Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Երեք պատմություն քաղաքապետի մասին

1 Հունիսի, 2022
Հայացք անցյալին
Երեք պատմություն քաղաքապետի մասին
0
Կիսումներ
2
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այն ժամանակ, երբ մայրաքաղաքի ղեկավարին անվանում էին ոչ թե քաղաքապետ, այլ Երևանի Քաղխորհրդի գործկոմի նախագահ և նրան ոչ թե ընտրում էին, այլ նշանակում, կար գնահատման մեկ բացարձակ չափանիշ` համաժողովրդական սերը: Քվեարկության որևէ արդյունք չէր կարող համեմատվել կամ չափվել այդ «ցուցանիշի» հետ: Հենց այդ սիրո ընտրության առավելագույն ձայներն արդարաբար վաստակած մարդկանցից մեկն էլ եղել ու մնում է Գրիգոր Հասրաթյանը, ով մեր մայրաքաղաքը ղեկավարեց 1962-1975 թվականներին: Նրա մասին շատ հետաքրքիր պատմություններ կան: Մենք կպատմենք ընդամենը երեքը, որ լսել ենք տարբեր առիթներով:

ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎԵՐՈՎ

Զանազան պատմություններ կան այն մասին, թե ինչպես Հայաստանի իշխանություններին հաջողվեց Երևանում մետրոպոլիտենի կառուցման համաձայնություն ստանալ Մոսկվայից: Այդ պատմությունները լրացնում են մեկմեկու, բայց բոլոր դեպքերում անուրանալի է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մասնակցությունը: Ահա դրանցից մեկը:

Ասում են` Հասրաթյանը սիրում էր կրկնել, որ եթե հարմար առիթն ինքնուրույն չի ներկայանում, ապա պետք է հնարամիտ լինել ու ստեղծել այն: Այդպես եղավ նաև Երևանի մետրոյի պարագայում: Լսելով այն մասին, որ աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնելու ԽՍՀՄ տրանսպորտի փոխնախարարը, քաղաքապետը դիմում է Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին` առաջարկելով ռուս պաշտոնյային հրավիրել նաև Երևան: Քոչինյանը հավանություն է տալիս և հրավերն ուղարկում է: Բարձրաստիճան հյուրին ընդունելու համար բոլոր նախապատրաստությունները ստանձնում է Հասրաթյանը: Ծրագրում ընդգրկվում է նաև երեկոյան զբոսանք մայրաքաղաքի փողոցներում:

Միայն թե այս անգամ փոխնախարարին վիճակված չէր վայելել երևանյան թափառումների ողջ հմայքը: Հասրաթյանը ջանացել էր նրա զբոսանքը վերածել տառապանքի: Քաղաքի ավտոտեսուչներին նախապես հանձնարարություն էր տրվել այն փողոցներում, որտեղով պիտի անցներ Մոսկվայի ներկայացուցիչը, արհեստական խցանումներ ստեղծել: Իսկ վարորդն իր հերթին ստացել էր հատուկ մշակված երթուղին, համաձայն որի հաճախակի պիտի հատեին այնպիսի ճանապարհներ, որոնցով երկաթգիծ էր անցնում, և այդ հատումը պիտի համընկներ այն պահերի հետ, երբ ուղեփակոցներն իջեցված էին: Մի խոսքով, դա զբոսանք չէր, այլ չարչարանաց գիշեր:

Առավոտյան նյարդայնացած փոխնախարարն ինքն է մտնում Քոչինյանի աշխատասենյակ ու միանգամից վրա տալիս. «Անտոն Երվանդովիչ. այս ի՞նչ է կատարվում ձեր մայրաքաղաքում: Ուղղակի անհնար է դարձել հանգիստ երթևեկելը: Երևանին շտապ մետրոպոլիտեն է անհրաժեշտ…»:

Գրիգոր Հասրաթյանն այդ պահին իրավունք ուներ վայելելու իր մտահղացման փայլուն հաղթանակը:

ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹԱՔՆՎՈՂՆԵՐԻՑ ՉԷՐ

1960-ականներին վերափոխվող Երևանը չէր կարող խուսափել այնպիսի երևույթից, ինչպիսին էր հին թաղամասերի և տների վերացումն ու դրանց փոխարեն նորերի կառուցումը: Հասկանալի է, որ ինչպես այսօր, այն տարիներին ևս մարդիկ դժվարությամբ էին համակերպվում իրենց նախկին տներից հրաժարվելու, նոր բնակության վայր տեղափոխվելու մտքի հետ: Սա էլ իր հերթին դժգոհության, անհամաձայնության մթնոլորտ էր ձևավորում, որի առաջին հասցեատերը քաղաքապետն էր: Սակայն Գրիգոր Հաստաթյանն այն մարդկանցից չէր, ովքեր թաքնվում էին որոշումների, վճիռների, կարգադրությունների թիկունքում: Եվ ահա մի գեղեցիկ օր երևանցիները ականատես եղան տեսարանի, որն այն ժամանակների համար պարզապես երևակայությունից դուրս էր:

Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հսկա ցուցատախտակի վրա տեղադրվել էր քաղաքի վերափոխման նոր նախագիծը և Հասրաթյանն անձամբ անցորդներին, հավաքված մարդկանց պարզաբանումներ էր տալիս այդ մասին: Բուռն քննարկում էր, երբեմն շատ կտրուկ որակումներով, սակայն դա Երևանը սիրողների և քաղաքի ապագայով մտահոգվածների բանավեճ էր: Քաղաքապետը չէր եկել առարկելու, այլ բացատրելու, հիմնավորելու, համոզելու: Եվ մարդիկ գնահատեցին Հասրաթյանի խիզախությունը:

Հետագա օրերին Հասրաթյանի նախաձեռնությունը էլ ավելի մեջ ընդգրկում ունեցավ: Առևտրի կետերի պատուհաններին, հասարակական վայրերում սկսեցին փակցվել Երևանի այս կամ այն հատվածում նոր շինարարություններ իրականացնելու նախագծերը: Բոլոր արձագանքները հոսում էին դեպի քաղաքապետարան: Վաղվա Երևանի ծրագրերը մշակվում էին` դրանք հաշվի առնելով:

ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՄԱՐ

2007 թվականի գարնանը նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ զրուցում էինք Պարույր Սևակի մասին: Նկարիչը հետաքրքիր դեպքեր էր պատմում իր բանաստեղծ ընկերոջ կյանքից: Հետո ստացվեց այնպես, որ զրույցի ընթացքում անդրադարձանք Սևակի ողբերգական մահվան հանգամանքներին: Մասնավորապես խոսում էինք այն մասին, որ նա մեքենա վարել չգիտեր, սակայն միշտ երազում էր ձեռք բերել: Եվ ահա 1970-ի տարեվերջին վճռում է մեկընդմիշտ լուծել չարչրկված հարցը: Ստորև ներկայացնում ենք Սարգիս Մուրադյանի խոսքի ձայնագրության սղագրությունը.

«Պարույրը հաճախ էր գյուղ գնում` իր առանձնատան շինարարության նպատակով, իսկ ես այն տարիներին արդեն մեքենա ունեի: Այն ժամանակ նա սկսել էր օգտվել նաև իր մտերմուհի, կառավարությունում աշխատող Էմմա Սաթունյանի ծառայողական մեքենայից: Վարորդը շատ լավ երիտասարդ էր: Մենք մոտ էինք ապրում: Մի օր առավոտյան Սևակը զանգահարեց, թե` գյա, ի՞նչ ես անում, արի միասին նախաճաշենք: Գնացի: Կինը` Նելլին, սեղան գցեց: Այդ ժամանակ Պարույրն ասաց. «Քավորին էլ չկանչե՞նք»: Քավորը Սևակի սանահայր Վազգեն Բաբայանն էր` առևտրի բնագավառի աշխատող: Վազգենն էլ եկավ: Կարծեմ նախաճաշին նաև ճարտարապետ Ջիմ Թորոսյանին էլ հրավիրեցին: Նստած զրուցում էինք: Խոսք եղավ Պարույրի` գյուղ գնալ-գալու մասին: Ասաց. «Հոգնել եմ ու նաև ամաչում եմ ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրելուց, որ ինձ Չանախչի տանի:

Ժամանակը չէ՞, որ ես էլ մեքենա ունենամ»: Ասացինք. «Իհարկե, լավ կլինի, բայց կկարողանա՞ս մեքենա վարել»: Ծիծաղեց, թե` ամեն մի հիմար վարում է, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ: Կսովորեմ: Այդ խոսակցության վրա ես հարցրեցի.

— Կուզե՞ս հենց այս պահին ճշտեմ:

Զանգահարեցի Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին և հարցրեցի. «Կարո՞ղ ենք ես և Պարույրը գալ Ձեզ մոտ»: Ասաց. «Աչքիս վրա, իհարկե»: Այն տարիներին անձնական մեքենա ձեռք բերելը հեշտ բան չէր: Գնացինք: Դիմավորեց շատ ջերմ: Մի կողմ թողեց իր հրատապ գործերը և նստեց մեզ հետ: Բացատրեցինք մեր գալու նպատակը: Հասրաթյանն ասաց. «Այս պահին քաղաքում ոչ մի մեքենա չկա: Ընդամենը մի «Վոլգա» կա, այն էլ վիճակախաղի համար է: Եթե ուզում եք, ես հենց հիմա զանգ կտամ, կասեմ, որ այդ մեքենան վիճակախաղից հանեն: Կարող եք հենց այսօր էլ գնալ ու վերցնել»: Մենք անակնկալի եկանք: Ու՞մ մտքով կանցներ, որ բանաստեղծին օգնելու համար քաղաքապետը կարող էր նույնիսկ այդպիսի ծայրահեղ քայլի դիմել:

Իսկ նա դա արեց միանգամից` առանց ավելորդ կամուկացի: Հասրաթյանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց ում հարկն է, և ասաց. «Այդ մեքենան կպահեք, Պարույր Սևակը երբ որ գա` կտաք իրեն»: Քաղսովետից դուրս եկանք բարձր տրամադրությամբ: Պարույրը Վազգենին ասաց. «Ես տանն այդքան փող չունեմ, դու պիտի օգնես»: Վազգենը շատ պատրաստակամ համաձայնեց: Հենց ճանապարհին էլ մտանք նրանց տուն, փողերը վերցրեցինք ու մեկնեցինք ավտոկայանատեղին: Ձևակերպումներն արագ կատարեցինք: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորս միասին մեքենան Չանախչի տարանք, որպեսզի թողնեինք գյուղում, ու Պարույրն էլ վարել սովորեր: Ճանապարհին կատակում էինք, որ թեև նա վիճակախաղի տոմս չէր գնել, բայց ամենաթանկ շահումն էր ունեցել` Հասրաթյանի օգնությամբ…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Նախորդ

Մարշալ Համազասպ Բաբաջանյան

Հաջորդ

«Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս»․ Ավետիք Իսահակյան

Հաջորդ
«Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս»․ Ավետիք Իսահակյան

«Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս»․ Ավետիք Իսահակյան

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.