Ալեքսանդր Գրիգորի Հարությունյան (սեպտեմբերի 23, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն — մարտի 28, 2012, Երևան, Հայաստան), Խորհրդային և հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ։
Կենսագրություն
Հարությունյանը ծնվել է Երևանում Գրիգոր և Էլեոնորա Հարությունյանների ընտանիքում։ Նրա հայրը զինվորական էր։ Վաղ հասակում Ալեքսանդրը հանդիպում է հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։ 1927 թվականին Հարությունյանը դառնում է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկական խմբի անդամ, ապա, տասնչորս տարեկանում նրան թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում՝ Օ. Բաբասյան (դաշնամուր) և Ս. Բարխուդարյան և Վ Տալյան (կոմպոզիցիա)։ Նա ավարտում է Երևանի երաժշտական կոնսերվատորիան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Ալեքսանդր Հարությունյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում։ 1954-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ 1970-2008 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։
Ալեքսանդր Հարությունյանը Խորհրդային Միության և Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միությունների անդամ էր։
1948 թ. Հայրենիք կանտատի համար նա պարգևատրվել է Ստալինյան մրցանակով, որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող եղած ժամանակ։ Առաջին անգամ այն կատարեց ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը 1948 թվականի նոյեմբերին։
1949 թ. Հարությունյանը գրում է «Տոնական նախերգանք»-ը, որն առաջին անգամ կատարվում է Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում, Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ: Մոսկվայի երաժշտական կոնգրեսի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում է նրան որպես խոստումնալից խորհրդային կոմպոզիտոր:
Նա շարունակում է իր ստեղծագործությունների հաղթական երթը հայրենիքում և արտերկրում, որոնցից շատերի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում հայկական երաժշտության ազգագարական ավանդույթները: Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը։ 1940-50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն։ Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է։ Հայկական սիմֆոնիզմի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել Հարությունյանի մոնումենտալ և դրամատիզմով հագեցած Սիմֆոնիան։ Նրա գործերը կատարել են Եվգենի Մռավինսկին, Վալերի Գերգիևը, Օհան Դուրյանը և այլք։
«Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Օպերային բնորոշ են գունագեղ զանգվածային տեսարանները, երաժշտական լեզվի պարզությունը։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։ Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։ 1988 թվականին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։
Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956), «Իմ ընկերոջ մասին» (1958), «Նահապետ» (1977), բոլորը՝ Հայֆիլմ] համար։ Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977, Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983, ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998) և ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2001), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ — Սուրբ Մեսրոպի (2004) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008)։ Գրել է «Հուշեր» (2000) գիրքը։
Ստեղծագործություններ
1948 թ «Հայրենիք» կանտատ
1949 թ «Տոնական նախերգանք»
1950 թ «Շեփորի կոնցերտ»
1950 թ «Հայկական ռապսոդիա»
1951 թ Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ
1957 թ Սիմֆոնիա
1961 թ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆ. պոեմ
1966 թ Սիմֆոնիետ
1968 թ «Սայաթ-Նովա» օպերա
1969 թ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատ (Հ. Թումանյանի տեքստերով)
1969 թ «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարք (Հ. Շիրազի տեքստերով)
1974 թ «Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար»
1974 թ Թավջութակի և նվագախմբի պոեմ
1986 թ «Սասունցիների պարը»
1989 թ Ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ
1990 թ Շեփորի և նվագախմբի ռապսոդիա
1991 թ Տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ
1992 թ Տուբայի և նվագախմբի կոնցերտ
1998 թ Սյուիտ հոբոյի, եղջերափողի և դաշնամուրի համար
Պարգևներ
Ստալինի մրցանակ (1949)
Հայաստանի Պետական մրցանակ (1970)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)
Արամ Խաչատրյան պատվավոր մրցանակի դափնեկիր(1986)
Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալ
Մովսես Խորենացու մեդալ
«Ալեքսանդրովի» ոսկե մեդալ (1976)
Օրֆեյ մրցանակով (Կենտուկի, ԱՄՆ)
«Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» եկեղեցական պարգև, Էջմիածին (2004)
Գյումրու պատվավոր քաղաքացի (2005)
Պատվո շքանշան (2011)