Անրի Վերնոյ (ֆր.՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920, Թեքիրդաղ, Թուրքիա — հունվարի 11, 2002, Բանյոլե), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր։
1948 թվականին Վերնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վերնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք ինքնակենսագրական են, այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։
Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։
Վաղ կյանք
Անրի Վերնոյը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին: Վերնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վերնոյը ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել:
Վաղ հասկում երգել է Մարսելի հայկական եկեղեցում և հաճախել է կաթոլիկ դպրոց։ Այնուհետև սովորել է կիրառական արվեստի դպրոցում, 1941 թվականին ավարտել Էքս ան Օտ մարզի ֆրանսիական միջնակար դպրոցն (լիցեյ)։ 1944 թվականին աշխատանքի է անցել «Հորիզոն» շաբաթաթերթում, հոդվածաշարեր է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։
Կարիերա
Կարիերայի սկիզբ
1948 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վերնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նկարահանել է «Աննշան մարդիկ» ֆիլմը։
Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վերնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։
Կարիերայի ավարտ
Վերնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։
Ժառանգություն և ճանաչում
Հիշատակ
Անրի Վերնոյի փողոցն Երևանում:
Անրի Վերնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում: Բուկ-Բել-Էրի քաղաքի մուտքի հրապարակն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վերնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին: Նրա անունով հրապարակ է բացվել նաև Ֆրանսիական Մարսելում Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում:
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կա Անրի Վերնոյի փողոց, որի բացման ներկա են եղել Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը և Վերնոյի ընտանիքի անդամները: Փողոցներ կան նաև Ֆրանսիական՝ Սաինտ Գալես, Պերպիգոնա և Մարսել քաղաքներում։ Եվ մեկ կինոթատրոն Լա Վալտե-դո-Վար, փոքրիկ քաղաքում։
Նվաճումներ
Անրի Վերնոյն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ և մրցանակներ, բայց ամենամեծ մրցանակն Հայ և Ֆրանսիացի ժողվրդների սերն է հանդեպ նրա արվեստի։ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիա անդամ է։ Այսպես է արտայտվել նրա մասին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակն՝
Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է — Ժակ Շիրակ
Պարգևներ
1955՝ Ֆրանսիայի Հանրապետության «Պատվավոր Լեգեոնի շքանշան»
1980՝ Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով
2010՝ Ոսկե ծիրան «Փարաջանովի Մրցանակ» հետմահու
Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության