Լզվաբան, գրականագետ, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակարգել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց ծագման ու զարգացման տեսությունները: Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է:
Մանուկ Աբեղյանը 1876-85 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-98 թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում: 1898 թ-ին Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 1885-1919 թթ-ին, տարբեր տարիների, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում:
Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից է, 1925-30 թթ-ին ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը:
1886 թ-ին Աբեղյանը գրառել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մոկաց տարբերակը, կատարել նրա առաջին մասնագիտական հետազոտությունը և 1889 թ-ին հրատարակել «Դավիթ և Մհեր» վերնագրով: Հետագայում ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Նա նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել է հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը («Հայ վիպական բանահյուսություն», 1966 թ.): «Ժողովրդական խաղեր» (1904 թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931 թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» (1944-46 թթ.) քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:
1910-ական թվականներից Աբեղյանն զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916 թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923 թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933 թ.):
Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները:
«Աշխարհաբարի քերականություն» (1906թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912 թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931 թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը: Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին:
Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց` Երևանում:
Մ. Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե՛ մեծ լեզվաբանը, թե՛ մեծ գրականագետը, թե՛ մեծ բանագետը, իրենց արանքում տեղ տալով նաև մեծ պատմաբանին և մեծագույն տաղաչափագետին: Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք, հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր մեծ երախտավորների մեջ առայսօր Մ. Աբեղյանն է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառավ ասած՝ կատարյալ դեմքը:- Պարույր Սևակ
Նա ընկավ հսկա կաղնու նման, և ծանր լռություն տիրեց անտառում: — Դերենիկ Դեմիրճյան