Հիմնական տվյալներ
Աղասի Այվազյան (1925, սեպտեմբերի 7- 2007, նոյեմբերի 21), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963-ից։
Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81-ին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմ) կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վինլյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։
Հրատարակած երկեր
Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 123 էջ։
Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 130 էջ։
Ընտանիքի հայրը («Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 144 էջ։
Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 136 էջ։
Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։
Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 31 էջ։
Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 456 էջ։
Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։
Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986, 120 էջ։
Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 246 էջ։
Երկրի վրայի զբաղմունքը (էսսեներ և պատմվածքներ), Երևան, «Նաիրի», 1993, 144 էջ։
Դիպլիպիտո (պիեսներ), Երևան, «Նաիրի», 1999, 184 էջ։
Մանչերը (բեմական վեպ), Երևան, ColorDepot, 2001, 88 էջ։
Խորքի խորությունը (պատմվածքներ), Երևան, 2010։
Աղբյուր՝ Գրանիշ։
Տեսանյութի ռեժիսոր Էդուարդ Համբարձումյան։