Օլգա Գուլազյանը Ծնվել է Թիֆլիսում: 1901-ից խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Երևանում և այլուր:
1921-1926-ին եղել է Թիֆլիսի Ստեփան Շահումյանի անվան հայկական Պետական դրամատիկական թատրոնում, իսկ մինչ այդ նա տարբեր թատերախմբերում բեմ է բարձրացել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի, Գևորգ Պետրոսյանի, Իսահակ Ալիխանյանի խաղընկերությամբ:
Այսպես մեծ հռչակի հասած մեծանուն դերասանուհին 1926-ին հրավիրվեց Երևանի Առաջին պետական թատրոն՝ կանգնելով Փափազյանի, Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Սուրեն Քոչարյանի և այլ մեծերի կողքին:
Առաջին դերը Ելենա Սերգեևնան էր, Ն. Էրդմանի ‹‹Մանդատ›› պիեսում (1926, 11 նոյեմբեր), բեմադրությունը Արշակ Բուրջալյանի, որը հռչակեց Օլգա Գուլազյանի անունը նաև Հայաստանում:
Նա ստեղծել է բազմաթիվ կերպարներ, սակայն Գուլազյանի տաղանդն առանձին թափով շողշողաց Սունդուկյանի պիեսներում: Այստեղ նա չի ունեցել իր մրցակիցը, թեև Գուլազյանը խաղում էր, երբ արդեն 80 տարեկան էր, սակայն նրա ձայնը հնչում էր մանկական զվարթությամբ, աշխուժությամբ:
Երիտասարդության տարիներին Օլգա Գուլազյանը խաղացել է նաև տղաների դերեր, մանավանդ Գորինի դրամաներում: Մ. Գորկու ‹‹Հատակում››-ում նա հիանալի Ալյոշկա էր, չարաճճի, հարաշարժ, աղմկալից:
Ալյոշկա և Գայանե (Յուժին-Սումբատով՝ ‹‹Դավաճանություն››) Գուլազյանի արտիստական երիտասարդության փայլատակումներն էին, որ զուտ սուբեկտային անձնավորումների հետ խտացնում էին այն բնորոշը, որ բովանդակում էր դերասանուհու արվեստը:
Օլգա Գուլազյանը հիասքանչ էր նաև վոդևիլներում: Նա ‹‹Սունդուկյանի թատրոնի›› առաջին և անմրցակից դերասանուհին է ժամանակակից հայ դերասանական արվեստում (Նատալիա՝ ‹‹Խաթաբալա››), (Սալոմե՝ ‹‹Քանդած օջախ››), (Էփեմիա ‹‹Պեպո››), (Սալոմե՝ ‹‹Էլի մեկ զոհ››):
Հարյուրավոր դերեր խաղացած Օլգա Գուլազյանը հայկական տարբեր թատրոնների բեմերում, բայց որպես մեծություն կազմակերպվեց Սունդուկյանի անվան Մայր Թատրոնում, հատկապես արտիստական գործունեության վերջին տարիներին՝ Տատիկ (Կասոնա՝ ‹‹Ծառերը կանգնած են մահանում››), Էսֆիր (Գուցկով՝ ‹‹Ուրիել Ակոստա››), Լաբրինե Կիրակուլի (Պարնիս՝ ‹‹Աֆրոդիտեի կղզին››), Մեծ տիկին (Դ. Դեմիրճյան՝ ‹‹Վարդանանք››), Տատիկ (Կրոնին՝ ‹‹Բրոուդիի ամրոցը››) և այլն:
Սունդուկյանի անվան թատրոնում Գուլազյանի խաղացած դերերն անցնում են վաթսունից:
Հիշարժան են՝ Կուկուլինա (Ա. Օստրովսկի՝ ‹‹Արդյունավոր պաշտոն››), Կոմսուհի Գուաֆիլդ (Ա. Դյումա՝ ‹‹Քին››), Իյո (Հեյերմանս՝ ‹‹Հույսի կործանումը››), Դունկա (Տրենյով՝ ‹‹Լյուբով Յարովայա››), Քսենյա (‹‹Եգոր Բուլըչով և ուրիշներ››), Օլինկա (Դ. Դեմիրճյան՝ ‹‹Նապոլեոն Կորկոտյան››), Պասկուա (Գոլդոնի՝ ‹‹Բամբասանք և սեր››), Օգուդալինա (Օստրովսկի՝ ‹‹Անօժիտը››), Մինա (Վիրտա՝ ‹‹Դատապարտվածների դավադրությունը››):
Կյանքի ու ստեղծագործության մեծ ճանապարհ է կտրել Օլգա Գուլազյանը, և հայ թատրոնում գրավել իր տեղն իբրև սեփական խոսքի ու արտահայտչության, իրապատում խաղաոճի, հղկված վարպետության դերասանուհի:
Աղբյուր՝ ArmenianHandmade.com