Քաղաքական բռնությունը որպես երկիրը հնազանդության մեջ պահելու ղեկավարման ձեւ բոլշեւիկները որդեգրեցին սկզբից եւեթ՝ անմիջապես հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Դա սկսվեց քաղակացիական կռիվներով, հետո ուղղվեց բոլշեւիկների պիտակավորած «դասակարգային թշնամու» դեմ, որոնց մեջ էին քաղաքի եւ գյուղի ունեւոր խավի ներկայացուցիչները, հոգեւորականությունը, նախկին զինվորականությունը՝ հատկապես սպայական կազմը, նախկինում այլ կուսակցությունների անդամագրվածները, հին մտավորականությունը, անհնազանդները:
Հեղաշրջումով սկսված քաղաքական բռնությունների այս ալիքը շարունակվեց եւ նոր ձեւ ու բովանդակություն ստացավ Ստալինի իշխանության տարիներին (1924-1953): Ստալինյան բռնությունների գագաթնակետը 1937 թվականն է: Այս տարի լրանում է պետական գործունեության աստիճանի հասցված այդ բռնությունների 80-րդ տարին: Ստալինյան բռնությունների ամբողջ համակազմը մարդկության դեմ գործված ոճիր է, հանցագործություն, որը պետք է գիտակցվի լրիվ ընդգրկումով, մանրամասների հարացույցով եւ դատապարտվի:
Հայ ժողովրդի մնացորդները նոր-նոր էին փրկվել թուրքական եղեռնից, երբ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ընկան բոլշեւիկյան քաղաքական հալածանքների շուրջկալի մեջ: Հարավից Թուրքիան էր, հյուսիսից՝ Ռուսաստանը, որ, ձեռք-ձեռքի տված, ուզում էին բնաջնջել հայ ժողովրդին: Չմոռանանք Քեմալ Աթաթուրք-Լենին քաղաքական եւ ռազմական դաշինքը, որ ամեն ինչ ուղղեց ե՛ւ Հայաստանի առաջին հանրապետության, ե՛ւ նորաստեղծ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դեմ:
Հայաստանը տոկաց՝ կորցնելով տարածքներ եւ զոհ տալով իր զավակներին: Եթե պետական քաղաքականության վերածված թուրքական 30-ամյա ցեղասպանության (1894-1924) խորհրդանշական տարեթիվը համարում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը՝ Պոլսում եւ մյուս քաղաքներում հայ մտավորականության ձերբակալության օրը, ապա ստալինյան բռնությունների խորհրդանշական օրը 1936 թվականի օգոստոսի 9-ն: Այնտեղ թուրքական եղեռնն էր, այստեղ՝ խորհրդային:
1920-1953թթ. ՀԽՍՀ-ից ձերբակալվածների, գնդակահարվածների եւ աքսորվածների թիվը հասնում է 56.000-ի, 1949-ին ՀԽՍՀ-ից աքսորված հայերի թիվը 13000 է, ամբողջ ԽՍՀՄ-ից՝ 16000: Նյութերն ամփոփված են 19359 դատական գործերում, որ միասին կազմում է 40000 հատոր:
1946-1948թթ. հայրենադարձված 89500 հայերից 1000-ին ներկայացվեց քաղաքական մեղադրանք, ինչին հետեւեց նրանց աքսորը կա՛մ Ալթայի, կա՛մ Կրասնոյարսկի երկրամասեր:
Թուրքական ցեղասպանության 1,5 միլիոնի դիմաց սրանք, իհարկե, փոքր թվեր են, բայց չմոռանանք, նախ թվաքանակով կրճատվել էր նաեւ հայ ժողովուրդը եւ ապա ամբողջ ԽՍՀՄ-ի բազմազգ բնակչության ընդգրկումով այդ թիվն անցնում է տասնյակ միլիոններից:
Մինչեւ Ակսել Բակունցի անհատական ճակատագրին անցնելը՝ դեռեւս թերթենք պատմության պահոցների էջերը: Ձերբակալությունների գագաթնակետը 1936 թվականն էր, գնդակահարություններինը՝ 1937-1938 թվականները: Ըստ վիճակագրության՝ 1937թ. հունիս-1938թ. հուլիս ամիսներին՝ 13 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 57 վայրկյանը մեկ գնդակահարվել է մեկ անձնավորություն: Պատկերն այս է՝
մեկ օրում 1516 գնդակահարություն,
մեկ ամսում՝ 46996,
մեկ տարում՝ 553340,
13 ամսում՝ 600236:
Մեկ այլ տվյալ հուշում է, որ աքսորվածների միայն 5 տոկոսն է կենդանի մնացել ու հետ վերադարձել:
Միայն գրական ոլորտից Հայաստանում ստալինյան քաղաքական բռնությունների է ենթարկվել շուրջ 70 մարդ, ցուցակը կազմել եմ: Այդ 70-ից մեկն Ակսել Բակունցն էր:
Բակունցը 1936 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին Մոսկվայում Համո Բեկնազարյանի հետ նկարահանման էր նախապատրաստում «Զանգեզուր» շարժանկարի բեմարքը, երբ օգոստոսի սկզբին կանչեցին Երեւան, հարցաքննեցին, մեղադրեցին, կուսակցությունից հեռացրեցին ու ձերբակալեցին: Բակունցին խմբակային գործունեության մեղադրանք ներկայացվեց (մեղադրական գործ 4131, ֆոնդ 3036, 8 հատորով, 384 վավերագիր):
Այս խմբի մեջ էր հայտնի կուսակցական գործիչ, տարբեր տարիների լուսավորության ժողկոմ, մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, համալսարանում տնտեսագիտության դասախոս, նախատեսվող «Հայկական հանրագիտարան»-ի գիտական խորհրդի անդամ Ներսիկ Ստեփանյանը:
Խումբը նրա անունով էլ կոչվում էր՝ «Ստեփանյանի հանցավոր խումբ»:
Այստեղ էր նաեւ այդ տարիների ՀԳՄ առաջին քարտուղար, դարձյալ կուսակցական գործիչ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը:
Դատավարության ընթացքում հոլովվում են ժամանակի գրական-մշակութային շատ նշանավոր գործիչների անուններ:
Մեղադրական եզրակացությամբ Բակունցը եղել է՝
«1. …հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպության անդամ, որը 1934թ. դեկտեմբերի 1-ին սպանել է Կիրովին եւ հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդեմ ՀամԿ(բ)Կ եւ խորհրդային իշխանության,
2. 1930թ. Չարենցի հետ կազմակերպել է հակահեղափոխական գրողների կազմակերպություն:
1933 թվականից գլխավորել է կենտրոնը, որը նպատակ ուներ սպանելու Ստալինին, նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դեմ,
3. կազմակերպությունը կապված էր Մոսկվայի կենտրոնի հետ (Վաղարշակ Տեր-Վահանյան եւ ուրիշներ)» [3, էջ 55]:
Բակունցի գնդակահարությունն իրականացրել են դատավճիռը նրան հայտնելուց մեկ օր հետո: Մեկ ամբողջ օր Բակունցն սպասել է իր մահվանը: Ինչ է մտածել, ինչ ապրումներ է ունեցել, ինչպես է դիմացել…
Այդ գիշերը Բակունցի կյանքի վեպն է:
Բակունցի գնդակահարության տեղի հարցը շատ տեսակետներ է հարուցել: Բակունցի դատական գործի մեջ այդ կապակցությամբ վկայություններ չկան եւ ըստ ժամանակին ընդունված գործավարության, չպետք է լինեին: Բակունցի գնդակահարության տեղի վերաբերյալ եղել են պարականոն վկայություններ եւ զրույցներ: Այդ մասին կա միմիայն մեկ ստույգ վկայություն, որ պահպանվել է Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակում:
Մահարու խոսքի ստուգությունը կասկածի ենթակա չէ, որովհետեւ բանտում նրան եւ մի քանի այլ ձերբակալված գրողների պատմել է ՆԳԺԿ-ի պետ Մուղդուսու գլխավորած պատժիչ խմբի՝ Բակունցին գնդակահարողներից մեկը՝ Երեւանի բանտի պետ Սահակ Ասլանովը, ում այդ ժամանակ եւս ձերբակալել էին եւ պետք է գնդակահարեին:
Ըստ այդմ՝ Բակունցին գնդակահարել են Երեւանում՝ Թոխմախ լճի մերձակայքում [4, էջ 340]:
Պահպանվել են Բակունցի հարցաքննությունների 10 արձանագրություն, բանտից ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն, ՀԽՍՀ-ում ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի լիազոր, պետանվտանգության մայոր Մուղդուսուն, նաեւ Անդրկովկասյան զինվորական հանձնաժողովի դատախազի անուններով հասցեագրած 4 դիմում: Գործում զետեղված են նաեւ ցուցմունքներ այլ քաղբանտարկյալների հարցաքննություններից, առերեսման, դատական նիստերի, զինվորական հանձնաժողովների խորհրդակցությունների այլեւայլ արձանագրություններ, մեղադրական եզրակացություն, դատավճիռ, գնդակահարությունն ի կատար ածելու տեղեկանք եւ այլ նյութեր:
Ակսել Բակունցի կյանքն ընդհատվեց թռիչքի մեջ՝ 38 տարին նոր էր բոլորել, երբ գնդակահարվեց՝ մեղադրվելով ժամանակի բոլոր մեղքերի մեջ՝ որպես «ժողովրդի թշնամի», «ազգայնամոլ», «ահաբեկիչ», «հակահեղափոխական» եւ «տրոցկիստ»: Ձերբակալվել է 1936 թվականի օգոստոսի 9-ին, գնդակահարվել 1937 թվականի հուլիսի 8-ին:
Հիմա տեսնենք, թե այս ամենի մեջ ինչպես է երեւում այս արտակարգ նուրբ ու զգայուն գրողի ու մարդու, իր հայրենիքի նվիրյալ քաղաքացու կերպարը: Այս տեսակետից եղած նյութերը լուսաբանելու կարեւոր նախադրյալ են նաեւ Բակունցի արդարացման կապակցությամբ նրա կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի վկայությունները՝ գրված 1955 թվականին [2, էջ 324-331]:
«Կալանքի ժամանակ նրա հետ ունեցել եմ երեք տեսակցություն՝ 1936թ. սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին եւ նոյեմբերին», — գրում է կինը եւ ներկայացնում: Առաջին հանդիպման ժամանակ Բակունցը «քիչ էր փոխվել <…>, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում է ինչ-որ թյուրիմացության հետեւանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր» [2, էջ 328]:
Հոկտեմբերի այցելության ժամանակ Բակունցի սպիտակեղենը տանը լվանալիս շապիկի վրա նկատում է արյան հետքեր: Այնուհետեւ. «Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, ում գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը, <…> քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը»:
Բակունցը կնոջն է վերադարձրել Մոպասանի երկերի ռուսերեն ժողովածուն (առաջին երեք ամիսներին թույլատրել են գեղարվեստական գրականություն), որի մեջ զետեղված «Պարան» նորավեպի առանձին բառերի տակ կինը նկատել է մատիտով նշված կետեր, իսկ լուսանցքները սեղմված-ընդգծված էին եղունգով. «բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը»:
Բակունցն արդեն նույնական չի եղել, նրան այնքան էին տանջել, որ փոխվել էր:
Երրորդ այցելության ժամանակ, արդեն մահապատժի սպասումով, իրեն պահել է հանդարտ: Կնոջը հարցրել է Մոպասանի նորավեպի մասին. «Հը՛, ընթերցե՞լ ես…»: «Ծանր է», — պատասխանել է կինը: Բակունցը շարունակել է. «Ամուր եղիր, հաշվիր, որ վթար է եղել, եւ ես վթարի եմ ենթարկվել»:
Վերջին երկու այցելություններին ներկա է եղել նաեւ 12-ամյա որդին՝ Սեւադան, ում հետ շատ կապված էր: Դիմելով տղային՝ ասել է. «Դու շա՞տ կամաչես եթե քո հորը Երեւանի փողոցներով տանեն դատարան: <…> դու մի ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պիտի կարմրես»:
Կինը մտաբերում է նաեւ իր վերջին այցելությունը. «1937 թ. հուլիսի 18-ին չընդունեցին իմ տարածը, ասելով, որ Բակունցն արդեն աքսորվել է» [2, էջ 329]:
Խաբել են, քանի որ 10 օր առաջ արդեն գնդակահարվել էր:
Իսկ խաբելը, ինչպես միշտ, նաեւ այդ տարիներին պետական քաղաքականություն էր: Հետո, ավելի ուշ, Բակունցի մոր հարցումին պատասխանել են, որ նրա որդին մահացել է 1945-ի նոյեմբերին:
Հեորթական խաբեությունը:
Ավելացնենք, որ որպես «ժողովրդի թշնամու» կին 1937 թվականի սեպտեմբերի 17-ին ձերբակալել են նաեւ Վարվառա Չիվիջյանին, 8 ամիս առանց հարցաքննության պահել բանտում, հատուկ խորհրդակցության որոշմամբ ութ տարով աքսորել Տեմինկովյան ճամբար, որտեղից վերադարձել, բնակվել է Գորիսում՝ Բակունցի հայրական տանը եւ զբաղվել որդու դաստիարակությամբ:
Նրա ձերբակալությունից հետո բռնագրավել են Երեւանի տունը՝ անապաստան թողնելով որդուն եւ քաղցկեղով հիվանդ մորը, միաժամանակ տանելով նաեւ Բակունցի ձեռագրերը:
Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում բանտից Բակունցի գրած չորս դիմումները: Առաջին բավականին ծավալուն դիմումը գրված է 1936թ. հոկտեմբերի 6-ին՝ ձերբակալությունից երկու ամիս անց: Պատմում է 1933 թվականից Չարենցի հետ իրենց խզված կապի մասին, երբ վերջինս քննադատել է հայ «ազգային մտավորականության տիպեր»-ին երգիծող իր ստեղծագործությունը:
Խզումը խորացել է 1934-ին գրականության լեզվի հարցերի քննարկման դիսպուտում՝ «հենց գրական լեզվում Չարենցն ինքը ազգայնամոլության հետեւորդ է»:
Խզումն էլ ավելի է խորանում 1933թ. ապրիլին «Գրական թերթ»-ում Մկրտիչ Արմենի տպագրած «Չարենցի եւ հարակից հարցերի մասին» խորապես ազգային բնույթ ունեցող հոդվածից իր հրաժարում-դժգոհությամբ: Այս կապակցությամբ հիշեցնում է իր ինքնաքննադատական ելույթները, մտաբերում է Չարենցի դեմ իր ելույթը՝ գրողների միության անդամությունից հրաժարվելու վերջինիս 1935 թվականի մարտի 8-ի հայտարարության քննարկմանը:
Չարենցի հետ գրական եւ մարդկային տարաձայնությունների խորացման իրական դրդապատճառները բերելով՝ ավելացնում է. «…Ես ստեղծագործաբար վաղուց եմ գիտակցել խմբակային միջավայրի ամբողջ կործանարարությունը, ինչի համար էլ խզեցի կապերս Չարենցի, իսկ մինչեւ նա՝ գրողների ամբողջ խմբի հետ» [1, էջ 241]:
Այնուհետեւ Բակունցը խոսում է խիստ մեկուսացման պայմաններում գտնվելու հոգեբանական ահավոր ծանրության մասին, հաջորդում է իր վիճակի գիտակցման ինքնախոշտանգող բարձրաձայն մենախոսությունը. «Փաստը մնում է անշրջանցելի. Ես մեկուսացված եմ: Այստեղից սկսվում է ամոթի տանջալի գիտակցումը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը: Օտարված եմ հանրությունից, ամոթն ստվեր է նետում նաեւ արված լավի վրա, ստվերում քո մասին եղած հիշողությունը, երկրի վրա աղմկում է ուրախությունը եւ, ինչպես կրճոններ ճոխ սեղանից, քեզ են հասնում առանձին անհստակ պատառիկներ: Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում:
Մտքերը հեռուն են գնում, իսկ ինչ կլինի հետագայում. ահա կվերջանա նախաքննությունը, ինչ է սպասվում հետո: <…> Երբ ես հարցնում եմ, թե ինչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…» [1, էջ 243]։
Բակունցն իրեն նմանեցնում է մի մարդու, ով աղոտ հույսի հետ մեկտեղ նաեւ «մահվան հոտ է առնում»: Բակունցն ասում է՝ ես օճառի գործարանի տնօրեն չեմ, որ որտեղ էլ աքսորեք ինձ համար միեւնույնը լինի, ես գրող եմ՝ կապված որոշակի լեզվի ու միջավայրի հետ, ուստի խնդրում եմ եթե ինձ աքսորելու եք՝ աքսորեք Հայաստանի ծայրամասերից մեկը, եւ ոչ թե օտար մի տեղ:
Գրողը սրանով հուշում է, որ իրեն աքսորեն եւ ոչ թե գնդակահարեն. «Ինձ գրելու ու կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գի՜րք ու մատի՜տ տվեք: <…>: Թողեք, որ ես մնամ Խորհրդային Հայաստանի հավատարիմ շունը» [1, էջ 245]:
Նախավերջին դիմումը վերաբերում է իր դեմ Նաիրի Զարյանի գրած զրպարտչական հոդվածներին, որոնց ինքն այլեւս չի կարող պատասխանել: Իսկ Զարյանը Բակունցի դեմ տպագրել է մեկ տասնյակից ավելի չարախոսություն ու կեղծիք: Ասում է՝ եթե դրանք ճիշտ լինեն՝ «Հրամայե՛ք, ընկեր՛ ժողկոմ, որպեսզի ծեծեն ինձ…» [1, էջ 269]:
Վերջին դիմումում, որ գրել է գնդակահարությունից 5 օր առաջ, այլեւայլ հարցերի հետ մեկտեղ խոսում է իր գրած-ավարտած «Էրիմենյան մանրէ» կամ «Հայկական մանրէ» վիպակի մասին:
Վիպակը ժամանակին շատերի ձեռքով է անցել՝ Խանջյան, պետհրատի տնօրեն, առանձին գրողներ, բայց այն առ այսօր հայտնաբերված չէ:
«Մեղադրական եզրակացությունը» (6. 08. 1937) Բակունցին զրկում է ապրելու հույսից: Ըստ այդմ՝ նա «հակահեղափոխական տրոցկիստական նացիոնալիստական տեռորիստական կենտրոնի անդամ է», կենտրոնը պետք է ահաբեկչական գործողություններ կատարեր ընդդեմ ՀամԿ(բ)Կ եւ խորհրդային իշխանության ղեկավարների: Իբր այդ խումբն է 1934-ի դեկտեմբերի 1-ին կազմակերպել Կիրովի սպանությունը եւ նախապատրաստում էր համապատասխան ահաբեկչական գործողություններ ընդդեմ Ստալինի ու Բերիայի: Իբր Չարենցի հետ մեկտեղ ստեղծել էր հակախորհրդային գրական կազմակերպություն, կապված է եղել Մոսկվայի տրոցկիստական կենտրոնի հետ:
Գործը լսվել է փակ դատական նիստում, դատավճիռը՝ պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն, ինչն էլ իրականացվում է 1937 թվականի հուլիսի 8-ին:
Բակունցը պաշտոնապես արդարացվել է 1955թ. մարտի 2-ին:
Հայտնի է, թե ինչ տանջալի ձեւերով էին ստալինյան դահիճները դատապարտվածներից ցուցմունքներ կորզում, այնքան տանջալի, որ ոմանք չէին դիմանում օրեր շարունակ երկարող ամեն տեսակի հոգեբանական կտտանքներին, ծեծ ու ջարդին եւ, ուշքի չգալով, ավանդում էին հոգին:
Աշխարհի մեկ վեցերորդ մասում ծավալվող այս դառնաղի ողբերգության ամբողջ մահաշունչ ինդուստրիան հետագայում պատկերեցին գրողները՝ ստալինյան հալածանքներից նախկին տուժածները: Այս տեսակետից ոչ միայն գեղարվեստական, այլեւ հանրագիտական նշանակություն ունի Ալեքսանդր Սոլժենիցինի «Գուլագ արխիպելագ» բազմահատոր վեպը: Հրաշալի է Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակն ու սիբիրյան պատմվածքների շարքը: Գրվեցին նաեւ բազմաթիվ այլ հրաշալի վեպեր, վիպակներ, հիշողություններ:
Բայց այս ամենն ավելի ուշ՝ անհատի պաշտամունքը հաղթահարելուց հետո: Դժվարը հենց նույն դժոխքի մեջ դժոխքի մասին գրելն էր: Եվ, այո՛, ստալինյան հալածանքների բովում եւս գրվեցին գործեր, որոնց հեղինակները գիտեին, որ զոհ են գնալու արյունոտ նախճիրին:
Այդպիսիներից էր իրոք հերոսական այնպիսի մի հանճար, որպիսին Եղիշե Չարենցն էր:
Ահա իր գրական ու հոգեւոր բարեկամի՝ Ակսել Բակունցի ծանր փորձության օրերին, երբ Չարենցը դեռ ձերբակալված չէր, բայցեւ հայտարարում էր՝ որտեղ իր ընկերները, այնտեղ էլ ինքը, գրեց իր լավագույն բանաստեղծություններից մեկը, որ մահվան դարանակալ կարմիր աչքերին նայող իրենց թանկ ընկերության սրբազան աղոթքն ասես լինի: Սրանով Չարենցն իր վճռական ո՛չն ասաց իրեն ու Բակունցին իրար դեմ հանող ամեն տեսակի մեծ ու փոքր չեկիստների սադրանքներին:
Ահա այդ գլուխգործոցը՝ գրված 1936 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը.
…Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջնջելի գրերն հնադարյան, —
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահմա,
Որպես խորհուրդը մեր նայիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար — եւ լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հա՛ր աննյութեղեն, —
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սեւ ցելերի վրա մեր գոյության այս սեւ,
Շաղում է շողք ու սերմ անանձնական, —
Այս ամենի համար, — եւ «Ծիրանի»
Հազարամյա փողի համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — եւ մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական, —
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, — եւ քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին —
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու այր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…
[5, էջ 164-165]:
Հ. Գ.
Այս ամենի մասին մենք այսօր պարտավոր ենք հիշել, գրել եւ հիշեցնել, որովհետեւ Ստալինը …
վերադառնում է: Ռուսաստանում այսօր քննադատական ալիքն ավելի ուղղում են Խրուշչովի դեմ, որ համարձակորեն հաղթահարեց անհատի պաշտամունքը, նորից սառեցնում են նրա «ձնհալը» եւ մեծարում Ստալինին:
Անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի անունն են մղում ետնախորք, որովհետեւ նրա «ԳՈՒԼագ արխիպելագ» բազմահատոր վեպը ստալինյան բռնաճնշումների հայելի-հանրագիտարանն է: Ըստ այսօրվա մեկնաբանների՝ այդ վեպը ստվեր է նետում Ռուսաստանի հեղինակության վրա, ուստի պետք չէ, որ տեղ գտնի անգամ դպրոցական ծրագրերում:
Այսօր Ռուսաստանում վերականգնվող կետրոնաձիգ իմպերիալ ոգու համար Ստալինն ավելին է, քան միլիոնավոր մարդկանց կյանքը: Եվ դա հիմնավորում են նրանով, որ Ստալինը հաղթեց պատերազմում, ԽՍՀՄ-ի վերահսկողության սահմանները Չինաստանից հասցրեց մինչեւ Բեռլին, երկրին տվեց ատոմային զենք, զարգացրեց արդյունաբերությունը, Երկրորդ համաշխարհայինից հետո կնքեց այնպիսի նպաստավոր դաշնագիր, որ հետագա տասնամյակներին ապահովեց ԽՍՀՄ առաջատար դերը աշխարհում:
Մոռանում են, որ ստալինյան հալածանքներին զոհ գնացին տասնյակ միլիոնավոր մարդիկ եւ գիտակցաբար այդ թիվն աստիճանաբար նվազեցնում են, որ արդյունաբերականացման հետ մեկտեղ ոչնչացվեցին գյուղական տնտեսությունները, ամայացան տասնյակ հազարավոր գյուղեր եւ դեռ առ այսօր գյուղը ոտքի չի կանգնում, այդ իսկ պատճառով վիթխարի երկիրը չի կարողանում ինքն իրեն կերակրել: Մոռանում են որ հաղթանակն արժեցավ 27 միլիոն մարդկային կյանք, որ ընդամենը պաշտոնական թիվն է, իսկ իրականում մարդկային կորուստների թիվը՝ ավելացրած նաեւ անհայտ կորածներին, գերությունից չվերադարձածներին ու փախածներին, անցնում է 50 միլիոնը:
Այնպես որ զգուշացեք՝ Ստալինը … վերադառնում է, որ նշանակում է՝ չարիքն արթնանում է ընդդեմ ժողովրդավարական այնպիսի նվաճումների, որպիսիք են խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքը:
1980-2000-ական թվականներին Ռուսաստանում ստալինյան հալածանքները բացահայտող գրքեր էին ու մեկնաբանություններ, իսկ այսօր դնում են նրա արձանները եւ, նրա նկարը դրոշ արած, երթի դուրս գալիս:
Գրականություն
1.Գասպարյան Դ., Ակսել Բակունց: Կյանքը եւ ստեղծագործությունը, Ե., «Զանգակ», 2009, 544 էջ:
2.Գասպարյան Դ., Հայ գրականություն, գիրք 6-րդ, Ե., «Տիգրան Մեծ», 2017, 736 էջ:
3.Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը եւ մյուսները, Ե., «Ապոլոն», 1994, 727 էջ:
4.Մահարի Գ., Սիբիրական: Արձակ, չափածո, նամակներ, Ե., Երեւանի համալսարանի հրատարակչություն, 2009, 710 էջ:
5.Չարենց Ե., Անտիպ եւ չհավաքված երկեր, Ե., ԳԱ հրատարակչություն, 1983, 712 էջ: Ա. Բ-ին
ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աղբյուր՝ Syuniacyerkir.am