր քհն․ Նոր-Արևյանց
Արարատ ամսագիր, 1906թ․ Դ