Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբը, ծնվել է Կ.Պոլսում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը` Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբության դառնությունը:
Սրբուհին ուսանել է ֆրանսիական դպրոցում: Հետագա դաստիարակությունը ստանձնել է եղբայրը` Հովհաննեսը` սովորեցնելով ֆրանսերեն, պատմություն և բնական գիտություններ: Նրա կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ: Սրբուհին սկսում է հայերենի մասնավոր դասեր առնել բանաստեղծի մոտ և գրաբար բանաստեղծություններ գրել: Ուսուցիչն աշակերտուհու մեջ սերմանում է հայրենասիրություն, ազգային հպարտության զգացում, սեր ու հետաքրքրություն իր ժողովրդի անցյալի ու մշակույթի նկատմամբ: Բանաստեղծի և աշակերտուհու միջև հոգեկան ամուր կապ է ստեղծվում, որ վերաճում է զգացմունքի: Շատ ուսումնասիրողներ են անդրադարձել բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, դա ակնհայտ երևում է նրա որոշ բանաստեղծություններից, սակայն Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր հիվանդ ուսուցչի հանդեպ, թեև մեծ տառապանքով անթեղել է այն, իսկ նրա վաղաժամ մահվան կսկիծն արտահայտել հայտնի «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգով:
1864 թ., երբ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին` որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը, դրանցից մեկի ժամանակ հանդես գալիս կրակոտ ճառով: Այդ տարիներին է, որ նա նկատվում է իբրև համարձակ ու սկզբունքային մտավորական: 1865 թ., երբ Զմյուռնիայի «Ծաղիկ» հանդեսի խմբագիր Գրիգոր Չիլինկիրյանը մի հոդվածի պատճառով հալածանքների է ենթարկվում և բանտարկվում, Մատթեոս Մամուրյանի ուշադրությունը ակումբում գրավում է մի «գեղանի և աշխույժ օրիորդ»` Ս. Վահանյանը, որ զայրույթով դատապարտում էր Չիլինկիրյանի հակառակորդներին: «Գեղադեմ օրիորդին այս պարզ ու իմաստալից խորհրդածությունները լսելով` գետնե գետին անցա, մերթ կզմայլեի անոր անկեղծության և Իզմիրի կանայքը պաշտպանելու և երիտասարդությունը դատապարտելու երկսայրի լեզվին վրա, մերթ կսրտմտեի, որ նորաբույս կույս մը մեզնե ավելի ազատամիտ` մեզի կանացի բնության վրա դաս տալու կհանդգնի…»,- գրում է նա:
1869 կամ 1870 թ. Սրբուհին ամուսնանում է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ, որը վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը: Նա ոչ միայն չի խանգարել կնոջը զբաղվելու հասարակական գործերով, այլև ամեն կերպ օգնել է: 1870-ական թթ. Սրբուհի Տյուսաբը զբաղվում է իր զավակների` Դորիի և Էդգարի դաստիարակությամբ: Այդ տարիներին նրանց տան սալոնում հավաքվում էին ժամանակի նշանավոր մտավորականները և զրուցում գրական ու հասարակական տարբեր հարցերի շուրջ:
Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին: 1880 թ. մայիսից արդեն նա Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր` Ընդհանուր ժողովի ատենապետ, և ձեռնամուխ էր եղել ընկերության համար անհրաժեշտ միջոցների հայթայթմանը: Նա հրատարակեց «Աշխարհաբար հայ լեզուն» աշխատությունը, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրեց ընկերությանը: Բացի դրանից, նա հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ էր կազմակերպում: Նրան հաջողվում է ընկերությունը դուրս բերել ճգնաժամից և զարգացման հունի մեջ դնել: Նրան իրավամբ համարում էին «Դպրոցասիրաց հոգին», իսկ նրա` իբրև ընկերության ատենապետուհու հրաժարականը` հավասար ընկերության լուծարման:
Այս նույն շրջանում նույնքան բեղուն էր նրա ստեղծագործական գործունեությունը, հենց այդ տարիներին նա սկսեց հանդես գալ հրապարակախոսական հոդվածներով` արծարծելով կանանց զարգացման ու աշխատանքի խնդիրները, գրեց իր վեպերը: Թուրքական կառավարության պայմաններում ազատախոհությունն առհասարակ և կանանց ազատագրման խնդիրները մասնավորապես հող չունեին, բացի դրանից, շատ ավելի մեծ էր պահպանողականների դիմադրությունը: Ուստի կնոջ բերանով կնոջ ազատության հարցեր բարձրացնելն այստեղ շատ մեծ համարձակություն էր պահանջում:
«Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը» հոդվածներով, Մ. Մամուրյանի խոսքերով, նա «դառն ճշմարտություն ասելու բարոյական արիություն ունեցավ` մատը դնելով ազգային ծանր վերքի վրա»: Նա կոչ էր անում հայ կանանց փշրել նախապաշարումները, անցնել աշխատանքի և այդպիսով, նախ, փրկել իրենց ընտանիքները աղքատությունից ու կործանումից, և երկրորդ` ապրել արժանապատիվ, անկախ, սեփական բարոյական ու մտավոր կարողությունները լիուլի գործի դնելով: Կնոջ դատի պաշտպանությունը դարձավ Տյուսաբի գրական ստեղծագործության առանցքը, իր գաղափարները նա հետագայում մարմնավորեց «Մայտա», «Սիրանույշ» «Արաքսիա կամ Վարժուհին» վեպերում, որոնցով, իբրև առաջին վիպասանուհի, առանձնահատուկ տեղ գրավեց հայ գրականության պատմության մեջ:
1887թ. հետո Տյուսաբը քրոնիկական գլխացավերի պատճառով թողնում է գրական գործունեությունը, սակայն վերստին հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության օգտին, նաև` Երզնկայի դպրոցի, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում դպրոցներ: Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության: Նաև հովանավորում է Ասիական ընկերության լսարանները` կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը:
1889 թ. նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ` բուժվելու: Ճանապարհին կանգ է առնում Ֆիլիպե (Պլովդիվ) քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում նրա վիճակը: Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում, որտեղ Շառլ Գունոն և Ամպրուազ Թոման փայլուն ապագա են գուշակում նրա դստերը երաժշտական ոլորտում: 1891 թ.` Պոլիս վերադառնալուց մի քանի ամիս անց, թոքախտից մահանում է նրա դուստը` 18-ամյա Դորին: Տյուսաբն այդպես էլ չհաղթահարեց այդ վիշտը: Հայ գրականության առաջին կին վիպասանն ու կրակոտ հրապարակախոսը, որ իր վեպերով, հոդվածներով ու ելույթներով խռովում էր Կ.Պոլսի մտավոր կյանքը` արձագանքները հասցնելով մինչև Թիֆլիս ու գաղութներ, իսպառ մեկուսացավ աշխարհիկ կյանքից:
Սիպիլը, որ երբեք չէր դադարում Տյուսաբով հիանալուց և այդ ողբալի տարիներին այցելել է նրան, իր «Կիսադեմքերը քողին ետևեն» էսսեների շարքում թերևս լավագույնս է գնահատել Տյուսաբի դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ և հասարակական կյանքում. «Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը և զգացողներուն ծայրահեղությունն է իր սեռին համար… Ինքը հանդուգն «ֆեմինիսդ» մը երկերուն մեջ, անկեղծ արհամարհող մը կեղծավոր պատշաճությանց, քաջություն ունեցած է ըսելու ճշմարտություններ, որոնց առջևեն զարհուրած ետ-ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը…»:
Այդ տարիներին նրան այցելել են նաև նրա երկերով ոգևորված Զապել Եսայանն ու Արշակուհի Ճեզվեճյանը (հետագայում` Թեոդիկ): Եվ այդ հանդիպումը սևազգեստ տիկնոջ հետ բավական ուսանելի է եղել դեռատի աղջիկների համար: «Տիկին Տյուսաբ լսելով, որ գրական ասպարեզին թեկնածու մըն եմ, ինձ նախազգուշացուց, ըսելով, որ այդ ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ուներ, քան դափնիներ,- գրում է Զապել Եսայանը իր «Սիլիհտարի պարտեզները» հուշագրությունում:- Հաղթահարելու համար այդ բոլորը, պետք էր միջակութենեն վեր ըլլալ: «Էրիկ մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը»»:
Տյուսաբի ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին «ազգասեր» մակդիրով: Ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. «Պարզապես հայուհի մ’եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…»: Այս խիստ ինքնագնահատականն, անշուշտ, ընդվզումի և հիացմունքի խառը զգացումներ է առաջացնում, և եթե նրա անկեղծությունը ստիպում է հարգել իր կարծիքը, ապա նաև պարտավորեցնում է ասել, որ նրա շնորհիվ մեծապես բարձրացավ հայուհու հարգն ու վարկը:
Սրբուհի Տյուսաբը մահացավ 60 տարեկան հասակում, քաղցկեղից:
Ա. Հարությունյանի «Երևելի տիկնանց դարը» գրքից
Աղբյուր՝ Akunq.net
Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության